Վերին Խոտանան. ամեն մի կածան՝ մի հուշապատում

17.08.2017 08:42
2340

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Աճանան գավառի Խոտանան գյուղը հիշատակված էր դեռեւս նախաքրիստոնեական շրջանի Վանի թագավորության ժամանակներում եւ իր անունը ստացել էր հեթանոս աստծու՝ Խուտուինիի անունից: Երբ ասում են՝ հայոց աշխարհ, հնարավոր չէ չհիշատակել նրա հերոսական ժողովրդի դարավոր պայքարը բազում թշնամիների դեմ: Հայը գոյատեւել է՝ մի ձեռքին սուր՝ պաշտպանելու հողն ու հայրենին, մյուս ձեռքին՝ գրիչ՝ ծաղկելու մատյաններ, որոնք դարձան մեր պատմության հուշագրերը:

Հայոց բազմաչարչար երկրի մի մասնիկն է Խոտանանը՝ իր վայրիվերո պայքարով, խիզախ զավակների դիմանկարի կերտվածքով, եւ զուր չէ, որ շրջանում գյուղը հիշատակվում է որպես զինվորականների օրրան:

Եվ աստվածանուն այդ գյուղը դարերի մեջ եղել է անկոտրում, թեկուզ ժամանակ առ ժամանակ տեղահանվել, բայց պանդխտությունից վերադարձել ու մոխիրներից շեն են շենացրել, հորովել երգել ու խմորի տաշտում մաղից անձրեւող ձյունե հեքիաթ հյուսել, հանգած թոնրի շուրթերին ջերմություն տվել: Խոտանանցին եղել է համառ, իր գործի, ուժի տերը եւ թշնամական ամեն մի ընդվզումի դեմ պայքարել գժի նման: Դավիթբեկյան խոշոր ճակատամարտերի վայրը (Լեո, «Հայոց պատմություն»), Բալի զորավարի մարտադաշտը (գյուղամերձ «Հցոտ» հանդամաս), գյուղից հյուսիս-արեւմուտք՝ մոտ 2-3 կմ հեռավորությամբ գտնվող պատմական Վանանդաբերդի (Ղալաբոյնի) կանգուն հաստաբեստ պատերը վկայությունն են հերոսապատման:

Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Խոտանանցու (Տաթեւացու) գյուղ. ժամանակին սուրբ Աստվածածին թաղակապ եկեղեցին եղել է գրչության կենտրոն, եւ պատահել է, որ սուրն ու գրիչը դաշնակցել ու պատուհաս են դարձել թշնամու գլխին: Ցավոք, որքա՜ն անուններ են թաղվել անհայտության մեջ, որքան հերոսներ՝ մոռացվել, բայց հերոսացման վկան եղել է գոյատեւած գյուղը, որի ամեն մի կածան մի հուշապատում ունի, եւ սերունդները չպետք է թույլ տան, որ կածանները թփակալվեն…

Ամեն մի դարաշրջան իր ձեռագիրն է թողել. 20-րդ դար, որի էջերում կգրվեն Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Արցախյան գոյամարտ:

Աշխարհը դարասկզբին եռում էր մեծ տերությունների մարդակուլ կաթսայում, խժռելով փոքր երկրներին՝ մսաղաց էր դարձրել մարդկային կյանքը:

Խոտանանցին անմասն չմնաց համաշխարհային կոչված արհավիրքից:

1904թ. ռուս-ճապոնական պատերազմում իր մասնակցությունն ունեցավ ցարական բանակի սպա Պողոս Տեր-Դավթյանը, ով Մուկդենի հայտնի ճակատամարտում ցուցաբերած մարտավարական հմտության, խիզախության համար ցարական կառավարության կողմից արժանացավ բարձր պարգեւի՝ Գեորգիեւյան խաչի եւ անվանական զենքի:

1905թ. զորացրվելով ցարական բանակից՝ աշխատանքի է անցնում Բաքվի նավթարդյունաբերությունում՝ կառավարիչ. ամենուր զգացվում էր քեռու՝ հայտնի բարերար, նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի հոգածությունը:

1914թ. կրկին սասանվում է աշխարհի թվացյալ խաղաղությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմ: Պողոս Տեր-Դավթյանը զգաց, որ իր իսկական տեղը մարտադաշտն է, եւ նա պատերազմը դիմավորեց Կովկասյան ռազմաճակատում: Խոշոր տերությունների պատերազմական իրավիճակից իր «ծաղկաքաղն» էր ուզում անել թուրքական բանակը, որի ախորժակն էր խժռել Կովկասը եւ տիրել հայոց մնացած երկրամասին:

Դիլմանի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտ: 1915թ. գնդապետ Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ ռուսական ջոկատը ջախջախում է Խալիլ բեյի թուրքական կորպուսը: Այստեղ է, որ տեղի է ունենում հայոց երկու արծիվների՝ Անդրանիկ Զորավարի եւ Պողոսի անմիջական ծանոթությունն ու համագործակցությունը:

1918թ. խաթարվեց նաեւ հայաշատ Բաքվի անդորրը. տաճկական 70 հազարանոց զորամասերը գրավեցին Բաքուն: Հայտարարվեց արտակարգ դրություն: Տեղական ուժերի կողմից կազմվեց պաշտպանության պետական կոմիտե, կազմվեցին աշխարհազոր ազգային ջոկատներ: Բազմազգ Բաքվի հայկական աշխարհազոր ջոկատի հրամանատար նշանակվեց Պողոս Տեր-Դավթյանը, ով ջախջախիչ հարված հասցրեց թշնամուն Շամախու եւ Բլաջառի հատվածում:

Աշխատանքի բերումով գյուղերից բնակիչների որոշ մասը գնում էր Բաքու՝ աշխատելու նավթահորերում. պատերազմն իր հետ բերեց ժողովրդի ծանր սոցիալական վիճակ՝ սով, աղքատություն, պարապուրդ: Խոտանանից եւս մեկնել էին մեկ տասնյակից ավելի երիտասարդներ: Այդ ժամանակահատվածում Բաքվի Կոմունան իր գաղափարախոսությամբ համակել էր շատերին, մարդիկ, հիասթափված ազգային, սոցիալական խտրականությունից, փնտրում էին նոր կյանքի եզրագծեր:

Խոտանանցի մի քանի երիտասարդներ նույնպես անդամագրվեցին Կոմունային: Խառը ժամանակներ էին. մուսավաթականները «որսում» էին Կոմունայի անդամներին: Նրանց դաժանությանը զոհ դարձան Երեմ Գրիգորի Բաղդագյուլյանը (Պողոս Տեր-Դավթյանի հորաքրոջ որդին), Գերասիմ Ստեփանի Անտոնյանը: Ավագ Ղազարյանը կարողացավ փախչել հայրենի գյուղ. ավա՜ղ, այստեղ էլ բախտախնդիր մարդիկ տեղի դաշնակցական խմբապետերին մատնեցին որպես բոլշեւիկյան լրտեսի: Ավագին գնդակահարեցին: Հետագայում իր հուշերում գրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, գնդապետ Արտաշես Ղազարյանը. «Հորս նկատմամբ անիրավ վերաբերմունքի պատճառով ես անդամագրվեցի բոլշեւիկյան կուսակցությանը»:

Ժամանակները մարդկանց մեջ գաղափարական խլրտում էին ներարկում. քաղաքական պայքար, մարդիկ զգուշանում էին մեկը մյուսից, միմյանց դավում, արդյունքը՝ գնդակահարություն, փախուստ հարազատ բնօրրանից, իսկ թուրքին ձեռնտու էր նման պառակտումը: Առաջին աշխարհամարտում եւս մեկ խոտանանցի հերոսացման ուղի անցավ: Գյուղի քահանա տեր Մեսրոպ Տեր-Պետրոսյանի որդի Հովհաննես Տեր-Պետրոսյանն աչքի ընկավ թե՛ աշխարհամարտում, թե՛ Լեռնահայաստանի հերոսամարտում: Հովհաննեսը, 1912թ. ավարտելով Շուշիի թեմական դպրոցը, 1913թ. զորակոչվեց ցարական բանակ: Ավարտել է զինվորական սպայական ուսումնարանը եւ ստացել սպայի կոչում:

