Ժաննայի և Արաքսիայի կեղծարարությունների գորիսյան հրավառությունը նոր փուլ է թևակոխում

10.03.2026 15:23
270

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։

Դա այն քոլեջն է, որ հորինվեց Գորիսի երկու մեծահամբավ քոլեջը (մինչև այժմ չհիմնավորված պատճառաբանությամբ) վերացնելու հիման վրա։

Մրցույթի հավակնորդները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 2026 թ․ մարտի 20-ը։

Մրցույթը տեղի կունենա 2026 թ․ մարտի 31-ին՝ ժամը 14-ին, «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։

***

Մրցույթին մասնակցելու հայտ է պատրաստում նաև Գորիսի նախկին պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը։

ՀՀ կառավարության 2014 թ․ դեկտեմբերի 25-ի № 1494-Ն որոշմամբ հաստատված՝ տնօրենի ընտրության կարգի 12-րդ կետի համաձայն՝ Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն էլ «Տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիրը» ներկայացնելն է։

Նույն կարգի 15-րդ կետի համաձայն՝ «Ուսումնական հաստատության տնօրենը կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, կամ պարտականություններ կատարողը, անհրաժեշտության դեպքում, տվյալ հաստատության զարգացման ծրագիրը կազմելու համար հավակնորդին տրամադրում է տեղեկատվություն հաստատության գործունեության մասին (դասախոսական, ուսանողական համակազմի, ուսումնադաստիարակչական, ուսուցանվող մասնագիտությունների, արտալսարանային գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին և այլ գաղտնիք չպարունակող տեղեկատվություն)՝ հավակնորդի կողմից համապատասխան  տեղեկատվություն ստանալու համար ուսումնական հաստատության ղեկավարին դիմում ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում»։

Հավականորդ Կարեն Լազարյանը, հիմք ընդունելով վերոնշյալ կարգավորումները, մարտի 9-ին դիմել է «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմինե Կոլյանին՝ պահանջելով մի քանի տեղեկություն՝ Հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիրը կազմելու համար:

Պաշտոնակատարը, ինչպես և սպասվում էր, հանկարծակիի է եկել և տարբեր մարդկանց հետ հեռախոսով հապշտապ խորհրդակցելուց հետո մերժել հավակնորդի օրինական պահանջը (ֆեյքին խոստացել էին, որ մրցույթին մենակ է մասնակցելու և խնդիրներ չեն լինելու)։

Մերժել է նաև հավակնորդին մերժելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ տրամադրելու օրինական պահանջը։

Հավակնորդը նույն օրը՝ մարտի 9-ին, գրավոր դիմում է հղել Կառավարման նորաստեղծ խորհդի նախագահ Անդրանիկ Բուդաղյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննային՝ խնդրելով կարգի հրավիրել պաշտոնակատարին և  իրեն տրամադրել պահանջվող փաստաթղթերը։

Կառավարման խորհրդի նախագահի արձագանքը դեռևս չի ստացվել։

Սակայն, ի պատասխան Ժաննային հղած դիմումի, փոխնախարար Արաքսիան անհեթեթ ու տարօրինակ ընթացք է տվել դիմումին՝ հավակնորդի բարձրացրած խնդրին ԿԳՄՍ նախարարությունը կանդրադառնա մինչև սթ մարտի 30-ը։

Ուշադրություն փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 20-ն է, բայց նախարարությունը հավակնորդին կպատասխանի դրանից 10 օր անց՝ մարտի 30-ին։

Անհեթեթությամբ և տգիտությամբ հունցված այս պատասխանը վերծանելու համար հավակնորդը մտադիր է դիմել հոգեբուժական որևէ հաստատություն, քանզի անհնար է հասկանալ Արաքսիայի պատասխանը՝ փաստաթղթերը պետք է հանձնվեն մինչև մարտի 20-ը, բայց նախարարությունը հավակնորդին կպատասխանի մարտի 30-ին։

