Արվեստաբան Ավետ Ավետիսյանը պատասխանում է «Սյունյաց երկրի» հարցերին:
– Հարգելի պարոն Ավետիսյան, նախ՝ ներկայացեք, խնդրեմ, մեր լսարանին։
– Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող եմ, արվեստագիտության թեկնածու։ Գիտական նախասիրություններս են՝ հայկական մանրանկարչությունը (հատկապես Վասպուրականի (մենագրություններ՝ «Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցի», 2013 թ.), «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» (2016 թ.), «Մանրանկարիչ Զաքարիա Ավանցի» (2023 թ.)), հայկական որմնանկարչությունը, «Թիֆլիսի Սուրբ Գևորգ կաթողիկե եկեղեցու որմնանկարները», SURB GEVORG CATHEDRAL (որմնանկարներ) ուսումնասիրությունը։ Սուրբ Գևորգ Եկեղեցու պատմության մասին գրել է ուսումնասիրության համահեղինակը՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը (2015 թ.), ապա «Դադիվանքի որմնանկարները և Ս. Նիկողայոս Սքանչելագործի պատկերները հայկական միջնադարյան արվեստում», Դադիվանք․ վերածնված հրաշալիք (2018 թ.), համահեղինակությամբ Կարեն Մաթևոսյանի (պատմական ակնարկ), Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի (Դադիվանքի որմնանկարների պահպանական վերականգնումը), և «Հայ միջնադարյան մեծարժեք որմնանկար Եգիպտոսում՝ Թեոդորոս Քեսունցու «Քրիստոսը Փառքի մեջ» որմնապատկերը», (Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու, 2019 թ.) և մի շարք այլ ուսումնասիրություններ։ Հեղինակել եմ նաև մի շարք հոդվածներ՝ նվիրված հայկական հաստոցային սրբանկարչությանը։
– Պարոն Ավետիսյան, մեզ հետաքրքրում են մանրանկարչության մերօրյա դրսևորումները կամ մանրանկարչության անդրադարձները մերօրյա արվեստում կամ մեր կյանքի այս կամ այն ոլորտում։ Ուստի, նախևառաջ, ճշտենք՝ հայ մանրանկարչության սկզբնավորումը, զարգացումը և ներկա ընթացքը (գոնե համառոտ), ե՞րբ մեզանում մանրանկարչությունը դադարեց լինել արվեստի, այսպես ասած, «գործող» ոլորտ լինելուց, եթե, իհարկե, հարցադրումը ճիշտ է։ Ինչո՞ւ ենք նման հարց առաջադրում. մասնագետների մեծ մասը, ում հետ խնդրո առարկայի շուրջ շփումներ ունեցանք, մանրանկարչությանը վերաբերում են իբրև անցյալի։
– Հայկական մանրանկարչությունը հայտնի է դեռևս վաղ միջնադարի ժամանակաշրջանից, և դրա ապացույցը չորս մանրանկարներն են, որոնք զետեղված են նշանավոր «Էջմիածնի Ավետարանում» (989 թ.), և մասնագետների թվագրմամբ պատկանում են 6-7-րդ դարերին։ Այդ մանրանկարները ժամանակին պատկանել են մի հնագույն մատյանի, որի փղոսկրյա կազմը նույնպես պահպանվել է և ցուցադրվում է Մատենադարանում։ «Էջմիածնի Ավետարանը» ամփոփված է եղել այդ կազմի մեջ և ստացել է նաև «Փղոսկրյա Ավետարան» անվանումը։ Ի դեպ, «Էջմիածնի Ավետարանը» ընդօրինակվել է Սյունիքում՝ Բղենո Նորավանք վանական համալիրում։
Հայկական հնագույն նկարազարդ ձեռագրերից է նաև «Մլքեի Ավետարանը» (862 թ.), որ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրատանը։
Այս թվարկումը կարելի է շարունակել, սակայն բավարարվենք այսքանով։
Մեր մանրանկարչությունն անցել է բազմադարյա պատմական-մշակութային փառահեղ մի ճանապարհ։ Անկախ պատմական ու քաղաքական վայրիվերումներից, դժվարություններից ու ցավալի կորուստներից, այն զարգացել է վերընթաց ուղով։ Այդ ճանապարհին են ստեղծվել մեր մանրանկարչության դպրոցներն իրենց ուրույն դիմագծով։ Մասնավորապես՝ Մեծ Հայքի, Բարձր Հայքի, Արցախ-Ուտիքի, Գլաձորի, Տաթևի, Վասպուրականի և Կիլիկյան Հայաստանի։ Հայկական մանրանկարչությունը սկզբնավորվել ու զարգացել է նաև աշխարհասփյուռ մեր գաղթավայրերում։
Բացի ավետարաններից ու աստվածաշնչերից պատկերազարդվել են նաև եկեղեցածիսական այլ գրքերը՝ Շարակնոց, Սաղմոսարան, Հայսմավուրք Ճաշոց, Մաշտոց, Ճառընտիր և այլն։ Այս ձեռագրերն ըստ իրենց նշանակության նույնպես ունեին մանրանկարչական յուրահատուկ հարդարանք։ Հիշենք միայն «Մշո Ճառընտիրը» (1200-1202 թթ.) և «Հեթում արքայի Ճաշոցը» (1286 թ.)։ Միով բանիվ՝ Հայկական մանրանկարչությունը, որպես գրքի հոգևոր-գեղարվեստական ձևավորման կարևորագույն բաղադրիչ, շարունակաբար հասել է մինչև 19-րդ դար։ Արդեն 16-17-րդ դարերում մանրանկարների պատկերակազմերում կատարվեցին զգալի փոփոխություններ։ Փոխվեց նույնիսկ Վասպուրականի մանրանկարչությունը, որն առանձնանում է ավանդականությամբ։ Ստեղծվեցին բոլորովին նոր մանրանկարչական շարքեր, որ չկային նախկինում։ Դրանում իր դերը կատարեց նաև եվրոպական արվեստի ներազդեցությունը։ Գրքի ձևավորման վրա ազդեց նաև տպագիր գրքի ի հայտ գալը։ Նշված դարերից մեզ են հասել շատ ինքնատիպ ու նախընթացը չունեցող մանրանկարչական պատկերակազմեր և այստեղ կարևորվում է մանրանկարչի գործոնը։ Եթե նախկինում սովորություն էր գաղափար օրինակների ընդօրինակումը, ապա այս դարերում դրան զուգահեռ ի հայտ էին գալիս տաղանդավոր մանրանկարիչներ, որ չէին գնում տրորված արահետով, այլ ստեղծում էին բոլորովին նոր պատկերաշարեր։ Այդպիսի մանրանկարիչներից էին 16-17-րդ դարերում ապրած և ստեղծագործած Հակոբ Ջուղայեցին, Առաքել Գեղամեցին, Զաքարիա Ավանցին, 17-րդ դարում դա Մեսրոպ Խիզանցին էր։ Իսկ 18-րդ դարի մանրանկարիչները հիմնականում կրկնում էին նախորդ դարերի պատկերակազմերը։ Այդպես սկսվեց մանրանկարչական արվեստի նվաղումը...
– Եվ, այդուհանդերձ, ի՞նչ դրսևորումներ ունի մանրանկարչությունը ներկայումս կամ՝ արդյո՞ք այն պահանջված է մեր օրերում, և ինչո՞ւ: Այսօր էլ տեսնում ենք, որ կերպարվեստի այդ ոլորտով զբաղվողները երբեմն ընդօրինակում են մանրանկարներ՝ փայտի, մետաղի, կավի, խեցու, ոսկորի, քարի, ապակու, գործվածքի և այլ նյութերի վրա։
– Այսօր շատերն են զբաղվում մանրանկարչական արվեստով։ Նրանց մեջ կան վարպետ նկարիչներ, որ ճշգրտորեն վերարտադրում են մանրանկարի նախօրինակը։ Կան նաև մանրանկարիչներ, որ լավ կլիներ չզբաղվեին այդ արվեստով...
