Սիմոն Վրացյանը Պողոս Տեր-Դավթյանի մասին՝ «Մի անձնազոհ ու գաղափարական երիտասարդ»

07.06.2022 10:13
2785

Սիմոն Վրացյանը (1882-1969 թթ.) եղել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը, գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես և աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետ:

Գրել է պատմագիտական և հուշագրական աշխատություններ, որոնց թվում՝ «Հայաստանի Հանրապետություն» (1928թ.). գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն:

Այդ գրքում հեղինակը քանիցս անդրադարձել է Պողոս Տեր-Դավթյանի գործունեությանը, որը ներկայացնում ենք ստորև:

***

1919 թ. մարտի 6֊ին Գորիս հասավ Հայաստանի կառավարության նշանակած Զանգեզուրի ընդհանուր կոմիսարը՝ փոխգնդ. Արսեն Շահմազյանը, որից հետո Զանգեզուրն այլևս կապվեց Երևանի հետ: Շահմազյանի պաշտոնը կես գաղտնի էր. Ղարաբաղ—Զանգեզուրը Ազրբեջանին կցել աշխատող անգլիացիների ճնշման տակ, Հայաստանի կառավարությունը պաշտոնական ձև չէր տալիս իր գործունեությանը Զանգեզուրում: Հակառակ դրան, Զանգեզուրը, երկրի մյուս մասերին հավասար, օգտվում էր Հայաստանի պետական միջոցներից ։

Մարտի 31-ին Գորիսում հրավիրվեց համազանգեզուրյան մի համագումար, ուր Ազգ. խորհուրդը ներկայացրեց իր հրաժարականը: Եվ նրա տեղ, ընդառաջ գնալով ժողովրդի միահամուռ փափագին, ընտրվեց Զանգեզուր—Ղարաբաղի Շրջանային խորհուրդ անունով մի մարմին` այդ ձևով հանդիսավորապես նվիրագործելով Ղարաբաղ- Զանգեզուրի միությունը և այս երկուսի կցումը Մայր Հայաստանին: Շրջ. խորհրդի անդամներ ընտրվեցին Ա. Շիրինյանը, Մ. Զաքարյանը, Հ. Տերունին, Խ. Դանիելյանը (չորսն էլ դաշնակցական), Եր. Բագունցը, Սահ. Տեր-Հայրապետյանը  (բոլշևիկ) և Ս.Մ. Ստեփանյանը (անկուս.)։ Ղարաբաղի կողմից խորհրդի  մեջ մտան՝ Գեր. Բալայանը, Եղիշե Իշխանյանը, Մելիք. Եսայանը, Ավ.  Ասատուրյանը և Արս. Բագունցը։ Վերջիններս այդ ժամանակ՝  խուսափելով անգլիացիների հալածանքներից՝ գտնվում էին Գորիսում, որտեղից և հետևում էին Ղարաբաղի անց ու դարձերին։

Վերակազմվեց երկրի ինքնապաշտպանության գործը։ Շրջ. խորհրդի անդամներից կազմվեց զինվորական խորհուրդ, իսկ սպաներից՝ գլխավոր սպայակույտ։ Շրջաններում նշանակվեցին զինվորական հրամանատարներ՝ Սիսիանում Պողոս Տեր֊Դավթյանը,      Տաթևում՝ Խ. Մալինցյանը, Տեղ֊Խնձորեսկում՝ Մ. Հուսեյնյանը, Ղափանում՝ Հ. Տեր֊Պետրոսյանը, Մեղրիում՝ Շահպազյանը։ Կարգվեցին նաև ճակատապետներ՝ Զաբուղում, Զեյվա֊Հագարակում, Բազարչայում, Նորս֊Գոմրիում:

Զուգընթացաբար տարվում էր նաև քաղաքացիական մասի կազմակերպական աշխատանքը։ Գավառապետ նշանակվեց Ն. Հովսեփյանը, օգնական և միլիցիապետ՝ Սաքոն։ Միլիցիայի թիվը կրկնապատկվեց։ Բացվեցին փոստատները և կանոնավորվեց փոստային հարաբերությունը Երևանի հետ։ Վերաբացվեց Գորիսի պետական գանձարանը։ Հիմնվեց պետական վերահսկողություն։ Վերաբացվեցին Գորիսի և Հանքերի հիվանդանոցները, բուժակային կայաններն ու դեղատները։ Սկսեց  գործել զինվորական ատյանը։ Մինչև հուլիսի վերջերը կազմակերպական աշխատանքներն արդեն վերջացած էին:

Նշված գրքում, էջ 351

Նոյեմբերի վերջերին Զանգեզուրում Ա. Շահմազյանին փոխարինեց Ս. Մելիք֊Յոլչյանը, որպես քաղաքացիական մասի կոմիսար, իսկ զինվորական մասը ենթարկվեց զոր. Ղազարյանին: Սրանց գալով՝ Զանգեզուրը ձևականորեն էլ կազմակերպվեց իբրև Հայաստանի մաս։ Քաղաքացիական իշխանությունը ամփոփվեց վարիչների խորհրդի ձեռքում՝ Ս. Մելիք֊Յոլչյանի նախագահությամբ։ Շրջանը բաժանվեց 2 գավառի. 1) Բուն Զանգեզուր, Տաթև, Դարաբաս, Սիսիան՝ Զանգեզուրի գավառ անունով, 2) Ղափան, Բաղաբերդ—Գեղվա ձոր, Արևիք և Գողթն՝ Կապար Գողթ անունով։ Զինվորական տեսակետից շրջանը բաժանվեց 3 մասի. 1) Սիսիան՝ հրամանատար Պ. Տեր֊Դավթյան, 2) Կապարգողթ՝ հրամանատար Գ. Նժդեհ և 3) Զանգեզուր։ Յուրաքանչյուր շրջանի հրամանատարության կից կազմվեց զինվորական շտաբ, որոնց ենթարկվում էին ճակատապետներն ու վաշտապետները։ 20-50 տարեկան բոլոր տղամարդիկ դրված էին զենքի տակ, երկրապահ զինվորության դրությամբ, 20-25 ընտիր սպաների ղեկավարության տակ։ Դեկտեմբերի կեսերին Գորիս հասավ Դրոյի էքսպեդիցիոն զորամասը, և Դրոն հայտարարվեց Զանգեզուր-Ղարաբաղի ընդհանուր հրամանատար։

Այսպես կազմակերպված, հունվ. 19-ին, զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին Բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածությունը՝ Դոնդարլու-Շուռ-Նուխ-Ասկիլումի թրքական շրջանը, մոտ 30 գյուղ:

Նույն գրքում, էջ 394

Ապստամբությունը միաժամանակ հղացվում է երկու տեղ՝ Ղափանում և Սիսիանում։ Ղափանն իր հետևն ուներ ազատ Արևիքը, Սիսիանը՝ Դարալագյազը։ Ղափանի շրջանում էր Գ. Նժդեհն իր գործակիցներով։ Սիսիանի շարժման գլուխը կանգնեց Խոտանանցի սպա Պողոս Տեր֊Դավթյանը՝ մի անձնազոհ ու գաղափարական երիտասարդ, որ լայն ժողովրդականություն էր վայելում իր շրջանում։ Հոկտ. 5-ին Տեր-Դավթյանը խորհրդակցության է կանչում իր ընկերներին, ուր աչքի առաջ ունենալով նյութական անելանելի վիճակը՝ որոշվում է վերջ տալ բոլշևիկների իշխանությանը։ Որոշվում է նաև հարաբերության մեջ մտնել Զանգեզուրի մյուս մասերի հետ և շարժումը դարձնել ընդհանուր։ Ապստամբությունը արագացվում է, որովհետև հայտնի է դառնում, որ Գորիսի հեղկոմը կարգադրել է Սիսիանից պատանդներ հավաքել և կատարել մի շարք բռնագրավումներ, որից հետո զինակոչի ենթարկել երիտասարդությունը։ Հոկտ. 12-ին Տեր-Դավթյանը 200 երիտասարդներով անցնում է Սիսիան։ Նրան միանում են ամբողջ գյուղացիությունն ու հայ զինվորները։ Բոլշևիկների մի մասը ձերբակալվում է, մյուս մասը սարսափահար փախուստի է դիմում։ Հոկտ. 14-ին ամբողջ Սիսիանն ազատվում է բոլշևիկյան լծից։