***

Տեղի ունեցածը և ունեցողն արդեն իսկ վկայում են, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ՝ պետական սահմանված կարգի համաձայն, Գորիսի բազմագործառութային քոլեջում չի կայանալու։

Ժաննան ստացել է հանձնարարություն՝ կեղծ հավաստագրով տիկնոջը՝ ամեն գնով, դարձնել նորաստեղծ քոլեջի տնօրեն։

Եվ ինքը հաստատակամորեն քայլում է այդ ճանապարհով՝ ծաղրելով հայոց պետական կարգը, ծաղրելով իր իսկ զբաղեցրած աթոռը, գերազանցելով իր լիազորությունները։

Ու չնայած այդ ամենին՝ Կարեն Լազարյանը սահմանված ժամկետում կներկայացնի պահանջվող փաստաթղթերը։ Իսկ դրանց օրինականությունն ու ամբողջականությունը կորոշի Կառավարման խորհուրդը։

Ընդ որում՝ կներկայացվի նաև զարգացման ծրագիրը, որում, բնականաբար, կբացակայեն այն տեղեկությունները, որոնք կամայաբար չի տրամադրել քոլեջի տնօրենի ֆեյք պաշտոնակատարը։

Կներկայացվի նաև տեղեկություն  դատական այն գործի ընթացքի վերաբերյալ, որով վիճարկվում է հավակնորդին հավաստագիր չտալու մասին Հավաստագրման հանձնաժողովի կեղծված որոշումը։

***

Ժաննայի և Արաքսիայի կողմից գորիսյան քոլեջների առնչությամբ թույլ տրված նախորդ ապօրինությունների մասին ընթերցողը տեղյակ է, և հարկ չկա այսօր նորից անդրադառնալ դրանց։

Սակայն (այլևս զարմանալի չէ) նրանք կանգ չեն առնում և շարունակում են կեղծիքներ ու ապօրինություններ թույլ տալ...

Խոսքն այս դեպքում նորաստեղծ քոլեջի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին Ժաննայի 2026 թ փետրվարի 19-ի հրամանի մասին է։

Այն, ինչ հերթական անգամ կատարել է նախարարի պաշտոնը զբաղեցնող կինը, չի կարող տեղավորվել մարդկային երևակայության և նույնիսկ մեր օրերում ստեղծված-ձևավորված-օրինականացված ստերի օվկիանոսում։

Կառավարման խորհուրդն այն մարմինն է, որը պետք է անցկացնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ՝ արդյունքում ընտրելով տնօրեն։

Հենց այդ հանգամանքն է ստիպել նախարար կոչվածին, որ գործի դնի ապօրինությունների ամբողջ զինանոցը։

Տեսեք, թե ինչպես է այդ կինը ձևավորել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը։

Մեր ձեռքի տակ է նախարարի 2026 թ․ փետրվարի 19-ի հրամանը՝ չհամարակալված, հրամանի նախաբանում վկայակոչված փաստաթղթերի ժամկետը շփոթած։

Հրամանի 1-ին կետով հաստատվում են նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը՝ համաձայն՝ 1-21 հավելվածների։

Հավելված 1-ով ներկայացվում է Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմը՝ բաղկացած 11 հոգուց։

Թվում է՝ ամեն ինչ նորմալ է՝ նախարարության բլանկ՝ երկրի զինանշանով, նախարարի ստորագրություն, սակայն...

Մի միջանկյալ հիշեցում Կառավարման խորհուրդը պետք է ձևավորվի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման» կարգի համաձայն, որը հաստատված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թ փետրվարի 24-ի  թիվ 124-Ն հրամանով։

Խորհրդի կազմավորման որոշ սկզբունքներ արտացոլված են նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով։

Հիմքեր ունենք ենթադրելու, որ նախարարն ու իր տեղակալը ծանոթ չեն այդ փաստաթղթերին:

Եվ այսպես՝ ԿԳՄՍ նախարարը 2026 թ փետրվարի 19-ին ստորագրում է հրաման ու հաստատում Գորիսի նորաստեղծ քոլեջի կառավարման խորհրդի կազմը։

Նախարարը, ըստ Կարգի 3-րդ կետի, կարող էր խորհուրդը ձևավորել միայն ու միայն Հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության և պետական այլ մարմինների կողմից առաջադրված թեկնածուներից։

Կարգի 14-րդ կետի համաձայն՝ խորհրդի անդամի թեկնածուները պետք է առաջադրված լինեին նախարարի հրամանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ։

Մինչդեռ՝ փետրվարի 19-ին՝ հրամանը ստորագրելու ժամանակ, նախարարը չի ունեցել գործող կարգի համաձայն առաջադրված թեկնածուներ ո՛չ Հաստատության մանկավարժական կազմից, ո՛չ ուսանողությունից։

Եվ չունենալով օրինականորեն առաջադրված թեկնածուներ, նախարարը՝ իբրև դասախոսական կազմի ներկայացուցիչներ, խորհրդի անդամ է նշանակում հայոց արևելյան կողմերում ոչ անհայտ և անփառունակ Անժելա Առաքելյանին ու Հայկուշ Էլյազյանին։

Պարզվում է՝ հաստատության մանկավարժական կազմից խորհրդի անդամության թեկնածու առաջադրելու «տեսիլքը» քոլեջում կազմակերպվել է փետրվարի 20-ին, այսինքն՝ նախարարի հրամանից մեկ օր հետո (5 օր առաջ ներկայացնելու փոխարեն)։

Եվ այդ «գործընթացը» կազմակերպվել է ոչ թե թեկնածուներ առաջադրելու, այլ արդեն իսկ ստորագրված հրամանով նշանակված անդամների գոյությունն օրինականացնելու համար։

Ուստի և (հակառակ կարգի)՝ քոլեջում ոչ թե մանկավարժական կազմի ընդհանուր ժողով է գումարվում, այլև պաշտոնակատարի քարանձավային սպառնալիքների միջոցով ձևավորված հնազանդների հավաք, որի մասին (ըստ պատշաճի) չէին իրազեկվել բոլոր մանկավարժները։

Այդուհանդերձ՝ հայտնի է դարձել, որ նախարարը միայն դասախոսների մասով չի կեղծել հրամանը, այլ ուսանողների մասով ևս։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 18-ի 4-րդ կետի համաձայն՝ սովորողներից խորհրդի անդամի թեկնածուներ կարող է առաջադրել միայն ու միայն սովորողների ինքնակառավարման մարմնի ընդհանուր ժողովը։

Մինչդեռ՝  մինչև հիմա նորաստեղծ քոլեջում չի ստեղծվել ուսանողական ինքնակառավարման մարմին։ Այսինքն՝ քոլեջում չկա ու չի եղել այն մարմինը, որը խորհրդի անդամի թեկնածուներ առաջադրելու բացառիկ իրավունքով է օժտված։

Եվ չնայած դրան՝ երեք ուսանողի անուն է հայտնվել Կառավարման խորհրդի կազմում՝ Լիաննա Սահակյան, Լուսինե Մինասյան, Նարեկ Հովսեփյան։

Այսպիսով՝ չունենալով որևէ հիմք, նախարարը սթ փետրվարի 19-ի հրամանով հինգ հոգու (Հաստատությունից) կամայականորեն շնորհել է Կառավարման խորհրդի անդամի կարգավիճակ։ Իսկ դա նշանակում է՝ խորհուրդը չի կարող լինել լեգիտիմ և իրավազոր, իրավազոր ու լեգիտիմ չեն կարող լինել նաև խորհրդի «ընտրված» նախագահն ու քարտուղարը նույնպես։

Այդ ամենից հետո առաջանում է ևս մեկ անմեղ հարց․ իսկ ո՞վ է նախարարություն ներկայացրել օրինականորեն չառաջադրված այդ հինգ թեկնածու-անձնավորության անունները (երկու դասախոս և երեք ուսանող)։