1914թ. ավարտելով ուսումնարանը՝ աշխարհամարտի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ եւ կռվել մինչեւ 1917թ.:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օրհասական դարձավ եւ հայ ժողովրդի ճակատագիրը: Հովհաննեսը, ով հետեւում էր մայր Հայաստանի իրադարձություններին, անվարան վերադարձավ Հայաստան՝ Զանգեզուր, որտեղ սրվել էին ազգամիջյան հարաբերությունները: Հովհաննես Տեր-Պետրոսյանը 1918-1921թթ. ղեկավարել է Ղափանի շրջանի ինքնապաշտպանության ջոկատներից մեկը:

«Սիւնեցիներէ կազմուած զօրամաս մը հրամանատարութեամբ սպայ Տեր-Պետրոսյանի եւ մի քանի գործիչներու ուղեկցութեամբ՝ 1921թ. փետրվար 21-ին կ՛անցնի Դիզակ» (Վ.Գեւորգյան. «Լեռնահայաստանի հերոսամարտը»):

1920թ. Լեռնահայաստանը չէին ուզում չհանձնվել խորհրդային իշխանությանը. բոլշեւիկյան խմբավորումներին խմորված մուսավաթականները փորձում էին Զանգեզուրը վերցնել: Նժդեհն իր զորաջոկատներով պայքարում էր հանուն Լեռնահայաստանի անկախության: Բոլշեւիկները շրջան առ շրջան տարածում էին իրենց իշխանությունը, դեռեւս պինդ միջուկ էր մնում Լեռնահայաստանը:

Զանգեզուրը երկար համառեց, չհանձնվեց, սակայն ներքին խռովություններն իրենցն արեցին. ժողովուրդը երկփեղկվեց: Մարդկանց մի մասն անցավ բոլշեւիկների կողմը: Մեծ լարվածություն ստեղծվեց բոլշեւիկյան ու դաշնակցական կուսակցությունների միջեւ, մարդիկ անհարկի կյանքով վճարեցին: Գյուղի տարեց մարդիկ հուզումով էին պատմում համագյուղացի, թուրքի դեմ կռված Բալասան Բալասանյանի գնդակահարության մասին, իբր Բալասանը գաղտնի հարել է բոլշեւիկյան կուսակցությանը, Բալասանին գնդակահարեց դաշնակ խմբապետը՝ Ողջի գետն անցնելիս: Երբ ձիու վրա բերեցին Բալասանի դին, գյուղամիջում հավաքված մարդկանց աչքի առաջ քամին խաղում էր Բալասանի ճակատին թափված մազափնջի հետ, իսկ սառած հայացքն ասես ինչ-որ բան չհասցրեց ասել:

Քար լռությունը ճեղքվեց լացուկոծից:

Մի քանի՝ ազգին «հավատարիմ» գյուղացիներ խմբապետերին հավատացրին, որ Հմայակ Տեր-Դավթյանը, ով Նժդեհի անձնական կապավորն էր, քահանայի որդի Հովհաննես Տեր-Պետրոսյանը ծառայում են բոլշեւիկներին: Նժդեհը հրամայեց գտնել նրանց եւ իր մոտ բերել, բարեբախտաբար նրանք հասցրին փախչել Գորիս եւ խուսափել գնդակահարությունից: Հետագայում Հմայակ Տեր-Դավթյանը դարձավ բրիգադային կոմիսար, սակայն 1937-ին դարձավ ռեպրեսիայի զոհ: Զանգեզուրի խորհրդայնացումից հետո Հովհաննես Տեր-Պետրոսյանը 1921-30թթ. աշխատել է դպրոցներում՝ ուսուցիչ, դպրոցի տնօրեն: Հեռակա կարգով ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատանքի անցել Հայաստանի հողժողկոմատում՝ գլխավոր ագրոնոմ մինչեւ 1937թ.: Այդ թվին էլ կտրվեց նրա կյանքի թելը սիբիրյան զնդաններում. եւս մեկ ստալինյան զոհ:

