Հուլիսի 29-ը Կապանի արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն (1999-2015 թթ.), Կապանի պատվավոր քաղաքացի Լիաննա Հակոբյանի ծննդյան օրն է: Նախօրեին նրա հետ կայացած զրույցը որոշակի լույս է սփռում հոբելյարի 75-ամյա կյանքի ուղու վրա:
– Լիաննա Գրիգորի, այսօր Դուք հոբելյան եք նշում. պատեհ առիթ է հետադարձ հայացք ձգելու անցյալին: Եվ ուրեմն՝ ո՞րն է եղել Ձեր կենսագրության ամենապատասխանատու պահը։
– Պիտի ասեմ՝ կյանքիս ամենապատասխանատու պահը տխուր իրողության հետ է կապված: Շուտ զրկվեցի հայրիկիցս, դա ճամփաբաժան էր… Հիշում եմ հորս հոգեհանգստին եկել էր Մուշեղ Համբարձումյանը՝ շրջանի մշակույթի բաժնի վարիչն էր, հորս մերձավոր ընկերներից: Ասաց. «Եվ ի՞նչ է թողել Գրիգոր Հակոբյանը՝ մի տուն լիքը մանուկներ»: Ավագ քույրերս ամուսնացել էին, նրանից հետո ես էի մեծը, մյուսները փոքր էին՝ յոթ երեխա էինք: Վաղ տարիքից հասկացա՝ ինչ է պատասխանատվությունը, որովհետև մորս հետ պիտի ոտքի կանգնեցնեինք մեր մյուս երեխաներին: Գոնե լավ էր, որ Սիսիանի երաժշտական դպրոցից՝ իմ առաջին աշխատանքի վայրից, տեղափոխվել էի Քաջարանի երաժշտական դպրոց, մոտեցել էի ընտանիքիս: Ավագ եղբայրս ավարտել էր միջնակարգը, բուհ պիտի ընդունվեր և ընդունվեց Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Եվ այսպես, հաղթահարելով բազում դժվարություններ, բոլորը հասան իրենց նպատակին:
– Անցած ճանապարհի համար ո՞ւմ եք պարտական, ո՞վ է հետք թողել Ձեր կենսագրության մեջ: Առաջին շնորհակալությունն ո՞ւմ կուղղեիք:
– Իհարկե, ծնողներիս, նրանց տված դաստիարակությունն ինձ հնարավորություն տվեց ինքնահաստատվել կյանքում: Եթե մանկուց մեջդ չեն սերմանում անհրաժեշտ որակներ, մեջդ չեն ձևավորում կարգապահություն, պահանջկոտություն, մարդասիրություն, հետո այդ որակները չես կարող ձեռք բերել: Մենք սեղանի շուրջը նստում էինք ինը հոգով, այդ թվում՝ տատս՝ իննսուներեքամյա, հայրս նրան սեղանի գլխին էր նստեցնում, մենք առանց նրա՝ սեղան չէինք նստում: Առաջին բանն այն էր, որ հայրս թևանցուկ արած, իր զառամյալ մորը բերում-նստեցնում էր սեղանի գլխին և առաջինը նրա կենացն էր խմում: Միով բանիվ, ընտանեկան դաստիարակությունը ոչ մի բանի հետ չես փոխի:
– Շրջապատի մարդիկ գնահատում են Ձեր գործնական հատկանիշները, կարողանում էիք կապեր հաստատել: Կոնսերվատորիայի մասին խոսեք, ում հետ եք առավել մտերիմ եղել, քանզի այդ կապերը ծառայեցրել եք Կապանի պետական քոլեջի առաջընթացին:
– Ես շատ ընկերներ եմ ձեռք բերել կոնսերվատորիայից՝ Սերգեյ Քեչեկ, Անժելա Աթաբեկյան, Իվան Վարդանյան, Վահագն Ստամբոլցյան, Տիգրան Հեքեքյան և էլի ուրիշներ: Մինչև կյանքի վերջին օրերը Ստամբոլցյանը մնաց մեզ գործընկեր: Մաեստրոյի 80-ամյակին նվիրված համերգը Կապանում կազմակերպեցինք, որը նրա վերջին համերգն էր: Եվ պատահական չէ, որ նրա մահվանից հետո քոլեջում անմիջապես որոշում կայացվեց երգեհոնային դահլիճը կոչել Վահագն Ստամբոլցյանի անվամբ: Կոնսերվատորիայի մասնագետները պատերազմի ժամանակ գալիս էին մեզ օգնելու, մեթոդական օգնություն ցույց տալու: Հետո ավելի ամրապնդեցինք կապը կոնսերվատորիայի հետ, նրանք մեզ վերակենդանացրին, մեր կրթօջախի ուսանողական կազմակերպությունը համագործակցեց կոնսերվատորիայի ուսանողական կազմակերպության հետ: Փոխադարձ այցելությունները կոնսերվատորիայի պրոֆեսորների, դասավանդողների հետ մեզ դուրս բերեցին նեղ վիճակից, քանզի դասատուների պակաս ունեինք: Բալայան Ալիկի նման մասնագետը տեղափոխվեց Կապանից, խմբավարության բաժինը դատարկվեց, գրեթե փակվեց, շատ բաժիններից լավագույն դասավանդողները գնացին՝ ովքեր կոնսերվատորիայում էին բարձրագույն կրթություն ստացել: Անելանելի վիճակ էր ստեղծվել…