Կարգի 11-րդ կետի համաձայն՝ «... թեկնածուներին լիազորված մարմին է ներկայացնում Հաստատության տնօրենը՝ կցելով համապատասխան նիստի արձանագրությունը կամ քաղվածք՝ արձանագրությունից»։

Դրանից հետևում է՝ քոլեջի տնօրենի ֆեյք պաշտոնակատարն է գերազանցել իր լիազորությունները և սեփական քիմքին հաճո ցուցակ մոգոնել ու ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, որտեղ էլ (ինչպես սպասվում էր) չեն ստուգել դրա հիմքերը կամ ֆեյքին տվել են քարտ բլանշ՝ գործելու այնպես, ինչպես կամենում է...

ՀԳ

Հիշեցում Գորիսի նորաստեղծ քոլեջի կառավարման ապօրինի խորհրդի անդամներին։

ՀՀ սահմանադրության Հոդված 6-ի համաձայն՝ «1 Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Գորիսի նորաստեղծ քոլեջի կառավարման խորհուրդը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնող տիկնոջ կողմից կազմավորվել է առանց օրենքով և գործող կարգով սահմանված հիմքերի, ինչը նշանակում է՝ ձևավորված խորհուրդը լեգիտիմ և իրավազոր չէ, այլ սովորական ֆարս կամ սովորական ծաղրածություն։

Մեկ ուրիշ հանգամանք ևս՝ կապված Կառավարման խորհրդի օրինավորության հետ:

Հորինված-մոգոնված խորհրդի և ֆեյքի միջև առկա է շահերի որոշակի բախում:

Խորհրդի նախագահը (օրվա անցավոր մարզպետի կողմից առաջադրված) և ֆեյքն արյունակից բարեկամներ են:

Իսկ խորհրդի անդամ Նաիրա Մկրտչյանը (Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ) որոշակի պարտավորվածություն ունի տնօրենի պաշտոնակատարի հանդեպ. օրեր  առաջ է կարողացել իր ամուսնուն աշխատանքի տեղավորել  քոլեջում:

Հետևաբար՝ օրենքի և կարգի ակնհայտ խախտումներով ձևավորված խորհուրդը չի կարող տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնել։

Եթե խորհրդի անդամները (այդ ամենից հետո) չհրաժարվեն մեկնարկած զավեշտախաղին մասնակցելուց, ապա «մրցույթ» անունով ներկայացումը վիճարկվելու է դատական կարգով՝ որքան էլ երկար տևի, որքան էլ ջանք պահանջվի, որքան էլ մոսկվայաբնակ մեծահարուստ գորիսեցու շաբաշով՝ կեղծ հավաստագրով կնոջից քոլեջի տնօրեն շուլալելու-կցմցելու խնդիր հետապնդվի «պետության» անունից։

Սոսի սրբազան ծառի հայաստանյան «բնակատեղին» Սյունիքի Բասուտա գետի հովիտն է՝ Ներքին Հանդ-Զանգելան սահմանին սփռված

10.03.2026 15:44

Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ

10.03.2026 15:43

Ժաննայի և Արաքսիայի կեղծարարությունների գորիսյան հրավառությունը նոր փուլ է թևակոխում

10.03.2026 15:23

Եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ը կհարվածի «20 անգամ ավելի ուժեղ». Թրամփ

10.03.2026 14:03

Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները վերջնականապես հաստատվել են

10.03.2026 13:57

Սյունիքյան մտահոգություններ, որոնց պատասխանն ակնկալում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից

10.03.2026 12:49

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի դեմ նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ գները նվազեցնելու համար

10.03.2026 10:36

«Իրանը չի դիտարկում ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը». Արաղչի

10.03.2026 10:29

Գնահատանք՝ Կանանց տոնի առթիվ

09.03.2026 22:36

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի հետ

09.03.2026 21:34

Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի

09.03.2026 18:54

Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը

09.03.2026 17:52