Լիանա Ալեքսանյան. «Ինձ դուր է գալիս Կապանի համայնքապետի մոտեցումը մշակութային քաղաքականությանը»

21.07.2023 11:48
883

Կապանի  միջազգային երաժշտական փառատոնին մասնակցեց օպերային երգչուհի, մի քանի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Լիանա Ալեքսանյանը: Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալուց զատ՝ նա նաև վարպետաց դասեր անցկացրեց սկսնակ երգիչ-երգչուհիների հետ: Հայտնի երգչուհուն խնդրեցինք պատասխանել մի քանի հարցի:

- Միջազգային հարթակում ճանաչված օպերային երգչուհի եք, հանդես եք եկել եվրոպական հեղինակավոր բեմահարթակներում, մասնավորապես, Միլանի լեգենդար «Լա Սկալայում», բարձր գնահատանքի եք արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից, բայց տակավին ծանոթ չեք կապանցի հանդիսատեսին:

- Երաժշտական կրթությունս սկսել եմ ինը տարեկանում՝ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, 2005 թ. ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը: Սովորելու տարիներին հանդես եմ եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Վիոլետայի դերում, Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայում, Անուշի դերում՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում:

- Ինչպե՞ս սկսվեց Ձեր եվրոպական բեմելը՝ որպես օպերային երգչուհի, որը Ձեզ միջազգային ճանաչում բերեց և բազում մրցանակներ:

- Անդրկովկասում լսումներ էին անցկացվում Ավստրիայում անցկացվող մրցույթի համար, որի արդյունքներով ընտրեցին ինձ: Այդպես է եղել Հայաստանից իմ դուրս գալը: Դա 2004 թվականին էր: Մրցույթը Վիեննայում էր, որից հետո ինձ առաջարկներ եղան Նորվեգիայից և Ֆրանսիայից: Հետո վերադարձա Հայաստան, որովհետև Գեղամ Գրիգորյանը շատ էր ուզում, որ Անուշի դերերգը կատարեմ, որ ինձ համար շատ մեծ նշանակություն ունեցավ: Հետո արդեն հյուրախաղերով մեկնեցի Նորվեգիա և Ֆրանսիա, այնուհետև դերերգերով հանդես եկա Գերմանիայում, որը դարձավ իմ հիմնական աշխատավայրը: Բայց դա չխանգարեց, որ հանդես գամ և՛ Բուենոս Այրեսում, և՛ Իսպանիայում, Իտալիայում, անգամ հասել եմ ասիական երկրներ՝ Չինաստան, Հարավային Կորեա:

Տարեկան երկու-երեք անգամ լինում եմ Հայաստանում, 2018 թ. Էդուարդ Թոփչյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով մասնակցել եմ Ջ. Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի բեմադրությանը և ներկայացրել գլխավոր հերոսուհու կերպարը: Շատ մեծ բավականություն եմ ստանում՝ աշխատելով հայրենակիցներիս հետ: Քանզի եթե մեկ անգամ հայ ես ծնվել, այլ ազգի հոգեկերտվածք չես ունենա:

- Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր այս տարվա այցը զուգադիպեց Կապանի երաժշտական փառատոնի անցկացման հետ: Հայտնի է, որ Դուք արտերկրում եք ապրում և ստեղծագործում:

– Ճշմարտությունն այն է, որ իրականում չէի պլանավորել այժմ Հայաստան գալ: Հայրենիք այցելում եմ հոկտեմբերին, երբ եղանակն ավելի մեղմ է լինում և մրգերը հասունացած: Քանի որ Սևակն իմ սիրելի ընկերներից  է, ներկայացրեց փառատոնի ծրագիրը, ես էլ մտածեցի, որ մի փոքր լումա պետք է ունենամ այն իրականացնելու համար: Մի անգամ Սևակը պարզապես ասաց. «Այսպիսի բան եմ ձեռնարկում, կարո՞ղ է՝ ցանկություն լինի մասնակցելու, պատասխանը չէր կարող բացասական լինել»:

- Որքան տեղյակ ենք, փառատոնի շրջանակում վարպետաց դասեր են անցկացվել: Դուք ևս դրանից անմասն չէիք:

- Երեխաների հետ աշխատելը մի առանձնահատուկ հաճույք է, շատ հաճելի է տեսնել այն մոտիվացիան, այն ցանկությունը, այն կրակը, որ կան նրանց մեջ: Մարդը բնությունից օժտված է շատ լավ տվյալներով, բայց սխալ երգեցողության պատճառով կարող է վնասել ձայնալարերը:

Ամեն դեպքում շատ դժվարին մասնագիտություն է օպերային երգեցողությունը, որովհետև ի տարբերություն մյուս երաժիշտների՝ մենք մեր «գործիքը» կրում ենք մեր  մեջ: Այսինքն՝ ամեն հուզում, ամեն անքնություն, ընտանեկան խնդիրներ բացասաբար են ազդում հոգեվիճակի վրա, ինչն առաջնային է օպերային երգչուհու համար: Ամեն դեպքում դյուրին մասնագիտություն չէ երգեցողությունը․․․

