Լաչինի միջանցքի նոր երթուղու Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ կառուցվող հատվածում էինք…

04.10.2022 14:21
4561

Հոկտեմբերի 1-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Լաչինի միջանցքի նոր երթուղու Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ հատվածում էր:

Անկեղծ լինենք՝ հնարավոր չէ այդ վայրերում շրջագայել՝ առանց ցավի ու թախծի: Կարծեք՝ վերջին 30 տարին չեն եղել մեր կյանքում և մեր պատմության մեջ: Եվ միանգամայն նոր իրականության մեջ ենք. մեր բարձունքներից հնարավոր չէ չտեսնել ադրբեջանցիների շինարարական եռուզեռը ե՛ւ Լաչինի մերձակայքում, ե՛ւ Հագարի գետի ավազանում… Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որի կառուցման վկաներն ենք, ինչ-որ մի կետում (չհասած Աղավնո) այլևս փակ է ՌԴ խաղաղաղապահների կողմից: Իսկ ներքևում Աղավնոն է՝ որբացած, հայի խոսքին ու քայլքին կարոտ:

Այդ վայրերում իրավիճակը չէր փոխվել նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, հիմա է փոխվում: Դա երևում է նաև սահմանագծի երկարությամբ փռված դաշտերից, որ վաղուց պետք է ցանված լինեին, մինչդեռ…

***

Թե ինչո՞ւ է Լաչինի միջանցքի երթուղին հենց հիմա փոխվել, այն էլ՝ հակառակ հայտնի եռակողմ հայտարարության դրույթների՝ բավականին քննարկված հարց է, և նպատակ չունենք վերստին անդրադառնալ դրան:

Իսկ ինչո՞ւ է նոր ճանապարհի համար ընտրվել Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ երթուղին:

Այդ հարցը քննարկվում է Սյունիքում և մասնավորապես Գորիսի տարածաշրջանում:

Կարծիքները բազմազան են, բայց ահա կոռնիձորցի Արկադի Խաչատրյանը, ով գյուղի պատմությանը քաջատեղյակ անձնավորություն է, մեզ տեղեկացնում է՝ «Հնում նույնպես Քաշաթաղը, Արցախը Գորիսի տարածաշրջանի հետ կապված են եղել այդ վայրերով անցնող ճանապարհներով: Իսկ Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջից մոտ 50-100 մ վերև նախկինում կամուրջ է եղել, որը ժամանակին գետը քշել-տարել է: Կոռնիձորից դեպի Հագարի գետ ներկայումս կառուցվող ճանապարհը մեծամասամբ համընկնում է այն տեղերին, որտեղով խորհրդային տարիներին անցնում էր Կոռնիձորի կոլտնտեսության՝ այգիներ տանող ճանապարհը»:

Այդ հատվածում հայ-ադրբեջանական սահմանը, դեռևս խորհրդային ժամանակներից, համարվում է Հագարի գետը, որը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Աղավնո, Հաքարլու, Հաքյառու գետ և այլ անվանումներով: Այն Արաքսի ձախակողմյան վտակն է, որ առաջանում է երեք ճյուղերի միախառնումից:  Ստորին հոսանքում (աջից) գետի մեջ է թափվում Որոտանը:

***

Լաչինի միջանցքի նոր երթուղի կատարած այցելության ընթացքում բազմաթիվ տպավորություններ ստացանք, որոնցից երկուսը կուզենայինք առանձնացնել:

Կառուցվող ճանապարհը՝ հատկապես 2-րդ և 3-րդ հատվածներում (Կոռնիձոր գյուղից մինչև Հագարի գետի կամուրջ), բավականին դժվար տեղերով է անցնում՝ կտրուկ վերելքներ ու վայրէջքներ, թեքություններ, որոնք անվտանգ դարձնելու համար ոլորանների շատություն է ենթադրվում (ծովի մակերևույթից 1160 մ բարձրությունից ճանապարհը իջնում է մինչև 850 մ):

Երկրորդ՝ այդ ճանապարհի հողային աշխատանքներում ներգրավված տեխնիկան բանեցնում են փորձառու մասնագետներ, ավելի ճիշտ՝  «վիրտուոզներ», այլապես հնարավոր չէր լինի հողային աշխատանքներ կատարել այդպիսի թեքությունների վրա:

Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ կառուցվող ճանաապարհը բաժանված է շինարարական երեք տեղամասի. 1-ին տեղամասը (0-ից 4-րդ կմ) կառուցում է «ԱԱԲ կոնստրուկցիա» ՍՊԸ-ն, 2-րդ հատվածը (4-ից 9-րդ կմ)՝ «Քարավան» ՍՊԸ-ն, 3-րդ հատվածը (9-ից 11,8-րդ կմ)՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն:

Լաչինի միջանցքի նոր երթուղու նշված հատվածը սկսում է Տեղ գյուղի արևելյան վերջնամասից: Մոտ 1,5 կմ ձգվելուց հետո միանում է Տեղ- Կոռնիձոր ասֆալտապատ ճանապարհին, որը, բնականաբար, կընդլայնվի և նոր չափանիշներով կվերակառուցվի:

Կոռնիձոր գյուղի մուտքից ճանապարհը թեքվում է հարավ-արևելք. այդ երթուղին այնուհետև միախառնվում է գյուղից դեպի այգիներ ձգվող ճանապարհին: Եվ այդպես՝ արդեն նոր ոլորաններով իջնում է ձորը, որտեղ միանում է Հագարիի վրա կառուցված կամրջին ու դեպի Ստեփանակերտ ձգվող ճանապարհին:

Մի կարևոր հանգամանք՝ կամրջից մինչև Տեղ գյուղ կառուցվող ճանապարհն ամբողջապես անցնում է մեր տարածքով (ի տարբերություն ներկայումս գործողի):

