Լինելիության բանաձեւը. երբ Սյունիքն այլեւս այն չէ, ինչ էր կապիտուլյացիայից առաջ

08.04.2021 10:16
167836

Հինգ ամիս առաջ լույս աշխարհ եկած հայտնի կապիտուլյացիոն ակտը, գոնե այս փուլում, վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին…

Սակայն թնդանոթների լռությունը տարածաշրջանին չբերեց որոշակիություն, հուսալի կայունություն եւ կանխատեսելի ապագա: Ընդհակառակը՝ Արցախի համար թուրք-ազերիների պայքարը փոխարինվեց Սյունիքի համար պայքարով, որն այս փուլում ընթանում է անաղմուկ, սողացող դրսեւորումներով…

Այո, այստեղ առայժմ թնդանոթները չեն որոտում, բայց աստիճանաբար ու հետեւողականորեն լուծվում են այն հարցերը (ի վնաս Հայաստանի), որոնք սովորաբար լուծվում են մարտադաշտում…

***

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ Զանգեզուրին առնչվող պահանջներ ներկայացրեց՝ մեր երկրամասն անվանելով «Ադրբեջանի հինավուրց հող»:

Նրա խոսքով՝ «…Ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված:

Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

…Ադրբեջանն արդեն տվել է այդ աշխատանքների մեկնարկը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորությունից:

…Այժմ չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավորը: Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի եւ սկսել է վերականգնման աշխատանքներն ավերված տարածքներում», -ասել է Ալիեւը Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում:

Ավելի վաղ նույնպես Իլհամ Ալիեւն անդրադարձել է Սյունիք-Զանգեզուրին, ինչը ներկայացրել էինք օրեր առաջ եւ տարակուսանք հայտնել, որ Հայաստանից որեւէ մեկը չի հակադարձում Ադրբեջանի նախագահին:

Ահա Ալիեւի խոսքը Տնտեսական համագործակցության գագաթնաժողովում՝ «…Նոր միջանցքը, որ անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, եւ Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ, տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծելու: Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ Զանգեզուրի միջանցքը շահագործելու»:

Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաեւ «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարում՝ «Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք: Պատերազմի հետեւանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ՝ մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ…, եւ դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:

***

 Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի նախագահը Սյունիքի մասին խոսում է այնպես, ինչպես կխոսեր, ասենք, Աղդամի Ֆիզուլիի, Ապշերոնի մասին…

Ցավոք, անպատասխան այդ խոսքերը բարբաջանք չեն սոսկ, այլ…

Եվ որպեսզի գիտակցենք դրանց իրական նշանակությունն ու վտանգավորությունը, փորձենք համառոտ պատասխան տալ հարցին՝ իսկ ի՞նչ կատարվեց Սյունիքում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:

Նախ՝ ինչ-որ  հուշագրի համաձայն, որ գաղտնազերծվեց հետագայում, 2020 թ. դեկտեմբերի 18-ին հայկական մարտական դիրքերը (վերին հրամանով) հետ քաշվեցին եւ տեղակայվեցին նախկին ԽՍՀՄ սահմանի երկարությամբ՝ մեզ համար ակնհայտորեն ոչ նպաստավոր տեղերում:

 Դիրքային այդ փոփոխությունները տարակույսների տեղիք չէին տա, եթե 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում ամրագրված չլիներ՝ «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Երկրորդ՝ Սյունիք-Ադրբեջան արեւելյան սահմանի մի շարք հատվածներում կորցրեցինք այն սահմանը, որ ունեինք Խորհրդային Միության ժամանակներում:

Բազմաթիվ մարդիկ նույնիսկ իրենց սեփական հողատարածքներից զրկվեցին, որ ժամանակին ձեռք էին բերել գործող օրենքի համաձայն եւ որոնց համար երեք տասնամյակ շարունակ հողի հարկ վճարել:

Երրորդ՝ փաստորեն (գործնականում) այլեւս մեր լիարժեք հսկողության տակ չէ Գորիս-Կապան մայրուղին, որը ներկայումս կյանքի յուրօրինակ ճանապարհ է Սյունիքի համար:

Գորիսից Կապան (կամ հակառակը) գնալու համար անցնում ենք ադրբեջանական ութ մարտական դիրքի հայացքի ներքո: Դրանց հեռավորությունը մայրուղուց՝ որոշ դեպքերում 10-100 մ է: Իսկ թե քանի դիրքեր չեն երեւում արտաքուստ, բայց գտնվում են մայրուղու մերձակայքում, չգիտենք:

Ընդ որում՝ այդ դիրքերն այնպիսի իշխող տեղերում են, որ ցանկացած պահի կարող են արգելափակել մայրուղին:

Չորրորդ՝ Գորիս-Կապան ավտոմայրուղում պարբերաբար կարելի է ականատես լինել ադրբեջանական զինվորների տեղաշարժի՝ ՌԴ սահմանապահների մեքենայի առաջնորդությամբ:

Փաստորեն մեր ճանապարհով են ադրբեջանցի զինվորները հերթապահության գնում իրենց մարտական դիրքեր:

Ուշագրավ այլ իրողություն՝ եւս:

Վերջերս Չայզամիի տարածքով անցնելիս ականատես եղանք մի իրողության, որ ակամա հիշեցինք Ստեփան Զորյանի հայտնի պատմվածքը՝ «Ջրհորի մոտ»: Հինգ-վեց ադրբեջանցի զինվոր՝ ջրի տարաներով, մեր զինվորներից մի քանի մետր հեռավորությամբ ձգվող ճանապարհով, գնում էին մեր աղբյուրից ջուր բերելու…

Լա՞վ է, թե՞ վատ՝ այլ հարց է:

Հինգերորդ՝ շրջանառության մեջ է դրվել (նաեւ հայոց խոնարհ ջանքերով) տեսակետը, թե իբր Գորիս-Դավիթ բեկ մայրուղին (21 կմ երկարությամբ) ամբողջապես անցնում է Ադրբեջանի տարածքով: Իրականում, մինչդեռ, մայրուղին միայն որոշ տեղերում է հատում Ադրբեջանի տարածքը եւ կրկին մտնում Հայաստանի տարածք: Իսկ մենք ալարում ենք այդ ճանապարհահատվածներում տարբերանշաններ տեղակայել՝ տպավորություն ստեղծելով, որ մայրուղու 21 կմ-ոց հատվածն ամբողջապես անցնում է Ադրբեջանով՝ դրանից բխող հետեւանքներով:

Վեցերորդ՝  Սյունիքում հստակ տեղեկություններ չկան, թե ինչ վիճակում է երկրամասի հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան սահմանագիծը՝ Սեւ լճից, Մեծ Իշխանասարից մինչեւ Ծղուկ լեռ, մինչեւ Փոքր Ալ լիճ, այնուհետեւ մինչեւ Որոտան գետի ակունքներ:

Ճիշտ է, հիմա այնտեղ ձյուն է, բայց ամռանը Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների խոշոր ու մանր եղջերավոր անասունների մեծ մասը կտեղափոխվի ամառային այդ արոտներ: Եվ տվյալ տարածքներում սահմանազատումն էական նշանակություն է ունենալու: Անգամ խորհրդային տարիներին այդ վայրերում՝ արոտների համար, հայ-ադրբեջանական ընդհարումներ էին տեղի ունենում:

Իսկ միգուցե սահմանազատումն այնտեղ նույնպե՞ս ավարտված է:

Յոթերորդ՝ բոլորը՝ Մոսկվայից մինչեւ Անկարա, Բաքվից մինչեւ Երեւան խոսում են հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, բայց որեւէ մեկը չի համարձակվում Իլհամին հարցնել՝ յոլդաշ, բա ինչո՞ւ ես արգելափակել Կապանից (Սյունիք գյուղով) Ագարակ, Եղվարդ եւ Ուժանիս տանող մայրուղին, որ անցնում է Սեիդլար գյուղով (խոսքը Կապանի տարածաշրջանի մի ամբողջ ենթաշրջանի շրջափակված լինելու մասին է):

Ութերորդ՝  իրավասու ատյանները հրաժարվում են շատ թե քիչ ամբողջական տեղեկություն ներկայացնել, թե Սյունիքի արեւելյան սահմանի երկարությամբ պաշտպանական ինչ համակարգ է գործում հիմա՝ մոռանալով, որ դա մարզի բնակչության համար մեծագույն հետաքրքրություն ներկայացնող հարց է՝ մոռանալով նաեւ, որ հավաստի տեղեկատվության բացակայությունը անորոշության սկիզբն է…

Իններորդ՝ շարունակվում է Սյունիքի արեւելյան սահմանների GPS-ային որոշումը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում մոտ 15 հա հողատարածք է Խոզնավարից անցել Լաչինի շրջանին (խորհրդային տարիներին այդ հանդամասը երբեք դուրս չի եղել Խոզնավարի տարածքից):

Նման կեղծ սահմանորոշման հետեւանքով Վաղատուր գյուղը նույնպես դարձել է սահմանամերձ, որ երբեք այդպիսին չի եղել…

Տասներորդ՝ Սյունիքը տնտեսական ահռելի կորուստ է կրել հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որի ընդհանուր ծավալները դեռեւս հաշվարկված չեն:

Առերեւույթ մի բան է ակնհայտ՝ սահմանային գրեթե բոլոր գյուղերում խնդիրներ են առաջացել ե՛ւ անասնապահության, ե՛ւ դաշտավարության, ե՛ւ ջրօգտագործման ոլորտներում:

Տասնմեկերորդ՝ Շուռնուխում եւ Որոտանում բազմաթիվ բնակելի տներ են անցել Ադրբեջանի տիրապետության ներքո:

***

Օգտվելով Հայոց պետությանն ու պետականությանը համակած անօրինակ ճգնաժամից, մեր ինքնիշխանության՝ նվազագույն նիշին հասած վիճակից՝ Ադրբեջանն օրակարգային հարց է դարձրել Մեղրիի միջանցքի ստեղծումը…

Ընդ որում՝ դա եղել է Քեմալի երազանքը 1920-ականներին. մեր արժանապատիվ նախնիները մերժել են այդ ցնորամտությունը:

Դա եղել է կոմունիստական Ադրբեջանի երազանքը. Կարեն Դեմիրճյան փառահեղ առաջնորդը թքել է նրանց ճակատին:

Անգամ Գրիգոր Հարությունյան առաջնորդն է ստալինյան օրերում համարձակվել դեմ գնալ Մեղրիի միջանցքի բացմանը:

Հիմա թուրք-ազերիները, կարծեք, ի կատար են ածում իրենց դարավոր երազանքը, ինչի վկայությունն Ադրբեջանի նախագահի պերմանենտ հայտարարություններն են, որ ներկայացրինք սույն հրապարակման սկզբում:

Տեսնենք, թե ինչ ընթացք կունենա Մեղրիի միջանցքի ստեղծման համար բարձրացված համաշխարհային մրրկահողմը…

Մյուս կողմից՝ տեղեկատվական դաշտում անընդհատ լուրեր են շրջանառվում Սյունիքի շուրջ թշնամական երկրների զինուժի կուտակումների մասին:

***

Հայաստանի գործող իշխանությունը, օրվա վարչապետի գլխավորությամբ, ոչ միայն ոչինչ չարեց Սյունիքի սողացող անեքսիան կասեցնելու համար, այլեւ իր լռությամբ, ինչ-ինչ թաքուն պայմանավորվածություններով (բացահայտված հուշագիրը՝ ահավասիկ) նպաստել եւ նպաստում է դրան…

Ոչ իշխանական դաշտում նույնպես չգտնվեց քաղաքական մի ուժ կամ գործիչ, որ կոնկրետ գործողություններով  կկարողանար շատ թե քիչ հակազդել Սյունիքի դեմ թեւածող կամայականություններին:

Ընդ որում՝ գրեթե բոլորն ամեն օր (իրար հերթ չտալով) խոսում են Սյունիքի մասին, բայց ոչ մի արդյունք, ոչ մի դրական տեղաշարժ… Խոսելու առումով իսկական մրցույթ է. կարեւոր է, թե ով առաջինը ֆեյսբուքյան գրառմամբ, օրինակ, կազդարարի Շուռնուխի կովերը գողանալու մասին: Իսկ եթե մի քանի օր կովերի գողություն չի լինում, ապա մեկ այլ գրառմամբ անցյալ տարվա դեկտեմբերին Թուրուսի խութի շուրջ (Արավուս) տեղի ունեցածը հրամցվում է իբրեւ 2021 թ. մարտյան իրադարձություն…

Ազգային ժողովում էլ չկա մի ուժ կամ խմբակցություն, որ սեփական ամբիցիաները ժամանակավորապես կողք դնի եւ Սյունիքի խնդիրներով զբաղվի…

Առայժմ միայն Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն ենք լսում, ըստ որի՝ Սյունիքի ստատուս-քվոյի խախտումը կնշանակեր կարմիր գծի ոտնահարում՝ դրանից բխող հետեւանքներով, ինչը ողջունում ենք:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարներն են ժամանակ առ ժամանակ քննարկումներ անում մեր պաշտպանության նախարարի հետ: Դրա տեսանելի արդյունքն էլ այն է, որ սյունիքյան մայրուղիներում պարբերաբար հանդիպում ենք ՌԴ ռազմատեխնիկական միավորների, Գորիսի փողոցներում էլ՝ զբոսնող ռուս զինվորականների, ինչը նույնպես ողջունելի է, թեեւ այդպես էլ հստակ չի երեւում, թե ՌԴ զինվորականները Սյունիքում ինչ առաքելություն են իրականացնում (խոսքը, բնականաբար, չի վերաբերում Մեղրիի սահմանապահ ջոկատին):

 

