Գորիսի «Միրհավ» հյուրանոցն այն հանգրվաններից է, որտեղ ժամանակավորապես, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով, բնակվում են արցախցիները: Նրանց թվում է արցախցի դպրոցականների մի խումբ, որ մեկնել էր Երևան՝ դեկտեմբերի 11-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ-2022» հոբելյանական մրցույթի եզրափակիչ փուլը դիտելու համար:
Հունվարի 15-ին հանդիպեցինք արցախցի երեխաների հետ և զրույց ունեցանք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանի հետ:
- Տիկին Աիդա, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ՝ Գորիսում:
- Գնացել էինք Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչ փուլը դիտելու. նախաձեռնությունն իմն էր:
Երբ վերադառնում էինք Երևանից (դեկտեմբերի 12-ին ենք այնտեղից դուրս եկել), ճանապարհին տեղեկացանք, որ Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցիների կողմից, և մնացինք Գորիսում:
Երեխաների այս թիմը՝ բաղկացած 16 հոգուց, ձևավորվել է կրթության, մշակույթի, սպորտի ոլորտում (Հայաստանում և արտերկրում) հաջողություններ գրանցած երեխաներից:
Տարբեր դպրոցների երեխաներ են, այս ընթացքում են միմյանց ծանոթացել: Երեխաները 10-19 տարեկան են: Խմբում 19 տարեկան մի աղջիկ ունենք՝ քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի, 20-ամյակն այստեղ լրացավ:
Ի դեպ, այստեղ երեք երեխայի ծննդյան օր ենք նշել:
- Ձեզանից բացի ուրիշ ուսուցիչ կամ ծնող չկա՞ խմբում: Եվ Ձեր առաջին քայլերը, երբ իմացաք ճանապարհի արգելափակված լինելու մասին:
- Մի ուսուցչուհի է եղել ինձ հետ՝ որպես օգնական...
Երբ հասանք Գորիս, հինգ ժամ մնացինք մեքենայում: Այդտեղ արդեն երեխաներին սնունդ տրամադրեցին:
Եվ երբ պարզվեց, որ ճանապարհը մոտ ժամանակներում չի բացվելու, տեղափոխվեցինք այստեղ՝ «Միրհավ»:
Սկզբից երեխաները լարված էին, հետո տեսան, որ իրավիճակը մեզանից անկախ է ստեղծվել, և մնաց միակ տարբերակը՝ արժանապատվորեն դիմանալ ու դիմակայել:
- Հիմա, ըստ երևույթին, և՛ ծնող եք, և՛ ուսուցչուհի, և՛ խորհրդատու. կարողանո՞ւմ եք այդ ծանր և պատասխանատու բեռը կրել:
- Շատ գիտակից երեխաներ են, իրենք էլ հասկանում են, որ դժվարությունները միասին պետք է հաղթահարենք, որ իրավիճակը հավերժ չի կարող այսպես մնալ:
Ամեն մի դժվարություն մեզ ավելի է ուժեղացնում և համախմբում, այնպես որ՝ այս փուլը պետք է անցնենք, որպեսզի առավոտը բացվի:
- Իսկ Ձեր ընտանիքը... Հավանաբար Արցախում է, կարողանո՞ւմ եք կապ պահպանել նրանց, նաև երեխաների ծնողների հետ:
- Ընտանիքս, երեխաներս, թոռնիկներս Արցախում են:
Կապը կա... Ծնողներն էլ են այնտեղից զանգահարում, նաև տեսազանգով ենք հաղորդակցվում:
Ծնողները հանգիստ են, քանզի այստեղ միասին ենք և համախմբված:
Բոլոր երեխաներն ունեն հեռախոս և ժամանակ առ ժամանակ խոսում են հարազատների հետ:
Արդեն մի ընտանիք ենք դարձել, ձգտում ենք ստեղծված վիճակին էլ դրական երանգներ տալ:
- Ո՞վ է հոգում երեխաների ծախսերն այստեղ:
- Ճիշտն ասած՝ մենք ընդհանրապես գումար չենք տալիս հյուրանոցին, պետությունն է հոգում ծախսերը:
Հյուրանոցի տնօրեն պարոն Շահենը, հյուրանոցի մենեջերը՝ տիկին Գայանեն և հյուրանոցի ամբողջ անձնակազմը լավագույնս են վերաբերվում մեզ հետ, կարծեք մեկ միասնական ընտանիք ենք:
Հյուրանոցի կառուցվածքն էլ այնպիսին է, որ տան տպավորություն է թողնում, հարազատ օջախի տպավորություն:
- Երեխաների առօրյան. կարողանո՞ւմ եք նրանց անհանգստությունն ու լարվածությունը մեղմել:
- Նախ՝ օրը երեք անգամ սնվում ենք՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք...
Մի շատ կարևոր հանգամանք՝ ծնողներն ինձ վստահում են, ինչն ինձ ուժ է տալիս և օժտում հավելյալ պատասխանատվությամբ: Երեխաների համար դարձել եմ երկրորդ ծնող. դրանից ինձ լավ եմ զգում, դրանից նույնպես երևում է, թե ինչպիսի մթնոլորտ է մեր խմբում:
- Մենք տեղեկացանք, որ երեխաները Գորիսում դպրոց են հաճախում, այսինքն՝ կրթական գործը նույնպես կազմակերպվում է:
- Այո, երեխաները հաճախում են թիվ 1 դպրոց:
Պայուսակները, գրենական պիտույքները, նաև որոշակի խաղեր տրամադրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Ուսուցիչները գոհ են, թիմում ունենք աշխարհագրություն առարկայից առաջին կարգի դիպլոմակիր՝ Մաքսիմն է, առաջին կարգի դիպլոմակիր պատմություն առարկայից՝ Մհերն է, սեղանի թենիսի չեմպիոն, ծանրամարտի չեմպիոն, ձյուդոյի, վոկալի բնագավառներում Հայաստանի մասշտաբով աչքի ընկած երեխաներ: Ունենք սաքսոֆոն նվագող, շեփորահար, ակորդեոնիստ: Մի խոսքով՝ տաղանդավոր երեխաների խումբ է:
Երաժշտական քոլեջի ուսանողներն էլ հաճախում են տեղի արվեստի դպրոց:
Նաև երաժշտական գործիքներ են տրամադրել երեխաներին՝ քանոն, դհոլ, կլառնետ, ակորդեոն, իսկ դաշնամուրից օգտվում են արվեստի դպրոցում:
- Այդ ամենից կարելի է ենթադրել, որ երեխաների ազատ ժամանակն էլ բովանդակալից է:
- Էքսկուրսիաներ ենք կազմակերպել՝ Գորիս գյուղ, Հին Խնձորեսկ, Ակսել Բակունցի տուն թանգարան, նաև Գորիս քաղաքի տեսարժան վայրեր:
Կարմիր խաչի ներկայացուցիչներն են պարբերաբար գալիս՝ երեխաների հետ վարժություններ անում, Երևանից արվեստագետներ են եկել՝ նկարչության դասեր վարել, ուսուցիչներ են եկել...
- Պետական աջակցության մասին իմացանք, Կարմիր խաչի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին՝ նույնպես: Ուրիշ ի՞նչ կազմակերպություններ են Ձեզ աջակցում:
- Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (վերարկուները նրանք են տրամադրել երեխաներին), Ֆրանսիայի մեր բարեկամներն են երեխաներին տաբատներ տրամադրել:
Արտերկրից բազմաթիվ լրագրողներ են այցելել՝ «Ֆրանսիա-24», «Ֆիգարո», «Ֆրանս-Արմենի»... Գերմանիայից են լրագրողներ եկել, Եվրամիության դիտորդներն են մեզ հանդիպել: Գերմանացի մի լրագրողի հետ նույնիսկ փաստագրական ֆիլմ ենք նկարահանել, հրաշալի գործ է լինելու, մոտ օրերս կներկայացվի հանրությանը:
- Որքան տեղյակ ենք՝ Գորիսում մոտ 300 արցախցի է հանգրվանել:
- 270-ը երեխաներ են, մի մասը՝ ծնողներով, գերակշիռ մասը՝ առանց ծնողների:
Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչ Իրինա Յոլյանի հետ ամենօրյա կապի մեջ ենք, աջակցում է ամեն մի հարցում:
Ակտիվ է Կարմիր խաչի ներկայացուցիչ Սաթինեն, համարյա ամեն օր այցելում է մեզ, հանդիպում երեխաներին, առաջին օգնության դասեր վարում:
- Ասացիք՝ երեք երեխայի ծնունդ եք նշել Գորիսում, այդ մասին...
