Մաճ լքյալ գյուղի եկեղեցին, որի անվանումը հայտնի չէ

19.01.2026 11:13
484

Տանձավերից դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 2 կմ հեռավորության վրա, Կատար լեռան ստորոտում, գտնվում են պատմական Մաճ (Մաչ, Մաջ) բնակավայրի ավերակները:

Գյուղի անվանումը հավանաբար առաջացել է «մաճ» բառից՝ ինչը նշանակում է՝ «արօրի կոթ», լայն իմաստով՝ «արօր, խոփ», որը ծագել է իրանական նույնիմաստ «mač» բառարմատից1:

IX դարի երկրորդ կեսին Մաճը եղել է Սյունյաց իշխանական կալվածք, որը ժառանգել է իշխաններից մեկի դուստրը և նվիրաբերել Տաթևի եպիսկոպոսարանին:

Մաճը ներառվել է Տաթևի եպիսկոպոսարանի հին հարկացուցակում՝ 7 միավոր հարկով՝ որպես Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի բնակավայր2: Դատելով հարկի միավորից՝ Մաճը փոքր գյուղ էր։

Մաճն առաջին անգամ հիշատակվել է 860-ական թվականներին՝ Տաթևի եպիսկոպոսարանի նվիրատվական վկայագրերից մեկում, որը մեզ է հասել Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի միջոցով։ Համաձայն այդ վկայագրի՝ Մաճ գյուղը պատկանում էր Սյունյաց Վասակ (որը Ալիշանի մոտ նշված է որպես Վասակ Ե Իշխանիկ, որդի Փիլիպպե Դ-ի3) տիրոջ անզավակ դուստրին՝ Քուպղիդուխտին, Հրահատ իշխանի կնոջը, ով իր այդ հոգեբաժինը նվիրել է Տաթևի սուրբ խաչին և Տաթևի եպիսկոպոսարանի կամ Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Սողոմոնին (866-882)4: Վճռագրում, որը մեջ է բերվել Օրբելյանի կողմից, ասվում է. «Ես Սյունյաց տեր Վասակի դուստր Քուպղիդուխտըս, մոտենալով ծերության ժամանակներին, մտաբերելով երկրային կյանքի ունայնությունը, հավիտենական կյանք ցանկացա. և քանի որ մարմնավոր կյանքիս ընթացքում զրկված էի զավակ ունենալու բաժնից, սուրբ խաչն ու աստվածապատիվ և հոգևոր տեր Սողոմոնին՝ Սյունյաց եպիսկոպոսին ինձ համար ընդունեցի հոգևոր զավակ՝ հույս ու ապավեն իմ մեղավոր հոգուն. և Բաղաց գավառից մի գյուղ՝ Մաճ անունով, որը նախապես Սյունյաց տեր և իմ եղբայր Ատրներսեհը ինձ էր տվել, իսկ նրանից հետո իմ տեր Հրահատը գնել էր իմ եղբորից ու ինձ հոգեբաժին արել, ես՝ Քուպղիդուխտս, այդ գյուղը լեռներով ու դաշտերով, մարգով ու արտով, գետով, ջրով ու ցամաքով, ծառերով ու տունկերով տվեցի սուրբ խաչին ու Սյունյաց եպիսկոպոս Տեր-Սողոմոնին: Իմ հոգին հանձնեցի քեզ, Տեր-Սողոմոն, այժմ տնօրենը դու ես և սրբերից նրանք, ովքեր պիտի հաջորդեն Սյունյաց այս աթոռում մյուս եպիսկոպոսները, կարող եք վայելել այդ գյուղն ամբողջովին՝ իր սահմաններով, մինչև հավիտյան: Ո՛չ ես, ո՛չ իմ եղբորորդիները և ո՛չ ուրիշ ավատառուներ չհամարձակվեք վեճ հարուցել ու հակառակվել: Իսկ եթե մեկը հանդգնի խոսք բացել իմ կատարածի դեմ և ցանկանա խախտել իմ այս նվիրատվությունը, աստծուց ու այդ սուրբ խաչից դատապարտվի, հոգևոր տերերից նզովվի և իմ, ծնողներիս, կյանքիս ընկեր իշխան Հրահատի բոլոր մեղքերի ու հանցանքների համար աստված նրան տուժեցնի. նա սատանայի ու իր կամակատարների հետ անշեջ կրակի մեջ տանջվի: Գրեցի հայոց երեք հարյուր տասնվեց թվականին (867 թվական) վկայությամբ իմ եղբորորդիներ իշխան Վասակի, իշխան Աշոտի, իշխան Գրիգորի, իշխան Սահակի, իրենց ազնվականների ու բոլոր շնհերցիների: Գրածիս առավել հաստատության համար նաև կնքել տվեցի Սյունյաց եպիսկոպոս, աստվածապատիվ հոգևոր տեր Սողոմոնի վավերական մատանիով: Եվ եթե մահմեդական պաշտոնեություն փոխարինի ու հափըշտակել ջանա, հազարից հազար նալլաթ ստանա ու իր փեղամբարի կողմից մերժված լինի»5։

XVIII դարի վերջին Մաճը դեռ հայաբնակ էր և համարվում էր Տաթևի եպիսկոպոսարանին հարկատու բնակավայր: Այն «Մաջ» անվամբ հիշատակվել է Տաթևի նոր հարկացուցակում (1781 թ.)՝ որպես Մաղանջուղ գավառի գյուղ6:

Ռուսական տիրապետության ժամանակաշրջանում հայերի կողմից Մաճը լքելուց շատ չանցած այն զբաղեցվել է թյուրքալեզու եկվորների կողմից: 1904 թվականին Մաճում բնակվում էր 87 թուրք բնակիչ7։ 1919 և 1922 թվականների վիճակագրություններում Մաճը գրանցվել է որպես «ավերակ»։ Հետագա վիճակագրություններն այստեղ առկա բնակչություն չեն արձանագրել: Այժմ պահպանվում են շինությունների ավերակները, գերեզմանատունը, XVII դարի միանավ եկեղեցին, որի անունը չի պահպանվել: Եկեղեցու մոտ գտնվում է խաչազարդ մի գերեզմանաքար` ջարդված, հարսանիքի պատրաստվող կնոջ պատկերաքանդակով: Եկեղեցուց վերև գտնվում է մի կնոջ տապանաքար, որին տեղացիներն անվանում են Նազիկ թագուհու գերեզմանաքար, և որը ծառայում է որպես ուխտատեղի: Չի բացառվում, որ դրանցից մեկը պատկանում է վերոհիշյալ Սյունյաց Վասակ տիրոջ անզավակ դուստրին՝ Քուպղիդուխտին՝ Հրահատ իշխանի կնոջը։ Կան նաև պարզունակ այլ խաչքարեր:

Ծանոթագրություններ

1. ՀԱԲ III, էջ 241։

2. Ստեփանոս Օրբելյան, 1986, էջ 401։

3. Ղևոնդ Ալիշան, 2011, էջ 17։

4. Ղևոնդ Ալիշան, 2011, էջ 20։

5. Ստեփանոս Օրբելյան, 1986, էջ 204, 205։

6. Մատենադարան 6271, էջ 677։

7. Կորկոտյան Զ, 1932, էջ 114, 115։

Հատված Սերգեյ Ջհանգիրյանի

«Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գրքից

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38