ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
Հայաստանի Կանաչների միության նախագահ
ՀՀ կառավարության եւ իշխանական մյուս ոլորտների կողմից «ԱՏ-մետալս» ընկերությանը հովանավորելու խնդիրը համեմատաբար ակնհայտ դարձնելու համար, նախ, հակիրճ ներկայացնեմ, թե հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար ինչ ընթացակարգ է սահմանված:
Այսպես, հանքավայրի ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունը ճշտում է հանքանյութի քանակը եւ որակը (ծավալը, դրա մեջ պարունակվող օգտակար տարրերի կոնցենտրացիաները) եւ ներկայացնում ՀՀ օգտակար հանածոների պաշարների գործակալություն, որն ընդերքաբանական փորձաքննություն իրականացնելուց հետո հաստատում է պաշարները, իհարկե, եթե այն համապատասխանում է ընդունված չափանիշներին: Հաստատված պաշարները ներկայացնում են հանրապետական երկրաբանական ֆոնդ` գրանցման համար: Պաշարների հաստատումից ու գրանցումից հետո այդ ընկերությունը դիմում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար: Ընկերությունն այդ իրավունքը ստանալու դեպքում կազմում է նախագիծ (հանքավայրի շահագործման, հանքաքարի վերամշակման գործարանի եւ պոչամբարի) եւ ներկայացնում արտակարգ իրավիճակների նախարարություն` տեխնիկական եւ տեխնոլոգիական փորձաքննության, իսկ բնապահպանության նախարարություն` բնապահպանական փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ընթացքում կազմակերպվում են նախագծի հասարակական լսումներ: Արդյունքում տրվում է դրական կամ բացասական եզրակացություն: Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության դեպքում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տալիս է հանքավայրի շահագործման թույլտվություն, իսկ կառավարությունը փոխում է հանքավայրի, ինչպես նաեւ հանքանյութի վերամշակման գործարանի եւ պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ հողերի նպատակային նշանակությունը: Սա օրենքով սահմանված կարգն է:
Հանքշահագործման թույլտվություն ստանալու ընթացակարգում ընկերությունները հիմնականում փորձում են շրջանցել սահմանված կարգի առանձին դրույթներ, բայց կա մի դեպք, երբ ընդհանրապես անտեսվում է օրենքը: Օրինակ, Քարասարի եւ Պրիխրեբտովոյե ոսկու հանքերեւակումներում որոնողագնահատողական աշխատանքներ կատարող «ԱՏ-մետալս» ընկերությունը շուրջ 4 ամիս է, ինչ Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան է կառուցում այն դեպքում, երբ որոնողագնահատողական աշխատանքները դեռեւս ավարտված չեն, պաշարները հաստատված ու գրանցված չեն, նախագիծը գոյություն չունի… Սակայն արդեն ավերվել ու ոչնչացվել են Տաշտուն գյուղին պատկան գյուղատնտեսական նշանակության հողերը, աղբակալվել է Տաշտուն լեռնային գետը, վեր են խոյանում ապօրինի շինությունները:
Ստորեւ կներկայացվի, թե «ԱՏ-մետալսն» ինչ ճանապարհով է փորձում ձեռք բերել հանքավայրի շահագործման թույլտվությունը, եւ ովքեր են նրա երեւացող հովանավորները:
Ապօրինությունների շարքը սկսվում է նրանից, որ 2012թ. «ԱՏ-մետալսը» Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում հասարակական լսում է կազմակերպել, որի արձանագրության մեջ գրված է. «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հասարակական լսում` նվիրված «Ատ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված Քարասարի Պրիխրեբտովոյե (Մեղրասար) նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ... Որոշեցին` հավանություն տալ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված «Մեղրասարի» բաց հանքի շահագործման եւ ֆաբրիկայի նախագծերին»:
Հակառակ արձանագրության մեջ գրվածի, վստահորեն կարելի է ասել, որ այդ օրը նախագիծ չի քննարկվել, հավանաբար միայն բանավոր հավաստումներ են եղել կամ ինչ-որ նյութեր ներկայացրել են որպես նախագիծ, քանի որ առ այսօր «ԱՏ-մետալս» ընկերությունը համապատասխան մարմիններին նախագիծ չի ներկայացրել: Ընկերությունը կկարողանա նախագիծ կազմել միայն այն բանից հետո, երբ քննարկվող հանքերեւակման պաշարները կհաստատվեն ու կգրանցվեն, եւ այն հանքավայրի կարգավիճակ կստանա: Հետեւաբար, 2012թ. դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղում կազմակերպված լսումը սովորական կեղծիք է, իսկ դրա արձանագրությունը` առոչինչ:
Այս լսում կոչված կեղծիքից 4 ամիս անց, «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովը» (հետայսու` Հանձնաժողով) դրական եզրակացություն է տվել Տաշտուն գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերից 2,155 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելուն` հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար (Եզրակացություն թիվ 34, 29.04.2013թ.):
Սա բացահայտ օրինախախտում է: Հանձնաժողովը դրական եզրակացությունը տվել է այն ժամանակ, երբ Քարասար եւ Պրիխրեբտովոյե հանքերեւակումները դեռեւս հանքավայրի կարգավիճակ չեն ունեցել եւ պարզ չէ, թե դրանք հետագայում կդառնա՞ն շահագործելի հանքավայր, թե՞ ոչ: Հանձնաժողովի անդամները կարծես չգիտեն, որ հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար հողերի կարգավիճակի փոփոխումը կատարվում է հանքավայրի շահագործման թույլտվությունից հետո, այլ ոչ թե հանքերեւակման ուսումնասիրության փուլում: Նաեւ` հավանաբար այս Հանձնաժողովի անդամները չեն էլ պատկերացնում, թե Տաշտուն գյուղի տարածքում` Մեղրու բնակավայրերի «տանիքում», հանքաքարի վերամշակման գործարանի, այսինքն` պոչանք արտադրող գործարանի կառուցումն ինչ կործանարար հետեւանքներ կունենա այդ տարածաշրջանի համար: Առավել մտահոգիչ է, որ այդ եզրակացության տակ ստորագրողներից են պետական կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս.Պապյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ.Ալավերդյանը եւ այլք: Իսկ նույն հանձնաժողովի նախագահ Վ.Տերտերյանն էլ, ով նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալն է, հողերի կատեգորիայի փոփոխման դրական եզրակացության տակ ստորագրելով այն ուղարկել է Սյունիքի մարզպետին. «Խնդրում եմ Ձեզ այն սահմանված կարգով փոխանցել Տաշտունի համայնքի ղեկավարին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկություն` համայնքի ավագանու «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշումը հաստատվելու եւ իրավունքի պետական գրանցում ստանալու դեպքում» (07.05.2013թ., թիվ 03/16/2346-13):
Այս հիմնազուրկ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո է միայն հասկանալի դառնում, թե Տաշտունի գյուղապետն ապօրինի շինարարության վայրում (29.06.2013թ.) ինչու էր համարձակորեն հայտարարում, թե իր մոտ իբր կան Տաշտունի վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելը հիմնավորող փաստաթղթեր, սակայն ինքը դրանք ցույց կտա միայն այն դեպքում, եթե ունենա տարածքային կառավարման նախարարի կարգադրությունը (հետագայում պարզ դարձավ, որ նա այդպիսի փաստաթղթեր չի ունեցել):
Հավանաբար Տաշտուն գյուղում տեղի ունեցած լսումի ապօրինի որոշումը եւ «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» հակաիրավական դրական եզրակացությունն են հիմք հանդիսացել կառավարության թիվ 514-Ա որոշման (23.05.2013թ.) համար:
Այս որոշման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության սահմանված կարգով ընտրված «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում` 2013թ. մայիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2016թ. մայիսի 30-ը»: Որոշման հավելվածում նշված ապրանքներն են` հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխարկիչ, պոմպ, էլեկտրալիզոր, ղեկավարման վահանակ, վառարան, տիտանից խառնիչ, կոմպրեսորային գեներատոր, այտային ջարդիչ, աղաց եւ այլն: Որոշումից չի հասկացվում, թե հարկային արտոնությամբ ներմուծվող ապրանքները որ ոլորտում ու օբյեկտներում են օգտագործվելու: Այս հարցը հասկանալի է դարձնում «105 աշխատատեղ` 270 հազ. դրամ միջին աշխատավարձով. գործադիրն աջակցում է ներդրումային ծրագրին» հոդվածը («Հայաստանի Հանրապետություն», 24.05.2013թ.): Այդտեղ գրված է. «Ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի` «ԱՏ-մետալս» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասար հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու եւ արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս, որի համար նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար... Ընկերությունը նախատեսում է հետագայում վերամշակման արդյունքում առաջացած պոչերը կիրառել շինարարության, ապակու ձուլման եւ այլ բնագավառներում: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013թ. թողարկել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչեւ 2,2 մլրդ դրամի»:
Էկոնոմիկայի նախարարի խոսքը շատ հարցեր է հանգուցալուծում: Միայն նրա ասածից է հասկացվում, որ ՀՀ կառավարության տված հարկային արտոնությունը վերաբերում է «Մեղրասարին», իմա` «Պրիխրեբտովոյե» եւ «Քարասար» հանքերեւակումներին: Զարմանք է հարուցում, որ էկոնոմիկայի նախարարը հանքերեւակումը ներկայացնում է որպես հանքավայր, ինչն անթույլատրելի է այդքան բարձր պաշտոն զբաղեցնողի համար: Փաստորեն, հասարակությանը կեղծ տեղեկություն է մատուցվում:
Հայտնի է, որ «ԱՏ-մետալսը» Քարասարի եւ Պրիխրեբտովոյե հանքերեւակումներում որոնողագնահատողական աշխատանքներ կատարելու թույլտվություն է ստացել (2007-2012թթ.), որի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թվականը: 2013-2014թթ. աշխատանքային ծրագրում ասվում է. «Սույն ծրագրի կազմման նպատակն է գնահատել Մեղրու հանքային շրջանի Քարասարի եւ Պրիխրեբտովոյե ոսկու երեւակումները, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման եւ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման եւ ամփոփման համար: Աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ամփոփել տեղամասի վերաբերյալ բոլոր ֆոնդային նյութերը, ինչպես նաեւ... ընկերության կողմից 2007-2012թթ. ընթացքում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալները»:
Ինչպես տեսնում ենք, ընկերության կողմից 2013թ. ներկայացված փաստաթղթում գրված է, որ նոր պիտի գնահատվեն այդ երեւակումները եւ պարզվի դրանց հնարավոր արդյունաբերական նշանակությունը, երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվեն, ֆոնդային նյութերն ամփոփվեն: Նույնիսկ ամփոփված չեն 2007-2012թթ. կատարած աշխատանքները: Այսինքն` դեռեւս հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու: Եվ այդ վիճակում դրանք հանքավայր ներկայացնելը կամ անտեղյակություն է, կամ` խաբեություն:
Ինչ վերաբերում է առաջացած պոչանքը շինարարության կամ ապակու արտադրության մեջ օգտագործելուն, ապա նախ պետք է ապացուցվի, որ դա թույլատրելի է` վտանգավոր չէ, այսինքն` պոչանքի մեջ գտնվող վտանգավոր նյութերը չեն գերազանցում սահմանային թույլատրելի քանակները: Եթե պոչանքը շինարարության մեջ այդքան հեշտ օգտագործելի լիներ, ապա այսօր հարյուրավոր ավազահանքեր չէին շահագործվի, քանզի ՀՀ տարածքում հարյուրավոր միլիոն տոննաների հասնող պոչանք կա: Մետաղական նոր հանքավայրի գովազդ անողը նախ պետք է տեղյակ լինի, թե պոչամբարները (ռեկուլտիվացված եւ շահագործվող) ինչ վիճակում են եւ ինչ ծավալների վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության հողին, ջրին, օդին, բուսական ու կենդանական աշխարհին:
Պոչանքից ջրային համակարգին հասցրած վնասի առումով շատ հակիրճ դիտարկենք նույն տարածաշրջանի Ողջի գետը: Այս գետի եւ նրա Դարազամ, Փխրուտ, Գեղի, Գեղանուշ, Արծվանիկ վտակների հուներում, իսկ Նորաշենիկի ափում` պոչամբարներ են տեղադրված: Արդեն փակված, ռեկուլտիվացված Դարազամի պոչամբարի վրա տասնամյակներ շարունակ բանջարաբոստանային կուլտուրաներ ու մրգատու ծառեր են աճեցվում` փաստորեն պոչամբարը դարձել է սննդամթերք արտադրող ջրովի տարածք, իսկ Փխրուտի եւ Ողջու պոչամբարներն օգտագործվում են որպես արոտավայր («ռեկուլտիվացված»` մի կերպ հողով ծածկված, բզկտված պոչամբարների վրա արածեցումները, հունձքը, գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումն արդեն հասկանալի են դարձնում, թե ՀՀ պաշտոնյաներն ինչու են պնդում, որ հանքարդյունաբերությունը երկրագործությանը-գյուղատնտեսությանը եւ մարդու առողջությանը վտանգ չի սպառնում):
Ողջի գետի հունում տեղադրված պոչամբարի վերին եզրը ծառայում է որպես պատնեշ` Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տեխնիկական ջուր մատակարարող ջրամբարի համար: Այս տարվա հունիսի 25-ին այդ ջրամբարը վթարվեց: Պոչամբարի տակով` Ողջի գետի հոսքն իր մեջ վերցնող բետոնե խողովակի տարողունակությունը բարեբախտաբար այս անգամ բավարարեց նաեւ վթարային ջրի համար, եւ պոչամբարը չհեղեղվեց (միայն անտերության պայմաններում է հնարավոր պոչամբարի մարմինը ծառայեցնել որպես ջրամբարի պատվար, այն էլ մեծ թեքության վրա, փաստորեն պոչամբարին ջուր է մատակարարվում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Նույն անտերությունն է, որ բացարձակորեն անթույլատրելի տեղում կառուցել են Գեղիի պոչամբարը, որը հունիսի 25-ին վթարվեց, սակայն պետական համապատասխան ծառայությունները «չնկատեցին» կատարվածը): Փխրուտի եւ Ողջու պոչամբարներն ակոսված են տեղումների ջրերի առուներով, խոր առուներ ու փլվածքներ են առաջացել նաեւ բարբարոսաբար խողովակաշար անցկացնելու հետեւանքով: Նույն օրինախախտ վիճակում են նաեւ շահագործվող Արծվանիկի, Գեղանուշի եւ Գեղիի պոչամբարները: Դրանց հատակները նույնպես մեկուսացված չեն, շրջապատն ապականված է պոչանքով, իսկ, օրինակ, Արծվանիկ գյուղի նախիրն արածում է պոչամբարի ափերին եւ խմում ծանր մետաղներ պարունակող պոչամբարի ջուրը: Այս պոչամբարի զբաղեցրած տարածքի 700 հեկտարն Արծվանիկ գյուղի հողերն են, որոնք Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տրվել են նաեւ բացառիկ հանրային շահի անվան տակ:
Ողջի լեռնային գետը, որի ավազանում հաշվվում է 842 գետ ու գետակ` տարեկան 302 մլն խմ (302 մլրդ լիտր) ջրի հոսքով, իրականում Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում չպետք է տեղ գտնի, քանի որ արդեն դարձել է խմելու եւ ոռոգման համար ոչ պիտանի` մեռյալ գետ: Այս գետը շարունակաբար բազմապիսի բարիք է պարգեւել բուսակենդանական աշխարհին, սակայն վերջին տասնամյակներին, պոչանքով աղտոտվելու պատճառով, դարձել է չարիքի աղբյուր` շատերն այդ ջրով ոռոգում են կատարում: Լեռնային գետի 302 միլիարդ լիտր ջրի գինը թող որոշի էկոնոմիկայի նախարարությունը եւ հաշվարկի, թե Հայաստանի Հանրապետությունը միայն այս գետի ջրի հաշվով տարեկան ինչ կորուստներ է կրում... Նաեւ` պոչամբարները լուրջ սպառնալիք են ընդերքի ջրերի աղտոտման-թունավորման առումով:
...Եթե չկասեցվեն Մեղրու տարածաշրջանում տրված հանքշահագործման թույլտվությունները, ապա մի քանի տարվա ընթացքում Մեղրի գետը նույնպես կդառնա պոչանքով եւ հանքարդյունաբերական մյուս թափոններով թունավորված, ձկնատեսակները մշտապես կորցրած մի կոյուղի, այսինքն` կարժանանա Ողջի գետի ճակատագրին: Նաեւ պետք է նկատի ունենալ, որ Ողջի եւ Մեղրի գետերը հոսում են մեծ թեքություններով, եւ այդ գետերում վարարումները հաճախ են լինում, օրինակ 1965թ. վարարման ժամանակ Ողջի գետի ջրի ծախսը վայրկյանում կազմել է 322 խմ, երբ միջին տարեկանում` 9,6 խմ է... Հայտնի է, որ վարարումների ժամանակ գետերը հաճախ «հիշում» են իրենց բուն հուները: Դժվար չէ հաշվարկել, թե ինչ քանակությամբ պոչանք կսփռվի շրջակա միջավայր, եթե Ողջի գետի ավազանում խոշորածավալ վարարումներ լինեն:
Այստեղ ցանկանում եմ հարց տալ լեռնաշղթայի հենց կատարին, ջրագոյացման ու ջրամատակարարման համակարգերում բազմամետաղային նոր հանքավայրի շահագործումը եւ Տաշտունի տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը գովազդող Էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության պետական ծրագրում արդյո՞ք կա թեկուզ մի գետ, որի ջրերն անաղարտ են մնալու եւ չպիտի թունավորվեն պոչանքներով:
Տաշտուն գյուղի տարածքում ապօրինաբար հանքավերամշակման արտադրություն կառուցելու խնդրով` ՀՀ ոստիկանություն, դատախազություն, բնապահպանության նախարարություն, վարչապետին եւ նախագահին են դիմել Մեղրի քաղաքի ավագանին եւ մի շարք հասարակական կազմակերպություններ:
Բերեմ այդ դիմումներից մեկը: ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին ուղղված` Հայաստանի կանաչների միության դիմումում (15.07.2013թ.) ասվում է. «Այս տարվա հունիսի 28-ին եւ 29-ին ականատես եղա այն փաստին, որ «ԱՏ-մետալս» ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի վարչական տարածքում հանքավերամշակման արտադրամաս է կառուցում, ընթացքում առաջացած հողային զանգվածը լցնելով Տաշտուն լեռնային գետի հունի անմիջական հարեւանությամբ. այդ ժամանակ արդեն հողը լցվում էր նաեւ Տաշտուն գետը: Շինարարություն իրականացնողները հրաժարվեցին փաստաթղթեր ներկայացնելուց, պատճառաբանելով, թե դրանք գտնվում են «ԱՏ-մետալս» ընկերության երեւանյան գրասենյակում: Հուլիսի 1-ին գնացի նշված գրասենյակ, որի պատասխանատու անձ Հայկ Մեժլումյանն ասաց, որ շինարարության թույլտվության փաստաթղթերը գտնվում են Տաշտուն գյուղում: Այդ նույն օրը` հուլիսի 1-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացա, որ ընկերությունն այս հարցին առնչվող որեւէ փաստաթուղթ դեռեւս չէր ներկայացրել փորձաքննության: Նախարարությունից նույնպիսի պատասխան ստացա նաեւ այսօր` հուլիսի 15-ին: Պարզվում է, որ «ԱՏ մետալս» ընկերությունը ոչ միայն շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն չունի, այլեւ համապատասխան նախագիծը դեռեւս չի ներկայացրել բնապահպանության նախարարություն` փորձաքննություն իրականացնելու համար: Վստահ ենք, որ Ձեր միջամտությամբ կկասեցվի «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող նշված ապօրինի գործունեությունը, իրավախախտները պատասխանատվության կենթարկվեն եւ «ԱՏ-մետալս» ընկերության միջոցներով ավերված տարածքները կբերվեն նախնական տեսքի»:
Այս դիմումի հետ կապված առայժմ ստացվել է երեք տեղեկացում: ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Դ.Սարգսյանը Սյունիքի մարզի դատախազ Ն. Հակոբյանին գրում է (թիվ 16-358-13, 19.07.2013թ.). «Քննարկման նպատակով ուղարկվում է Հայաստանի կանաչների միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15.07.2013թ. դիմումը «ԱՏ-մետալս» ընկերության կողմից Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ...»: Իսկ Սյունիքի մարզի ավագ դատախազ Ս.Համբարձումյանը Սյունիքի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Կ.Գաբրիելյանին գրում է (թիվ 16-246-13, 31.07.2013թ.). «Ուղարկում եմ Հայաստանի կանաչների միության դիմումը` «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերության կողմից Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերին կցելու եւ համատեղ ընթացք տալու»: Երրորդ տեղեկացումը հետեւյալն է` ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի պետ Հ.Խաչատրյանը Հայաստանի կանաչների միության նախագահին գրում է. «Ձեր 30.06.2013թ. դիմումին հայտնում ենք, որ ոստիկանության Մեղրու բաժնում «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի կողմից Տաշտուն համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի շինարարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր եւ 29.07.2013թ. նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին հետագա ընթացքը որոշելու համար» (թիվ 79-3/1-1067, 26.07.2013թ.):
Տաշտունում ապօրինաբար շինարարություն կատարելու հետ կապված` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լ. Գալստյանին գրում է (թիվ 5/12.1/9271, 25.07.2013թ.). «Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման... ապօրինի շինարարության դեպքը հայտնաբերվել էր բնապահպան ակտիվիստներից ստացված ահազանգի հետեւանքով, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով դադարեցվել էր միայն գործարանի կառուցման գործընթացը: Ինչ վերաբերում է նշված աշխատանքների հետեւանքով շրջակա միջավայրին պատճառած վնասին, ապա դրանք հաշվարկվելու են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ընկերությանը կներկայացվի վնասի հատուցման պահանջ: Գործի հանգամանալից քննությունից հետո օրենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի իրավապահ մարմիններին»:
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական գլխավոր տեսուչը նույն անձին` Լ.Գալստյանին, տեղեկացրել է. «ՀՀ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի տարածքում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից առանց քաղաքաշինական եւ իրավական փաստաթղթերի ձեւակերպման, փաստորեն ինքնակամ, իրականացվում են բետոնապատման եւ հողային աշխատանքներ: Մեր կողմից 2013թ. հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկված թիվ 25/25.2/4345-13 գրությամբ առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը եւ միջոցներ ձեռնարկել հետեւանքների վերացման ուղղությամբ»:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Առաքելյանը Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահին գրում է (թիվ 79-8/2-1238, 23.08.2013թ.). «Հայտնում եմ Ձեզ, որ Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերության կողմից ապօրինի հողօգտագործման եւ ինքնակամ շինարարության դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր, 01.08.2013թ. ոստիկանության Մեղրու բաժնին տրվել է հանձնարարություն` շինարարությունն անհապաղ դադարեցնելու համար, որից հետո կրկին հանձնարարություն է տրվել ամենօրյա հսկողություն իրականացնելու` շինարարության հնարավոր վերսկսումն անհապաղ հայտնաբերելու եւ կանխելու»:
Այն, որ ապօրինությունների դեմ պայքարողների դիմումներին պետական տարբեր մարմինների պատասխաններում հավաստվում է, որ ստուգել ու հաստատել են ապօրինի հողօգտագործման ու ինքնակամ շինարարության փաստը, որ շինարարությունն իրականացվում է առանց քաղաքաշինական եւ իրավական փաստաթղթերի ձեւակերպման, դադարեցրել են շինարարական աշխատանքները, ընկերությանը շրջակա միջավայրին հասցրած վնասի հատուցման պահանջ են ներկայացնելու ու նրա դեմ դատական հայց են նախապատրաստում, խնդրի արդար լուծման` տարածքները նախնական տեսքի բերելու, մեղավորներին պատժելու հույս էր առաջացել: Նաեւ վստահություն կար, որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով վերը բերված ապօրինությունների աղաղակող փաստերը, առոչինչ կճանաչի «ԱՏ-մետալս»-ին հարկային արտոնություն տվող իր թիվ 514-Ա որոշումը:
Սակայն պարզվեց, որ ՀՀ կառավարությունն անհողդողդ է իր ապօրինի որոշումը պաշտպանելու եւ իր իսկ ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների կարծիքն անտեսելու գործում: Օգոստոսի 15-ի թիվ 864-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը վերահաստատել է ամիսներ առաջ «ԱՏ-մետալսին» հարկային արտոնություն տվող իր 514-Ա որոշումը: Այս անգամ էլ այդ ընկերությանը թույատրել է արտոնյալ պայմաններում ՀՀ ներմուծել ամբարձիչ, թրթուրավոր բուլդոզեր, թրթուրավոր էքսկավատոր, կշեռքներ...
