Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ծրագրում փոփոխություններ կարվեն․ նոր նախագիծը հանրային քննարկման փուլում է

23.04.2026 11:40
186

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ՝ ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Նխատակն է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետության բարձրացմումը։

Ծրագրում նախատեսվում է իրականացնել հետևյալ փոփոխությունները՝

Ծրագրի արդյունավետության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման նպատակով Ծրագրում իրականացնել փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝

  1. Սահմանել, որ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։ Ներկայում այս դրույթի բացակայության պատճառով, ամուսնալուծված ծնողներից մեկը չի կարողանում ստանալ հավաստագիր, քանի դեռ մյուս ծնողն ու երեխան չեն ստացել հավաստագիր։
  2. Սահմանել, որ Ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կազմում է 20 տոկոս, որը վճարում է պետությունը։ Այս դրույթի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով։ Ներկա փուլում առաջարկվում է կանխավճարի չափը սահմանել 20 տոկոս, այնուհետ 3 ամիսների ընթացքում հավաստագրերի իրացման դինամիկայից կախված՝ այս ցուցանիշը կվերանայվի և իրացումների ցածր ցուցանիշի դեպքում կսահմանվի 30 տոկոս։
  3. Սահմանել, որ Ծրագրի շրջանակում դրական մնացորդը կարող է ուղղվել ոչ միայն գույքի վերանորոգմանը, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը։ Գործնականում շատ են դեպքերը, երբ ընտանիքները հավաստագրով ձեռք են բերել անհատական բնակելի տուն, որը չունի վերանորոգման կարիք, սակայն ընտանիքն ունի դրական մնացորդ և ցանկանում է տան բակում կառուցել որևէ շինություն կամ վերակառուցել տունը (տանիքը փոխել, հարկ ավելացնել և այլն), ինչը ֆինանսական կազմակերպությունների կողմից չի դիտարկվում վերանորոգման վարկի շրջանակում։
  4. Սահմանել, որ Ծրագրով սահմանված դրական մնացորդի սահմանաչափի շրջանակում ընտանիքը կարող է ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր։ Ներկայում բազմաթիվ ընտանիքներ, որոնք հավաստագիրն իրացրել էին նախորդիվ իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում 3-ը 4 մլն դարձած բնակավայրում և իրենց դրական մնացորդն ուղղել էին վերանորոգման վարկի ստացմանը (սահմանված սահմանաչափից փոքր գումարի շրջանակում), ներկայում այդ փոփոխության արդյունքում ձևավորված դրական մնացորդն այլևս չեն կարողանում ուղղել գույքի վերանորոգմանը, չնայած իրենց հասանելի սահմանաչափը դեռ լրացած չէ։  
  5. Սահմանել, որ հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ Ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։ Այս խնդիրը հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ ընտանիքի որևէ անդամի (ոչ պարտադիր կազմից) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման գործընթացը ձգձգվում է և ընտանիքն առանց այդ անդամի է իրացնում հավաստագիրը։
  6. Սահմանել, որ տրամադրվող ֆինանսական աջակցությունը (հիփոթեքային վարկը և այդ վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը) չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Գործնականում այս դրույթի բացակայությունն էապես խոչընդոտում է ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող շահառուների անվամբ վարկային միջոցների փոխանցումը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել են դեպքեր, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պետական աջակցության ծրագրի շրջանակում 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերված գույքը բռնագանձվել է և կայացվել է որոշում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին։
  7. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է ուսումնասիրել նաև այն դեպքերը, երբ ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չի գերազանցում 12 քմ, սակայն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ այդ փաստը հնարավոր չէ արձանագրել։ Այս դեպքում շահառուն կարող է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որոնք կվկայեն այդ մասին և հանձնաժողովը կկարողանա բավարարել այդ ընտանիքի դիմումը։ Միաժամանակ, հանձնաժողովին վերապահվում է լիազորություն ուսումնասիրել ոչ միայն օտարված գնման իրավունքի, այլ նաև օտարված անշարժ գույքի օտարման հանգամանքները, և եթե արձանագրվի, որ գույքն օտարվել է համապատասխան վճարումների կատարման անհնարինության կամ որևէ այլ հիմնավոր պատճառով, հանձնաժողովը կկարողանա բավարարել այդ ընտանիքի դիմումը։
  8. Սահմանել, որ եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ վերոնշյալ շտեմարանում նրա տվյալների առկայությունից։

Նախագծի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դրույթները համապատասխանեցվում են Կենտրոնական Բանկի գործող իրավակարգավորումներին։

ԱՍՀՆ-ից հայտնում են, որ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։

 

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38