Ամբողջական մանրանկարչական հորինվածքը վերարտադրելով կամ մանրանկարի որևէ դետալը կամ զարդը պատկերելով կավամանի, քարի կամ գործվածքի վրա՝ ստեղծվում է մի խորհրդանշական կապ անցյալի հետ։ Այդպես է նաև այլ երկրների մշակույթներում։ Դա յուրատեսակ հիշողություն է, որ շաղկապում է անցյալն ու ներկան։ Եվ այդ առումով այն պահանջված է մեր օրերում։
– Մանրանկարչությունը, որքան տեղյակ ենք, լուրջ ազդեցություն է ունեցել որմնանկարչության, խաչքարային արվեստի վրա. վերջինիս վրա ազդեցությունը շարունակվում է նաև այսօր։ Այդ մասին...
– Ես համաձայն չեմ, որ մանրանկարչությունն ազդել է մեր որմնանկարչության և խաչքարային արվեստի վրա։ Բացատրեմ... Մանրանկարչությունը, որմնանկարչությունը և քանդակագործությունը կերպարվեստի տեսակներ են և ունեն հորինվածքի ձևավորման իրենց սկզբունքները։ Մանրանկարի հորինվածքը ձևավորվում է նկարազարդվող էջի չափի թելադրանքով, խաչքարը՝ որպես տարածական արվեստ, ունի հորինվածքային իր յուրահատկությունները, որմնանկարն ավելի կոթողային արվեստ է և ունի իր օրինաչափությունները։ Եթե խոսում ենք եկեղեցական կերպարվեստի մասին, ապա այս նշված տեսակներին միավորում է միայն մի բան՝ պատկերագրությունը, որի խնդիրն է պատկերի միջոցով ներկայացնել Հին և Նոր կտակարանների, այսինքն Ավետարանի և Աստվածաշնչի բնագիրը։ Այդ բնագրում են արտահայտված փրկչագործական տնօրինությունները, որոնք նաև կերպարվեստի լեզվով են հասանելի դառնում և՛ հավատավոր մարդուն, և՛ անհավատին։ Հովհաննես Դամասկացին (մոտ 675 – 750 թթ.) ասում է. «Եթե քեզ մոտենա որևէ հեթանոս ու հարցնի՝ «ցույց տուր ինձ է քո հավատը», տար նրան եկեղեցի և կանգնեցու սուրբ պատկերների առջև»։ Այսինքն պատկերագրությունը նաև ուսուցողական գործառույթ ունի... Նույն այս գործառույթն ունեն և՛ մանրանկարչությունը, և՛ խաչքարային արվեստը, և՛ ընդհանրապես քրիստոնեական կերպարվեստը։ Այս դիտանկյունից արվեստի տեսակները ոչ թե փոխազդեցությունների ոլորտում են, այլ միասնաբար ծառայում են մեկ ընդհանուր գաղափարի՝ դիդակտիկ ճանապարհով մարդկանց փոխանցել Հին և Նոր կտակարաններում ամփոփված աստվածային ճշմարտությունները և փրկագործության պատմությունը։
Ինչ վերաբերում է խաչքարային և մանրանկարչական որոշ զարդամոտիվների նմանությանը, ապա ասեմ, որ զարդն ու զարդամոտիվը նվիրական (սակրալ), խիստ ունիվերսալ և խորհրդաբանական երևույթ են քրիստոնեական արվեստում։ Զարդն է, որ խորհրդաբանում է աստվածայինի և երկնային էությունների մասին։
– Որոշ մասնագետներից լսում ենք, թե այսօր էլ ներկերի պատրաստման, գույների ընտրության գործում օգտագործվում են այն հնարքներն ու նյութերը, որոնք կիրառել և օգտագործել են միջնադարյան մանրանկարիչները։
– Այո, ներկերի պատրաստման միջնադարյան մանրանկարիչների կիրառած նյութերով այսօր էլ են մանրանկարներ ստեղծվում։ Ուսումնասիրելով միջնադարյան բաղադրատոմսերը՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Սահակյանն արդեն վաղուց վերականգնել է այդ ներկերը, այդ թվում՝ Որդան կարմիրը։ Այսօր շատ արվեստագետներ, որ զբաղվում են մանրանկարչությամբ, գործնականում կիրառում են դրանք։
– Հետաքրքիր կլիներ, որ անդրադառնայիք նաև քանդակագործությանը։
– Հայկական քանդակագործության արմատները գալիս են անհիշելի ժամանականերից։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում էր իր կրոնական-գաղափարախոսական պատկերացումները, որոնք, ի մասնավորի, արտահայտվում էին նաև քանդակի մեջ։ Քրիստոնեությունը բերեց կրոնական իր պատկերացումները և միջնադարյան քանդակագործությունը, բովանդակային առումով ստացավ նոր իմաստ։ Եվ հայկական միջնադարյան քանդակը ևս բացառություն չէր այդ իմաստով։
Մեր միջնադարյան քանդակագործության վաղ շրջանի նմուշները պահպանվել են 4-6-րդ դարերից։ Դրանք քանդակազարդ քառանիստ կոթողներն են։ Նմանատիպ հուշարձաններից ամենահայտնի կոթողն Օձունինն է։ Հիմնականում այդ կոթողները գտնվում էին բազիլիկատիպ եկեղեցիների մոտ։ Քանդակազարդ էին նաև այդ ժամանակաշրջանի եկեղեցիները և՛ արտաքուստ, և՛ ներքուստ։ Այդ դարերից եկող քանդակագործության ավանդները փոխանցվեցին նաև հետագա ժամանակներին։
Հետաքրքիր է, որ մեր եկեղեցիների բարավորների, շքամուտքերի (պորտալ) և ավագ խորանների բեմառաջքների քանդակների մեջ հանդիպում են նույնատիպ զարդաձևեր, որ հայտնի են նաև մանրանկարչության մեջ։
Եկեղեցու արտաքին քանդակագործական հարդարանքի բացառիկ նմուշ է Աղթամարի Սբ Խաչը (915-921 թթ.)... Սակայն մի կողմ թողնելով քանդակագործության զարգացման հետագա ընթացքը, Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել 15-րդ դարի մի շատ հետաքրքիր արվեստագետի վրա։ Դա մանրանկարիչ, գրիչ և քանդակագործ Աբրահամն է, ով ստեղծագործել է Վայոց ձորի Բոլորաբերդ անապատում, Աղջոց վանքում, Տաթևում և այլուր։ Սևանա վանքում գտնվելիս նա 1486 թ. քանդակազարդել է Սևանի Առաքելոց վանքի դուռը, որն աչքի է ընկնում ոչ միայն գեղարվեստական արժանիքիներով, այլև եզակի պատկերագրությամբ։ Այն մի քանի պատկերների համադրություն է՝ Աստծո Չորեքկերպյան Աթոռը, Բարեխոսություն և Հոգեգալուստ։
Աբրահամ վարպետի ստեղծագործությունը կազմված լինելով տարբեր պատկերագրական տեսարաններից, իր բովանդակությամբ մի ամբողջություն է։ Նա հորինվածքը սկսում է Եզեկիելի տեսիլքով (Չորեքկերպյան Աթոռ), որտեղ մարգարեն տեսնում է Քրիստոսի փրկագործական տնօրինության Փառքի Աթոռը։ Ապա շարունակում է Բարեխոսություն թեմայով, որի իմաստը Սբ Աստվածամոր, Սբ Հովհաննես Մկրտչի և այլ սրբերի աղոթք խնդրանքն է մարդկանց փրկության համար։ Իսկ Հոգեգալուստը, որ Քրիստոսի վերջին տնօրինությունն է, ազդարարում է Եկեղեցու սկիզբը՝ որպես այդ փրկությանը հասնելու միջոց։ Ի դեպ, Աբրահամը հիշվում է իբրև «քաջ րաբունի»։ Նա ոչ միայն եղել է վարպետ արվեստագետ, այլև հոգևոր ուսուցիչ իր աշակերների համար։ Վերոբերյալ քանդակը խոսում է Աբրահամի նաև աստվածաբան լինելու մասին։
– Երևի ամենաընդգրկուն ոլորտներից մեկը, որն առայսօր կրում է մանրանկարչության ազդեցությունը, հրատարակչական և հատկապես գրքերի պատկերազարդման ոլորտն է։