Ղափանում ապստամբությունը բռնկում է հոկտ. 19-ին Գուտկոմ, Վաչագան, Ճակատեն, Կավարտ և Բարաբաթում գյուղերում։ Ժողովրդի ոգին այնքան բարձր էր, որ ամեն տեղ հաղթությունը լինում է արագ և կատարյալ։ Բոլշևիկների այդ շրջանում ունեցած ուժերի մեծ մասը գերի է ընկնում, քչերը միայն կարողանում են փախչել։ Ժողովրդի ձեռքն է անցնում առատ ռազմամթերք և գնդացիրներ. ժողովուրդը ցնծությամբ տոնում է իր փրկությունը։

Այդ ապստամբությունների հետևանքով ստեղծված դրությունը այսպես է բնորոշվում 28-րդ դիվիզիայի պետ Նեստերենկոյի 14 հոկտ. 29 մարտական հրամանում. «Համարյա ամբողջ Զանգեզուրում բռնվել Է ապստամբություն։ Ապստամբած հայերը գրավել են Անգեղակոթ- Ղարաքիլիսան, ամբողջ Ղափանի շրջանը և Օխչի չայի ու Մեղրի չայի ավազանները։ Նիվադի գյուղի շրջանում գործող 252-րդ հրաց. և կովկասյան 2֊րդ գնդի հետ ունեցած կապը խզված է։ Ղափանի աննշան զորամասը շրջապատված է, նրա վիճակն անհայտ է։ 251-րդ հրաց. գունդը կռվում է թշնամու հետ Տանձքերից 4 վերստ դեպի հարավ գտնվող Ինչաբելի բարձունքներում։

Բոլշևիկյան հրամանատարությունը ձեռք է առնում դաժան միջոցներ և ծրագրում արյունով ու երկաթով ճնշել Ղափանի ու Սիսիանի ըմբոստ գյուղացիությունը։ Շտապ բերվում են նոր զորամասեր։ Զանգեզուր է գալիս հերոսի հռչակ վայելող Կուրոչկինը իր 1400 ձիավորներով։ Գործադրության են դրվում նաև Բաքվից Գորիս հասած 1200 տաճիկ ասկյարները, որոնք, իբր թե, Զանգեզուրի վրայով գնում էին Մուսթաֆա Քեմալին օգնության։ Այսպիսով, կազմվում է մի ահարկու բանակ բաղկացած 83-րդ և 84-րդ բրիգադաներից, Կուրոչկինի հեծելազորից, տաճիկ գնդից և կոմունիստական խառն խմբերից։ Այս ուժերն ունեին մեծաքանակ փամփուշտ ու գնդացիրներ, առատ թնդանոթներ, ժողովրդից խլած հարուստ պարենավորում և տեղափոխության միջոցներ։ Թիկունքն ապահովելու համար Գորիսից ու գյուղերից առնված էին հարյուրավոր պատանդներ։ Զորամասերի պետերին խիստ հրաման էր տրված՝ լինել անողոք, չխնայել ոչ ոքի, գյուղերը հողին հավասարեցնել, մեծ ու փոքր չխնայել, գերի չվերցնել։

Հոկտ. 15-ին սկսվում են ռազմական գործողություններ Սիսիանի և Ղափանի դեմ։ Ամբողջ ժողովուրդը մի մարդու պես ոտքի է կանգնում իր գոյությունը պաշտպանելու համար։ Կռվում են և ծերերը, և կանայք, և երեխաները, կռվում են բահերով ու քարերով։ Տեղի են ունենում համառ ու հուսահատական կռիվներ։ Ժողովրդին առաջնորդում են երկու սիրված հերոսներ՝ Գ. Նժդեհն ու Պ. Տեր-Դավթյանը և օգնում են խստաշունչ ձմեռը, մութ գիշերները ու խոր ձորերը, որոնցից այնպես սարսափում էին ռուս զինվորները։ Մի քանի զորամասերի զինվորներ հրաժարվում են կռվելու ժողովրդի դեմ. բոլշևիկները ձեռք են առնում դաժան միջոցներ. Գորիսի բանտում գնդակահարվում են 20 կարմիր զինվորներ, 70 հոգի էլ հրացանազարկ են արվում Ղարաղշլաղի ձորում։

