Մեկնարկ ենք տալիս «Սյունյաց երկիր» պարբերականի նոր հաղորդաշարին՝ «Հայացք Սյունիքից» խորագրով։
Խնդիր ենք դրել՝ ժամանակի ընթացքում հասնել նրան, որ հաղորդաշարը թողարկվի շաբաթական պարբերականությամբ, իսկ նախընտրական քարոզի օրերին, պահանջարկ լինելու դեպքում, գուցե և ավելի հաճախակի։
Ժանրային առումով հաղորդումները կլինեն հարցազրույցի, թեմատիկ զրույցի, բանավեճի ձևաչափով։
«Հայացք Սյունիքից» հաղորդաշարը վերկուսակցական, վերխմբային հարթակ է։ Եվ բաց է բոլոր նրանց համար, ովքեր ասելիք կունենան այն թեմաների շուրջ, ինչը կներկայացնենք ստորև։
Հաղորդաշարը լինելու է այն հարթակը, որտեղ քննարկելու ենք բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքի շուրջ և Սյունիքի ներսում տեղի ունեցող իրադարձությունները…
Ինչո՞ւ հենց հիմա առաջացավ նման հաղորդաշար կազմակերպելու անհրաժեշտությունը։
Երկիրը պատրաստվում է Ազգային ժողովի ընտրությունների, որ տեղի կունենա հունիսի 7-ին․․․
Այդ ընտրություններով, առանց չափազանցության, կորոշվի հայոց անկախ և ինքնիշխան պետության հետագա ընթացքը։
Սպասվող ընտրությունները բախտորոշ կլինեն նաև Սյունյաց աշխարհի համար։
Ինչո՞վ է պայմանավորված այդ անհանգստությունը։
Փորձեք վերհիշել 2020 թ․ կապիտուլյացիայից հետո մեր հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Բոլոր զարգացումների, բոլոր քննարկումների, բոլոր՝ այսպես կոչված ծրագրերի, ստորագրված թղթերի առանցքում կամ թիրախում Սյունիքն է։
Փորձեք դիտարկել այսօրվա անցուդարձը․․․
Նախընտրական զարգացումներ, հանդիպումներ միջազգային հարթակներում, խոստումներ, հավաստիացումներ, մանիպուլյացիաներ․․․
Բոլորի առանցքում դարձյալ Սյունիքն է․․․
Արդյունքում՝ Սյունիքը դարձել է Հարավային Կովկասի ամենափխրուն տարածաշրջանը, աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետը։
Հետևեք լրահոսին․ չկա մի օր, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցները չանդրադառնան Սյունիքին։
Չկա մի օր, որ Սյունիքի հանդեպ բացահայտ հավակնություններ չլսենք Ադրբեջանից կամ Թուրքիայից։
Սյունիքի մասին, որքան էլ տարօրինակ է ու զարմանալի, չեն խոսում և մտահոգություն չեն հայտնում միայն Սյունիքում։
Մենք, կարծես, որդեգրել ենք անտարբեր հայեցողի պահվածք և թամաշա ենք անում, թե ինչպես են պատառ-պատառ անում երբեմնի աննվաճ, երբեմնի հպարտ, մեր փառավոր նախնիներից մեզ փոխանցված Սյունիքը։
Այդ բոլորով հանդերձ՝ որևէ մեկին չի հաջողվել ու չի հաջողվի (կարծում ենք) Սյունիքը դարձնել անդեմ, անարժանապատիվ մարդկանց բնակության տարածաշրջան։
Սյունիքում դեռևս առկա է հայրենի մեր երկրամասին իրենց տեր հռչակած հազարավոր մարդկանց փաղանգը, ովքեր այլևս չեն ուզում կողքից հայեցողի դերում լինել․․․
Հենց նման արժանապատիվ մարդկանց թելադրանքով ու պահանջով է, որ փորձում ենք հանգամանալից քննարկումներ կազմակերպել Սյունիքի շուրջ և Սյունիքի ներսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Մարդիկ գտնում են՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, նրանց ներկայացուցիչները, ովքեր կգան Սյունիք և կհայցեն սյունեցիների աջակցությունը, պետք է կոնկրետ, հաշվարկված-հիմնավորված տեսակետ-դիրքորոշում ներկայացնեն Սյունիքի հիմնախնդիրների և Սյունիքին սպառնացող վտանգների վերաբերյալ։
