Կապան քաղաքի հյուսիս–արևելքում գտնվող Կավարտ բնակավայրը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Կավարդ, Գավարդ և այլ անուններով։
Առաջին անգամ հիշատակվում է Ստեփանոս պատմիչի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Արուքս գյուղի սահմանները տեղորոշելիս։
Հիշատակված է նաև Տաթևի վանքի հին հարկացուցակում (13-րդ դար), որի համաձայն 8 միավոր հարկային բեռ ուներ։
Հիշատակվում է Բաղք գավառում։
Գյուղն ընդգրկված էր նաև Տաթևի վանքի նոր ժամանակների հարկացուցակում՝ «Քյոթուկ» մատյանում։
Կավարտին անդրադարձել է Ղևոնդ Ալիշանը նույնպես՝ «Սիսական» տեղագրության մեջ։ Նա մասնավորապես նշում է՝ «Նորաշենից երկու մղոն հարավ՝ գետի այն կողմում՝ աջից կա Բաղքի ևս մեկ գյուղ ըստ Հին ցուցակի՝ Կավարտը, որ տեսանք վերին Արուքսի սահմանները նկարագրելիս, գտնվում է նրա հյուսիսակողմում, ունի եկեղեցի Սուրբ Գևորգ անունով»։
1986-ին ուներ 453, 1907-ին՝ 580, 1931-ին՝ շուրջ 800 հայ բնակիչ։
Հետագայում՝ 1950-ականներին, մտել է Ղափան քաղաքի շրջագծի մեջ։
Կավարտ գյուղանունը ստուգաբանելու փորձ է արել երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցի–Գրիգորյանը։ Ըստ նրա՝ «․․․ Այժմ առաջնահերթություն ունի այն տեսակետ–մոտեցումը, որ Սյունիքի հնավանդ տեղանունների ճնշող մեծամասնությունը դիցական–պաշտամունքային նշանակություն ունի։ Կավարտ տեղանվան մեջ ակներև է արտ հնդիրանական ածանցը, որը պահլավերեն նշանակում է սուրբ։ Արդ, ընդունելով կավ արմատն ուղղակի իմաստով՝ կմերձենանք տեղանվան նախնական իմաստին՝ սրբավայր, սրբահող»։
Կավարտի տարածքը մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից։
19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի և Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրյանները և ապա՝ նաև ֆրանսիացիները։
1917-18 թթ․ ժամանակավորապես չգործող հանքավայրը վերագործարկվեց 1920-ականների սկզբին։
1924-ին դրանք կոչվեցին Լենհանքեր։
Կավարտում հանքավայրի ընդհանուր շահագործման տարածքը կազմում էր 30 հա։
Մինչև 1950-ական թվականներն այնտեղ պղնձի արդյունահանումը կատարվում էր փակ (ստորգետնյա) եղանակով։ Դրանից հետո հանքը շահագործվեց բաց եղանակով։
Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարեցվել էր, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացահանքի շահագործումը, բայց 2-3 տարի անց կրկին դադարեցվել է՝ պաշարների սակավության պատճառով։
Կավարտում զարգացած էր հոգևոր և կրթական գործը։
Այսպես՝ հանքատեր Կոնդուրով եղբայրների, Ղափանի արդյունաբերական կապիտալի առաջին ներկայացուցիչներ՝ ագուլեցի Հովհաննես և Հայրապետ Խոջամիրյան եղբայրների ջանքերով 1891-ին (որոշ տեղեկություններով՝ 1850-ին) Կավարտում բացվեց դպրոց։
Ուշագրավ է հատկապես Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցու պատմությունը։
Աստծո այդ տաճարը, ըստ մեր ունեցած աղբյուրների, կառուցվել է 1303 թվականին։
Միանավ սրահ եկեղեցին՝ զանգակատնով, վերաշինվել է 17-րդ դարում, ապա հիմնանորոգվել 1903-ին։
Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցում է 1919 թ․ հոկտեմբերին Գարեգին Նժդեհը հիմնադրել «Դավիթբեկյան ուխտերը», որոնց ռազմակոչն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»։
Այդ եկեղեցում է 1920 թ․ օգոստոսի 25-ին Գարեգին Նժդեհն օծվել «Ղափանի, Գենուվազի, Գողթանի և Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր–հրամանատար»։
Նույն օրը Նժդեհն այդտեղից զորքին է հղել հայտնի Յոթ պատվիրանը։
Եվ, դրանով հանդերձ, Աստծո այդ տաճարն ունեցավ ողբերգական վախճան։
Գյուղի տարածքը, ինչպես նշեցինք 1950-ականներից սկսած հայտնվել էր այն գոտում, որտեղ իրականացվում էր բաց հանքի շահագործում։
Եվ հանուն պղնձի արդյունահանման պլանների կատարման՝ զոհաբերվեց պատմական բնակավայրը, գերեզմանոցը և Սուրբ Գևորգ եկեղեցին։
1965 թվականին, փաստորեն, պայթեցվեց Աստծո այդ տաճարը։
Եկեղեցու հետ մեկտեղ ամբողջությամբ քանդվեց ու հողին հավասարեցվեց Կավարտ գյուղը (հետագայում՝ ոչնչացված գյուղից փոքր–ինչ հյուսիս–արևմուտք, կառուցվեց նոր Կավարտ, որտեղ էլ տեղափոխվեցին գյուղի բնակիչները)։
Հայոց պատմության մեջ նշանավոր դեր խաղացած Սուրբ Գևորգ եկեղեցու կորուստը Սյունիքի պատմական հիշողության դեմ ուղղված անբարո քայլ էր։
Հիմա եկեղեցու նախկին տեղում միայն հսկայական լքված հանքախորշն է։
Ողբերգական այդ իրադարձության համար, բնականաբար, մեղավորը խորհրդային տարիներին իրականացվող հակաեկեղեցական քաղաքականությունն էր, հանուն ընդերքի հարստության արդյունահանման՝ մեր սրբություններն անգամ զոհաբերելը։
Սակայն, հանուն ճշմարտության պետք է արձանագրել՝ Կապանի շրջանի այդ օրերի կուսակցական և սովետական մարմինների ղեկավարները կարող էին շրջանցել եկեղեցու զբաղեցրած տարածքը կամ որպես փոքր «կղզի» պահել այն բաց հանքի տարածքում։
Ի դեպ, ժամանակին այդպես են վարվել Մեղրիի շրջանի Հըգերակի կամ Ագարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ, որը տեղափոխելու հույսը դեռևս պահպանվում է։
Ինչևէ․․․ Իրականացնելով «Ուխտագնացություն Կապան» նախագիծը՝ մենք չէինք կարող Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցին չընդգրկել համայնքի սրբավայրերի ցանկի մեջ։ Ճիշտ է՝ Աստծո այդ տաճարն այլևս չկա, բայց այն Սյունիքի պատմության անբաժանելի մասն է և ապրում է կապանցիների հիշողության մեջ։
Հ․Գ․
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ եկեղեցու վերջին սպասավորն էր Դավիթ Տեր–Ազարյանը։
Եվ երբ 1965-ին պայթեցրին եկեղեցին՝ նրա ազգական՝ Վոլոդիա Ազարյանը, կարողացավ փրկել եկեղեցու զանգակատան խաչը, որը ներկայումս գտնվում է Մեծ հայրենականում զոհված կավարտեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մերձակայքում 2020 թ. փետրվարի 23-ին բացված մատուռում (այդ սրբավայրը կառուցվել է կավարտեցիների ջանքերով և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աջակցությամբ)։
Սուրբ Գևորգ եկեղեցու խաչին հաղորդվեցինք 2026 թ. սեպտեմբերի 29-ին՝ ուխտագնացություն կատարելով Կավարտի նորաշեն մատուռ։
Սամվել Ալեքսանյան