– Այո, քանզի մանրանկարչությունը հենց գրքի ձևավորման արվեստ է։ Բնականաբար, այդ բոլոր գրքերը գրված են մեսրոպատառ հայերենով։ Մեր ձեռագրերը հիմնականում գրված են աղյուսակ գրով (աղյուսակ երկաթագիր), երկաթագրով, բոլորգրով, շղագրով և նոտրգրով։
Ինչ վերբերում է ժամանակակից գրքի ձևավորման վրա մանրանկարչության ազդեցությանը, ապա ակներև է, որ հիմնականում գործ ունենք էջի գեղարվեստական ձևավորման արդեն իսկ հայտնի սկզբունքների հետ, այն սկզբունքների, որ գալիս են հենց մանրանկարչությունից։ Պատկերը կարող է լինել էջով մեկ, կամ տեքստի մեջ, կամ էջի լուսանցքում և այլն։
– Օգտվելով առիթից, կուզենայինք իմանալ նաև՝ մեզանում մանրանկարչությամբ (իբրև ոլորտի տեսաբան կամ պատմաբան) ովքե՞ր են զբաղվել ու ներկայումս ովքե՞ր են զբաղվում։
– Հայկական մանրանկարչության պատմության և տեսության հարցերով զբաղվել են հայ և օտարազգի բազմաթիվ գիտնականներ։ Կուզեի հատկապես առանձնացնել մեր նշանավոր արվեստաբան Սիրարփի Տեր Ներսեսյանին։ Նա Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի քրոջ աղջիկն էր։ Սիրարփի Տեր Ներսեսյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1896 թ. և մահացել Փարիզում 1989-ին։ Նշանավոր բյուզանդագետն ու հայագետը հեղինակ է շուրջ 140 գիտական մենագրությունների։ Նա Սորբոնի համալսարանի դոկտոր էր, իսկ ԱՄՆ-ում աշխատելիս երկար տարիներ ղեկավարել է Դումբարթն օքս բյուզանդագիտական հետազոտությունների կենտրոնը։
Սիրարփի Տեր Ներսեսյանն իր գիտական հետաքրքրությունների շրջանակում բազմիցս անդրադարձել է հայկական մանրանկարչությանը... Կնշեմ միայն Կիլիկյան մանրանկարչությանը նվիրված նրա կոթողային երկհատորյակը։ Նրա ջանքերով էր, որ օտարազգի գիտական հանրությունը ծանոթացավ և ընդունեց մեր միջնադարյան կերպարվեստը։ Նա ապացուցեց, որ դեռևս վաղ միջնադարում հայերն ունեցել են որմնանկարչություն և ինքնատիպ մանրանկարչություն։
Սիրարփի Տեր Ներսեսյանի գործը շարունակեցին մեր արվեստաբանները։ Ես պատիվ եմ ունեցել լինելու արվեստաբաններ Վիգեն Ղազարյանի, Հրավարդ Հակոբյանի, Լևոն Չուգասզյանի, Էմմա Կորխմազյանի, Աստղիկ Գևորգյանի, Լիլիթ Զաքարյանի աշակերտն ու գործընկերը։ Նրանցից ոմանք ցավոք չկան... Սակայն հայկական մանրանկարչության ուսումնասիրությունը շարունակում են միջին տարիքի և ավելի երիտասարդ արվեստաբանները։
– Հանրակրթության ոլորտում, բուհական համակարգում, Հայ առաքելական եկեղեցու կրթարաններում որքանո՞վ է ուսումնասիրվում մանրանկարչությունը։
– Այսօր գործում են մանրանկարի արվեստն ուսուցանող բազմաթիվ խմբակներ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գրեթե բոլոր Հայորդյաց տներում կան մանրանկարչական դասարաններ։ Մատենադարանում նույնպես գործում են խմբակներ, որտեղ երեխաները հմտանում են մանրանկարչության մեջ։ Ուրախալի է, որ դասընթացների ընթացքում երեխաները նկարչությունից զատ ծանոթանում են նաև մանրանկարչության պատմությանը, ստանում այդ արվեստին հատուկ բովանդակային գիտելիքներ։