***
Իսկ որո՞նք են այն հիմնահարցերը, որոնք մտահոգում են սյունեցիներիս․․․
Հիմնախնդիրներից մի քանիսը՝ ստորև․․․
√ Տեսեք՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որ, թվում էր՝ պատերազմն ավարտվել է, Սյունիքի տարբեր ուղղություններով Ադրբեջանը մի քանի անգամ ագրեսիա ձեռնարկեց։ Կորցրինք մարդկային կյանքեր, տարածքներ, հաղորդակցության ուղիներ․․․
Եվ հիմա ոչ ոք չի կարող ասել՝ որքա՞ն տարածք է Սյունիքից մնացել հայոց ինքնիշխանության ներքո՝ մինչ այդ եղած 4506 քառակուսի կիլոմետրից։
√ Եվ յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է դիրքորոշում հայտնել՝ իսկ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով ենք օկուպացված մեր տարածքները հետ բերելու կամ ազատագրելու։
Միայն թե չասեք՝ սահմանազատման-սահմանագծման միջոցով․․․
Հարցի նման լուծումը Սյունիքի մասին չէ, քանզի մարզի արևելյան սահմանները երկու անգամ՝ 1920-ականներին և 1980-ականներին արդեն իսկ սահմանազատվել ու սահմանագծվել են։
√ Սյունիքի անվտանգային համակարգը հայոց պետականության, նաև իրական ու երաշխավորված խաղաղության գլխավոր գրավականներից է։
Ուրեմն և հասկանալի չի լինի երկրի կառավարմանը հավակնող որևէ քաղաքական ուժի պահվածքը, եթե չներկայացնի մեր երկրամասի անվտանգության ապահովման իր տեսլականը։
√ Սյունիքն աշխարհի, նաև Հայաստանի այն բացառիկ տարածաշրջաններից է, որտեղ խաղաղության մասին բաղձանքը բարձրագույն և անսակարկելի արժեք է։
Ու թող ոչ մեկն իրավունք չվերապահի իրեն՝ սյունեցիների նվիրական այդ երազանքի շուրջ խաղեր կազմակերպել։
Մեծագույն վտանգ կարող է ներկայացնել հատկապես պատրանքային խաղաղությունն իբրև իրականություն ներկայացնելը։
√ Մենք ակնկալում ենք անկեղծ խոսակցություն այսպես կոչված «Թրամփի ուղու» կամ «Թրիփփի» շուրջ։
Նախ՝ աշխարհագրական տեսակետից կամ ֆիզիկական իմաստով ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ուղին։
Ավելի պարզ՝ քանի՞ քառակուսի կիլոմետր է տրամադրվելու «Թրամփի ուղուն» և խոսքը ո՞ր տարածքների մասին է։
Ի՞նչ ասել է «անխոչընդոտ» ճանապարհ Ադրբեջանի երկու հատվածի միջև։
Կամ՝ որքանո՞վ է «Թրիփփը» առնչվում Սյունիքի անվտանգությանը։
Որքանո՞վ և ինչպե՞ս է պահպանվելու հայոց ինքնիշխանությունը Սյունիքի այդ հատվածում։
Չափազանց կարևոր մի հանգամանք ևս․ Սյունիքի տարածքի մի մասը մոտ 100 տարով տրվում է այլ երկրի, որն էլ (ըստ հրապարակված փաստաթղթերի) կարող է հետագայում փոխանցվել 3-րդ երկրի, բայց տեղաբնակներիս կարծիքը ոչ ոք չի հարցնում՝ թեկուզև տեղական հանրաքվե կազմակերպելով։
Իսկապես՝ իսկ Սյունիքի բնակիչներն ուզո՞ւմ են, որ Թուրքիան ու Ադրբեջանը մարզի տարածքով միմյանց կապվեն «անխոչընդոտ» ճանապարհով։
Կամ՝ եթե Ադրբեջանի երկու հատվածը տրանսպորտային ուղիով միմյանց կապելու խնդիրն աշխարհին այդպես մտատանջում է, ապա ինչո՞ւ նույն մտահոգությունը չենք տեսնում Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Եղվարդ ճանապարհների ապաշրջափակման հարցում։
Ինչո՞ւ Մեղրու բնակիչը չպետք է կարողանա Նախիջևանով՝ «անխոչընդոտ», հասնել մայրաքաղաք։
√ Մեզ համար շատ կարևոր է քաղաքական ուժերի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։
