Կրակագծին ամենամոտ  գյուղի մարտական դիրքերում էինք. կապանյան այդ բնակավայրից իսկական հայրենապաշտություն է ծորում

23.10.2020 16:26
10023

«Սյունյաց երկիրը» շարունակում է այցելել Սյունիքի արեւելյան սահմանագլխի գյուղեր:

Այսօր գյուղերից երկուսի մարտական դիրքերում էինք, իսկ մինչ այդ հանդիպեցինք սահմանապահ գյուղի բնակիչների հետ:

...Գյուղի վրա աշնանային բազմերանգություն եւ անդորր  էր իջել: Տղաները դիրքերում են, իսկ ավելի տարեցները զբաղված են ամենօրյա հոգսերով:

Համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը խոսում է իրավիճակից. «Պատերազմի առաջին իսկ օրվանից ամբողջ գյուղով ոտքի ենք կանգնել, ովքեր ի վիճակի են զենք բռնելու, բոլորն էլ պատրաստակամություն են հայտնել զենք վերցնել եւ հայրենի եզերքը պաշտպանել, ընդհուպ՝ 70-ամյա տղամարդիկ: Նաեւ մի կին եկավ, ասաց՝ զինգրքույկ ունի, եթե անհրաժեշտություն լինի, ինքն էլ կկանգնի դիրքապահ տղաների կողքին: Գյուղում ոչ մի խուճապ չկա, բոլորը տեղում են, մանկահասակից մինչեւ ամենատարեցը, ապրում են, արարում են, հացի փուռն աշխատում է՝ ժողովրդին ու բանակին  հաց մատակարարելով, տղաների տրամադրությունն ու ոգին բարձր է, իրենց կյանքի գնով պատրաստ են հայրենի հողը պաշտպանել: Ինչ սկսել է պատերազմը, տարբեր վայրերում բնակվող համագյուղացիների հեռախոսազանգերը չեն դադարում. որը ցանկանում է միանալ դիրքապահներին, որը հետաքրքրված է , թե ինչով կարող է օգտակար լինել, մենք էլ անհրաժեշտ ցուցումներ ենք տալիս, նաեւ ասում, որ մեր հույսը մեզ վրա պիտի դնենք»:

Մյուս համայնքի ղեկավարը՝ Խաչատուր Բաղդասարյանը գործընկերոջ ասածին հավելում է, որ գյուղը մի մարդու նման մասնակցում է սահմանների պաշտպանությանը: Միայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաներին հանել են գյուղից: Կրակոցների ձայներ լսվում են հեռվից, ինչը չի կարող խաթարել գյուղի անդորրը...Խրամատները փորվել են, ամրաշինական աշխատանքները տարվում են, դիրքերի հերթապահությունը նորմալ է ընթանում:

  Գյուղում մնացածները նաեւ հոգում են դիրքապահների սննդի մասին: Անուշ Գրիգորյանն ու Համեստ Հայրապետյանը, օրինակ, զբաղված են պանիր պատրաստելով: Տիկին Անուշն ասում է, որ չորս զավակից երկու որդին՝ Վարդան եւ Վահագ Պողոսյանները, գյուղի ինքնապաշտպանության մարտիկների հետ են, իրենք իրենց գյուղը չեն կարող թողնել ու հեռանալ, այդ մտայնությունը, եթե կուզեք՝ կամք անվանեք, ձեւավորվել է դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: 1993-ին նա երեխա է ունեցել: Նաեւ ասում է, որ թուրքն ուզում է իրենց ահաբեկել, բայց վախեցող չկա, նա հիշում է իր նախնիներին՝ Պատվական պապին, ով իրենց ձորը հեռու է պահել թուրքի ոտնձգություններից:

Տիկին Համեստը եւս չորս զավակ ունի, երկուսը՝ տղա: Նա էլ է համոզմունք հայտնում, որ իրենք հայրենի գյուղը լքող չեն, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամու կողմից ավերածությունների ենթարկված  տները մեծով ու փոքրով վերականգնել են, ինչն ավելի է հարազատացրել ու կապել իրենց օջախի հետ: Որդիներից մեկը ճանապարհաշինարար է, մյուսը՝ հանգամանքների բերումով Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում, կռվող տղաներին օգնում են թե՛ փողով, թե՛ հագուստով, մի խոսքով՝ հայրենի գյուղը եւ նրա մարդկանց չեն մոռանում...

 Որքանով հասկացանք՝ այդտեղ առաջնագծի եւ թիկունքի միջեւ էական տարբերություն չկա...

Երկու համայնքի ղեկավարների հետ շարժվում ենք դեպի մարտական դիրքեր...

Այդտեղ մարտիկները հրահանգավորում էին ստանում փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանից, ով, նախեւառաջ, հորդորում է հրամանատարի կարգադրություններով առաջնորդվել: Այստեղ հանդիպում ենք մարդկանց, ովքեր արտերկրից են եկել, նաեւ՝ Ջավախքից:

- Եկել ենք օգնելու, - ասում է մեր զրուցակիցը՝ միջին տարիքի տղամարդը, - երկու հոգով ենք եկել : Եվ ավելացնում է. «Իմ հայ ազգի թիկունքին կանգնած ենք հոգով, սրտով, ֆիզիկապես, բարոյապես, ամեն ինչով, որքանով հնարավորությունները ներում են: Կապ չունի Սյունիքն է, թե՝ Լոռին, Հայաստանի յուրաքանչյուր անկյուն մեզ համար նվիրական ու հարազատ է»:

Համայնքի դպրոցի տնօրեն Յուրա Մարտիրոսյանին եւս դիրքապահ մարտիկների հետ տեսանք. «Համայնքի՝ զենք բռնելու ընդունակ տղամարդիկ այստեղ են, ինչպես նախորդ պատերազմի ժամանակ, բոլորս առաջնագծում ենք եւ պարտավոր ենք մեր հայրենիքի սահմանները պահպանել՝ մինչեւ Արցախյան հարցի քաղաքական կարգավորումը: Եվ պարտավորված ենք մեր առջեւ դրված առաջադրանքները կատարել մինչեւ վերջ»:

Դիրքապահների մեջ հանդիպում ենք վերոնշյալ Անուշ Գրիգորյանի Վարդան որդուն: «Բելազի» վարորդ է, ասում է, թե աշխարհում հայրենի հողից թանկ ոչ մի բան չկա, եւ այսօր, երբ վտանգված է հայրենի երկրի խաղաղությունը, չէին կարող բոլոր գործերը մի կողմ չդնել ու զենք չվերցնել, մանավանդ որ Հայաստանի Հանրապետության անկախության սերունդն են ներկայացնում: «Կրակոցների ձայներ լսվում են, բայց այս պահին խաղաղ է, մենք էլ աչալուրջ հետեւում ենք, թե ինչ է կատարվում սահմանագծին»,-ներկայացնում է մեր զրուցակիցը:

 

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30