Կարեն Լազարյան. «Երկու տարի տեւած փորձությունն արդարացնելի եւ իմաստավոր կհամարեմ, եթե այսուհետ ավելի բարձր պահենք հարյուրամյա կրթօջախի պատիվը»:

27.04.2018 18:07
1727

Մոտ երկու տարի շարունակ Գորիսի մեծահամբավ պետական քոլեջը սյունիքյան հանրության ուշադրության կենտրոնում էր ոչ սովորական մեկ այլ առիթով. գորիսյան միեւնույն ընտանիքից երեք հոգի հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններ՝ քոլեջում իբր տեղ գտած ապօրինությունների վերաբերյալ:

2016թ. սեպտեմբերի 25-ին (այդ հաղորդումների հիման վրա) հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը տեւեց քսան ամիս: Հարցաքննվեցին տասնյակ մարդիկ, որոշները՝ մի քանի անգամ: Բազմաթիվ հարցերով փորձաքննություններ կատարվեցին: Չորս անգամ փոխվեցին գործի քննությունն իրականացնող քննիչները: Քանիցս հակասություններ ծագեցին դատախազության եւ քննչական մարմնի միջեւ: Նախաքննությունը Գորիսից տեղափոխվեց Սիսիանի քննչական բաժին:

Եվ ահա քսան ամիս անց՝ 2018թ.ապրիլի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի որոշմամբ դադարեցվեց քոլեջի տնօրենի հանդեպ քրեական հետապնդումը՝ նրա արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Որոշվեց քրեական հետապնդում չիրականացնել քոլեջի ուսումնական հարցերով փոխտնօրենի, ինչպես եւ գանձապահի (ներկայումս՝ հաշվապահ) նկատմամբ:

Արտասովոր այդ պատմության մասին զրուցեցինք Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ:                                                     

                                                                             * * *

- Պարոն Լազարյան, քոլեջի գործունեության առանձին հարցերի վերաբերյալ երկու տարի շարունակվող նախաքննության ավարտը, կարելի է ասել, ուշագրավ իրադարձություն  է ոչ միայն Գորիսի հնագույն ու նշանավոր կրթօջախի, այլեւ Գորիս համայնքի կրթական-հոգեւոր կյանքում: Այնպես որ՝ տեղին ենք համարում շնորհավորել Ձեզ եւ Ձեր գլխավորած կոլեկտիվին՝ արդարության հաղթանակի առիթով:

- Չգիտեմ՝ նման դեպքերում տեղի՞ն է շնորհավորանք հղելը, թե՞ ոչ: Բայց եթե շնորհավորում եք, ուրեմն կարեւոր եք համարում այդ հանգույցի լուծումը, ինչի համար շնորհակալ եմ:

- Նման իրավիճակներում, ըստ գործող օրենքի, հաղորդման հեղինակներին սուտ մատնության համար պատասխանատվության են ենթարկում: Կգնա՞ք Դուք այդ ճանապարհով:

- Իհարկե չեմ գնա: Ես սիրում եմ ճշմարտության, արդարության համար կռիվ տալ, բայց նման դեպքերում համամիտ չեմ հին ժամանակներից եկող փոխհատուցման բանաձեւին՝ «Աչքի փոխարեն աչք, ատամի փոխարեն ատամ»: Քրիստոնեությունն ունի դրան հակադրված օրենք, որի կողմնակիցն եմ՝ «Չարին հակառակ մի կանգնիր»:

Հիշո՞ւմ եք «Տերունական աղոթքը». «…ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց…»:

Թող հաղորդումների հեղինակներն իրենք իրենց խղճի հետ զրույց անեն…

- Բայց, որքանով տեղյակ ենք, Դուք նաեւ քաղհայց եք ներկայացրել առաջին ատյանի դատարան դեռեւս 2016-ի աշնանը՝ Ձեր դեմ գրված եւ ՀՀ կառավարություն ուղարկված երկու դիմումի մեջ տեղ գտած զրպարտող արտահայտությունների համար: Ընդ որում՝ դիմումատուները համարյա թե նույն մարդիկ են, ովքեր հաղորդում էին տվել իրավապահներին:

- Դա այլ պատմություն է եւ որեւէ կապ չունի նշված քրեական գործի հետ, թեեւ հեղինակները, ինչպես նշեցիք, նույն մարդիկ են:

Նրանք դիմումներ են գրել հանրապետության կառավարություն, որոնց մեջ տեղ են գտել զրպարտող արտահայտություններ ե՛ւ իմ, ե՛ւ քոլեջի հասցեին:

Ես ընդամենը պահանջում եմ հաստատել, ապացուցել ասվածը, այլապես հերքել ու հատուցել բարոյական վնասը:

Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սովորական գործընթաց է…

Ընդ որում՝ մեր երկու հայցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մուրադ Հովակիմյան) մերժեց, բայց ՀՀ վերաքննիչ դատարանն ուժը կորցրած ճանաչեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հայցերն ուղարկեց նոր ու ամբողջական քննության: ՀՀ վճռաբեկ դատարանն էլ ուժի մեջ թողեց Վերաքննիչի որոշումը: 

Այնպես որ՝ մեր հայցադիմումները կքննարկվեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում: Թող ճշմարտությունը ջրի երես դուրս գա:

- Միգուցե այդ հարցում եւս հաշտության գնայիք եւ վերջնականապես փակեիք հակամարտության էջը, մանավանդ որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն ընձեռում է:

- Դեռեւս մեկ տարի առաջ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երբ քննվում էին մեր հայցերը, դրական արձագանքեցի հաշտության կոչին, որ արեց նախագահող դատավորը: Վերջին հաշվով կա՞ մարդ, ով հաշտության, խաղաղության, փոխհամագործակցության կողմնակից չէ:

Եվ այդ նպատակով երկու հանդիպում ունեցանք պատասխանող կողմի ներկայացուցչի հետ: Ամեն ինչ ընթանում էր նորմալ, վեճի ելքը երեւում էր, բայց…

Երրորդ հանդիպման ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտարարեց՝ «Եթե ես հաշտվեմ Ձեզ հետ, եթե դադարեցնեմ Կարեն Լազարյանի դեմ պայքարը, ապա ինձ կսպանեն»:

Ահա այսպիսի պատմություն:

Հիմա՝ հաշտությո՞ւն, ո՞ւմ հետ: Պատասխանողների՞, նրանց փաստաբանի՞ հետ… Կգա օրը, եւ նորից կհայտարարեն՝ մեզ ստիպում են Կարեն Լազարյանի մասին արատավորող տեղեկություններ տարածել, դիմումներ գրել՝ չասելով, թե ովքեր են ծպտված հրահրիչները, ովքեր են իրենց ի չարս օգտագործողները:

Թող դատարանը քննության առնի մեր երկու հայցը, թող պատասխան տրվի զրպարտող ամեն մի արտահայտության համար. ոչ միայն ինձ են զրպարտել, այլեւ փառավոր ուղի անցած մեր քոլեջին:

- Որոշ իրավաբաններ (նաեւ դատախազության փորձառու աշխատակիցներ ու քննիչներ) անսովոր երկար են համարում Գորիսի պետական քոլեջին առնչվող քրեական գործի նախաքննության ընթացքը: Ի վերջո գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, որն ապացուցելու կամ հերքելու համար քսան ամիսն իսկապես շատ էր:

Դուք նույնպե՞ս այդ կարծիքին եք:

- Քոլեջի հետ կապված դիմումների շուրջ  հետաքննությունը սկսելու հենց առաջին օրը հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցության, օժանդակության՝ հանուն ճշմարտության բացահայտման: Նույն դիրքորոշումն եմ ունեցել նախաքննության ամբողջ ընթացքում:

Նախաքննության ձգձգումը, բնականաբար, տհաճ է եղել ինձ համար, ամբողջ կոլեկտիվի համար: Բայց նորմալ եմ համարել իրողությունը, երբ նախաքննական մարմինը ձգտում էր հանգամանալից ուսումնասիրել ծագած ամեն մի հարց, անգամ մանրուքները:

Ժամանակը ցույց տվեց նաեւ, որ հանրապետության դատախազությունում, քննչական մարմնում կան իրենց գործի իսկական նվիրյալներ, որոնց համար ճշմարտությունն ու անաչառությունը, օբյեկտիվությունն ու արդարությունը վեր են ամեն ինչից:

- Մենք խոսում ենք մի գործի նախաքննության մասին, որին, կարելի է ասել, ընդգրկված էր քոլեջի դասախոսական եւ ուսանողական կազմի մեծ մասը: Դժվարությամբ ենք պատկերացնում, թե այդ պայմաններում ինչպես էիք կազմակերպում դասապրոցեսը:

- Այդ գրոհի առաջին իսկ օրերին շատ հստակ խնդիր եմ դրել դասախոսական կոլեկտիվի առջեւ՝ չշփոթվել, խուճապի չմատնվել եւ դասապրոցեսն անցկացնել առավելագույն պատասխանատվությամբ, ուսումնական ծրագրերին խիստ համապատասխան, մի խոսքով՝ անել այնպես, որ գործը չտուժի: Եվ, փառք Աստծո, դա մեզ հաջողվեց:

Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում քոլեջի իմ գործընկերներին՝ դասախոսներին, ուսանողներին, օժանդակ աշխատողներին՝ փորձության այդ ժամին կրթօջախի առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար:

- Ասում են՝ այդ ընթացքում հասցրել եք նաեւ հեռակա կարգով սովորել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայում:

- Այո, եւ 2018թ. փետրվարի 2-ին ինձ շնորհվեց մանկավարժության մագիստրոսի աստիճան «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ: Մագիստրոսական թեզս նվիրված էր իմ մեծ հայրենակից Սերո Խանզադյանի գրական ժառանգությանը:

-Իսկ տեղյա՞կ եք, թե հանրության մեծամասնությունն ինչով էր պայմանավորում Ձեր գլխավորած քոլեջը մոտ երկու տարի նախաքննության մահակի տակ պահելը: Ասում են, թե Ձեզ պատժում էին միայն այն բանի համար, որ Դուք «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի որդին եք:

- Նախ՝ ինձ ոչ ոք չի պատժել եւ չէր էլ կարող պատժել, քանի որ Հայաստանի Հանրապետության որեւէ օրենք չեմ խախտել, քոլեջում էլ հակաօրինական որեւէ երեւույթ տեղ չի գտել:

Ձեր վկայակոչած խոսակցություններին տեղյակ եմ, բայց երբեք չեմ կարեւորել, չեմ էլ փորձել խորանալ դրա հավաստիության մեջ: Ես, ինչպես նշեցի, խնդիր եմ դրել իմ առջեւ՝ աջակցել նախաքննությանը՝ պարզելու ծագած եւ ծագող բոլոր հարցերը: Համոզված էի՝ արդարությունը, ճշմարտությունը կարող են հիվանդանալ, բայց մահանալ՝ երբեք:

«Սյունյաց երկիրը» բոլոր սյունեցիների թերթն է, ամբողջ հանրապետությունում ընթերցողական մեծ լսարան ունեցող լրատվամիջոց է: Հպարտ եմ, որ այդ պարբերականի խմբագիրը հայրս է: Բայց ոչ ես եմ երբեւէ միջամտել լրատվամիջոցի գործերին, ոչ էլ հայրս է քոլեջի գործերին միջամտելու փորձ արել: Անհեթեթություն է հակառակ իրավիճակը երեւակայելն անգամ: Չգիտեմ, միգուցե փորձել են դրանով ցավ պատճառել հորս, սակայն չեմ կարծում, որ դա հաջողվել է. նա այնքա՜ն փորձությունների միջով է անցել եւ անցնում…

