Մանկապարտեզի դաստիարակներն ու դայակներն 8-ի փոխարեն աշխատում են 9 ժամ՝ առանց ընդմիջման. նոր օրինագիծը նաեւ դա կկարգավորի

07.02.2020 19:48
1741

Օրական քանի՞ ժամ պետք է աշխատեն մանկապարտեզների դաստիարակները, դայակները, ինչպե՞ս կազմակերպել նրանց հանգստի ժամը, ե՞րբ հաստատությունից դուրս գալ չի կարելի:

Հայաստանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատաժամանակի եւ հանգստի հարցը դեռեւս կարգավորված չէ: Այդ իրավիճակում մի դեպքում խախտվում են աշխատանքային իրավունքներ, մյուս դեպքում, անվտանգությունից ելնելով, երեխաներին միայնակ թողնել չի կարելի:

Երեւանի մանկապարտեզներից մեկի դաստիարակը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում դժգոհեց, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոլորտն անտեսված է: Ինչպես պատմեց աշխատակիցը, ամեն օր աշխատում են 9 ժամ՝ 8:30-17:30, վարձատրվում՝ մեկ դրույքաչափի համար, փաստացի չունեն հանգստի ժամ եւ շարունակ պետք է ուշադիր լինեն երեխաների նկատմամբ:

Ընդմիջումն այսպես են անցկացնում. քանի որ չեն կարող օգտվել մանկապարտեզում երեխաների համար պատրաստվածից, տնից ուտելիք են բերում, այնպիսի բան, որը չի փչանում, կամ լավագույն դեպքում թույլտվություն են վերցնում տնօրինությունից, վազում մոտակա խանութ: Գնածն ուտում են երեխաների քնի ժամին, միեւնույն ժամանակ հետեւում փոքրիկներին: Ավելի հաճախ, ըստ նրա, ուղղակի սուրճ են հասցնում խմել:

«Երեխաներին մենակ թողելու փաստը բացառված է, նույնիսկ քնի ժամին, բայց դրա դիմաց չվարձատրվելը չեմ կարծում, թե խելամիտ է»,- նշեց աշխատակիցը՝ հավելելով, որ ստացվում է, որ չեն օգտագործում իրենց ազատ ժամանակն այնպես, ինչպես հարմար է, 9 ժամ գտնվում են աշխատավայրում եւ հավելյալ չեն վճարվում: Դաստիարակը նշեց, որ ստանում է 94.000 դրամ աշխատավարձ:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ ծնողը, երեխաներն ունեն իրավունքներ, իսկ աշխատակիցները՝ միայն պարտականություններ:

Իրենց խմբում 33-34 երեխայի խնամում է 1 դայակ եւ 1 դաստիարակ:

Մանկապարտեզի աշխատակիցը դժգոհեց, որ այս պայմաններում աշխատելը շատ բարդ է, պատասխանատու են յուրաքանչյուր երեխայի կյանքի եւ առողջության համար: Տուն հասնելուց հետո են միայն հասկանում, թե ինչքան գերհոգնած են. «Ես ինքս չգիտեմ, թե մենք ինչպես ենք ամենը կազմակերպում»: Նա նաեւ նշում է՝ այսքան աշխատանքի հետ մեկտեղ երբեք պարգեւավճարներ չեն ստանում:

Մեր զրուցակցի կարծիքով՝ իրենց պահանջը նորմալ է, մինչդեռ իրենց լսելու ցանկություն չկա:

Նա հավաստիացրեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վաղուց տեղյակ է այս խնդրին: Երբ Երեւանի ավագանու անդամ էր, մի քանի անգամ նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատակիցների հետ հարցի վերաբերյալ խոսել է, նշել, որ խնդիրը պետք է լուծվի:

Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշեց, որ դրույքաչափից ավելի աշխատելը կարող է հարթվել գործատուի եւ աշխատողի միջեւ կնքված պայմանագրով: Որոշ դեպքերում գործատուից պետք է պահանջել, որ այն վերանայվի, եւ հստակ լինեն թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի ժամերը: Ըստ այդմ՝ կարող են կարգավորել ներքին հարաբերությունները, միմյանց հետ համաձայնեցնել՝ ինչպես կազմակերպել ընդմիջումն ու աշխատանքը, քանի որ 1 դրույքը 8 ժամ է, իսկ 9-ը եւ ավելի աշխատաժամանակն արդեն համարվում է 1.5 դրույք:

Մակյանի խոսքով՝ եթե մարդը 1 դրույքից ավելի չի ցանկանում աշխատել, այդ վայրում 2 դաստիարակ եւ 2 դայակ կարող են աշխատել: Եթե ցանկանում է, իր աշխատավարձն ավելի բարձր պետք է լինի:

Ոլորտում, այնուամենայնիվ, նախատեսվում են փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծով: Այն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, եւ արդեն մարտին նախատեսում է դրա 2-րդ ընթերցումը:

Ինչպես ներկայացրեց Մակյանը, այժմյան օրենսդրական դաշտով ոլորտի շատ հարցերում նախարարությունը լիազորություններ չունի: Ստացվում է այնպես, որ Երեւանում եւ համայնքներում հարցերը տարբեր կերպ են լուծվում: Օրինակ՝ 1 դրույքի համար տրվող աշխատավարձը տարբեր է: Մի տեղում այն կարող է 60.000 դրամ կազմել, մյուսում՝ 80.000:

Նախարարության մասնագետը հույս հայտնեց, որ օրենքը կընդունվի, եւ միասնական քաղաքականության շնորհիվ ոլորտը կհամակարգվի:

«Այն բավականին լուրջ կարգավորումներ է ունենալու, այդ թվում՝ միասնական մոտեցումներով դրույքների հաշվարկման, մանկապարտեզների ֆինանսավորման, դայակ, դաստիարակների ընդունելության եւ իրենց աշխատանքի բաշխման համար»,- նշեց Մակյանը՝ հավելելով, որ աշխատանքի բաշխման դեպքում հնարավոր է՝ լուծվեն վերոնշյալ խնդիրները:

Մասնագետը պարզաբանեց, որ այս օրենքով ամբողջ ՀՀ-ում կգործի նախադպրոցական կրթական հաստատությունների 1 դրույքի համար նույն աշխատավարձը, ինչպես արվեց ուսուցիչների դեպքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նշված օրենքի նախագծով նաեւ նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ:

Նախատեսվում են նաեւ կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների, նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում: Առաջարկվում է փոխել մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը՝ այն դարձնելով 0 տարեկանից սկսած:

armtimes.com

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25