Մ-2- Վարդավանք-Ագարակ նոր ճանապարհի կառուցումը՝ ավարտական հանգրվանում

17.08.2022 16:09
2950

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկով ազդարարվեց կողմերի մտադրությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի հաղորդակցության ուղիները:

Մինչդեռ Սյունիքի մարզի սահմանամերձում, որքան էլ տարօրինակ է, հակառակ գործընթացներ մեկնարկեցին:

Մեր իսկ տարածքում շրջափակվեցին մի քանի ճանապարհներ, որոնք հաղորդակցության ուղիներ էին մարզի բնակավայրերի միջև:

Շրջափակված ճանապարհներից մեկն էլ Կապան համայնքի Սյունիք բնակավայրից Ագարակի ենթաշրջան ձգվող ավտոճանապարհն էր, որը տարիներ առաջ էր մեր կողմից հիմնանորոգվել:

Եվ ուրեմն՝ 2020 թ. դեկտեմբերի 18-ի ամոթալի նահանջից հետո այլևս հնարավոր չէր Կապան մարզկենտրոնից տվյալ ճանապարհով գնալ Ագարակի ենթաշրջանի գյուղեր (Ագարակ, Եղվարդ, Ուժանիս):

Ենթաշրջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը սկսեց իրականացվել Մ-2-ից դեպի Վարդավանք, ապա Խդրանց և Ագարակ ձգվող՝ մեծամասամբ գրունտային, խորդուբորդ, հորդառատ տեղումներից հետո դժվարանցանելի ճանապարհով:

Ուստի և 2021-ին կառավարության կողմից խնդիր դրվեց վերականգնել այդ ճանապարհը, և հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց «Ապառաժ» ՍՊ ընկերությունը:

2021-ի հունիսին մեկնարկեց Մ-2-ից Ագարակ ձգվող ճանապարհի վերակառուցումը՝ մոտ մեկ մլրդ դրամ նախագծային արժեքով:

***

«Ապառաժ» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Դավիթ Ավետիսյան) Սյունիքում ճանաչում ունեցող շինարարական, ճանապարհաշինական կազմակերպություն է:

Այդ ընկերությունն է, որ վերջին երկու տարում կառուցել է Մ-2 մայրուղու Արծվանիկ-Կարմրաքար 5,1 կմ երկարությամբ հատվածը, նույն մայրուղու Շուռնուխ գյուղի 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:

Ընկերությունը (սուբվենցիոն ծրագրով) աշխատանքներ է կատարել նաև Կապան քաղաքի Թումանյան ու Բաղաբերդ փողոցներում:

Ներկայումս «Ապառաժ» ՍՊԸ-ն (դարձյալ սուբվենցիոն ծրագրով) ներհամայնքային ճանապարհ է հիմնանորոգում Քաջարանի Խաչինա գյուղում, իսկ մեկ այլ վայրում զորամասի շինարարություն է իրականացնում:

Ընկերությունը զինված է ճանապարհաշինական արդիական տեխնիկայով, իսկ Կապանում հիմնադրել է ասֆալտբետոն պատրաստող գործարան՝ ժամում 90 տ արտադրողականությամբ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Ապառաժ»-ը շուտով կստանձնի նաև Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցումը, որի հողային աշխատանքներն իրականացնում է մեկ այլ կազմակերպություն:

***

 

Մ-2- Վարդավանք-Ագարակ ճանապարհի շինարարության տարբեր փուլերում «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը քանիցս այցելել է շինարարության տեղամասեր:

Օգոստոսի 16-ին հերթական անգամ ծանոթացանք շինարարական աշխատանքների ընթացքին:

Մոտ մեկ տարի ընդգրկող ժամանակաշրջանում ընկերությունը (շինտեղամասի պետ՝ Տիգրան Սարգսյան) հսկայածավալ աշխատանք է կատարել:

Այսօր արդեն Տ-8-22, (Մ-2)՝ Վարդավանք-Խդրանց-Ագարակ 12,4 կմ երկարությամբ ավտոճանապարհն ամբողջապես ասֆալտապատված է:

Հողային աշխատանքներն ավարտվել էին դեռևս 2021-ի տարեվերջին:

Մինչև ասֆալտապատում՝ ամբողջ ճանապարհը քլնգվել է, այնուհետև ավազակոպճային ծածկով պրոֆիլավորվել, որից հետո ծածկվել C-5 խճային շերտով (12 սմ հաստությամբ), վերջում՝ ասֆալտապատվել՝ նախ 8 սմ խոշորահատիկ, ապա 4 սմ հաստությամբ մանրահատիկ շերտով:

Ճանապարհով երթևեկելիս հնարավոր չէ չտեսնել մայրուղուն կից նորակառույց հենապատերը՝ 1-ից մինչև 3,7 մ բարձրությամբ:

Հիշեցնենք, որ ճանապարհը նախկինում ունեցել է 3-ից 3,5 մ լայնություն, իսկ հիմա՝ երթևեկելի մասը՝ 6 մ, կողնակները՝ 1,5+1,5 մետր:

Բնակավայրերի ներսում կառուցվել են նաև ջրատար առուներ՝ բետոնե:

Եվ, այդ բոլորով հանդերձ, աշխատանքները դեռևս ակտիվ ընթացքի մեջ են...

Ներկայումս ճանապարհաշինարարներն աշխատում են կողնակների վրա. այն պետք է ունենա 24 սմ հաստություն՝ ջրում խտացված կոպիճով:

Աշխատում են նաև կողային առուների վրա:

Այդ ամենին կհաջորդեն ճանապարհի կահավորումը, գծանշումը, ազդանշանային սյուների և արգելափակոցների տեղադրումն ու ներկումը:

Տիգրան Սարգսյանի հավաստմամբ՝ մինչև հոկտեմբեր կավարտվեն աշխատանքները և Ագարակի ենթաշրջանը կունենա բարեհարմար ու անվտանգ ճանապարհ:

Թեև աշխատանքները դեռ ամբողջովին ավարտված չեն, բայց արդեն իսկ կարելի է արձանագրել, որ միջմարզային այդ ճանապարհի որակը (առերևույթ) չի զիջում միջպետական մայրուղիների որակին:

Տիգրան Սարգսյանի հետ զրուցեցինք նաև այն հարցի շուրջ, թե, այդ բոլորով հանդերձ, ինչ դժվարություններ կան Տ-8-22, (Մ-2)՝ Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի կառուցման գործում:

- Հիմա, իհարկե, դժվար է աշխատուժի խնդրի լուծումը,- ասում է Տիգրան Սարգսյանը,- սակայն մեր ընկերությունը նման խնդիր չունի, քանզի մեխանիզատորների մի մասն էլ հանրապետության այլ բնակավայրերից ենք հրավիրել:

Որոշ խնդիրներ էլ ծագել են բնակավայրերի ներսում. դա այն դեպքում, երբ կառուցվող ճանապարհն ինչ-որ տեղ շփման եզրեր է ունեցել տնամերձերի հետ. այդ խնդիրները (կողմերի համաձայնությամբ) լուծում են ստացել:

Տեղյակ ենք նաև, որ հայտնի իրադարձությունների պատճառով էական փոփոխություններ են գրանցվել շինանյութերի շուկայում նույնպես, ինչը դժվարություններ է հարուցում հատկապես այն կազմակերպություններում, որոնք մրցույթները շահել են նախորդ տարում՝ շինանյութերի այն ժամանակվա՝ գրեթե երկու  անգամ ցածր գներով:

Այդքանով հանդերձ՝ շինտեղամասի պետը հավաստիացնում է, որ սահմանված ժամկետում ու բարձր որակով կավարտեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը:

Սամվել Ալեքսանյան

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05