Կռիվները տևում են շաբաթներ։ Բոլշևիկները, մանավանդ ասկյարները գործում են աներևակայելի բարբարոսություններ։ Նոյեմբ. 17֊ին դավաճանությամբ գրավելով Արցևանիկը՝ նրանք հիմնահատակ ավերում են ու թալանում գյուղը՝ մնացած ամբողջ բնակչությունը սրի քաշելով։ Սակայն, Ղափանի հանքերի մոտ, հանկարծ շրջապատվում են ապստամբներից, սարսափելի ջարդ կրում կռվի դաշտում և հարյուրից ավելի գնդացիրներ, մեծաքանակ ռազմամթերք և մոտ 500 գերի թողնելով՝ խուճապի մատնված փախչում են՝ շատերը կորչելով ձորերի ու ձյուների մեջ կամ գերի ընկնելով ժողովրդի ձեռքը։

Սիսիանի ուղղությամբ շարժվող բոլշևիկ զորքերը հոկտ. 20-21֊ին են հասնում Յայջի և Անգեղակոթ և վերջնագիր են ներկայացնում։ Զինված ժողովուրդը Տեր֊Դավթյանի գլխավորությամբ ի պատասխան այս վերջնագրի բուռն հարձակում է գործում և թշնամուն դուրս քշում  Անգեղակոթից և Ղարաքիլիսայից: Ապա ապստամբները տաք ճակատամարտից հետո գրավում են Յայջին և Տաթևի վրայով միանում ղափանցիներին։ Բոլշևիկները շտապում են սիսիանցիների դեմ ուղարկել տաճկական զորամասը, որը ճանապարհին հայ գյուղերում անօրինակ գազանություններ է գործում։ Նոյեմբերի 5֊ին, մառախուղից օգտվելով, ապստամբներն Ուզ գյուղի մոտ խելագար հարձակում են գործում իրենցից մի քանի անգամ ուժեղ թշնամու վրա։ Տեղի է ունենում արյունոտ կռիվ: Տաճիկները հարյուրի չափ զոհեր տալով՝ փախչում են դեպի Յայջի և սոսկալի վրեժ լուծում անպաշտպան ժողովրդից։ Գյուղը թալանվում և այրվում է։ Կատարվում են առևանգումներ ու բռնաբարություններ։ Ուզի կռվում ապստամբները ունենում են անփոխարինելի մի կորուստ. գլխից մահացու վերք է ստանում ժողովրդական անկեղծ հերոս Պ. Տեր֊Դավթյանը։ Կռիվը երթալով սաստկանում է։ Հետզհետե ապստամբներին են միանում և բուն Զանգեզուրի գյուղերը։ Ոտքի է կանգնում Հալիձորը, որը նոյեմբերի 1֊ին կատաղի հարձակման էր ենթարկվել ռուս, հայ և տաճիկ բոլշևիկների կողմից։ Օգնության են հասնում Տաթևի ապստամբները և երեք օրվա տաք ճակատամարտերից հետո՝ ջարդում ու փախուստի են մատնում թշնամուն։ Նոյեմբերի 20֊ին ապստամբում է և Գորիսի ազգաբնակչությունը։ Բոլշևիկներն ահաբեկված՝ անհաշիվ կորուստներով՝ փախուստի են դիմում։ Ետևում ունենալով հալածող ապստամբներին՝ բոլշևիկյան քայքայված ու բարոյալքված զորքերը փախչում են դեպի Զաբուղ՝ թալանելով ճանապարհի հայ գյուղերը։ Նոյեմբերի 21֊ին այլևս ամբողջ Զանգեզուրը ազատ է բոլշևիկյան անասելի մղձավանջից։ Ապստամբ ժողովուրդն անմիջապես ընտրում է 7 հոգիանոց գյուղացիական ժամանակավոր մի խորհուրդ, որը մինչև դեկտեմբերի 25֊ը հանդիսանում է երկրի բարձր իշխանությունը։

Նույն գրքում, էջ 583-585

 

Սիմոն Վրացյան,

Հայաստանի Հանրապետություն,

Երևան-1993թ.

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13