– Արդյո՞ք մեզանում կան առանձին տեղեկատուներ, հանրագիտարանի բնույթի գրքեր, մեթոդական ձեռնարկներ՝ հայ մանրանկարչության վերաբերյալ շատ թե քիչ ամբողջական տեղեկատվություն պարունակող։
– Իհարկե կան։ Խորհուրդ կտամ արվեստասեր անձանց, որ հետաքրքրված են հայկական մանրանկարչությամբ և հայկական միջնադարյան մշակույթով՝ իրենց գիտելիքները հարստացնելու համար կարդալ Վիգեն Ղազարյանի և Հրավարդ Հակոբյանի «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմությունը» և նույն հեղինակների «Հայկական մանրանկարչություն. սկզբնավորումը և զարգացման ընթացքը» աշխատությունները։ Կա նաև մատենագիտական բնույթի մի հրաշալի աշխատանք, որ տարիներ առաջ կատարել է արվեստաբան, երջանկահիշատակ Աստղիկ Գևորգյանը։ Դրանք երկու ստվարածավալ հատորներ են. «Հայ մանրանկարիչներ. մատենագիտություն IX-XIX դդ.» և «Անանուն հայ մանրանկարիչներ. մատենագիտություն IX-XVII դդ.»։ Խորհուրդ կտամ կարդալ նաև Աստղիկ Գևորգյանի «Վայոց ձորի և Որոտանի մանրանկարչությունը 13-17-րդ դդ.» հրաշալի աշխատությունը, Արամ Ավետիսյանի «Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը» ուսումնասիրությունը։ Միջնադարյան կերպարվեստի տեսությամբ հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս կարդալ Հակոբ Քյոսեյանի «Հայ միջնադարյան արվեստի աստվածաբանություն» աշխատությունը։
– Արդյո՞ք ունենք ամբողջական մատենագիտություն՝ մանրանկարչության ոլորտն արտացոլող հայերեն գրքերը, ուսումնասիրությունները և մյուս հրապարակումներն ընդգրկող։
– Ցավոք սրտի ոչ... Կան միայն այն հանդեսների, պարբերականների և ամսագրերի մատենագիտական ժողովածուներ, որոնցում տպագրվել են հոդվածներ նվիրված հայկական մանրանկարչությանը։ Այս ոլորտում անելիքները շատ են...
– Դարձյալ օգտվելով առիթից կուզենայինք իմանալ՝ Սյունյաց աշխարհի մանրանկարիչների մասին (գոնե համառոտ), որոնք մնայուն տեղ են զբաղեցնում հայ մանրանկարչական արվեստում։
Սյունյաց պատմական աշխարհում գործող գրչատներում աշխատել են տաղանդաշատ մի շարք մանրանկարիչներ։ Նրանց մեջ առանձնահատուկ տեղ ունի Ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկ վարդպետը։ Նշեմ, որ վարդպետ պատվանունով միջնադարում կոչում էին ճարտարապետներին։ Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվում է 1283-1284 թթ., իսկ մահվան տարեթիվն է 1333 թ.։ Մոմիկ մանրանկարչից մեզ են հասել 1283 թ. Ժողովածուի խորանազարդը, 1292 թ. Ավետարանը, նշանավոր «Պատերազմի Ավետարանը» (1302 թ.), որի մանրանկարչական շարքը բացահայտում է Մոմիկ մանրանկարչի բացառիկ տաղանդը և 1307 թ. Ավետարանը։ Այս Ավետարանը Մոմիկի աչքերի հիվանդության պատճառով ավարտին է հասցրել մեկ այլ նշանավոր մանրանկարիչ՝ Թորոս Տարոնացին։
– Պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ չափազանց հետաքրքիր զրույցի համար, Ձեր օգնությամբ ստացանք մի շարք հարցերի պատասխան, որոնք հնարավորություն են ընձեռում ամբողջի մեջ ավելի հստակեցնել Սյունիքի տեղն ու դերը հայ մանրանկարչական արվեստում։
Հարցազրույցը՝
Սամվել Ալեքսանյանի