Ճանապարհը, որքանով տեսանք, կառուցվում է ակտիվ տեմպերով, ճանապարհաշինական մեծաքանակ ու արդիական տեխնիկայի ներգրավմամբ և նորանոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Եթե շինարարության 2-րդ և 3-րդ տեղամասերում դեռևս հողային աշխատանքներ են ընթանում, ապա մի փոքր այլ է 1-ին տեղամասում կատարվող աշխատանքների նկարագիրը, որը ներկայացրեց «ԱԱԲ կոնստրուկցիա» ընկերության տեղամասի պետ Տարոն Մովսիսյանը. «Օգոստոսի 4-ին ենք սկսել աշխատանքները: Հողային աշխատանքները մոտենում են ավարտին: Կատարվել և կատարվում են երկայնական խողովակների տեղադրման աշխատանքներ: Այսօրվանից իրականացնում ենք ավազակոպճային 10 սմ հաստության շերտի տեղադրում: Ամենայն հավանականությամբ՝ մեկ ամսից երթևեկելի կլինի ճանապարհը՝ գրունտային տարբերակով»:

Կհասցնե՞ն առաջիկա նոյեմբերին ավարտել հողային աշխատանքները, իսկ 2023-ի ապրիլի 25-ին՝ ասֆալտապատումն ու կահավորումը, ինչպես նախատեսված է:

- Դա այն ծրագիրը չէ, որի կատարումը կարող է ձգձգվել, դա պետական ու միջպետական նշանակության ճանապարհ է, որի կառուցումը պիտի ավարտենք սահմանված ժամկետում, այն էլ՝ բարձր որակով,- հավաստիացնում է ճանաչված շինարար, «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը:

Իսկ մինչ այդ ո՞ր ճանապարհով է իրականացվում և իրականացվելու երթևեկությունը Հագարիի կամրջից մինչև Տեղ գյուղ:

Արցախի Հանրապետություն մեկնելու համար Տեղ գյուղից շարունակում ենք ընթանալ երբեմնի Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Չհասած Աղավնո, Փոքր Յազ անվանյալ վայրում մայրուղուց թեքվում ենք աջ՝ հարավ-արևելք և 6-7 կմ անցնելուց հետո հասնում նորակառույց կամրջին՝ միջանցքի նոր երթուղուն:

Դա նոր ճանապարհահատված է՝ կառուցված վերջերս՝ ադրբեջանցիների կողմից, որն անցնում է մերթ մեր, մերթ Ադրբեջանի տարածքով: Ու թեև այդ ճանապարհը ժամանակավոր է, բայց ասֆալտապատ է, բարեկարգված, կահավորված: Հիմա էլ այնտեղ կահավորման աշխատանքներ են կատարվում, չնայած այնքան էլ հասկանալի չէ՝ մերո՞նք են աշխատողները, թե՞ ադրբեջանցիները:

Ժամանակավոր այդ ճանապարհահատվածն անցնում է կտրուկ վերելքներով ու վայրէջքներով, որը, բնականաբար, առանձնահատուկ խնամքի կարիք է ունենալու առաջիկա ձմռանը՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու համար:

Անշուշտ, չափազանց հետաքրքիր է անվտանգության համակարգը նոր երթուղում: Ներկայումս գործող ճանապարհահատվածում (Տեղ գյուղից մինչև Հագարիի կամուրջ) ՌԴ խաղաղապահների առնավազն երկու անցակետ կա, որտեղ ստուգում են երթևեկող քաղաքացիների անձնագրերը: Առաջինը մայրուղու՝ Տեղ գյուղի Շպկի կոչվող դաշտամասով անցնող հատվածում է, երկրորդը՝ կամրջի մոտ:

***

Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ կառուցվող ճանապարհը զուտ շինաշխատանքներից դուրս այլ հարցերի տեղիք է տվել: Մանավանդ Կոռնիձորի բնակիչներից շատերի սեփական հողերը ճանապարհի տակ են հայտնվել: Կոռնիձոր գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանը, օրինակ, մտահոգություն է հայտնում, որ կառուցվող ճանապարհը վնաս է հասցնում սեփական վարելահողերին: Ընդ որում՝ ճանապարհի առանձին հատվածների երթուղիները հայտնի են դարձել աշնանացանը կատարելուց հետո: Իսկ փոխհատուցում դեռևս չի կատարվել:

Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ չափազանց ռիսկային է դարձել Հագարու ձորի սեփական այգիների մշակումը, իսկ այգիները Կոռնիձորում եկամտի գլխավոր աղբյուր են եղել դարեր շարունակ:

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հավաստիացնում է, որ սեփական հողերի օգտագործման դիմաց փոխհատուցումը շուտով կկատարվի՞ և այդ առումով հարցեր չեն լինի:

Ըստ Դավիթ Ղուլունցի՝ շինարարության 2-րդ տեղամասում՝ Կոռնիձոր գյուղի մերձակայքով անցնող հատվածում նախագծային խնդիրներ կան, որոնք պետք է քննարկել գյուղի բնակիչների հետ:

Ստեղծված իրավիճակում, այդուհանդերձ, Տեղի համայնքապետի տեղակալ Արամ Միրզոյանի կարծիքով՝ սահմանին անվտանգության նոր համակարգի ձևավորման խնդիր կա, ինչով նաև համայնքային իշխանությունն է զբաղված:

Ուրախացնող, նույնիսկ ոգևորող էր հանգամանքը, որ Կոռնիձորի դաշտերում աշնանացանի բուռն աշխատանքներ էին կատարվում…

Սամվել Ալեքսանյան

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48