- Ինչպես տեսնում ենք, Ձեր առաջին տպավորությունները նպաստավոր են մեր երեխաների առումով:

- Նպաստավոր չեն, հոյակապ են: Կցանկանայի, որ այնքան ներդրումներ, որ անում են սպորտի բնագավառում, լինի նաև մշակույթի ոլորտում: Հպարտանում ենք, որ մեր մարզիկները մեդալը մեդալի հետևից են նվաճում: Եկեք՝ մի քիչ էլ  ուշադրություն դարձնենք մեր օպերային թատրոնին: Շատ երկրներում եմ եղել, օպերային թատրոնը պետությունը վերցնում է իր հովանավորության ներքո: Ամեն օպերային թատրոն ունի իր հովանավորը, մենք չունենք: Եթե ունենք էլ, այդ հովանավորությունը շատ քիչ է: Ինչո՞ւ ես պիտի օտար ափերում երգեմ: Եթե այնտեղի վաստակածի կեսն այստեղ վաստակեմ, կմնամ իմ հայրենիքում: Հանրապետության արտիստների թիվը, չեք պատկերացնի, ինչքան մեծ է արտերկրում՝ Գերմանիա, Ֆրանսիա, ամեն տեղ: Բալետի մեր մենապարողները հիմնականում դրսում են: Պատճառ կա, որ գնում են. մարդն իր ընտանիքը ո՞նց պահի: Եվ դեռ չեմ ասում, որ խաղացանկային քաղաքականությունը բացակայում է, պատշաճ վերաբերմունք չկա երգչի հանդեպ:

- Նորից դառնանք փառատոնին: Այս դժվարին պայմաններում փառատոնն ընկալում ենք որպես քաջալերանք սյունեցիներին:

- Իրողությունն այն է, որ մեր ազգի մեջ տաղանդներն ավելի շատ են, քան հնարավորությունները, ինչո՞ւ մենք պիտի ունենանք մեկ օպերային թատրոն: Ունենք մարզահամերգային համալիր, որտեղ «փոփ» երաժշտություն է հնչում, բայց դասական երաժշտություն չի հնչում, մնացել ենք հին ժամանակներում, բայց դասական երաժշտական արվեստը հաստատուն քայլերով առաջ է գնում: Մենք Հայաստանում էլ ունենք երաժիշտներ՝ Լիպարիտ Ավետիսյան, Գևորգ Հակոբյան, ֆանտաստիկ տենոր Հովհաննես Այվազյան, որոնց առջև աշխարհի դռները բացվում են, նրանց համար այստեղ փոքրիշատե նորմալ պայմաններ պիտի ստեղծվեն:

- Հետաքրքիր է, որ Ձեր դատողությունները, մտահոգությունները համահայկական հնչողություն ունեն, իսկ Սյունիքում,  այսինքն՝ սահմանամերձ բնակավայրերում՝ Մեղրիում, Գորիսում, Կապանում արվեստի զարգացումն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Օրինակ, ինձ դուր է գալիս Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի մոտեցումը մշակութային քաղաքականությանը: Նման մարդիկ անհրաժեշտ են: Մարդը ցանկանում է մի լավ բան անել, ինչը ստացվում է: Ուղղակի լավ կլինի, որ նման բաները (խոսքը փառատոնի մասին է, խմբ.) հաճախակի լինեն: Իսկ հանրապետության երաժիշտներս պատրաստ ենք մասնակցել: Մի շաբաթ չկա վիրահատվել եմ, բայց ինձ համար անչափ կարևոր էր այստեղ գտնվելը: Եվ մենակ ես չեմ նման ձևով մտածում, այլ բոլոր այստեղ գտնվողները: Առաջին անգամ եմ Սյունիքում և զղջում եմ, որ ինչու շատ ավելի վաղ չեմ եղել այստեղ:

Եթե Գեւորգ Փարսյանը՝ որպես համայնքապետ, այսքան բան է անում, հապա մշակույթի նախարարությունն ինչքան բան կարող է անել:

- Էլ ի՞նչ կուզեիք ավելացնել մեր զրույցին՝ որպես ավարտ:

- Ուզում եմ ավելացնել, որ պիտի ապավինենք հայկական երաժշտությանը, ոչ թե «ռաբիզին», որը հայկականության հետ որևէ աղերս չունի: Դա արմատախիլ պիտի արվի և շպրտվի անհայտ ուղղությամբ, որովհետև փչացնում է իսկական արվեստը: Պիտի կենտրոնանանք ժողովրդական, դասական, ջազային երաժշտության վրա, և ամեն ինչ բնականոն հունով կընթանա:

Զրույցը՝  Վահրամ Օրբելյանի

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10