Կհեշտանա ԱԲ-ի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բնագավառների ամերիկյան նոր տեխնոլոգիաների տրամադրումը Հայաստանին. Երվանդ Զորյան

04.12.2025 10:09
180

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը որակապես նոր մակարդակի հասցնելու ջանքերը պարբերաբար նոր դրսևորումներ են ստանում՝ արտահայտվելով հավակնոտ տարբեր ծրագրերի մտահղացմամբ և իրականացմամբ:

Վերջին շրջանում ոլորտին առնչվող կարևորագույն իրադարձությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Synopsys Armenia ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ:

- Վերջերս հայտնի դարձավ, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը։

- Շատ դրական որոշում է, առանց որի Հայաստանի համար դժվար կլիներ հասանելիություն ստանալ այդ տեխնոլոգիաներին։ Արհեստական բանականության (Ai) ոլորտը բավականին զարգացած է, բայց դեռևս հասանելի չէ շատ երկրներին։ ԱՄՆ-ում գործող արտահանման վերահսկողության, այսպես կոչված՝ էքսպորտ քոնթրոլի, կարգի համաձայն՝ Հայաստանը իրավունք չուներ այդ երկրից ստանալ արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և այլ բնագավառների նոր տեխնոլոգիաներ։ Սակայն, օգոստոսին երկու երկրները Սպիտակ տանը ստորագրեցին երեք հուշագրեր, որոնցից մեկը վերաբերում է նշված տեխնոլոգիաների արտահանման թույլտվությանը։ Փաստաթղթում սահմանված են այս ուղղությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի արդյունավետ համագործակցության ուղիները, որոնք հեշտացնելու են ամերիկյան տեխնոլոգիաների տրամադրումը հայկական կողմին։ Այս ուղղությամբ առաջին քայլը եղավ նորաստեղծ Firebird ընկերությանը Nvidia-ի չիպերի տրամադրման որոշումը։

Այժմ շատ կարևոր է կարողանալ նույն մոտեցումը կիրառել նաև միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, որտեղ գործում են այլ կարգավորումներ։ Ակնկալվում է, որ հուշագիրը կնպաստի նաև միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաների արտահանմանը: Այդ դեպքում ամերիկյան ընկերությունների, օրինակ, «Սինոփսիս»-ի գլխամասային կենտրոնը, իրավունք կունենա Հայաստանի իր մասնաճյուղին տրամադրել առաջատար շատ տեխնոլոգիաներ, որոնք ներկայում փոխանցել չի կարող։

- Հայաստանի առջև ի՞նչ հեռանկարներ է նշմարում արհեստական բանականության հետ կապված այս կարևորագույն նախագծի իրականացումը։

- Հայաստանը կունենա տվյալների լավ կենտրոն, ինչը շատ կարևոր է: Դրա բացակայության պարագայում այստեղ գործող շատ ընկերություններ ներկայում ստիպված են արհեստական բանականության հաշվարկների համար օգտագործել այլ կազմակերպությունների կենտրոնների հասանելի տվյալները։ Այսուհետ հայաստանյան ընկերությունները հնարավորություն կունենան անհրաժեշտ հաշվարկները կատարել հիմնվելով տեղական, այլ ոչ թե «ամպի մեջ» եղած կենտրոնի տվյալներին: Հայաստանում ստեղծվելիք կենտրոնի տվյալներից կկարողանան օգտվել նաև այլ երկրների ընկերությունները, որոնք այստեղ տարածք ձեռք կբերեն և կիրականացնեն իրենց աշխատանքները:

- Դա արվելու է, այսպես կոչված, գերհամակարգչի՞ միջոցով:

- Տվյալների կենտրոնում բազմաթիվ համակարգիչներ տարբեր չիպերի միջոցով միաժամանակ կատարելու են հաշվարկներ: «Սուպեր» բնորոշումը հենց նշանակում է, որ հարյուրավոր կամ հազարավոր համակարգիչներ են զուգահեռաբար աշխատելու: Դրանք սպառելու են մեծ ծավալի էլեկտրականություն, որի արտադրության համար կարող են պահանջվել լրացուցիչ հզորություններ: Այս առումով է կարևոր գործընթացին Հայաստանի պետության մասնակցությունը: Նախատեսվում է, որ 2030 թվականից սկսած Հայաստանում արտադրված էլեկտրականության 10 տոկոսն ուղղվելու է տվյալների կենտրոնի աշխատանքի ապահովմանը:

- Վերջերս Հայաստանում անցկացվեց միկրոէլեկտրոնիկայի հերթական միջազգային օլիմպիադան: Ի՞նչ տպավորություններ ստացաք այդ ինքնատիպ մրցույթից:

- Սա շատ կարևոր միջոցառում է: Այն նախաձեռնել ենք շուրջ երկու տասնամյակ առաջ՝ նպատակ ունենալով պարզել Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացվածության և միջազգային ասպարեզում դրա մրցունակության աստիճանը: Այդ նպատակով որոշեցինք կազմակերպել տարբեր երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ մրցում, որը տարեցտարի կատարելագործվում է: Մրցունակությունը անհրաժեշտ ու կարևոր գործոն է, որի բարելավման համար պահանջվում է շարունակական նպատակասլաց աշխատանք:

Հայաստանի պատվիրակները պարբերաբար բարձր արդյունքներ են գրանցում այս օլիմպիադայում՝ ապացուցելով, որ մեր երկիրը միջազգային մակարդակով բավականին մրցունակ և առաջադեմ կարող է լինել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ու ապահովել զարգացման լուրջ տեմպեր: Վերջին տարիներին Հայաստանի երիտասարդները մշտապես մրցանակային տեղեր են զբաղեցնում օլիմպիադայում՝ պահպանելով կայուն դիրքերը համաշխարհային նշանակության մրցման առաջին եռյակում:

Օլիմպիադան անցկացվում է երկու փուլով: Նախ, մասնակից երկրները ներքին մրցումներում որոշում են լավագույններին, որոնք էլ ներկայանում են Հայաստանում կազմակերպվող եզրափակիչ փուլին:

- Այս տարվա օլիմպիադայում նկատեցի՞ք հետաքրքիր լուծումներ:

- Այո՛: Դա շատ է ուրախացնում՝ հաշվի առնելով, որ օլիմպիադաների առաջադրանքները և նյութերն անընդհատ թարմացվում են միկրոէլեկտրոնիկայի ոլորտի արդի միտումներին համապատասխան: Առանց դրա անհնար է առաջընթաց ապահովել, քանի որ բնագավառը շատ արագ է զարգանում. ամեն տարի ներկայացվում են նոր տեխնոլոգիաներ, մեծանում է տարբեր սարքերում լայնորեն կիրառվող կիսահաղորդիչների արագությունը և զուգահեռաբար ավելի է փոքրանում դրանց չափը: Չիպերն ավելի խելացի են «դառնում»: Չափերի փոքրացման արդյունքում դրանցում ավելանում է տրանզիստորների քանակը: Այսօր ամենաարագ չիպերի մեջ կան հարյուր միլիարդավոր տրանզիստորներ: Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը մեկ չիպում դրանց քանակը հասնելու է տրիլիոնի:

- Հայաստանը ներկայում ի՞նչ դիրքավորում ունի աշխարհի ՏՏ քարտեզի վրա և որո՞նք են մեր երկրի նպատակներն այս ոլորտում:

- Հայաստանը բավականին լավ դիրքեր ունի, բայց պետք է նկատի ունենալ, որ ՏՏ ոլորտը շատ լայն է, ներկայացված է գրեթե բոլոր ասպարեզներում: «Խելացի» սարքերը ոչ միայն լայն կիրառում ունեն, այլև փոխկապակցված են: Հայաստանի համար դժվար կլինի առաջատար դիրքեր զբաղեցնել ՏՏ կիրառման բոլոր ոլորտներում, ուստի պետք է ընտրել ռազմավարական որոշ ուղղություններ և փորձել  կարևոր դիրքեր զբաղեցնել դրանցում: Այդ նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ, սահմանվել են մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հինգ կարևորագույն բնագավառները՝ միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն, բիոտեխնոլոգիաներ, ինքնավար գործիքների մշակում, քվանտային էլեկտրոնիկա:

Գործընթացին պետության մասնակցությունը կարևոր է, քանի որ ներկայացված ոլորտների զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, ձևավորել էկոհամակարգ՝ կրթությունից մինչև հետազոտությունների իրականացում և ընկերությունների հիմնում: Այսինքն, պետք է կազմակերպել ոլորտին առնչվող դպրոցական և բուհական կրթություն, նպաստել հետազոտությունների անցկացմանը, խթանել նորարարությանը և հիմնել ընկերություններ, որոնք կօգտագործեն ներկայացված գաղափարները: Եթե այս շղթայի օղակներից մեկը բացակայի, ապա չի գործի նաև ընդհանուր համակարգը: Համատեղ համակարգված աշխատելն անչափ կարևոր է բարձր արդյունավետություն ապահովելու համար:

- Հայաստանը ՏՏ ոլորտում պետական մրցանակ ունեցող երկրներից է: Ինչո՞վ էր պայմանավորված դրա սահմանումը և որքանո՞վ է այն շուրջ երկու տասնամյակների ընթացքում արդարացրել ի սկզբանե ձևակերպված նպատակները:

- Իրականում, ունենք երկու տարբեր մրցանակներ: Դրանցից առաջինը շնորհվում է բուհերի ուսանողներին՝ ամեն տարի 30-35 հոգու: Պարգևատրվում և ֆինանսապես խրախուսվում են դպրոցների աշակերտները, բակալավրի և մագիստրոսի ակադեմիական աստիճաններ, դոկտորական գիտական կոչում ունեցող լավագույնները, որոնց ընտրում է մասնավոր հանձնախումբը: Վերջերս տեղի ունեցավ 2025 թվականի մրցանակաբաշխությունը. վարչապետը պարգևատրեց հերթական 35 դափնեկրին: Նպատակն է քաջալերել, ոգևորել լավագույններին, նրանց ծանոթացնել միմյանց հետ, նպաստել մասնագիտական առաջխաղացմանը և ոլորտում որակյալ սերնդափոխության իրականացմանը:

Հայաստանի համար շատ կարևոր է այս մրցանակաբաշխությունը, որի հովանավորն ու նախաձեռնողն, ի դեպ, «Սինոփսիս» ընկերությունն է: Մեր ընկերության հովանավորությամբ է անցկացվում նաև միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան և շնորհվում ՏՏ ոլորտի միջազգային նշանակության պետական մրցանակը: Վերջինս տարվա արդյունքներով շնորհվում է ոլորտի մեկ ականավոր ներկայացուցչի:

Մրցանակաբաշխությունը միանգամայն ծառայում է նպատակին, քանի որ պահպանում ենք մշտական կապը պարգևատրվածների հետ: Նրանք դառնում են ընդհանուր ցանցի անդամ: Շուրջ 20 տարիների արդյունքներով ունենք 707 մրցանակակիրներ, որոնք բոլորն էլ աշխատում են ոլորտում, տարբեր ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ ու լավագույն աշխատողներ են: Սա տարիների նվիրված աշխատանքի արդյունք է:

- Կարելի՞ է ասել, որ սա պետության և մասնավոր հատվածի միջև հաջողված համագործակցության օրինակ է:

- Սա համագործակցության տարբեր ձևերի օրինակ է: Տաղանդավոր երիտասարդներին կարևոր նպատակի շուրջ համախմբելու, նրանց մասնագիտական զարգացմանը և առաջընթացին նպաստելու, համատեղ աշխատելու, երկարատև ռազմավարություն մշակելու և արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք փոխգործակցության լավ օրինակ է: Տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության, թերևս, լավագույն դրսևորումն է:

Այս առումով ուզում եմ ներկայացնել «Սինոփսիս»-ի նախաձեռնած ևս մեկ ծրագիր, որը նույնպես առնչվում է կրթությանը և նորարարությանը: Խոսքը արհեստական բանականության տարածման ուղղությամբ իրականացվող «Քայլ դեպի Al» դպրոցական մակարդակի նախագծի մասին է, որին ֆինանսապես աջակցում է մեր ընկերության հիմնադրամը: 10-12-րդ դասարանցիների համար նախատեսված այս դասընթացներն անցկացվում են արդեն երեք տարի: Ծրագիրն աստիճանաբար ընդլայնվելով՝ ներկայում իրականացվում է Հայաստանի 18 հանրակրթական դպրոցներում: Հարյուրավոր աշակերտներ ուսանելով Սիլիկոնյան հովտի ծրագրերով՝ ձեռք են բերում արհեստական բանականությանը բարձր մակարդակով տիրապետելու հմտություններ: Դա նրանց շատ օգտակար կլինի ապագայում:

Armenpress

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47

ԵՄ-ն ցանկանում է ամեն կերպ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ոլորտներում. Զախարովա

04.12.2025 16:26

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ․ զրուցել տարբեր թեմաների շուրջ

04.12.2025 15:20

Մեծ Բրիտանիան շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ

04.12.2025 14:52