- Շրջանառվում է մեկ այլ տեսակետ եւս՝ իբր Դուք եք 2017-ի հունիսի 28-ին Գորիսի ավագանու կազմում նախաձեռնել ՀՀ վարչապետին ուղղված հայտնի ուղերձի պատրաստումը, որով պահանջվում էր մարզպետի հաշվետվությունը Գորիսի ավագանու առջեւ, ինչը, բնականաբար, աննախադեպ երեւույթ էր եւ դուր չի եկել բարձր իշխանություններին:

- Անկեղծորեն՝ չեմ ուզում նման քննարկումների մեջ խորանալ: Չեմ էլ կարեւորում, քանզի միայն թույլ եւ վախկոտ մարդիկ կարող էին այդկերպ ճնշում գործադրել ավագանու վրա՝ ազնիվ ձգտումների համար:

Ես Գորիս համայնքի ավագանու անդամ եմ ընտրվել հարյուրավոր գորիսեցիների կամքով: Ես լրջությամբ եմ վերաբերվում մարդկանց վստահությանը, փորձում եմ արդարացնել նրանց հույսերը, հնարավորինս լուծում տալ քաղաքացիների մտահոգություններին:

Ավագանու հայտնի ուղերձը կոլեկտիվ մտքի, ջանքի եւ կամքի արդյունք էր: Հիմա էլ համոզված եմ, որ ավագանին այդ ժամանակ եւ այդ իրավիճակում ճիշտ քայլ է կատարել, այլ բան է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն օրենքով սահմանված կարգով չի արձագանքել ուղերձին:

Եթե որեւէ մեկին դուր չի եկել ավագանու գործելակերպը, եթե որեւէ մեկը ցավ է ապրել դրա համար, ապա դա իր խնդիրն է:

Գորիս համայնքի ավագանին մեր հանրապետության համայնքների լավագույն ավագանիներից մեկն է: Եվ պետք է հպարտանալ նման ավագանի ունենալու համար:

- Լավ է, որ նշանակություն չեք տալիս շրջանառվող ասեկոսեներին, բայց չեք էլ կարող հերքել, որ քոլեջի դեմ գրված դիմումների հիմքում ինչ-որ պաշտոնյաների անձնական քմահաճությունն է եղել, վրեժխնդրությունը: Նույն կերպ չեք կարող հերքել տեսակետը, որ 2016-ին քոլեջի մասին հաղորդում է տրվել կոնկրետ մարդկանց դրդմամբ:

- Քիչ առաջ ասացի՝ թող այդ պատվիրատուները, կատարողներն իրենց խղճի հետ զրուցեն: Նորից ասեմ՝ ես ներում եմ բոլորին… 

- Եվ, այդուամենայնիվ, ի՞նչ դասեր եք քաղել տեղի ունեցածից, ի՞նչ եզրակացություններ եք արել: 

- Նաեւ գործընկերներիս եմ ասել՝ երկու տարի տեւած փորձությունն արդարացնելի եւ իմաստավոր կհամարեմ, եթե այսուհետ ավելի լավ աշխատենք, յուրաքանչյուրս ավելի լավ կատարենք մեր պարտականությունը, ավելի բարձր պահենք հարյուրամյա կրթօջախի պատիվը:Նման եզրակացությամբ եւ համոզմունքով էլ քայլում ենք առաջ…

- Ձեզ եւ Ձեր գլխավորած կրթօջախին՝ հաջողություններ:

- Շնորհակալություն անկեղծ զրույցի հնարավորության համար:

haynews.am

27.04.20182.

Հարցազրույցը՝

Մհեր Եղիազարյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25