Հիշենք՝ քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել առաքյալների ժամանակ՝ Սյունիքից։
Սյունիքն էր, որ դարեր շարունակ դրոշակակիր էր ունիթորության, քաղկեդոնության և մյուս աղանդների դեմ պայքարում։
Այո, Հայ առաքելական եկեղեցին լրջագույն բարեփոխումների կարիք ունի, բայց դա եկեղեցու ներքին գործն է։
Մինչ այդ շարունակում ենք հաստատուն մնալ Հայոց նվիրապետի հետ և դատապարտում ենք նրա դեմ ուղղված ամեն մի գործողություն, որ հակասում է ՀՀ սահմանադրությանը։
√ Սյունիքի ժողովրդագրական վիճակը․․․
Ինչպե՞ս է ստացվել, որ մարզի ոչ վաղ անցյալի մոտ 160 հազար բնակչությունը նվազել է գրեթե 1/3-ով կամ 50 հազարով։
Պատկերացնո՞ւմ եք՝ ժողովրդագրական ինչ պատկեր կունենանք, եթե մարզի հանդեպ ներկայիս վերաբերմունքն արմատապես չփոխվի։
√ Իսկ թե ինչ է կատարվում մարզի կրթական համակարգում՝ չի տեղավորվում ողջամիտ հայ մարդու երևակայության մեջ։
2025-ին փակվեց 100-ամյա և մեծահամբավ երկու քոլեջ, հիմա էլ փակման են պատրաստում 47 հանրակրթական դպրոց՝ շատ լավ իմանալով՝ դպրոցներից զրկված բնակավայրերը վաղ թե ուշ գրեթե անմարդաբնակ են լինելու․ նման նախադեպեր ունենք։ Ընդ որում՝ խոսքը սահմանապահ և բարձր լեռնային գյուղերի մասին է։
Հիմա ինչ՝ հաշտվե՞նք 47 գյուղի դեմ ձեռնարկված գրոհին․․․
√ Անհրաժեշտ է հստակ վերաբերմունք Ադրբեջանի նախագահի քաջալերանքով սկիզբ դրված «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի հանդեպ։
Այնտեղ չեն էլ թաքցնում՝ ծրագրի թիրախներից առաջինը Սյունիքն է։
Ինչպե՞ս ենք դիմագրավելու մեր երկրամասի լինելությանը սպառնացող այդ ծրագրերին։
√ Սյունիքը և Հայոց Արցախը՝ ի սկզբանե, մի ամբողջություն են եղել՝ և՛ ժողովրդագրական տեսակետից, և՛ կենցաղով, ավանդույթներով, բարբառով, և՛ անվտանգության միասնական համակարգով։
Այնպես որ՝ իրական ու ողջամիտ սյունեցու համար միևնույնը չէ, թե ի՞նչ է հետայսու լինելու բռնազավթված Արցախի հետ, ի՞նչ է ներկայումս կատարվում Արցախի մեր սրբավայրերի հետ, ի՞նչ է կատարվում Բաքվի զնդաններում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ գերիների հետ։
√ Ակնկալում ենք՝ Սյունիք այցելող քաղաքական ուժերը կպատասխանեն նաև այս հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի Հանրապետության հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ՝ նկատի ունենալով Իրանի դեմ սանձազերծված պատերազմը, նկատի ունենալով նաև ՌԴ-ի՝ արդեն իսկ ունեցած ներկայությունը մեր անվտանգային համակարգում, ինչպես և տնտեսական կյանքում։
***
Եվ նման բազմաթիվ հարցեր․․․
Խոսակցության թեման, ինչպես նկատեցիք, Սյունիքն է լինելու՝ իր ներկա կացությամբ, իր հիմնախնդիրներով, տեղի ունեցած և ունեցող զարգացումներով։
Ուստի և ուզում ենք լսել ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումը սյունիքյան հիմնախնդիրների վերաբերյալ։
Հարթակը հաճույքով կտրամադրենք բոլորին, ովքեր անհաղորդ չեն վերոնշյալ մտահոգություններին, ովքեր նույնիսկ չեն կիսում խմբագրության մոտեցումները և պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները․․․
Առայժմ այսքանը․․․
Շնորհակալություն ուշադրության համար։
Մինչև նոր հանդիպում․․․