Լույս է տեսել «Սյունյաց երկրի» հերթական հատուկ համարը, որը նվիրված է Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակին

11.08.2021 10:35
1363

Հատուկ համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի հեղինակած խմբագրականով՝  «Տաթև հէկ. 20-րդ դարի գլխավոր կառույցը Սյունիքում, որը զգալիորեն փոխեց երկրամասի սոցիալտնտեսական նկարագիրը», որը ներկայացնում ենք ստորեւ:

* * *

«Սյունյաց երկրի» սույն համարը նվիրում ենք Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակին եւ Որոտանի հէկերի համալիրի մասնավորեցման հինգերորդ տարեդարձին:

Հոբելյանները նշելու ողջամիտ ժամկետը 2020-ի տարեվերջն էր, բայց Հայաստան աշխարհն ալեկոծված էր այդ օրերին, ծնկաչոք վիճակում, համազգային սգի մեջ, ուստի եւ խոսք լինել չէր կարող տոնական ինչ-ինչ միջոցառումների մասին:

Ու հիմա, թեեւ ուշացումով, պարտք ունենք անդրադառնալու ոչ միայն Սյունիքի, այլեւ ողջ Հայաստանի համար նշանակալից այդ իրադարձություններին:

Տաթեւ հէկ եւ Որոտանի հէկերի համալիր երեւույթները մեզանում, խոստովանենք, յուրօրինակ ընկալումներ են ունեցել տասնամյակներ շարունակ եւ ունեն հիմա:

Նախ՝ համալիրի կառուցումը՝ սկսած Տաթեւ հէկ-ից, նախօրինակը չունեցող շինարարական երեւույթ էր Սյունիքում, մեր ժողովրդի մտքի եւ ջանքի փայլատակման բացառիկ դրսեւորում:

Կառույցում ընդգրկված էին հազարավոր շինարար բանվորներ, արհեստավորներ՝ քարագործ վարպետներ, որմնադիրներ, զոդողներ, մեքենավարներ, նաեւ ճարտարագետներ եւ, իհարկե, նախագծողներ ոչ միայն Սյունիքից ու Հայաստանից, այլեւ Խորհրդային Միության ամենատարբեր անկյուններից, որոնք իրենց հետ բերել էին խորհրդային հիդրոէներգաշինության առաջավոր փորձը:

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում չկար մի բնակավայր, որտեղ եռուզեռ չլիներ՝ պայմանավորված այդ կառույցով: Չկար մի բնակավայր, որտեղից առնվազն մի քանի տասնյակ մարդ ընդգրկված չլիներ շինաշխատանքներում:

Տաթե հէկ-ի եւ  համալիրի մյուս հէկերի կառուցմանը զուգահեռ երկրամասում ծնվեցին Շամբի, Որոտանի եւ Շինուհայրի բանավանները, որոնք, ի վերջո, վերածվեցին շեն ու բարեկարգ բնակավայրերի:

Աշոտավան, Տոլորս, Բորիսովկա (Ծղուկ) եւ Բազարչայ (Գորայք) գյուղերը, որոնց բուն տարածքը մնաց ջրամբարների տակ, տեղափոխվեցին մոտակա վայրեր եւ կառուցվեցին նորովի:

Մի քանի գյուղ դուրս եկան Որոտանի կիրճից եւ այլ դժվարամատչելի վայրերից ու կառուցվեցին նոր տեղերում (օրինակ՝ Խոտ, Շինուհայր):

Կառուցվեցին մի քանի տասնյակ կիլոմետր երկարության ավտոճանապարհներ, բազմաթիվ կամուրջներ, սոցիալ-տնտեսական եւ մշակութային նշանակության տասնյակ օբյեկտներ: Ճանապարհաշինության ուշագրավ օրինակ էր հատկապես Շինուհայր-Որոտան ավտոմայրուղին: Տարիների հեռվից, ճանապարհաշինական տեխնիկայի մերօրյա նվաճումների բարձունքից անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես են մարդ արարածին այդպես հեզորեն հնազանդվել երկնաքեր ժայռերն ու անդնդախոր ձորերը:

Մանավանդ Գորիս եւ Սիսիան քաղաքներում թափ առավ պետական բնակարանային շինարարությունը, որն ուղեկցվում էր հանրային վայրերի կառուցապատմամբ:

Այդ ամենին համընթաց՝ երկրամաս էին մուտք գործում ճարտարապետական նոր ոճ ու արվեստ, որոնց հիմքում, բնականաբար, Սյունյաց աշխարհի ժողովրդական ճարտարապետության բազմադարյա հարուստ փորձն էր:

Շինարարության մեջ սկսեցին լայնորեն օգտագործել ժամանակաշրջանի ամենաառաջադիմական մեխանիզմներն ու շինարարական տեխնոլոգիաները՝  երկաթբետոնե կառուցվածքներ, քարի նորանոր տեսակներ եւ այլն:

Իր մասշտաբներով ապշեցնող էր թունելաշինությունը, ամբարտակների կառուցումը: Դրա ամենավառ օրինակը Շամբ-Խոտ  թունելի շինարարությունն էր, որի միջով պետք է հոսեր Որոտան գետը. մոտ 19 կմ երկարությամբ թունելը շահագործման հանձնվեց 1969 թ. դեկտեմբերի 11-ին:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար տարածաշրջանում ստեղծվեցին մի քանի շինարարական կազմակերպություն, սպասարկման ոլորտի հիմնարկներ: Առանձնապես հիշատակում ենք «Հայհիդրոէներգոշինի» Տաթեւի հիդրոկայանի շինարարական վարչությունը, որ ստեղծվեց 1962-ին Գորիսում:

Հիշատակման արժանի է նաեւ Որոտանի հիդրոէլեկտրակայանների շինարարության տնօրինությունը (հիմնադրվել է 1960-ին Գորիսում):

Տաթեւ հէկ-ի եւ ընդհանրապես Որոտանի հէկերի համալիրի կառուցման շնորհիվ Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում ստեղծվեց գյուղատնտեսական հողատարածքների ջրարբիացման՝ նախադեպը չունեցող համակարգ, որ գործում է մինչեւ հիմա եւ գործելու է հար: Այդ նպատակով կառուցվեց Որոտանի ջրանցքը՝ 8,5 կմ երկարությամբ, որն անցնում է զուգահեռ խողովակաշարով՝ անդնդախոր ձորերի միջով, որից 3,5 կիլոմետրը՝ թունելով, մնացածը՝ բաց տարածքով:

Դրա շնորհիվ Որոտանի ջրերի մի մասը՝ տարեկան 80 մլն խորանարդ մետր, օգտագործվեց ոռոգման նպատակով. այդ ջրերով ոռոգվում է 19 400 հեկտար հողատարածք:

Տաթեւ հէկ-ի եւ Որոտանի հէկերի համալիրի կառուցմամբ առաջին անգամ երկրամասի եւ մասնավորապես Որոտան գետի էներգետիկ ռեսուրսներն այդպիսի ծավալով ծառայեցվեցին մարդուն, երկրի տնտեսությանը:

Անշուշտ, Սյունիքի էներգետիկ համակարգն ավելի հին պատմություն ունի…

Սյունիքի (նաեւ Հայաստանի) էներգետիկայի սկզբնավորման պատմությունը կապված է Ողջի գետի վրա 1903-ին ֆրանսիացիների կողմից կառուցված հիդրոէլեկտրակայանի հետ (75 կՎտ հզորությամբ): Դա Ողջի 2-ն էր կամ Ջրախորի հէկ-ը: 1954 թվականին էլ շահագործվեց Ողջի 3-ը:

«Կապանի հանքարդյունաբերության պատմություն» գրքի հեղինակ Արշավիր Հայրապետյանը, մինչդեռ, նշում է դեռեւս 1860-ականներին Կապանում կառուցված երկու հիդրոկայանի մասին: Դրանք կառուցել էին հանքարդյունաբերողներ Կոնդուրովը՝ Ողջիի աջ ափին, եւ Խոջամիրյանը՝ գետի ձախ ափին:

Ողջի գետի ձախ ափին մեկ այլ հիդրոէլեկտրակայան էլ կառուցել է հանքարդյունաբերող Մելիք-Ազարյանը 1897 թվականին:

1898-ին մեծահարուստ Գալուստ եւ Ալեքսանդր Միրումյան եղբայրներն էին Գորիսի Վարարակն գետի վրա՝ քաղաքի հարավային հատվածում հիդրոէլեկտրակայանի շինարարություն նախաձեռնել (գործարկվեց 1903-ին): Դրան անդրադարձել է նաեւ Ակսել Բակունցը:

1931-ին Գորիսից դեպի հյուսիս՝ Վարարակնի վրա կառուցվեց «Ակներ» առաջին հիդրոէլեկտրակայանը, 1950-ականներին՝ «Ակներ» երկրորդը:

Ավելի ուշ՝ 1931-ին, Հայաստանի ժողկոմխորհի որոշմամբ հիմք դրվեց Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցմանը, որը գործարկվեց 1937 թ. փետրվարի 18-ին (1200 ձիաուժ կարողությամբ). կայանի կառուցումն ու ղեկավարումն իրականացրեցին փորձառու ճարտարագետներ  Ա. Սարգսյանը, Կոնովը եւ Շիլիկովը:

1936-ին հիդրոէլեկտրակայան կառուցվեց Սիսիանում՝ Շաքեի ջրվեժի մերձակայքում, որն ավելի արդիականացված գործում է մինչեւ հիմա:

Այդ ամենից հետո՝ 1953 թվականին «Հայհիդրոնախագիծը» կազմեց Որոտան գետի էներգետիկ ռեսուրսների համալիր օգտագործման սխեման, որով նախատեսվում էր Որոտանի ջրային պաշարների լրիվ օգտագործում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում:

Նախատեսվում էր ութ դերիվացիոն հէկ-ի շինարարութուն, որից հինգը պետք է լիներ Հայաստանի տարածքում, երեքը՝ Ադրբեջանի:

Հայաստանում, ի վերջո, հինգի փոխարեն կառուցվեց երեք հիդրոէլեկտրակայան՝ Տաթեւի, Շամբի, Սպանդարյանի:

1961 թ. երեք հէկ-ից բաղկացած կասկադի շինարարությամբ սկսվեց Որոտան գետի էներգետիկ ներուժի յուրացումը:

Տաթեւ հէկ-ը շահագործման հանձնվեց 1970 թվականին, Շամբ հէկ-ը՝ 1977 թվականին, Սպանդարյան հէկ-ը՝ 1989 թվականին:

Արդյունքում ունեցանք Որոտանի հէկերի համալիր՝ կազմված չորս ջրամբարից, երեք հիդրոէլեկտրակայանից, մեկ օրական կարգավորման ջրավազանից: Տեղակայված հզորությունների ընդհանուր գումարը 404 ՄՎտ է, տարեկան միջին նախագծային արտադրանքը՝ 1,16 մլրդ կՎտ ժամ:

Առաջին հայացքից վերոբերյալը սոսկ փաստերի, թվերի շարադրանքն է բայց… Որոտանի հէկերի համալիրի կառուցմամբ, Որոտան գետի էներգետիկ պաշարների օգտագործմամբ Սյունիքում նոր եւ աննախադեպ հիմքեր ստեղծվեցին տնտեսության զարգացման, բնակչության կենցաղային պայմանների արմատական բարելավման համար:

Ինչ խոսք, 1960-70-ական թվականների շինարարական եռուզեռը պատմություն է այլեւս, գեղեցիկ հուշ: Սակայն այդ ամենի շնորհիվ ստեղծված Որոտանի հէկերի համալիրը ոչ միայն չի մնացել անցյալում, այլեւ հանրապետության տնտեսության ներկա ընթացքի էներգետիկ հիմնասյուններից է՝ ապագային միտված  հաստատուն քայլերով:

Որոտանի հէկերի համալիրի կեսդարյա զարգացման ընթացքում շրջադարձային հանգրվան էր 2015 թվականը: Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մասնավորեցվեց ընկերությունը, որի սեփականատեր դարձավ էներգետիկայի ոլորտում (եւ ոչ միայն) համաշխարհային համբավ ունեցող, աշխարհի տարբեր երկրներում գործող «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը:

Հինգ տարվա ընթացքում հստակ ներդրումային  քաղաքականությամբ ծավալուն աշխատանքներ կատարվեցին համալիրի հիդրոէլեկտրակայանների վերազինման ու արդիականացման ուղղությամբ:

Ներդրվեցին կառավարման նոր եւ արդյունավետ համակարգ, մարդկային ռեսուրսների օգտագործման նոր չափորոշիչներ, որոնց շարքում առանցքային նշանակություն տրվեց արհեստավարժությանը:

Բնապահպանական եւ սոցիալական կշռադատված ու հետեւողական քաղաքականությամբ ընկերությունն ավելի ակտիվորեն ու գործնականորեն ընդգրկվեց տարածաշրջանի ու  մասնավորապես  ազդակիր համայնքերի խնդիրների լուծման, առկա ռիսկերի չեզոքացման աշխատանքներում:

Արդյունքում՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը շարունակում է լուրջ ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում՝ պահպանելով սեփական տեղն ու դեմքն էներգետիկ ընկերությունների համաշխարհային ու ժամանակակից ընտանիքում:

…Վերոնշյալ հարցերը փորձել ենք արծարծել թերթի սույն համարում: Բայց, մինչ այդ, մեր ժամանակակիցների անունից երախտագիտության խոսք ենք հղում 1960-70-ականների սերնդին, որոնց մտքի թռիչքի, բազկի ուժի եւ ջանքի շնորհիվ արարվեց Որոտանի հէկերի անզուգական համալիրը:

Հատկապես ուզում ենք հիշել այն մարդկանց, ովքեր 1961-ից սկսած (հաջորդաբար) ղեկավարել են Որոտանի հէկերի համալիրի կառուցումը եւ շահագործումը՝ մինչեւ այսօր՝ Սիսակ Սարգսյան, Խոսրով Դուրյան, Գեղամ Սարգսյան, Միքայել Ալոյան, Ալբերտ Բաբայան, Օնիկ Դավթյան, Մելս Բարխուդարյան, Ալեքսանդր Հայրապետյան, Կառլեն (Լյովա) Առուշանյան, Հակոբ Դինգչյան, Սասուն Խաչատրյան, Արա Հովսեփյան:

Այդ շարքում ավելացնում ենք ՀԽՍՀ էներգետիկայի գլխավոր վարչության ղեկավարների անուն-ազգանունները, որոնց ներդրումը մեծ է եղել շինարարության ամբողջ ընթացքում՝ Սուրեն Վարդանյան, Միքայել Գրիգորյան, Միհրան Վարդանյան, Ֆելիքս Հակոբջանյան:

Չենք կարող երախտագիտությամբ չհիշել բացառիկ այդ կասկադի նախագծողներին եւ հատկապես գլխավոր ճարտարագետներին՝ Սպանդարյան հէկ-ի նախագծի գլխավոր ճարտարագետ Թ.Կ. Յաղջյան, Շամբ հէկ-ի նախագծի գլխավոր ճարտարագետ Բ.Ս. Չոլոյան, Տաթեւ հէկ-ի նախագծի գլխավոր ճարտարագետներ Ա.Գ. Սարգսյան եւ Գ.Ռ. Գասպարյան:

Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակի եւ Որոտանի հէկերի համալիրի մասնավորեցման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում ենք կասկադի բոլոր վետերաններին, ինչպես եւ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության վաստակաբեռ կոլեկտիվին՝ ընկերության ղեկավար Արա Հովսեփյանի գլխավորությամբ, ցանկանում` հետագա բարեհաջող գործունեություն եւ այն առաքելության արժանապատիվ  իրականացում, որ դրվել է հէկերի համալիրի առջեւ ի սկզբանե:

 

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23