Կատարվեց հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար

09.11.2021 19:05
2943

Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ:

Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Արարողության ավարտին նոյեմբերի 9-ի առիթով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին և համայն ժողովրդին.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Անցյալ տարի հայրենական մեր կյանքը փոթորկվեց ու ցնցվեց Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ողբերգական իրադարձություններով: Մեր բազում զավակների նահատակման, հայրենիքի զգալի մասի կորստի և հետպատերազմյան շրջանում նոր զոհերի ծանր ու վշտագին ցավը շարունակում է մորմոքել մեր ժողովրդի սիրտը:

Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, միջազգային հանրության և ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ջանքերով հնարավոր եղավ կասեցնել ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքները անվտանգության, տնտեսական և սոցիալական խնդիրների լրջագույն մարտահրավերներ են ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար:

Մեր դեմ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհը մեզ պատուհասած վշտի ու հուսախաբության թոթափումն է։ Մեր սրբազան պարտքն է ծանրագույն այս փորձությունները դիմագրավել արժանապատվությամբ՝հաստատուն պահելով մեր ժողովրդի զավակների սերն ու նվիրումը հայրենիքի, հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ, նպաստելով Հայաստանի ու Արցախի առաջընթացին, զորացնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականության նախանձախնդրությունը։ Ներկա բարդագույն իրավիճակը հրամայականն է բերում մեր ժողովրդի բոլոր զավակներին, իշխանություններին, հասարակական-քաղաքական կառույցներին՝ միաբանվել ազգային-պետական գերագույն շահերի շուրջ, ձևավորել ներազգային համերաշխության և վստահության առողջ մթնոլորտ՝ հանձնառու գործակցությամբ և երկխոսության ճանապարհով հետամուտ լինելու երկրի առջև հառնած մարտահրավերների բարվոք լուծմանը: Այդպես միայն մենք կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի, հայրենաշեն նախաձեռնություններ ու ծրագրեր իրագործելով պահպանել մեր ազգի կենսունակությունը, հայրենիքում արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելով խրախուսել որդեծնությունը, կանխել արտագաղթը, զորացյալ ու կենսունակ պահել սփյուռքը, վերազարթոնք բերել մեր պետությանը` համատեղ ջանքեր ներդնելով տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի զարգացման գործում։

Մեր Սուրբ Եկեղեցին ամենօրյա իր փրկարար առաքելության մեջ շարունակելու է Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում զորացնել հայորդյաց հավատն ու ապագայահայաց լավատեսական ոգին, սերն ու նվիրումը առ հայրենին՝ աշխարհասփյուռ թեմերով ու բարեպաշտ իր զավակներով նաև զորակցություն բերելով մեր երկրի վերքերի ամոքմանը, առկա ճգնաժամի հաղթահարմանը, ներհասարակական կյանքում խաղաղության և եղբայրսիրության զորացմանը: «Հետամուտ լինենք խաղաղության և շինության` միմյանց հանդեպ»,- պատգամում է առաքյալը (Հռ. 14.19)։ Հիրավի, հայրենական անդաստանում հաստատուն կլինի խաղաղությունը և արդյունավոր՝ ջանքերը լուսավոր գալիքի կերտման, երբ ազգային կյանքից մերժվեն ատելությունն ու անհանդուրժողականությունը։

Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, հավատավոր մեր ժողովրդի հետ միասնաբար աղոթք ենք բարձրացնում Հայաստան, Արցախ մեր հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։ Աղոթում ենք առ Բարձրյալ Տերը հանուն հայրենյաց պաշտպանության զոհված քաջորդիների համար, որ Ողորմածն Աստված երկնային երանական հարկերում հանգստություն պարգևի նրանց հոգիներին և մխիթարություն՝ սգավոր ընտանիքներին, շուտափույթ վերադարձ գերյալներին և անհայտ կորածներին: Հայցում ենք Տիրոջ օգնականությունն ու Սուրբ Աջի հովանին հայրենաբնակ և աշխարհասփյուռ Մեր զավակներին:

Թող Տիրոջ շնորհն ու օրհնությունը լինեն մեր երկրի ու մեր ժողովրդի հետ, այժմ և հավիտյանս. ամեն»։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08