1970-ական թվականներին, երբ աշխատանքի անցա գյուղի դպրոցում, դպրոցամերձ ճանապարհին գտնվող տան արեւկող պատի տակ նստած միակնանի տարեց պապիկի հաճախ էի հանդիպում, բարեւում, անցնում: Երբ հետաքրքրվեցի, թե ինչից է վնասվել աչքը, պատմեցին, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ է կորցրել աչքը: Կռվել է Անդրանիկի զորաջոկատում, եղել է նրա գնդացրորդներից մեկը: Հետաքրքիր էր նրա՝ գնդացիր ձեռք բերելու պատմությունը: Երբ թուրքերը վրա տվին, գյուղում զենք, զինամթերք չկային: Մինչ այդ գյուղացիները, որ ապրում էին աղքատիկ վիճակում, տանուտերից խնդրեցին հարեւան Կուբաթլուի գյուղերից ոչխար առնել, որ դիմակայել աղքատությանն ու սովին: Տանուտերը գյուղի աչքաբաց եւ ազերի լեզուն իմացող Շամիրին ուղարկում է ադրբեջանական գյուղ: Շամիրը մեծ քանակով ոչխար է բերում՝ բաժանում գյուղացիներին:

Որոշ ժամանակ անց, երբ պատերազմի թնդյունն է տարածվում, Շամիրը, օգտվելով ստեղծված իրավիճակից, առաջարկում է իրեն հատկացնել մի քանի տասնյակ ոչխար՝ զենք ու զինամթերք ձեռք բերելու, քանզի գյուղն անպաշտպան էր: Գյուղն ընդառաջում է խելացի երիտասարդին: Շամիրը ձեռք է բերում նաեւ մի գնդացիր եւ բարձրանում գյուղից պատկառելի հեռավորության վրա գտնվող Տափասար ու Մեծ Հալամլար կոչվող դաշտավայրերը, որտեղ եւ ընթանում էին թեժ մարտեր թուրք ելուզակների դեմ: Այնուհետեւ միանում է Անդրանիկի զորաջոկատներից մեկին եւ կռվում անձնազոհ՝ մինչեւ կորցնում է աչքը: Գյուղացիները պատկառանքով են տալիս խիզախ համագյուղացու՝ գնդացրորդ Շամիր Պողոսյանի անունը: Ուշացած ափսոսանք, ժամանակին չգրառվեց եւս մի հուշապատում, ժամանակին չքայլեցինք եւս մի կածանով…


Առաջին աշխարհամարտի տարիներին իրադրությունն անկառավարելի էր ոչ միայն Կովկասյան ռազմաճակատում:

Օգտվելով խոշոր տերությունների սանձազերծած պատերազմական իրավիճակից, Հայաստանում, հատկապես Զանգեզուրում, ազերի բնակիչները ձեռքները ծալած չնստեցին:

1918-19թթ. ազգամիջյան ընդհարումները սրացան, որոնց հետեւանքով Նորաշենիկի ենթաշրջանի հայկական գյուղերի բնակիչներն Օխտար, Դովրուս, Ղարադղա եւ Տորթնի գյուղերի ադրբեջանցի բնակչությանն առանց նյութական ու ֆիզիկական վնաս հասցնելու՝ պայմաններ են ստեղծել նրանց համար՝ փոխադրվելու Կուբաթլուի շրջան: Չնայած հայերի բարյացակամությանը՝ ադրբեջանցիների մեջ կային արյունարբու, վրիժառու մարդիկ, ովքեր դարանակալ՝ իրենց «մարդորսն» էին անում:

Արնախում մոլուցքով հայտնի էր Տորթնի գյուղից Ավդիլազիմ բեկը, ում գլխավորությամբ ստեղծված բանդան Նորաշենիկի ենթաշրջանում մարդկանց «որս» էր անում, հատկապես Խոտանանի անտառախիտ տարածքում ժամանակ առ ժամանակ անպատմելի գազանաբարո ոճիրներ իրականացնում: Խոտանանից հյուսիս գտնվող «Խութի չման» հանդամասում թուրքերը դաժանորեն խոշտանգելով գլխատեցին երիտասարդ անասնապահներ Հայրապետ Սարգսի Բադալյանին, Մաթեւոս Բալայի Մաթեւոսյանին, Եփրեմ Հակոբի Հայրապետյանին, Ասծատուր Սողոմոնի Բալասանյանին, Գրիգոր Սողոմոնի Տեր-Դավթյանին (Պողոս Տեր-Դավթյանի եղբորը), Հովհաննես Հայրապետի Բաղդասարյանին, Գաբրիել Առուստամի Մովսիսյանին:

Թուրքերը հրդեհում էին խոտի դեզերը, գողանում անասուններ եւ միայն թուրքին բնորոշ այլ վայրագություններ թույլ տալիս: Հայ այրերի կողքին աներեր պայքարում էին նաեւ քաջասիրտ կանայք:

Գյուղացիները հիացմունքով են պատմում համագյուղացի Աննմանի խիզախության մասին:

Գյուղից հյուսիս՝ բարձրադիր «Փոքր Հալամլար» կոչվող գոգահովտում փոքրիկ լճակ կար, որ կոչվում էր «Գյոլեն ղրաղ»: Գոգահովտի հարեւանությամբ էր գտնվում Վանանդաբերդն իր խիտ անտառածածկույթով: Ամռան շոգ ամիսներին գյուղացիները վրան էին խփում «Գյոլեն ղրաղեն», անասունները բարձրացնում այդտեղ, թուրքերը հաճախակի դարանակալում էին եւ հարմար պահ որսալով՝ անում իրենց սեւ գործը: Գյուղի գեղեցկադեմ, բոյբուսաթով, հաղթանդամ Աննմանն իրիկվա հովին հանդից եկած գոմեշն էր կթում: Հարեւանի գոմշաձագը, որ սովոր էր հանդում այդ գոմեշի կաթը «գողանալ», տրտինգ տալով եկավ ու սկսեց «օգնել» Աննմանին: Աննմանը մի երկու անգամ դնչին տալով հետ քշեց, բայց գոմշաձագը չխրատվեց, այնժամ բարկացած կինը բռնեց գոմշաձագի պոչից ու պատկառելի հեռավորությամբ շպրտեց:

Թուրքերը, որ դարանակալ սպասում էին հարմար պահի՝ հերթական զոհին ճանկելու համար, սարսափահար փախան՝ մտածելով, որ եթե կինն այդ ուժի տեր է, բա ամուսինն ինչպիսին կլինի:

Եվս մի դեպք. «Կալկա տափ» դաշտավայրում գյուղացիք խոտ էին հնձում: Ամռան թեժ արեւը խանձում էր ամեն ինչ, բայց աշխատանքը եռում էր: Խառը ժամանակներ էին, թուրքը մի կողմից, բոլշեւիկը, դաշնակը խառնվել էին իրար. երբեմն էլ անկոչ մարդիկ էին հայտնվում, որ չգիտես՝ թշնամի՞ են, թե՞ յուրային…

Մի քանի երիտասարդ հրացանները հետները բերել, թաքցրել էին խոտի դեզի մեջ, որ հանկարծահաս վտանգի դեպքում կարողանան պաշտպանվել:

Հանկարծ լսվեցին մոտեցող ձայներ. ձիավորներ էին՝ տարբերանշաններ չունեցող զինվորական համազգեստով, հեծյալները պահանջեցին, որ եթե զենք ունեն՝ հանձնեն եւ երիտասարդներն էլ հետեւեն իրենց, որ գնան թշնամու դեմ կռվելու, թե ով էր թշնամին, չպարզաբանեցին: Նրանց վայրագ հայացքները, ըմբոստ շարժումները հուշում էին, որ ինչ-որ ավազակաբարո մարդիկ էին՝ ծպտված անհայտ զինվորական հագուստով: Երիտասարդներն ընդդիմացան, ասացին, որ զենք չունեն եւ իրենք էլ ոչ մի տեղ չեն գնալու: Զինվորական կոչեցյալը մոտեցավ խոտի դեզին եւ ցանկացավ փորփրել, կանայք մոտեցան՝ մտածելով, որ իրենցից կամաչեն ու կթողնեն հեռանան, սակայն ավազակը կոպտորեն հրեց նրանց եւ լկտիաբար հայհոյեց:

Այնժամ հաղթահասակ Աննմանը մոտեցավ, բռնեց ըմբոստի վզից ու, ինչպես մի ժամանակ գոմշաձագին, նրան շպրտեց հեռու: Ընկերները սարսափահար հեծան ձիերն ու դիմեցին փախուստի:

Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում իրենց ներդրումն ունեին Խուրշուդ Գրիգորյանը, Ավագ Բալասանյանը, Հայրապետ Գրիգորյանը, Մակիչ Սողոմոնյանը, Ավագ Մովսիսյանը, Կարապետ Հարությունյանը, Հայրապետ Մովսիսյանը, Համբարձում Մովսիսյանը, Լալա Գեւորգյանը, Բալա Մաթեւոսյանը, Ավանես Ավանեսյանը, Հովհաննես Մաթեւոսյանը:

Աշխարհամարտի տարիները դաժան ճակատագրի են արժանացրել ոմանց. զոհվեցի՞ն, անհայտ կորա՞ն, թե՞… Ցավալին այն է, որ սերունդների ամեն մի հերթափոխում անունները խամրում, չեն հիշվում, իսկ դա նման է մահվան:

Պետք է անուն առ անուն հիշել մարտադաշտում ընկածներին, թեկուզ եւ լինի մեկը, չէ՞ որ մարտադաշտում մեկն էլ զինվոր է…

Ցավոք, անուններ կան, որ չեն հուշագրվել, թող ներողամիտ լինեն, բայց սերունդներին պատգամ՝ ամեն մի կածան մի հուշապատում է, պեղեք այդ կածանները եւ ամեն մի կածանում կգտնեք փոշեպատ ոտնահետքեր, բազում ընկածների, որ կյանքը զոհաբերեցին այսօրվա մեր բաց կածանների համար: Թող Աստծո օրհնությամբ լույս իջնի նրանց անհայտ շիրիմներին: Եվս մեկ անգամ գրառենք հայտնի զոհվածների անունները:


1. Գրիգորյան Տիգրան Հարությունի-1916թ.
2. Մովսիսյան Հարություն Ֆրանգյուլի-1916թ.
3. Բաղդասարյան Մեսրոպ Հայրապետի-1915թ.
4. Բաղդասարյան Պողոս Հայրապետի-1915թ.
5. Հայրապետյան Խուրշուդ-1916թ.
6. Դավթյան Թադեւոս Սիմոնի-1915թ.
7. Բաբայան Մաթեւոս Մկրտիչի-1916թ.
8. Գրիգորյան Հարություն Գրիգորի-1915թ.
9. Աղաջանյան Ղուկաս Աղաջանի-1915թ.
10. Մաթեւոսյան Աղա Մաթեւոսի-1916թ.
11. Հայրապետյան Բեգլար Հակոբի-1916թ.
12. Աղաջանյան Բեգլար Աղաջանի-1918թ.
13. Բալասանյան Սարգիս Օհանջանի-1919թ.
14. Աղաջանյան Ավետիս Աղաջանի-1919թ.
15. Բալասանյան Գրիգոր Հարությունի-1917թ.
16. Գրիգորյան Աղալո Խաչատուրի-1922թ.

Եվ ամեն մի հայ պետք է հիշի, որ միասնությունն է զորեղ ուժը, որ հայրենին ամուր կպահի, եւ այս շիլաշփոթ քաղաքականության մեջ կոչ կանեմ մեր տարագրված զավակներին.


Ետ եկե՛ք, հայեր,
Որ միաբանվենք,
Որպես անառիկ բերդ,
Անկոտրում պարիսպ,
Որ մոմակարոտ
Մեր խաչքարերը
Չբեկորվեն ու տարագրվեն
Անտերությունից,
Ետ եկե՛ք, հայեր…

ԱԼՄԱՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34