- Դեկտեմբերի 19-ին ձյուդոյի չեմպիոն Մարիաննայի ծննդյան օրն էր, նշեցինք: Հունվարի 13-ին Դիանայի ծննդյան օրն էր՝ «Գրան պրի»-ի արժանացած մեր աղջիկն է՝ վոկալից: Հունվարի 14-ին էլ Աստղիկիս ծնունդն էր՝ քանոնահարուհի, բազմաթիվ մրցույթների դափնեկիր:
Բոլոր դեպքերում այնպես ենք արել, որ գիշերվա ժամը 12-ին մոմերը վառվեն, քաղցրավենիքով սեղանները պատրաստ լինեն... Երեխաներին բերել և անակնկալ ենք մատուցել:
Ծնողներն էին զանգահարում և իրենց ուրախությունը հայտնում, որ երեխաների ծնունդն այդպիսի կազմակերպվածությամբ ենք նշում:
- Երեխաների մեջ կա՞ն հոգեբանորեն ճնշվածներ:
- Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, ավարտել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանը, երկրորդ մասնագիտությունս Արցախում եմ ստացել՝ լեզու, գրականություն և երկու տարի է՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական եմ, մինչ այդ եղել եմ դպրոցի փոխտնօրեն, ուսուցիչ և աշխատել երեխաների հետ:
Իմ մասնագիտությունը և աշխատանքային փորձը թույլ են տալիս, որ ամեն ինչ հանգիստ ընդունեմ: Խնդիրներ, իհարկե, ծագում են, բայց աշխատում ենք սահուն, առանց ցնցումների լուծել: Ծնողների կարոտ կա, ո՞նց կարող է չլինել: Այս պայմաններում նույնիսկ, երբ շրջափակման մեջ է Արցախը, երեխաներն ուզում են վերադառնալ այնտեղ, լինել ծնողների և ընկերների հետ: Արցախցի երեխաների այս սերունդը երկու պատերազմ է տեսել, նրանք տասը և ավելի տարեկան են, բայց հոգեբանորեն ավելի մեծ են: Նրանք արդեն գիտեն՝ ինչ է տեղի ունենում, չենք կարող «հեքիաթներով» խաբել, ռեալ մտածում են, իրականությունը տեսնում և գնահատում... Լուրջ խնդիրներ,համենայն դեպս, չեն եղել, որովհետև յուրաքանչյուրն իմ տեսադաշտում է, անցանկալի բոլոր քայլերը, թեթևակի շարժն իսկույն կանգնեցնում եմ, չեմ թողնում խորանա: Քրոնիկ հիվանդներ չկան, բայց այս վիրուսներից վարակվել են, բուժումներ ստանում են, մի երեխա հինգ օր կաթիլային ներարկում է ստացել (շատ ծանր է տարել Վլադիմիրը), մի քանի երեխա էլ թեթև են տարել:
- Արցախում և Արցախի շուրջ քաղաքական բուռն զարգացումներ են տեղի ունենում...
- Քաղաքական անցուդարձին հետևում ենք, բայց որքան հնարավոր է՝ երեխաներին հեռու եմ պահում այդ ամենից, նաև ինքս եմ հեռու մնում: Աշխատում եմ երեխաների ուշադրությունը կենտրոնացնել դասի, կրթության, իրենց նախասիրությունների վրա:
- Առօրյա, ընթացիկ ծախսերի համար երեխաները գումարի կարիք ունենո՞ւմ են:
- Խոստովանեմ՝ երեխաներն այստեղ գումարի կարիք համարյա չունեն, սնունդը տրվում է, ինչ հագուստի կարիք եղել է՝ տվել են, իսկ եթե կարիքներ լինում են, ապա գրանցում և գնահատում ենք, լուծում տալիս: Երեխաների հաճույքների համար երբեմն ծնողները գումար են ուղարկում, իսկ ես շարունակում եմ ծնողներին հորդորել, որ դրա կարիքը չկա:
- Կա՞ն երեխաներ, որ ազգականներ ունեն Հայաստանում:
- Նույնիսկ Գորիսում, մոտակա գյուղերում նրանք հարազատներ ունեն, որ գալիս են երեխաների հետևից՝ տանելու, բայց չեն գնում, ասում են՝ մեզ համար այստեղ ավելի լավ է: Մի երեխա ունենք, որ գնացել է եղբոր և քրոջ մոտ, որոնք ուսանող են Երևանում: Մնացածները, ինչպես նշեցի, գնալ չեն ուզում, այստեղ՝ ընկերների հետ իրենց ավելի լավ են զգում:
- Դուք նշեցիք, որ Ձեր ընտանիքն Արցախում է...
- Ամուսինս թոշակառու սպա է, բայց էլի հերթապահում է, մեծ որդիս սպա է՝ ավագ լեյտենանտ, աղջիկս «Կոնվերս բանկ»-ում է աշխատում, փոքր տղաս բժշկականի 6-րդ կուրսում է, քննություններն ավարտել է և ուզում է միանալ մեր խմբին, երկու թոռնիկ ունեմ: Բոլորին կարոտում եմ, իրենք էլ ինձ են կարոտում, բայց և դիմանում ենք...
Զրույցը՝
Սամվել Ալեքսանյանի
15. 01. 2023 թ.