ԽՈՍՔ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ (Սերո Խանզադյանը Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի մասին)

25.08.2020 10:48
38873

Ճիշտն ասած սիրտ չէի անում խոսք գրել Ռազմիկ Դավոյանի այս պոեմի առթիվ, չնայած պոեմի մի զգալի մասը կարդացել էի մամուլում, քանի որ իսկական բանաստեղծական քերթությունը, իմ կարծիքով, նման բանի կարիքը չունի։ Սակայն մտածեցի, որ մեծ գործի մասին էլ կարելի է գրել՝ ստացած հաճույքս գոնե մի երկու ելեւէջով արտահայտելու եւ բանաստեղծական կախարդանքից ինչ-որ չափով ազատվելու համար։
Դավոյանի այս պոեմը կարդալուց հետո ասես թէ շոշափեցի հարության խորհրդով կենդանացած Գրիգոր Նարեկացու մագաղաթե մատյանները, որոնցից մինչեւ այսօր էլ լույս է կաթում մեր պոեզիայի վրա։ Իմ մտքում կենդանացան հինգերորդ դարի գրաբար խոսող շարականների թրթիռները, լսեցի Սիամանթոյի մռունչը։ Գնացի Աբու-Լալա Մահարու քարավանի հետքերով եւ Չարենցի հետ սկսեցի բարձրանալ «Դեպի լյառն Մասիս»։ Ես այս պոեմի մեջ կատարումը տեսա բանաստեղծական նոր գույների, մանավանդ՝ նոր խոսքերի հարստությամբ։
Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ»-ում հանգիստ չկա, կա կյանքի բուռն բաբախը։ Հին ռեքիեմը, որի դասական հեղինակը տասնվեցերորդ դարում ապրած Պիեռ դե լա Ռյուն է, սկսվում է այս խոսքով. «Մշտնջենական հանգիստ տուր նրան»… Հանգիստ՝ ննջեցյալներին։
Ռազմիկ Դավոյանի պոեմը շեշտակի բնույթ ունի՝ քարանձավաբնակ մարդուց մինչեւ հրթիռ ստեղծող ուղեղը։ Այս «Ռեքվիեմ»-ը ժանրի սկզբնական պատյանի մեջ չի մնացել, պատռել է եկեղեցական դոգմատիզմի զրահը, դարձել մարդկայնորեն մտերիմ, թաթախվել թախծի քնարերգությամբ, որ, իմ կարծիքով, պոեզիայի աղն է, երբեմն-երբեմն ստացել նաեւ ողբերգական երանգներ, որ դարձյալ մտերիմ-մարդկային է։ Ռազմիկ Դավոյանն իր ռեքվիեմով հաստատում է հավատը մարդ-արարածի նկատմամբ, ձգտում առավել լույսի։

    Լույսը, որով կարող ենք մենք
    Խավարի չորացած շուրթերը ցնցուղել։

Խորապես մարդկային է այս «Ռեքվիեմ»-ը, առանց թաղման արարողության ու հոգեհանգստի։ Սա կյանքի, լույսի հաստատումն է՝պղնձաձույլ երգով։

    Եվ մենք մեր ուսերին
    Գլուխների տեղակ շանթարգելներ առած,
    Դուրս ենք գալիս՝ բոլոր
    Անկապ փողոցները կապկպելու իրար,
    Որ ստանանք մի մեծ, ամբողջական աշխարհ…

Աշխարհը դեռ ծանրաբեռնված  է մեղքերով, բանականություն գտած մարդը քարանձավի մթից դուրս փախչելով, ձգտում է մաքրվել այդ մեղքերից, մեր փոքրիկ-փոքրիկ երկրագունդը, որ հյուլե է ահռելի տիեզերքի մեջ, դարձնել կապույտ մի հրաշք՝ խղճի մաքրությամբ լուսավոր։ Աշխարհը տակավին կատարյալ չէ, մարդը եւս կատարյալ չէ. «Դեռ հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։
Դավոյանի այս երկունքը լոկ մի խումբ մարդկանց, մի ցեղի, ժողովրդի չի վերաբերում։ Պոեմում տեղ են գտել եւ՛Հայաստան աշխարհի կիսված պատարագի ղողանջները, եւ՛ ըմբոստությունը դրսի աշխարհից եկած վայրագության դեմ։ Մարդկությունն ու մարդկայնությունը այստեղ հանդես են եկել միագումար՝ իրենց խոր հակասությունների անդունդները փակելու տենչով։ Այս գործը չի վերաբերում մի կոնկրետ ժամանակի կամ ժամանակի մի որոշ հատվածի։ Քսաներորդ դարի ծնունդ է. սակայն բարձրացիր «Գիլգամեշի» սրբազան մայրիների անտառը եւ կատարյալի այս նոր ձգտումը համահնչուն կլինի այն մոռացված օրերի մարդու ձգտմանը։ Հանապազօրյա հաց ձեռք բերելու ձեւերն են փոփոխվում, իսկ էությունը մնում է նույնը՝ մղում դեպի առավել լույսը , առավել կատարյալը։ Հոգեբանական աշխարհի խորունկ բացահայտումը կա այս քերթվածի մեջ, եւ արտաքին «Էֆեկտը» չես նկատում։ Նորարարություն չէ ձեւի առումով, նորություն է՝ մարդու ներաշխարհի ոլորտները թափանցելու կարողությամբ, մարդկային հույզերի, բռնկումների, հուսահատության եւ ընդվզումների բացահայտմամբ, որը եւ է իսկական արվեստ։
Ինչպես ժողովուրդը կասեր, Դավոյանի այս քերթություն-արտի մեջ Աստված է նստած։ Սքանչելին այն է, որ մեջը Աստված նստած այս արտը մշակել, ոսկեւորել է գրեթե պատանի այս տաղանդը։ 
Բանաստեղծական պատկերն ինքնին արդեն մի երկնային հորինվածք է։ Երբ մի լավ պատկերի ես հանդիպում, թվում է, թե հասար ծայրին եւ հազիվ թե ավելի լավին հանդիպես։ Եվ ահա անսպասելի դեմ ես առնում բոլորովին նոր սքանչելիքի.