***

Դե իսկ բուն Սյունիքում …

Դեռեւս պատերազմի օրերին, երբ վճռվում էր ոչ միայն Արցախի, այլեւ մեր հանրապետության լինել-չլինելու հարցը, մարզում նոր թափ առավ ընդերքի թալանը, հանքարդյունաբերական հայտնի ընկերության բաժնետոմսերը միմյանցից փախցնելու մոլուցքը: Այդ երեւույթի դրսեւորումներից մեկի շուրջ ներկայումս ընթանում է դատական «ռազբորկա»…

Մարզի ընդերքի թալանի անվտանգ ընթացքն ապահովելու համար նույնիսկ ինչ-որ կուսակցություն է մոգոնվում, որի յուզբաշին Սյունիքի երբեմնի մարզպետներից մեկն է՝ Թուրք պիտակով:

Այդ «կուսակցություն» կոչված թայֆայի խնդիրը, որքանով տեսնում ենք, նաեւ մարզի հասարակության հետագա պառակտումն է, գիտակից սյունեցիներին, մտավորական սյունեցիներին հետապնդելը, սեփական ղաչաղական խմբակի օգնությամբ անհնազանդների հետ հաշվեհարդար տեսնելը…

***

Ստեղծված իրավիճակում կյանքը Սյունիքին եւ սյունեցուն ապրելու նոր բանաձեւ է պարտադրում…

Հիմա, առավել քան երբեւէ, օրվա հերոսը հայոց զինվորն է, այն տղաներն են, ովքեր երեկ գնացին ճակատ՝ հանուն հայրենիքի նահատակվելու պատրաստակամությամբ, ովքեր վաղն էլ (մեր կիսատ թողած գործը շարունակելու համար) նորից կրակագիծ են մեկնելու:

Օրվա հերոսը սահմանամերձ-սահմանապահ գյուղի բնակիչն է՝ սերմնացանն ու հոտաղը, որ թշնամու մարտական դիրքի անմիջական հարեւանությամբ տեր են կանգնում հայրենի քարափներին:

Օրվա հերոսը սահմանամերձի ուսուցիչն է, մանկապարտեզի դաստիարակը, բժիշկը, քարը քարին դնող բնակիչը:

Օրվա հերոսը նույն ինքը՝ Կապանի ընտրյալ համայնքապետ Գեւորգ Փարսյանն է, ում կենարար հետքը տեսնում ենք տարածաշրջանի սահմանային գյուղերում, ով  մեն-մենակ մի ամբողջ կուսակցությունից առավել բեռ է վերցրել իր ուսերին…

Նաեւ նրանք են, ովքեր պաշտոնի բերումով, առանց ճղճղալու, սահմանում նոր դիրքեր են հիմնում կամ եղածն ամրապնդում:

Նրանք են, ովքեր տեր են մեր պատմական ժառանգությանն ու հայոց պատմական հիշողությանը:

Հենց այդպիսի մարդկանցով կամ մարդկանց այդ տեսակով է դարեր շարունակ Սյունիքը հայրենիք եղել մեր նախնիների համար, որն էլ ժառանգվել է մեզ:

Հենց այդպիսի մարդկանցով կամ մարդկանց այդ տեսակով ենք հաղթահարելու ներկայիս փորձությունը:

Այո, հողի մշակն իր գործը պիտի անի, մեր առյուծ տղերքը բանակային ծառայության պիտի մեկնեն, որ հայոց ազգային բանակի խամրած փառքը նորովի հառնի: Սեփական անշարժ գույքը վաճառքի հանած սյունեցին պիտի հետ կանգնի իր մտադրությունից, ամենատարբեր պատճառներով Սյունիքից հեռացածները պետք է տուն դառնան, մեր պառակտված վիճակից պիտի դուրս գանք, մեր երիտասարդ կանայք երեխաներ ունենան…

Հավատացեք՝ այդկերպ նաեւ արթուն կպահենք այն նահատակների հիշատակը, ովքեր հանուն հայրենիքի զոհվեցին Արցախյան նորօրյա պատերազմում. իսկ նրանց թիվը չափազանց մեծ է. միայն Սյունիքում 210 հոգու հողին ենք հանձնել արդեն, 23 անհետ կորածի հրաշք-վերադարձի համար էլ աղոթք ենք բարձրացնում առ Աստված:

Հավատացեք՝ հենց այդպես հօդս կցնդեցնենք բոլոր նրանց զառանցանք-երազանքները, ովքեր, օգտվելով մեր տերության անտերությունից ու մեր իշխանավորների անհայրենիք եւ անժողովուրդ գոյությունից, հայոց սրբազան Սյունիքն իրենց պապենական կալվածքն են փորձում համարել…

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03