ԼԵՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Ձգտում ենք, որ մեր մասնաճյուղում կրթության որակը չզիջի ո՛չ մայր բուհի, ո՛չ էլ մայրաքաղաքի առաջատար մյուս բուհերի կրթության որակին»

20.03.2013 16:02
3158

Հարցազրույց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանի հետ

- Պարոն Պետրոսյան, մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար եք մեկ տարի շարունակ: Ինչո՞ւ պաշտոնակատար, ինչո՞ւ է ձգձգվում տնօրենի հարցի լուծումը:

- Կա կարգ, ըստ որի ընտրվում են ե՛ւ համալսարանի ռեկտորը, ե՛ւ մասնաճյուղերի տնօրենները: ՀՊՃՀ մասնաճյուղի տնօրենն էլ ընտրվում է համալսարանի կառավարման խորհրդի կողմից: Կան նաեւ չափանիշներ: Այս դեպքում, սակայն, կա մի անհամապատասխանություն, որը վերացման փուլում է: Նախկինում ե՛ւ ռեկտորը, ե՛ւ մասնաճյուղի տնօրենը պետք է ունենային տեխնիկական գիտությունների գիտական աստիճան եւ կոչում: Հիմա հանրապետությունում ընդունվել է միասնական կարգ, եւ գլխավոր չափանիշը համարվում է դոկտոր կամ պրոֆեսոր լինելը (մասնաճյուղի դեպքում` նաեւ գիտությունների թեկնածու)` չտարբերակելով գիտության ոլորտը: Դրա հետ մեկտեղ ՀՊՃՀ կանոնադրության մեջ կատարվել եւ կատարվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք սահմանված կարգով իրավական ուժ կստանան կառավարության որոշմամբ, որից հետո էլ կկատարվի ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ընտրություն: Առաջարկություններ կան նաեւ, որ փոփոխություն կատարվի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում եւ մասնաճյուղի տնօրենն ընտրվի ոչ թե մայր բուհի կառավարման խորհրդում (որ տարեկան երկու անգամ է նիստ գումարում), այլ մայր բուհի գիտական խորհրդում: Մի խոսքով` սպասենք այդ փոփոխությունների ավարտին: Առաջ անցնելով ասեմ, որ ներկա կարգավիճակն ամենեւին (իրավունքների եւ պարտականությունների առումով) չի խանգարում, որ մասնաճյուղի ղեկավարումն իրականացվի լիարժեք:

- Մասնաճյուղի ղեկավար նշանակվելուց հետո առաջին անգամ եք հարցազրույց տալիս «Սյունյաց երկրին», ուստիեւ կուզենայինք մի հարցի պատասխան իմանալ` ի՞նչ ժառանգություն եք ստացել եւ ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախորդների կատարածը:

- Տարիների ճանապարհ է անցել մեր մասնաճյուղը: ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) Կապանի կրթահամալիրը (2002 թվականից` մասնաճյուղ) կազմավորվել է 1996թ. հոկտեմբերին` ԵրՊԻ-ի հեռակա ուսուցման ֆակուլտետին կից 1984թ. ստեղծված Կապանի ուսումնախորհրդատվական կետի (ՈՒԽԿ) հիմքի վրա: Նրա վարիչն էր ԵրՊԻ-ի հաշվողական տեխնիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ալվարո Անտոնյանը, ով պաշտոնավարել է մինչեւ 1997թ.: Մասնաճյուղն իրավաբանական գործունեություն է ծավալել 1997թ. ապրիլի 3-ից: 1997թ. հունվարին կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՃՀ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Հոմեր Աբրահամյանը (պաշտոնավարեց մինչեւ այդ տարվա ապրիլի 24-ը): Այնուհետեւ մասնաճյուղը գլխավորել է ՀՊՃՀ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Սեյրան Բալասանյանը: Նրանցից յուրաքանչյուրն հնարավորն արել է, որ կրթօջախն ըստ պատշաճի կատարի իր առաքելությունը: Ստացած ժառանգության մասին պետք է խոսել ըստ տարիների, քանի որ ժամանակներ կային, երբ դժվարությունները շատ էին: Իսկ գլխավոր ժառանգությունն այսպիսին է` չորս մասնագիտությամբ հեռակա ուսուցում եւ հինգ մասնագիտությամբ ցերեկային ուսուցում, նաեւ դասախոսական որոշակի կազմ, նյութատեխնիկական բազա…

- Ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղը:

- Մեր մասնաճյուղն իրականացնում է ճարտարագիտական կրթություն բակալավրի կրթական ծրագրով: Մենք իրականացնում ենք նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր, բայց դրանցում քիչ թվով ուսանողներ են ընդգրկված, եւ գալիք ուսումնական տարում նոր ընդունելություն չենք կատարի այդ մասնագիտություններով (տեղերի համար հայտ չենք ներկայացրել), քանի որ մեր առաքելությունը միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելը չէ, մյուս կողմից` Կապանում հինգ ուսումնական հաստատություն միջին մասնագիտական կրթական ծրագրեր են իրականացնում: Փոխարենը` բակալավրի կրթական ծրագրերի ընդլայնման առումով, ունենք զարգացման, խորացման տեղ: Այս տարի, օրինակ, մասնաճյուղում կներդրվի նոր մասնագիտություն` կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա: Եվ կունենանք վեց մասնագիտություն առկա, չորս մասնագիտություն հեռակա ուսուցմամբ: Մասնագիտություններն են` տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում, մետալուրգիա եւ նյութագիտություն, շինարարություն: Հեռակա ուսուցում` թվարկված մասնագիտություններից չի իրականացվում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինֆորմատիկա ու կիրառական մաթեմատիկա (որ նոր է ներդրվում) մասնագիտություններով: Նախատեսում ենք 2014-15 ուսումնական տարվանից հեռակա ուսուցում իրականացնել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, իսկ առկա եւ հեռակա ուսուցում` տրանսպորտ եւ բեռնափոխադրումներ մասնագիտություններով: Վերջին մասնագիտությունը, ի դեպ, վաղուց մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում:

Ներկայումս մասնաճյուղում կրթություն է ստանում 440 ուսանող, որից 245-ը` հեռակա, 172-ը` առկա (բակալավրի կրթական ծրագրով), 23-ը` միջին-մասնագիտական ծրագրերով:

- Որքանով տեղյակ ենք, մասնաճյուղում վերջերս նաեւ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Կուզենայինք այդ մասին իմանալ:

- Մեր մասնաճյուղում, իսկապես, այս տարի տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Մինչեւ փետրվարի 1-ն ունեինք Ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետ, Մասնագիտական ճարտարագիտական կրթության ֆակուլտետ, Հեռակա ուսուցման բաժանմունք: Ելնելով անհրաժեշտությունից`հիմա նոր կառուցվածք ենք հաստատել` ա) Բնական գիտությունների եւ տեղեկատվական համակարգերի ֆակուլտետ, որտեղ ուսուցանվում է երկու մասնագիտություն` «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» (ֆակուլտետն ունի երեք ամբիոն` 1) Մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ամբիոն, 2) Հումանիտար առարկաների եւ մարմնակրթության ամբիոն, 3) Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի եւ ավտոմատացված համակարգերի ամբիոն), բ) Տեխնոլոգիաների եւ ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ ուսուցանվում է չորս մասնագիտություն` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում)», «Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում», «Մետալուրգիա եւ նյութագիտություն», «Շինարարություն, շինարարական իրերի եւ կառուցվածքների արտադրություն» (ֆակուլտետն ունի երեք ամբիոն` 1) Ընդերքաբանության ամբիոն, 2) Մետալուրգիայի ամբիոն), 3) մայր բուհի «Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտության եւ կառավարման» ամբիոնի մասնաճյուղ: Գործում է նաեւ հեռակա ուսուցման եւ միջին մասնագիտական կրթության բաժանմունքը: Այդ բաժանմունքում կիրականացվեն (իրականացվում են) բակալավրի հետեւյալ կրթական ծրագրերը` 1) «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում)», 2)«Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում», 3) «Մետալուրգիա եւ նյութագիտություն», 4) «Շինարարություն, շինարարական իրերի եւ կառուցվածքների արտադրություն»: Այդ բաժանմունքում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրերը հետեւյալն են` 1) «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», 2) «Օգտակար հանածոների հարստացում»: Հեռակա ուսուցման եւ միջին մասնագիտական կրթության բաժանմունքին սպասարկում են վերը նշված երկու ֆակուլտետի ամբիոնները:

- Բայց Դուք դասախոսական անձնակազմի խնդիր էլ ունեք, որքանով գիտենք` այդ առումով կոնկրետ չափանիշներ են սահմանված մասնաճյուղերի համար:

- Մեր դասախոսական կազմը 47 հոգուց է բաղկացած, որի 50%-ը պետք է գիտական աստիճան ունենա, մինչդեռ գիտական աստիճան ունի 29%-ը: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այս ուղղությամբ ունենք որոշակի բացթողումներ: Եվ այսօր մեր առաջնահերթ գործերից մեկը հենց կադրային խնդրի լուծումն է: Կարեւորություն կտանք նաեւ դրսից լավագույն մասնագետներ հրավիրելուն, ովքեր դասավանդելու հետ մեկտեղ կաջակցեն տեղական կադրերի պատրաստմանը: Հիմա մեզ մոտ դասախոսում է հրավիրված մի դոկտոր-պրոֆեսոր, եւ արդեն պայմանավորվել ենք, որ նա դասախոսներից մեկի գիտական ղեկավարը կլինի: Այլ աշխատանքներ եւս տանում ենք. այս տարի կունենանք երկու ատենախոսության պաշտպանություն: Այո, բարձրորակ դասախոսական կադրերով մասնաճյուղի ապահովումը շատ հրատապ խնդիր է: Մեզանում, բարեբախտաբար, ծնողներն իրենց երեխաների կրթական մակարդակը շատ են կարեւորում եւ շատ լավ էլ տեսնում ու գիտակցում են, թե ովքեր են իրենց երեխաներին դասավանդում: Եվ եթե չկա սպասված որակը, ապա նրանք երեխաներին այլ կրթօջախ են ուղարկում:

Միաժամանակ աշխատանքներ ենք տանում բազային լաբորատորիաներ ստեղծելու, կրթության տեխնիկական բազան հարստացնելու ուղղությամբ:

Դեռեւս մագիստրոսական կրթություն չենք իրականացնում մասնաճյուղում, որի պատճառներից մեկը, ինչպես նկատեցիք, համապատասխան կադրերի պակասն է: Բայց դա այնքան էլ մեզ չի վշտացնում, քանի որ լավ երեխաների ուսման շարունակականությունն ապահովվում է մայրաքաղաքի առաջատար բուհերում:

- Հանրապետության բուհական համակարգում հիմա լիցենզավորման գործընթաց է տեղի ունենում, որքանո՞վ է այն առնչվում ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղին:

- Մեր բուհը եւս հիմա մասնակցում է միջազգային հավատարմագրման գործընթացին, որի նպատակը միջազգային կրթական տարածքին ինտեգրվելն է: Համալսարանի ղեկավարությունն այդ գործընթացը շատ է կարեւորում: Եթե մայր բուհն այդ գործընթացը հաջող ավարտի, ապա այն կվերաբերի նաեւ մասնաճյուղերին: Իսկ դա նշանակում է, որ մեր ավարտական փաստաթուղթը ճանաչում կստանա միասնական կրթական տարածքում ընդգրկված երկրներում: Մյուս լիցենզիաների հետ (ընդհանուր եւ ըստ մասնագիտությունների) մենք խնդիր չունենք:

- Միջազգային հավատարմագրումը հասկանալի է ու անհրաժեշտ, բայց, անկեղծ լինենք, Դուք տարբերություն չե՞ք տեսնում մասնաճյուղի եւ մայր բուհի ուսանողների կրթական մակարդակի, կրթական գործընթացների միջեւ:

- Անկեղծորեն պատասխանեմ` այնքան էլ տարբերություն չեմ տեսնում: Թեեւ չպետք է մոռանալ մայր բուհի տարիների փորձը (80 տարվա բուհ է, իսկ մենք` 15 տարվա): Ժամանակի ընթացքում եղած տարբերությունն էլ աստիճանաբար կպակասի: Բոլոր դեպքերում ձգտում ենք, որ մեր մասնաճյուղում կրթության որակը չզիջի ո՛չ մայր բուհի, ո՛չ էլ մայրաքաղաքի առաջատար մյուս բուհերի կրթության որակին:

- Չե՞ք կարծում, որ փոքրիկ մեր հանրապետությունում այդքան բուհերի, բուհերի մասնաճյուղերի կարիք չկա, մանավանդ` մայրաքաղաքից հեռու վայրերում:

- Մեր ոչ վաղ անցյալի պատմությունը պետք է հիշենք. ապրում էինք մի երկրում, որտեղ բոլորը (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում) կարողանում էին անվճար բարձրագույն կրթություն ստանալ, նույնիսկ կրթաթոշակ ստանալ, ուսման տարիներին ապրել մայրաքաղաքում: Հիմա իրավիճակը փոխվել է, բարձրագույն կրթությունը վճարովի է դարձել, մայրաքաղաքում բնակվելն էլ ուսանողի համար դժվարացել է: Մի սոցիալական երեւույթ էլ կա` մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդների զգալի մասը ծննդավայր չի վերադառնում, որը ժողովրդագրական ու տարածքային քաղաքականության առումով լուրջ մարտահրավեր է հանրապետության ծայրամասային բնակավայրերին: Մարզերում գործող բուհական մասնաճյուղերն ինչ-որ չափով մեղմում են այդ խնդրի սրությունը: Մյուս կողմից` շատ կարեւոր է, որ մարզում գործող բուհը (հատկապես ճարտարագիտական ուղղվածությամբ) լինի մայրաքաղաքայինի մասնաճյուղ: Ես, անկեղծ լինեմ, երբեք չեմ ցանկանա, որ մեր մասնաճյուղն առանձին բուհի կարգավիճակ ունենա, քանի որ մայր բուհը միայն դրականորեն է նպաստում մասնաճյուղի կրթական գործի կազմակերպմանը: Այնպես որ` մարզերում բուհական կրթություն իրականացնելն անհրաժեշտ է մեր ներկա ազգային, պետական ընթացքի համար: Այլ բան է ուսուցման որակի անընդհատ բարձրացման խնդիրը, որը մեր առաջնահերթություններից է:

- Մեր զրույցում այսօր քանիցս անդրադարձանք կրթության որակին, բայց կա մեկ այլ իրողություն: Հայաստանի հանքարդյունաբերության մեծագույն մասը կենտրոնացած է Սյունիքում, բայց հանքարդյունաբերական ձեռնարկություններում, ըստ էության, Ձեր պատրաստած մասնագետներն (հանքարդյունաբերության ոլորտին առնչվող) այնքան էլ պահանջված չեն: Ինչպե՞ս հասկանալ դա:

- Ասեմ, որ մեր շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են մարզի լեռնահանքային երեք խոշոր ընկերությունում, ինչը նշանակում է, որ մեր պատրաստած մասնագետների կարիքն այդ ձեռնարկություններում կա: Բայց դրանով չենք բավարարվում: Ուսանողների արտադրական պրակտիկան հիմա կազմակերպում ենք Կապանի, Քաջարանի եւ Ագարակի կոմբինատներում, ինչը համագործակցության լավ օրինակ է նաեւ: Ուսանողը հնարավորություն է ունենում, դեռեւս բուհը չավարտած, ծանոթանալ հանքարդյունաբերությանը: Այնուհետեւ` ուսանողն ունենում է դիպլոմային աշխատանք, որի պատրաստման ու պաշտպանության ընթացքում ավելի շատ է շփվում նշված ձեռնարկությունների հետ: Այդ ընթացքում շատերն են աչքի ընկնում եւ պահանջված դառնում ձեռնարկություններում: Բայց Ձեր բարձրացրած հարցը ես շատ կարեւոր եմ համարում: Այո, մեր գլխավոր նպատակներից մեկն այն պիտի լինի, որ մասնաճյուղի շրջանավարտը պահանջված լինի մարզի, ինչպես եւ հանրապետության հանքարդյունաբերության ձեռնարկություններում:

- Ի՞նչ միջազգային ծրագրերի եք այսօր մասնակցում:

- Անցած տարվանից սկսել եւ այսօր էլ շարունակում ենք մասնակցել «Տեմպուս» միջազգային ծրագրին, որը հնարավորություն է տալիս համագործակցել մի քանի երկրների համալսարանների հետ: Ենթադրվում է երեք տարվա գործունեություն: Ծրագրի ղեկավարը Սեյրան Բալասանյանն է: Դրամաշնորհի արժեքը մոտ 70 հազար եվրո է: Ծրագրի նպատակն է` արդյունաբերությանն անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների պահանջմունքի բացահայտման մոնիթորինգի համար մեթոդաբանության ստեղծում, հեռահար լաբորատորիաների օգտագործման համար ուսուցողական ծրագրերի տրամադրում, գիտական շրջանակների եւ ձեռնարկությունների միջեւ փոխշահավետ ու կայուն գործընկերային հարաբերությունների ստեղծում:

- Դուք մարզկենտրոնում որոշակի հեղինակություն եք վայելում եւ, հատկապես քաղաքական միջոցառումների ժամանակ իշխող քաղաքական ուժը ձգտում է օգտվել դրանից: Չե՞ք կարծում, որ բուհը, բուհի ղեկավարը հեռու պիտի մնան քաղաքական գործընթացներից:

- Նախ` մեզ մոտ երբեք եւ ոչ մի պարագայում դասապրոցեսը չի խաթարվել, ուսանողների հաճախելիությունն էլ նորմալ եմ համարում: Բայց ես արդեն երկու տարի է ՀՀԿ անդամ եմ եւ միայն դասերից հետո (երբեմն) որոշակի մասնակցություն եմ ունենում քաղաքական կյանքին (չէի ասի ակտիվ): Իհարկե, լինում են նաեւ իրադարձություններ, որոնց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելն անհրաժեշտ է լինում: Բայց դա, կրկնում եմ, կրթական գործընթացից դուրս է:

- Հասցնո՞ւմ եք գիտությամբ զբաղվել:

- Մեկ-երկու տարի հետո ավելի ակտիվ կզբաղվեմ, հիմա ժամանակը չի հերիքում:

- Ձեր աջակցությամբ «Սյունյաց երկրի» էջերում ներկայացրինք վաղամեռիկ Վաչե Եփրեմյանին: Որքանով տեղյակ ենք` նրա անվամբ նաեւ լսարան եք կոչել…

- Բանասիրական գիտությունների դոկտոր Վաչե Եփրեմյանի մահը մեծ կորուստ էր մեր մասնաճյուղի համար: Նա ոչ միայն լուրջ գիտնական էր, այլեւ յուրօրինակ դեմք էր եւ յուրօրինակ մտածելակերպի կրող: Մեր գիտական խորհրդում քննարկեցինք Վաչեի հիշատակի հավերժացման խնդիրը եւ որոշեցինք լսարաններից մեկը կոչել նրա անվամբ:

Հարցազրույցը` ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03