Եվ երկնքից լույսի շանթարձակման լեռներ
Կախվեցին ցած՝
Գիշերվա մեջ պայթող ստինքների նման։
Լուսածագի վարար պատկեր՝ չտրորված հուների մեջ։
Տապ է։
Անասելի, անծայր մի տապ,
Հեռու քարանձավից 
Խեղդվող օրվա խռխռոցն է գալիս։

Մաշկի վրա զգացած տապ է սա, որից խեղդվում է նույնիսկ օրը, եւ բանաստեղծն այս տապի միջով հասցնում է մեր նախապապերի ապրած ժամանակը։ Մտքումդ հավիտյանս կդաջվի այս մեղմ բանաստեղծական պատկերը։
Երկինքը մաքուր է, սպիտակ անսահման,
Անսահման ձյուների անեզրական մի դաշտ,
Եվ կարմիր թավիշ հագած մանկան նման
Խաղում է արեւը ձյուների մեջ։

«Ռեքվիեմ»-ը մի չար ձեռքով մարդու վզին փաթաթված անեծքից սրբվելու, ազատվելու, դեպի կատարյալը տանող ոգու ճանապարհ է։ Այն թանկ ու ժամանակակից է դառնում (բոլոր ժամանակների համար) բռնությունը, բռնի մահը դատապարտելու խիզախությամբ նաեւ։
Մեր ժպիտները
Կախվեցին գունատ մեր շրթունքներից
Կոտրված, թոշնած ծաղիկների պես՝
Մահ կա աշխարհում,
Սրեր ցույց տվին,
Տեգեր, նիզակներ,
Ապա ականներ ցույց տվին հատ-հատ,
Արկերի լեռներ։
…………………………………,
Ապա հրթիռներ՝
Մահ կա աշխարհում։

Խնկելի է վաստակածի, իր մեծ կյանքի ծայրին հասածի մահը եւ գեղեցիկ։ Մահ չէ դա, այլ նորից ձուլումն բնության կենդանությանը՝ հողին։
  Կա մի մահ, որ լուռ, անստվերագիր
Պառկում է անդարձ
Ճերմակ մազերի ալքերով հոսող
Դաշտերի վրա…
----------------------------------
Անխաբ հողի պես։

Բանաստեղծը գեղեցկացնում է բնատուր այս վախճանը, մերժում նրանց, ովքեր բռնությամբ են մահ բերում։ Իսկ բռնի մահը խեղում է մահվան գեղեցկությունը, երազն է խեղում՝ արյունոտելով կարոտի լույսը։ Սա է բանաստեղծի կոչումը։
Բանաստեղծի փիլիսոփայությունը վերացական չէ. անկատարելությունից է տառապում մարդը։ Եվ մարդու ստեղծած ու հազարամյակներ պանծացրած Աստծուն այսպես է դիմում բանաստեղծը. «Քո եփած ճաշը ինքդ կեր, Աստված»։ 
Բանաստեղծի իղձն է մարդ-արարածին մոտեցնել բնության «բնույթին». դեպի պարզություն, լինել անչար, անոխ, դառնալ բնության պես «մանուկ», խաղաղ։

Խունկ էր ծխում առավոտը
Ձիթենին օրվա խաղաղությունն էր երգում
Իր թանձր շուրթերով…

Պետք է ամեն տեղ, ամենուրեք փշրել ստրկության լուծն ու շղթաները, որ ի ծնե չուներ մարդը։

…Բացել շղթաների դռներն անբացելի,
Բացել գեղեցկության անդունդն անանցելի…

Այս է բանաստեղծի պահանջը՝ քանդել շղթաները, անդունդները լցնել։ Իր այս սքանչելի գործի մեջ մեր բանաստեղծը շահել է, եւ այդ անկարելին կարելի դարձնելուց հետո մի վեհ հանդարտություն է անդորրում քեզ։