– Այսօրվա երիտասարդների մասին. ի՞նչն է պակասում նրանց: Ինչպե՞ս կուզենայիք տեսնել մերօրյա երիտասարդությանը:
– Ժամանակակից երիտասարդությանը կբնութագրեի՝ աչքաբաց, ուսման ծարավ (այդպես եմ կարծում), ձգտում են լավ մասնագետ դառնալ, կրթություն ստանալ, լեզուներ սովորել: Ուղղակի կուզեմ՝ մեր կրթական համակարգն այնքանով կատարյալ լինի, որ այդ երիտասարդները չընկնեն դեսուդեն, իրենց բախտը չփնտրեն օտար ափերում: Կյանքը ցույց է տվել, որ նրանց մի մասը (եթե ոչ՝ գերակշռող մասը) դրսում մասնագիտություն ստանալով՝ այլևս հայրենիք չի վերադառնում: Խորհրդային կրթական համակարգը լավագույններից մեկն էր աշխարհում, բայց, ցավոք, խորհրդային պետության փլուզումից հետո դա էլ փլուզվեց՝ տեղը չստեղծվեց նորը:
– Ինչպե՞ս է ստացվում, երբ առաջներում ուսումնարանի (քոլեջի) դաշնամուրի բաժին ընդունվելու համար պիտի անցնեիր մրցույթով, իսկ հիմա դիմորդներ չկան:
– Նախ ասեմ, որ իմ՝ ուսումնարանում պաշտոնավարման տարիներին, մի կարևոր քայլ կատարվեց: Դիմորդների թիվը տարեցտարի պակասում էր: Կապանում գործում էին արվեստի մանկական և գեղարվեստի դպրոցները, միտք հղացավ փոխելու երաժշտական ուսումնարանի պրոֆիլը՝ դարձնելով այն արվեստի քոլեջ: Կարծում եմ՝ դա ժամանակի պահանջն էր: Այսօր բախվում ենք այն փաստի հետ, որ քոլեջում ընդունելություն է կազմակերպվում 14 մասնագիտության գծով: Նոր մասնագիտություններ ասպարեզ եկան, ինչպես ասենք, դիզայնը, պարը, թատերականը և այլն: Երտասարդները հիմա ավելի գործնական են դարձել:
– Երբ 1999-ին ստանձնեցիք Կապանի երաժշտական ուսումնարանի ղեկավարումը, ի՞նչ ժառանգություն ստացաք: Այնպես չէ, որ անտեղյակ էիք, քանզի 1989-1999 թթ. ուսումնարանի փոխտնօրենն էիք, բայց…
– Շատ տխուր ժառանգություն ստացա. հրետակոծված ուսումնական մասնաշենք, նաև ուսումնարանի դահլիճ, ռմբակոծությունից լրջորեն տուժած երգեհոն: Դրան գումարած կոլեկտիվի հուսալքված վիճակը: Չորրորդ հարկում գերմանական ռոյալի վրա անձրևի կաթկթոց կար: Ահավոր տխուր իրավիճակ էր: Մյուս կողմից՝ ուսումնարանի կադրերը թողեցին-հեռացան Կապանից, ովքեր կրթօջախի ուսումնական գործընթացն առաջ էին տանում, հեռացան: Մտածում էի, թե որից սկսեմ: Պիտի որոշեի՝ որը որից հետո: Չլիներ իմ համարձակությունը (թող ինքնագովություն չլինի), գործը գլուխ չէր գա: Կապանում հանրապետության կառավարության արտագնա նիստ էր գումարվել, որի ավարտին մոտ ձեռք բարձրացրի և ներկայացրի մեր խնդիրը: Փառք ու պատիվ իրենց, ընդառաջեցին, տանիքները նորոգվեցին: Քայլ առ քայլ բուժեցինք վերքերը՝ տարբեր ատյանների դիմելով:
– «Վիրավոր» երգեհոնի մասին պատմեք, ասում եք՝« Երգեհոնը կուչ էր եկել և մրսում էր»: Այն ջանքերի մասին, որ ներդնում էիք երգեհոնին երկրորդ կյանք պարգևելու համար:
– Երգեհոնի խողովակների վրա երևում էին հրետակոծության հետքերը: 42 հազար եվրո էր անհրաժեշտ այդ եզակի գործիքը նորոգելու համար, որն այդպես էլ չգտնվեց: Տիգրան Հեքեքյանի միջոցով շվեյցարացի մասնագետ էինք գտել, ով ուսումնասիրեց «վիրավոր» գործիքը, մատնանշեց այն բուժելու ճանապարհը: Գոնե ուրախ եմ, որ Կապանի երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում՝ անցյալ տարի այդ հարցը լուծվեց:
– Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ անցնում եք քոլեջի կողքով. կա՞ մի բան, որ չեք հասցրել անել, ինչի համար ափսոսում եք:
– Կապանից մինչև Երևան ոչ մի տարածաշրջանում այդպիսի կրթօջախ չկա, որ այդքան հետևողականորեն հանրայնացնում է դասական երաժշտությունը և երաժշտական-մանկավարժական (և ոչ միայն) կադրեր պատրաստում: 1989-2015 թվականներին իմ կյանքն անցել է այդ կրթօջախում՝ նախ՝ որպես նվագակցող, տնօրենի ուսումնական գծով տեղակալ, ապա՝ տնօրեն: Բավարարվածության զգացում եմ ունենում, երբ անցնում եմ քոլեջի մոտով: Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, քանզի ուժերիս ներածին չափով հնարավորն արել եմ:
– Մի առօրեական հարց, ինչպե՞ս եք լցնում Ձեր օրը, մնացե՞լ են ընկերական հին կապերը: Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում՝ քոլեջի տնօրենի պաշտոնը թողնելուց հետո:
– Քոլեջի տնօրենի պաշտոնը թողնելուց հետո զբաղվածությունս չպակասեց: Ինձ հրավիրեցին Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ (ղեկավար՝ Նելլի Սարգսյան): Հանրապետության բոլոր մարզերում նշանակված էին մեկական ներկայացուցիչ, ովքեր կոորդինացնում էին արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների աշխատանքները: Լծվեցի այդ գործին սիրով: Հաճույքով սկսեցի աշխատել՝ մինչև 2024 թվականը: Մոտիկից ծանոթ էի դպրոցների տնօրեններին, ոմանք իմ ուսանողներն էին եղել, ովքեր ավարտել էին քոլեջը, վերադարձել իրենց բնակության վայրերը՝ Սիսիան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Խնձորեսկ, Շինուհայր: Տեսնում էի իմ շրջանավարտներին աշխատանքում, նրանց սաներին էի օգնում: Սյունիքը ներկայացնում էինք հանրապետությունում, այսինքն՝ հանրապետական միջոցառումներին ակտիվ մասնակցություն էինք ունենում: Էլի աշխատանքով էի լծված, շփումներս գործնական էին: Ես չեմ համարում, որ անգործ նստած էի, մի գործից մյուսին անցա և, փաստորեն, իմ նախորդ աշխատանքի պտուղները պիտի տեսնեի ու տեսա: Նաև հայտնաբերեցի, որ երաժշտական դպրոցները խնդիրներ ունեն: Շատ կուզենայի, որ Ձեր թերթում անդրադառնայիք Սյունիքի երաժշտական դպրոցների խնդիրներին: Իհարկե, դա առանձին խոսակցության թեմա է, և կուզեմ, որ այդ խնդիրները մշտապես Սյունիքի համայնքապետերի ուշադրության կենտրոնում լինեն:
– Մարդկանց մեջ ի՞նչն եք մերժում, ո՞ր հատկանիշը, և ո՞րն եք գնահատում որպես արժանիք:
– Չեմ հանդուրժում այն, երբ դիմացինդ ցանկություն չունի որևէ բան սովորելու: Աստծո յուրաքանչյուր օր մարդ պիտի մի բան սովորի, որ տարիքում էլ լինի: Ինքնակատարելագործման ձգտումը պիտի մարդուն ուղեկցի ողջ կյանքի ընթացքում: Չեմ սիրում ծույլերին, անբաններին, ովքեր հիմնականում մեծամիտ են ու ցուցամոլ: Սովորելու, կրթվելու տենչը բոլորի մեջ պիտի լինի: Իսկ ընդհանրապես մարդ արարածի մեջ ամենաշատը գնահատում եմ բարությունը: Ամենաբարդ իրավիճակում մարդ չպիտի կորցնի իր դեմքը, քինախնդրությամբ չլցվի, հավասարակշռությունը չկորցնի, պատահական քայլեր չանի: Դա շատ կարևոր է:
– Ի՞նչ կավելացնեիք ասվածին, որպես մեր զրույցի ամփոփում:
– Թող Տեր Աստվածը մեզ ուժ, կորով և խոհեմություն տա, թող խաղաղություն լինի և մեր երկիրը ծաղկի ու բարգավաճի: Կարծում եմ՝ լավ օրերը սարերի հետևում չեն…
– Լիաննա Գրիգորի, ընդունեք մեր շնորհավորանքը Ձեր հոբելյանի առթիվ, Ձեզ՝ ամուր առողջություն, արևշատություն և ամենայն-ամենայն բարիք:
– Անչափ շնորհակալ եմ:
Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի