ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՐԺԱՆ ԷՋԵՐԸ. ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

07.03.2023 10:36
2624

Մարտի 4-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ թանգարանի պատմության կարևոր էջերի, առանձին դրվագների լուսաբանմանը նվիրված արխիվային նյութերի ցուցադրություն, որն ուղեկցվեց բանախոսությամբ։

Հանդիպմանը ներկա էին գրողներ, մտավորականներ, մանկավարժներ:

Թանգարանի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը խոսեց երկու թեմայի շուրջ` «Ակսել Բակունցի տուն-թանգարանի բացման հանդիսությունը և Հմայակ Սիրասը», «Հայկ Դանղյանը և նրա արժեքավոր նվիրատվությունները թանգարանին»` ներկայացնելով արխիվային հետաքրքիր նյութեր և լուսանկարներ։

1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր արձակագիր Հմայակ Սիրասը, որ 1930-ականներին մահացու զրպարտություններ էր ստորագրել Բակունցի և նրա գրական ընկերների դեմ։ Իր անցյալի սև էջը քողարկելու համար Սիրասը, որ ժամանակին դագանակը ձեռքին գրել էր սովորեցնում Բակունցին, փորձեց բոլոր հնարավոր միջոցներով ինքնահաստատվել նրա գրական լուսապսակի շուրջ՝ որպես հուշագիր՝ բարեկամի կեղծ դիմակով, որպես հատուկ առաքելությամբ Գորիս գործուղված խորհրդային գրող՝ գրչակից ընկերոջ կեղծ դիմակով: «Եվ ինչու՞ էր Սիրասին թվում, թե իր կյանքի այդ էջը փակված է, իր գրական հեղինակությունը՝ փրկված, փրկված նախ՝ Բակունցի մաքրագործված փառքով»,-նշեց բանախոսը: Թանգարանի արխիվային հավաքածուներում պահպանվում են Սիրասի մեքենագիր ելույթը, դրա ձեռագիր քաղվածքը, որը ցանկացել է զետեղված տեսնել ցուցափեղկում, նամակները` ուղղված թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին, գրառումը հուշամատյանում՝ թանգարանի բացման առթիվ և այլ ուշագրավ վավերագրեր, որոնք լույս են սփռում Սիրասի մարդկային նկարագրի վրա։ Ի վերջո, արխիվները բացվում են և ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։

Երկրորդ թեմայի շուրջ բանախոսը նշեց, որ Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել և տարիների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներով համալրվել է բացառապես նվիրյալների ջանքերով: Նախ և առաջ գրողի եղբոր՝ Վահանի, ապա և Բակունցի ընկերների, հարազատների, այս կամ այն կերպ նրա հետ առնչված մարդկանց շնորհիվ պահպանվել, հայտնաբերվել, կորստից փրկվել և թանգարանին ի պահ են տրվել ժամանակի փորձություններին դիմակայած բազմաթիվ կարևոր նյութեր՝ ձեռագրեր, լուսանկարներ, գրողի անձնական իրերը, զանազան վավերագրեր, գրքեր, նամակներ և այլն:

Սիրասների կողքին, բարեբախտաբար, եղել են իրակա՛ն նվիրյալներ, որոնց մեջ երախտառատ անուն է Հայկ Դանղյանը: Վերջինս ծնվել է 1904 թվականին Էջմիածնում: Երկար տարիներ դասավանդել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանում և Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Արժանացել է մեդալների, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման:

Հայկ Դանղյանի շնորհիվ կորստից փրկվել և Ակսել Բակունցի տուն-թանգարանում ցուցադրվում է երեք կարևոր հրատարակություն, որոնք լույս են տեսել գրողի կենդանության օրոք՝ 1. Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը (Ե., Հայպետհրատ, 1932թ.), 2.Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի հայերեն թարգմանությունը, թարգմանիչ և առաջաբանի հեղինակ` Ակսել Բակունց (Ե., Հայպետհրատ, 1934թ.), 3. Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» երկի հայերեն թարգմանությունը, խմբագիր և առաջաբանի հեղինակ` Ակսել Բակունց, թարգմանիչ` Կարեն Միքայելյան (Ե., Պետհրատ, 1934թ.): Ի՞նչ ջանքերի գնով են այս գրքերը պահպանվել և հասել թանգարան, ի՞նչ արժեք են ներկայացնում, ի՞նչ մարդկային առնչություններ է ունեցել Հայկ Դանղյանը Ակսել Բակունցի հետ. այս հարցերին էր նվիրված ցուցադրությունը և բանախոսությունը, որն ուղեկցվեց հետաքրքիր քննարկումներով։

Թանգարանի պատմության էջերի լուսաբանմանը նվիրված նման ցուցադրություններն ու գրական հավաքները կլինեն շարունակական։

 

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27