Որտեղ պայթում են բողբոջները,
Ծաղիկներ են բացվում,
Հյուսվում է սիրո պուտ-պուտ գեղեցկության
Հեքիաթն անմեկնելի։

Դավոյանը անդրադռնում է նաեւ հայ ժողովրդի հարատեւմանը եւ այդ խնդիրը լուծում յուրովի ճշմարիտ ու բանաստեղծորեն։

Դուք մեր տոհմածառը թողեք կանգուն
Հիշողության կապույտ բլուրների վրա։
Թողեք…
Նա ինքը ձեզ ապրել կուսուցանի։
Թողեք,
Որ ձեզ համար իր անթիվ շրթունքներով
Բույրեր ցանի։
Մի ջարդեք մեր ոգին…

Նա հավատում է հազարապատիկ խոցված ժողովրդի «գոյատեւության զորությանը մեծ»։ Մերժում է խեղճությունը, գոյատեւման մեծ զորություն ունեցող ժողովրդին  միայն խեղճության մեջ վերագտնողներին, որոնք տաղտուկ հանգերով ողբում են նրա «ոտքին կպած, ետքից քարշ եկող տխրությունը խեղճ»։ Բանաստեղծը ոգեկոչման զորեղ երկունք է ապրում՝ հրաշալի գույների խաղերի մեջ։

Ով իմ սուրբ աշխարհ,
Իմ սուրբ հայրենիք,
Ահա իմ սիրտը քո ձեռքին սովոր
Թռչունի նման
Խաղում է ոսկե մատներիդ վրա,
Եվ քո ափի մեջ
Երգի ոգեղեն հասկեր է կտցում։

Ասված է հոգու մաքրությամբ, ծնրադրության    սրբազան խորհրդով՝ մայր աշխարհի առջեւ։ Նման տողեր կամենում ես հիսուն անգամ կարդալ՝ հոգուդ բոլոր անկյուններից ցնծալու համար, բանաստեղծական այս մաքուր ու կապտաջինջ աշխարհի «քաղաքացու» իրավունք ունենալու համար։ Եվ հասկանալի է բանաստեղծի որդիական աղերսը.

«Եվ ծունկի եկած արեւիդ առաջ, աղաչում եմ ես՝
Ախ, իմ անունը թող տառապանքի ծաղիկ չլինի»։

Ուզում ես միանալ բանաստեղծին՝ հանուն ճշմարտության, արդարի հաղթանակի։
Այս սքանչելի ստեղծագործությունը մի անգամ եւս մեզ մղում է դեպի կենդանին, հողը, մարդկայինը։ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական ձայնը սրտիդ է հասնում եւ մնում է առաջին սիրո թրթիռի պես։ Զգում ես հողի խորհուրդը անմահ, որ ամեն գարնան նորոգվում է.
«Մեր արյունը հող է արեւի մեջ հալված», «աստվածների դեմքին մեր պատկերի ուժը ցնծացնելու»…

Եվ գիշերվա մութը
Կտրատելով շերտ-շերտ նարնջի պես՝
Խնջույք պիտի սարքենք՝
Ծիծաղելով արեւի շեփորներով։
-------------------------------------
Կբուրվառենք տենչերն ամենօրյա սիրո
Եվ հաղթության։

Իբրեւ մտքիս ամփոփում, ասեմ, որ այս քերթությունը կարդալով ես իմ հոգու մեջ նոր մի հոգի գտա, որ կար երեւի, սակայն տեղյակ չէի նրա գոյությանը, ես տեսա իմ թուլություններն ու ճանաչեցի իմ, իբրեւ մարդու, բարեմասնությունները։ Նման բան կարդալուց հետո ուզում ես գոչել.

                    Կեցցե՛ պոեզիան։

Ուզում եմ Ռազմիկ Դավոյանին ասել իր իսկ ասածը. իսկապես պոեմը գտնվել է «ինչպես մանուկ ծնվի՝ ժայռի կողը ճեղքող կակաչի պես»։


                                ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն

16.07.2024 10:35

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն

15.07.2024 23:50

Մեր աղոթքներն Արցախի համար են, հայացքները` դեպի Արցախ․ Դադիվանքի վանահայր. Տեսանյութ

15.07.2024 21:42

«Հյուսիս-Հարավը» ռազմաքաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար․ ԱԶԲ ներկայացուցիչները Սյունիքում են

15.07.2024 21:40

Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ

15.07.2024 20:03

ԵԽ-ն մինչև 2025 թվականի հուլիս երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

15.07.2024 16:40

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15.07.2024 15:24

ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հունվար-ապրիլին 9,5 %-ով աճել է

15.07.2024 15:01

Ուկրաինան ԱԹՍ-ներով ենթակառուցվածքներ է թիրախավորել ՌԴ տարածքում

15.07.2024 14:05