Ահա ՀՀ կառավարության իրական դեմքը. արհամարհանք ժողովրդի ու պետության նկատմամբ, սակայն հետեւողականություն` ժողովրդի ունեցվածքը փոշիացնելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքը կայուն թույներով վարակելու գործում:
Չնայած սկզբնական շրջանում հուսադրող պատասխանների, քննարկվող խնդրում օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորեց նաեւ դատաիրավական համակարգը:
«ԱՏ-մետալսի» գործողությունների դեմ հասարակական կազմակերպությունների բողոքներին պատասխանել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժինը (27.08.2013թ., No 79-8/2-1246): Ավագ քննիչ Ա.Առաքելյանի ստորագրությամբ պատասխանում գրված է. «…Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով պարզվել է, որ «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերությունը հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է, որն իրականացնում է ներդրումային ծրագիր… 2013թ. ընթացքում ընկերության կողմից կատարվել է 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում… Դեռեւս 2012թ. նոյեմբերի 29-ին «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերությունը դիմել է Տաշտունի համայնքի ղեկավար Հ.Գաբրիելյանին` ընկերության կողմից բազմամետաղների վերամշակման փորձարարական գործարան կառուցելու նպատակով տարածք հատկացնելու համար: Դրանից հետո համայնքի բնակչության շրջանում կատարվել են լսումներ եւ գործարան կառուցելու համար նախատեսվել է տրամադրել 2,155 հա հողատարածք, որի նպատակային նշանակությունը «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2013թ. ապրիլի 23-ի դրական եզրակացության հիման վրա փոխվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի…Մինչեւ «ԱՏ-մետալս» ընկերության կողմից բազմամետաղների վերամշակման փորձարարական գործարան կառուցելու համար օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը եւ թույլտվության ստացումը` ընկերության ղեկավարությունը 2013թ. ապրիլի 30-ին դիմել է Տաշտունի համայնքի ղեկավարին` խնդրելով թույլատրել նշված հողամասի վրա կատարել նախապատրաստական աշխատանքներ գործարանի կառուցման համար` մինչեւ օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալը, որից հետո ընկերությունը... սկսել է ինքնակամ շինարարություն իրականացնել: Համայնքի ղեկավար Հ.Գաբրիելյանը… ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել: Այսինքն` Հ.Գաբրիելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-2-րդ հոդվածով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործություն… 2013թ. օգոստոսի 26-ին Տաշտուն համայնքը նշված հողամասն օտարելու համար իրականացրել է աճուրդ-վաճառք, որի արդյունքում հողամասը ձեռք բերելու համար հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն… Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 74 հոդվածի` առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե իրադրության փոփոխման հետեւանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Նկատի ունենալով, երբ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել Տաշտուն համայնքի... հողամասը եւ կառուցապատման համար ստացել ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ներկա պահին դադարեցվել է ինքնակամ շինարարությունը, ղեկավարվելով օրենսգրքի 37 հոդվածի 2-րդ մասով… ՈՐՈՇԵՑԻ` 1. Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հ.Գաբրիելյանի կողմից իրավական ակտերով իր վրա դրված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով դիտավորությամբ միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաեւ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` իրադրության փոփոխման հիմքով նրա կատարած արարքը հանրության համար վտանգավոր լինելուց դադարելու պատճառաբանությամբ»:
Այս պատասխանին համաձայնել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ս.Համբարձումյանը:
Ներկայացնեմ ծայրից ծայր սարքովի այս փաստաթղթի բովանդակության հետ իմ անհամաձայնություններից մի քանիսը:
1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչի ներկայացմամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ԱՏ-մետալսը» օրինապահ ընկերություն է եւ հենց սկզբից խոսում է ընկերության կողմից կատարված ներդրումների մասին, հավանաբար լավ իմանալով, որ բնակչությունը, պետականորեն իրականացվող միակողմանի քարոզչության հետեւանքով, դեռեւս տեղյակ չէ եւ չի գիտակցում, որ ներդրումները, գլխավորապես հանքարդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումները, որ հիմնականում ընդերքը քանդող-ջարդող-աղացող, փոշի դարձնող թանկարժեք տեխնիկա գնելն է, շահեկան են միայն ներդրում կատարողների եւ այդ ներդրման համար ճանապարհ հարթող պետական պաշտոնյաների համար: Ինչպես տեսանք թե՛ կառավարության որոշման մեջ, թե՛ էկոնոմիկայի նախարարի խոսքում «ներդրում» բառի առատություն է: Եվ դա պատահական չէ: Պետական պաշտոնյաների բառապաշարում առանձնահատուկ տեղ զբաղեցնող «ներդրումները», կարծում եմ, ոչ թե ճաշակի հարց է, այլ միջազգային վարկատու եւ ազդեցիկ այլ կազմակերպություններին իրենց հավատարմությունը վերահաստատելու միջոց: Հայտնի է, որ ավելի քան 20 տարի առաջ ՀՀ իշխանավորները համաձայնեցին տնտեսությունը վարել «Վաշինգտոնյան կոնսենսուսի» շոկային թերապիայի 10 պատվիրաններին համապատասխան, որոնցից մեկը հետեւյալն է` «Պետք է ընդունվի օտարերկրյա ներդրմանը խթանող քաղաքականություն»:
2. Ավագ քննիչը եւ որոշմանը համաձայնող դատախազության պաշտոնյան մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, ասելով, թե դեռեւս 2012թ. ընկերությունը գործարան կառուցելու համար տարածք ստանալու նպատակով դիմել է Տաշտունի համայնքի ղեկավարին, ինչով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ «ԱՏ-մետալսի» կողմից կատարված ապօրինի հողօգտագործումն ու շինարարությունն իբր օրինական են: Կարելի է ենթադրել, որ նրանք կամ պատկերացում չունեն տվյալ բնագավառին վերաբերող օրենքների մասին կամ պատվեր են կատարում, քանի որ, ըստ գոյություն ունեցող ընթացակարգի, ընկերությունը նախ պետք է կազմեր գործարանի կառուցման նախագիծը, համապատասխան գերատեսչություններից դրական եզրակացություն ստանար, որից հետո միայն հողամասի հարցով դիմեր համայնքապետին: Մեկ անգամ եւս ստիպված եմ կրկնել, որ առ այսօր այդ գործարանի կառուցման նախագիծը դեռեւս գոյություն չունի:
3. Ինչ վերաբերում է համայնքի բնակչության շրջանում տեղի ունեցած լսումներին եւ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացությանը, ապա արդեն ասվել է, որ երկուսն էլ ապօրինի են, քանի որ դրանց իրականացման ժամանակ բացակայել է հիմնական փաստաթուղթը` նախագիծը, որը պետք է դառնար թե՛ լսումի քննարկման առարկան, թե՛ հողի նշանակությունը փոխելու հիմնավորումը:
4. «ԱՏ-մետալսն» ապoրինաբար գործարան է կառուցում, սակայն իրավապահ մարմինները չեն ցանկանում այդ ընկերության դեմ քրեական գործ հարուցել: Խնդիրը մեղմելու նպատակով որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը մինչ այդ դիմել է համայնքի ղեկավարին եւ ապա` խնդրելով թույլատրել... Իսկ այդ «թույլատրելն» էլ պետք է հասկացվի` ավերել ու ոչնչացնել Տաշտունի հողերը, առայժմ հողով ու շինարարական աղբով, իսկ հետո` պոչանքով աղտոտել-թունավորել նաեւ Տաշտուն լեռնային գետը: Եթե ընկերությունն, ինչ-ինչ պատճառներով, չի ցանկանում հարգել օրենքը եւ գործում է ըստ իր ցանկության, ապա իրավապահ մարմինները պարտավոր են իմանալ, որ Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու հարցը պետք է լուծվի 10-12 գերատեսչությունների համաձայնությամբ, այլ ոչ թե համայնքապետին դիմելով ու խնդրելով:
5. Այն պնդումը, որ Տաշտունի համայնքապետը կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, քանի որ ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել, կարելի է ասել, որ սա ուղղակի զավեշտ է: Հենց որոշումից հասկացվում է, որ ընկերությունը եւ համայնքի ղեկավարը փոխհամաձայնությամբ են այդ ապօրինի գործը կատարել: Հասարակական կազմակերպությունները դիմել են իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքի իշխանությունը հաստատվի, եւ մեղավորները պատժվեն, իսկ որոշման մեջ առաջարկվում է, որ փոքր հանցանք կատարողը պատժի ՀՀ կառավարության կողմից ակնհայտորեն հովանավորվող մեծ հանցանք կատարողին` «ԱՏ-մետալսին», այն էլ այն դեպքում, երբ նրանք արդեն բարեկամ-գործընկերներ են, եւ հողատարածքը կառուցապատման տակ դնելիս նրանց միջեւ հակասություն, վեճ, բռնություն ցույց տվող որեւէ փաստ գոյություն չունի: Հակառակը, համայնքի ղեկավարն այս տարվա հունիսի 29-ին, ապօրինի շինարարության վայրում, ակտիվորեն պաշտպանում էր ընկերությանը:
6. Ինչ վերաբերում է հողամասի աճուրդ-վաճառքին, ապա այն կատարվել է փակ դռների հետեւում, երբ հայտարարության մեջ նշված չէր, որ այն փակ է լինելու («Հայաստանի Հանրապետություն», 27.07.2013թ.): Այդ աճուրդ կոչվածին մասնակցել են երեք հոգի, որոնցից մեկը` Տաշտունի համայնքապետը: Որոշման մեջ գրված է, որ հողամասը ձեռք բերելու համար հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է «ԱՏ-մետալսը»: Սրանից կարելի է եզրակացնել, որ աճուրդին` որպես գնորդ մասնակցել է երկու ընկերություն («ԱՏ-մետալսը» եւ հանքարդյունաբերությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն), քանի որ ըստ հայտարարության` հողամասը ծառայելու է արդյունաբերական օբյեկտի` ֆաբրիկայի կառուցման համար: Եթե վստահենք գրվածին, ապա ստացվում է, որ մեկ այլ հանքավայրի տեր նույնպես ցանկացել է Տաշտունի վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցել, այսինքն` Տաշտուն գյուղի մոտակայքում շահագործվելու է նաեւ մեկ ուրիշ հանքավայր: Եվ դա հավանական է, քանի որ 2005թ. դեկտեմբերի 7-ին «Հեմատիտ» ընկերությանը տրվել էր Տաշտունի «Ջրկապի տեղամասի» ոսկու հանքերեւակման ուսումնասիրության լիցենզիա (Մեղրու տարածաշրջանի բնակիչները պետք է իմանան, որ «Սթորթրանս» ՓԲԸ-ն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2013-2016թթ. Տաշտունի բազմամետաղային հանքերեւակումում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն է ստացել): Նաեւ ամենագլխավորը` հողատարածքն արդեն ավերված է, շենքերը կառուցվում են, նախագիծը բացակայում է, եւ այս պայմաններում աճուրդ-վաճառք է հայտարարվում: Դժբախտաբար, ավագ քննիչը եւ դատախազության պաշտոնյան այս աղաղակող ապօրինությունները նույնպես չեն նկատում, հակառակը` որոշման մեջ գրված է. «Նկատի ունենալով, որ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել Տաշտուն համայնքի հողամասը…»:
7. Որոշում կազմողն ու դրան համաձայնողը խնդիրը հանգուցալուծում են այն կեղծ հիմնավորմամբ, որ արդեն դադարեցվել է ինքնակամ շինարարությունը, եւ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, որ իրադրության փոփոխման հետեւանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Փաստաթղթից հասկացվում է, որ մեղքի թողություն ստացած անձն էլ գյուղապետն է եւ վերջ, այլ մեղավոր չկա: Որոշման մեջ, փաստերը շրջանցելով, չի ասվում, որ, օրինակ, հուլիսին բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից դադարեցվել են հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքները, իսկ օգոստոսի 1-ին շինարարությունն անհապաղ դադարեցնելու հանձնարարություն է տրվել նաեւ ոստիկանության Մեղրու բաժնին, սակայն «ԱՏ-մետալսը» շարունակել է ապօրինի շինարարությունը եւ այն դադարեցրել է միայն օգոստոսի 24-ին: Նաեւ` հիմնազուրկ է այն պնդումը, թե իբր կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Ակնառու է, որ Տաշտունի տարածքում կառուցվող հանքաքարի վերամշակման գործարանի հավանական շահագործումը կդառնա մեծ սպառնալիք ներքեւի նիշերում գտնվող խմելու ջրի աղբյուրներին, պոչանքով կաղտոտի-կթունավորի նաեւ Մեղրի գետը եւ դրա հովիտը կկորցնի իր գյուղատնտեսական նշանակությունը: Այստեղ չեմ խոսի մարդկանց առողջությանը սպառնացող վտանգների մասին, քանզի դա բոլորին է հայտնի:
Ակնհայտ է, որ Տաշտունի տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը Մեղրու տարածաշրջանի դեմ կատարվելիք հանցագործության սկզբնամասն է, որի իրական` մարդակուլ կերպարանքը տեսանելի կդառնա նշված օբյեկտների շահագործելուց միայն տարիներ անց, եթե իհարկե, ոսկի եւ մյուս մետաղներ կորզելու մոլուցքով տառապողների, հայ ժողովրդի հարստությունները կողոպտողների ցանկությունները չզսպվեն:
Սյունիքի մարզի քննչական բաժնի կազմած փաստաթղթում, անտեսելով առկա փաստերը, ամեն կարգի ջանք թափելով փորձել են «ԱՏ-մետալսին» անմեղ ներկայացնել: Իսկ «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը» կարդալիս դժվարանում ես հավատալ, որ դրա գրողը եւ գրածի հետ համաձայնողն իրավաբանության ոլորտում են աշխատում: Մնում է ենթադրել, որ որոշումը ճնշման տակ է ձեւակերպվել, իսկ ճնշումն էլ կատարվել է մի մարդու կողմից կամ նրա անունից, ով վստահ է, որ ինքն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը...
Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ պետական պաշտոնյաներին Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես Մեղրու տարածաշրջանը հետաքրքրում է միայն ընդերքում եղած մետաղների առումով, այն էլ ոչ թե պետական կարիքների, այլ առանձին ընտանիքներին հարստացնելու համար: Դժվար է հավատալ, որ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ այդ տարածաշրջանում մետաղական հանքերի համատարած շահագործման հետեւանքով, ինչպես դա երեւում է տրված արտոնագրերի ցանկից, այդտեղ վերանալու է երկրագործությունը, եւ այն դառնալու է անմարդաբնակ:
Հայաստանի Հանրապետությունում գերշահույթ ստանալու գլխավոր գրավականը հարկային արտոնություններն են: Վերն արդեն ասվել է այդ արտոնություններից մեկի մասին: Բերեմ հանքշահագործողներին պարգեւած արտոնություններից եւս մի քանիսը:
Երկրորդ արտոնությունն այն է, որ հանքշահագործողները (ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում շահագործվում է մոտ 500 հանքավայր, որոնցից շուրջ 25-ը` մետաղական) ՀՀ տնտեսությանը` հողին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին, պատմամշակութային օբյեկտներին հասցվելիք վնասը հաշվարկում են, սակայն պետական գանձարան ոչինչ չեն մուծում (ինձ հայտնի չէ, թե դա որ օրենքով է սահմանված): Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը պատկանում է հանքշահագործողներին, երբ սահմանադրությամբ այն ժողովրդի-պետության սեփականությունն է:
Երրորդ արտոնություն` հանքշահագործողներն արտոնված են հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած մակաշերտը, լեռնային զանգվածը, «դատարկ» ապարները եւ պոչանքը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու դիմաց հարկեր չվճարել (տես` Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին օրենքը): Որպեսզի խուսափեն պետական հարկեր վճարելուց, օրենքներում լեռնային զանգվածը եւ «դատարկ» ապարները քողարկել են «լցակույտեր» անվան տակ, իսկ պոչամբարները (պոչանքը) օրենքներում չեն երեւացել մինչ 2011 թվականը, երբ համարձակվեցին նոր օրենքում պոչամբարներն անվանել «տեխնածին հանքավայրեր» եւ անվճար «նվիրել» Հայաստանի Հանրապետությանը, լավ իմանալով, որ պոչամբարների պահպանումը` շրջակա միջավայրից մեկուսացված պահելը հազարամյակներ շարունակ ծախսեր է պահանջելու: Հանքարդյունաբերության թափոնների (մակաշերտ, լեռնային զանգված, «դատա