Հեռու ու մոտ վայրերից Կապան կանչող քաղաքի տոնն այս անգամ անցկացվեց օգոստոսի 15-ի շաբաթ օրը։ Տոնակատարությունը սկսվեց ֆլեշմոբով և արդեն ավանդական դարձած հեծանվավազքով՝ Նորապսակների այգու հարակից տարածքից։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անձամբ մրցանակները հանձնեց պատանի հեծանվորդներին։
Այնուհետև հանդիսության մասնակիցները շարժվեցին դեպի Դավիթ Բեկի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ «Հալիձոր՝ հավատքի ամրոց» և «Հայաստան» հարթաքանդակների բացման արարողությունը։ Հարթաքանդակների հեղինակը և համահեղինակը Անդրեաս Օհանջանյանն է, իսկ քանդակագործը՝ Էդգար Ստեփանյանը։ Մշակութային նախագծի իրականացմանն օժանդակել են նաև Կապան համայնքի ղեկավարին կից ճարտարապետության, քաղաքաշինության և մշակույթի խորհրդակցական մարմնի անդամները։ Այդ երկու հարթաքանդակները ներդաշնակորեն լրացնում են Դավիթ Բեկի հուշահամալիրը՝ մեկ ամբողջության մեջ միավորելով մեր ժողովրդի հերոսական պայքարը, ազգային արժանապատվությունն ու քրիստոնեական հավատքը։
Հարթաքանդակների բացման առիթով խոսք ասաց Կապան համայնքի ղեկավարին կից գեղարվեստական խորհրդի նախագահ, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գևորգյանը, ով, մասնավորապես, նշեց՝ այդ հարթաքանդակները միշտ հիշեցնելու են կապանցիներին, որ իրենք իրավունք չունեն թուլանալու, որ պարտավոր են տեր կանգնել իրենց նախնիների արյամբ պահված հողին և կերտել հզոր ու անվտանգ ապագա։
Կապանցիների և քաղաքի հյուրերի հաջորդ հանգրվանը Բաղաբուրջի հուշահամալիրն էր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց մերօրյա պատերազմների զոհերի հիշատակին։ Ծաղիկներ խոնարհվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։
Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում ներկաները ծանոթացել են լուսանկարիչ, վավերագրող Նվեր Զելյայի «Ես...» խորագրով ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին Կապանի տեսարժան վայրերը, բնաշխարհն ու մարդկանց առօրյան պատկերող հետաքրքիր և ինքնատիպ կադրեր։
Օրվա տոնակատարության գլխավոր իրադարձությունը մշակույթի կենտրոնում էր՝ օրվա խորհրդին պատշաճող հանդիսավոր նիստը, որն անցավ «Կապանը մեծարում է իր երախտավորներին» խորագրի ներքո։
Կապանցիներին շնորհավորեց Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց տոնի առթիվ Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ թերթի հրատարակված հատուկ համարը՝ «Կապանի երախտավոր ավագները, ովքեր մեզ հետ են» խորագրով։ Պարբերականի խմբագրակազմի նվիրումի և հետևողական աշխատանքի շնորհիվ հանրությանն է ներկայացվել 59 կապանցի երախտավոր։ Ներկայացվող յուրաքանչյուր կերպարի միջոցով ինչ-որ չափով լույս է սփռվում նաև համայնքային կյանքի տվյալ ոլորտի վրա, բացահայտում ուրիշ անձանց, որոնց մեծ մասը, ավաղ, մեզ հետ չէ։ Ըստ ամենայնի՝ առանց վերապահումի կարելի է արձանագրել, որ համարն արտացոլում է Կապանի վերջին 50 տարվա պատկերը։
Բանախոսի խոսքին զուգընթաց՝ էկրանին սահում էին ամսագրի էջերի լուսանկարները։
Տոնի առթիվ բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ ՀԿԿ Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը (1980-1988 թթ.), հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Կապանի օրվա առիթով և համայնքի զարգացման տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք՝ «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մհեր Ավետիսյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Անուշ Մեժլումյանը, Կապանի մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար Վարդան Քոչարյանը, Կապանի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Թևան Գևորգյանը, Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի երաժշտության դասատու Նելլի Մարգարյանը՝ պարգևատրվեցին համայնքի ղեկավարի շնորհակալագրերով և պատվոգրերով։ Նման խրախուսանքի արժանացան նաև կազմակերպություններ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատները, «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը, Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը։
Հանդիսավոր նիստի ավարտից հետո տպավորիչ համերգային ծրագրով և կատարողական պատշաճ մակարդակով հանդես եկավ Կապանի մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Սամվել Հայրապետյան, գեղարվեստական ղեկավար՝ Աստղիկ Գրիգորյան։ Հնչեցին մոտ ու հարազատ երգեր, էստրադային կատարումներ։ Համերգային ծրագիրը եզրափակվեց Գառնիկ Խաչատրյանի «Իմ Կապան» երգով, որն, ըստ ամենայնի, Կապան քաղաքի օրհներգն է։
Տոնական հացկերույթից հետո միջոցառումների շարքը շարունակվեց քաղաքի «երկրորդ հարկում»՝ Շինարարների թաղամասում։ Թիվ 4 շենքի առաջին հարկում բացվեց «Կապանի սոցիալական ծառայություն» ՀՈԱԿ-ի ժամանակավոր կացարանը։ Կենտրոնի մուտքը երիզող ժապավենը կտրել են «Կապան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անժելա Ալեքսանյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը և «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մայա Միրզոյանը։
Սյունիքում եզակի այս նախաձեռնությունն իրականացվել է համայնքի բյուջեի միջոցներով՝ մոտ 59 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, որից 29 մլն դրամը տրամադրել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, իսկ շուրջ 30 մլն դրամը՝ «Կապան» բարեգործական հիմնադրամը։
Կապան քաղաքի տոնի շրջանակում անցկացվեցին նաև մարզական միջոցառումներ, մասնավորապես, նարդու, շախմատի, շաշկու մրցումներ։
Քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Կապանի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը Շահումյան փողոցի և Շինարարների թաղամասի «Չերեմուշկա» թիմերի միջև։ Վերջինիս հաջողվեց մրցակցի դարպասը երկու գնդակ անցկացնել և հռչակվել քաղաքի չեմպիոն։ Երրորդ պատվավոր տեղը գրավեց «Խուստուփ» թիմը։ Հաղթողն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և դրամական պարգևներով՝ հաղթող թիմը՝ 600 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 300 հազար դրամ, երրորդ տեղը՝ 150 հազար դրամ։
Ժամը 18-ից հետո կատարյալ աշխուժություն էր մշակույթի կենտրոնի առջևի հրապարակում։ Կազմակերպվել էր անհատ-ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը շրջում էին տաղավարներով, ուսումնասիրում ներկայացված տեսականին և գնումներ կատարում։ Տոնական միջոցառումներից անմասն չեն մնացել մանուկները, որոնց համար կազմակերպվել էր կրկեսային շոու ծրագիր։ Տոնական մթնոլորտը լրացնում էին «Ղափան» բենդի կատարումները։
Կապան քաղաքի օրվան նվիրված միջոցառումները եզրափակվել են Գարեգին Նժդեհի հրապարակում՝ տոնական գալա համերգով։ Բեմում էին Գրիշա Աղախանյանը, Անդրեն, Սրբուկը, D’Litte-ն և DJ Sianna-ն։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ անցկացվել է խաղարկություն․ դեպի Եգիպտոս խաղարկվող ուղևորության ուղեգրի տերը դարձավ Նոնա Պոտրոսյանը։
Վահրամ Օրբելյան