Լույս է տեսել Ապետնակ Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուն

15.05.2014 17:42
2036

 

Ապետնակ Գրիգորյան

 

Ծնվել է 1935թ. փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Տեղ գյուղից Գորիսում բնակություն հաստատած Արշակ եւ Վարդանուշ Գրիգորյանների ընտանիքում (Գյարուն Արշակ Բաղունց նշանավոր տոհմից):

1943-1944 ուստարում ընդունվել է Գորիսի 7-ամյա դպրոցը: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գորիսի N2, ապա՝ N1 միջնակարգ դպրոցում: 1955-56 ուստարում ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը:

1957-1960թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1962թ. վերադարձել է հայրենիք եւ աշխատանքի անցել Տաթեւհէկի շինարարությունում նախ որպես ձեւավորող նկարիչ, ապա շինմոնտաժային տեղամասում՝ մոնտաժող փականագործ Ակներ-Շինուհայր-Խազալկապ ջրատար գծի վրա: Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության հեռակա բաժինը: 1966թ. գործուղվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղ՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ` մինչեւ 1969թ.:

Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-2005թթ., աշխատել է Գորիսի N3 միջնակարգ դպրոցում:

Գրել սկսել է մանկուց, ասել է թե՝ դպրոցական տարիներից:

Սուղ ժամանակը եւ գավառական կյանքը խլել են նրա մտքի շողարձակումները: Բայց եւ այնպես գտել է իրեն, ստեղծել իր գեղարվեստական աշխարհը՝ կայունացնելով ասելու ձեւի իր հաբեթականը, հարազատ մնալով չափածո խոսքի դասական ձեւերին:

«Դասական ձեւերով պիտի բերես քո նորույթը», - ասում է հեղինակը:

Տպագրվել է հանրապետական «Գրական թերթում», «Զանգեզուրում», «Սյունիք» մարզային պարբերականում, «Սյունյաց աշխարհ», «Բանբեր Գորիսի», «Սյունյաց երկիր», «Գրական Սյունիք» եւ «Համայնք» պարբերականներում ու հրապարակված «Ստեղծագործում է Գորիսը» հավաքածուում, «Գորիսապատումի» առաջին հատորում:

Ապետնակ Գրիգորյանը վերագտել է իրեն ու իր առաջին ժողովածուով ներկայանում է ընթերցող հասարակությանը:


 

 

 

ԴՐՎԱՏԱՆՔԻ ՓՈՐՁ

 

«Ուշ-ուշ են գալիս», բայց ծնվում են բանաստեղծները, ծնվում են չակնկալելով, որ իրոք իրենք ծնվել են կարեւոր հանձնարարականով, ծնվել են արարելով ու ժողովրդի հոգու դռները բացելու առաքելությամբ` սփոփելու եւ սփոփվելու, կրակվելու եւ կրակ կտրելու համար, որպեսզի ապրեցնեն մարդկային կարեվեր հոգիները:

Ասես երկնայինի մատը խառն է եղել նման ծնունդների համար ու տվել է իր բարեգութ աստվածաշնորհ օրհնությունը, որպեսզի փոքրիշատե հաստատի աշխարհի հավասարակշռությունը` ներկայացնելու երկիրն իր հրապույրներով ու թովչալից գրավչությամբ:

Ծնվել են մարդկային հակոտնյա հարաբերությունների միջեւ կանաչ օազիսներ բացելու ու ծաղկաբույրերի խնկարկումով բուրյան դարձնելու տեսանելի աշխարհը` ավերված, քանիցս ասպատակված, մոխիրների կույտերից երկնած երկիր հայրենին` այդ հարազատ ու սրբասուրբ նշխարը:

Եվ երեւի հենց դրա համար էլ Սյունյաց աշխարհի հզոր անհատականությունների կողքին ծլահանել ու հասակ է առել Զանգեզուր աշխարհի մեր օրերի քնարերգուն: Նրան նկատել են գուսան Աշոտը եւ Սերո Խանզադյանը, Սուրեն Այվազյանը եւ վաղամեռիկ Ալբերտ Իսաջանյանը:

Իհարկե, այդ անվանիները փափուկ բարձեր չեն դրել նրա անութների տակ, բայց ողջունել են նրա մուտքը եւ քաջալերել բորբոքելու հոգու կրակներն ու նոր հնարներով նորացնելու հայ պոեզիան:

Բանաստեղծը չհրապուրվեց նոր որակներով, նոր հանդերձներով չզուգեց իր նորելուկներին, այլ հարազատ մնաց ավանդական` դասական ձեւերին, ու իր նորամուծությունների նորաթուխ շեշտերը մերվեցին դասականին ու մնացին նրա շրջանակներում:

Ծնվեցին հոգեպարար երգերը` սարյանական արտասովոր գույներով ու ակսելյան նվագների զրնգուն հնչեղությամբ:

Նա հասարակ դիտորդը չէ հայրենի գեղահիաց բնության` նրա երկնաճեմ լեռների, շարվեշարան ձգված ցից-ցից ժայռեղեն բուրգերի ապշահար հովեկը:

Հայրենի բնությունը բանաստեղծի ներշնչարանն է, ինքն այդ բնության մի փոքրիկ մասնիկն ու նվագարանը` բնությունն իր մեջ առած, ինքը` բնության գրկում:

Առանց տարակուսելու կարելի է ասել, որ բնությունն իր բնորդն է, անվարձ բնորդն իր անմեկնելի ներդաշնակությամբ ու հմայքով:

Ցուրտ-ցուրտ աղբյուրների զորընդեղ ջրերից է վերցնում ավիշն իր կենսության, որից սնունդ է առնում, որից ծնունդ է առնում մորմոքված խոհը, սրդողած տողը ու մեկնում Հայոց աշխարհի հմայիչ մեղեդիները:

Նա Սյունյաց աշխարհի նորօրյա սրնգահարն է իր նուրբ ու քնքուշ, թովիչ նվագներով, որոնք երբեմն ելեւէջում են բարձր տոնայնությամբ եւ թվում է, թե փոխվում են նվագարաններն, ու ձայներն են փոխվում, որոնք մերթ առնում են շեփորի ձայնային հուժկու թափը, մերթ դառնում զրնգուն ծնծղա ու զանգակ-զանգակ զրնգալով թեւաբախում են ու հասնում իր «…ապուպապերի լքված ու անտերունչ տափերին, ուր դեռ իր մեծ տատի աղոթքների նուրբ ու սրտաճմլիկ մրմունջն է լսվում»: «Դերասան եմ» բանաստեղծության մեջ այսպես է խորհում բանաստեղծը…

Բնության երեւույթի ու տարերքի տեսաժապավենն իրեն բնորոշ ձեւերով է տեսնում, որոնք վեր են ածվում շքեղ պատկերների հեղեղի` հարափոփոխ գույներ ստանում, որ մնում ես զմայլված հնարանքի վարպետությամբ («Վերհուշ», «Մայրամուտ», «Ձնհալ», «Զանգեզուրյան տեղատարափ»…):

Հայրենի եզերքի ամեն քար ու գուղձը մարդկային հատկանիշներ են ստանում ու ասես դիմառնությամբ քեզ հետ խոսք են բացում մարդկային լեզվով: Բանաստեղծը շատ նուրբ ձեւով է տեսնում ու տնտղում բնության մեջ կատարվող հարաշարժ ընթացքը, որը մի չնչին բանից փոխվում է ու ծավալվում` եւ աչքերը ճմլելով ավետում բնության արթնացումը («Լուսաբաց»…):

Թվում է, թե շունչն իրեն պահած` ունկը գետնին արած բանաստեղծը զգում է հողի շնչառությունն ու սրտի տրոփը, ահա թե որտեղ է թաքնված նրա արարման հանելուկը: Բնությունը մարդկային հարաբերությունները վեր հանելու միջոց է, որի գույներով շղարշվում, սքողում է ճչացող հակասություններն ու բացահայտում մարդկային անցանկալի արարքներն ու անհանգիստ պահանջում մաքրվել ու ձերբազատվել մեղքերից:

Շրջահայաց բանաստեղծի գրչի տակ կյանք են առել պոեզիայի բոլոր մոտիվները` սիրո եւ անուրջի, բնության անզուգական զարթոնքի, հայրենիքի, սիրո ու հավերժի, տարագրության ու կարոտի, ընդվզման ու մորմոքի նվագները:

Ցավով մղկտում է կորուստների համար ու սփոփանքի հնարներ որոնում` տանելու դառնահեծ վշտերն ու հոգեկան ծանր ապրումները:

Երբեմն մոլեգնած լափու է տալիս ահադղորդ գետերի պես, շառաչում ջրվեժների նման ու ընդոստ ցնցվելով ծառս լինում եւ գահավիժելով զարնվում պնդաճակատ որձաքարերին, փշուր-փշուր լինում, ցալքուն տալիս ու արծաթ-արծաթ զրնգալով հայտնվում փրփրաբաշ հորձանուտում, որտեղից էլ կերկեր լսվում է նրա նվաղած աղաչական հառաչը («Ձնհալ»):

Անընդմեջ գույներ են ու գունային պատկերներ` բնորոշ մակդիրներով ու համեմատություններով լեցուն, որոնք, միմյանց միահյուսվելով, դառնում են խոսուն ու հիացական կտավներ:

Հայրենի եզերքն է` իր քարեղեն բարձրություններով, թավալգլոր իջվածքներով եւ անդնդախոր կիրճերով, պանդխտված հայրենին է կապտածիր հեռուներում` կարոտաբաղձ ու տարագիր եւ ցավով է հնչում մորմոքված կարոտի աղերսը.

...Տենչերս աշխարհի արնածոր մի հովիտ`
Հոշոտված, խարխլված, կրակված ու ավեր,
Ծնունդս գոյաձեւ, պանդխտված հայրենիս
Անհատնում երազանք, հավերժի գոյատեւ....

Կարոտի ցավը նոր ակոսներ է բացում, կորուստի ցավը ճմլում է բանաստեղծի զգայուն հոգին` տակնուվրա անում, որից մղկտում է ներհուն սիրտը` ակնկալելով հայրենի եզերքի ավերվող տեղաշարժերը.

... Լեռան փեշերից լորերս թռան,
Ձորերս նորից մնացին թափուր,
Ասես բներից հեւքերս ելան`
Հուշերս թողած բներում փափուկ...

(«Լորերս թռան»)

Եվ այս ահավոր ծանրությունը բանաստեղծը ներառում է իր մեջ ու աննկատ ու ճկուն փոխաբերություններով վերագրում հայրենի եզերքի բնության հավքերին` ծառին ու թփին, ծլին ու ծաղկին ու բացահայտում մարդկային խղճի անողորմ անտարբերությունը:

Հնարներ որոնելու վարպետ է, որի համար տեսակավորել եւ ստեղծել է իր ոգեղեն բառատաղձը, որոնք լի են հնչեղությամբ, ներքին երաժշտականությամբ ու ալիտերացիայով:

Ինքն իրեն չի ստիպում գունեղություն տալու բանաստեղծությանը, դրանք ինքնաբուխ են, որոնք միս ու արյուն են դարձել դեռեւս պատանեկան տարիներից, որոնք հարստանալով դարձել են Հայոց աշխարհի ու հայրենի եզերքի արարչության բացահայտման քնարահույզ ելեւէջներն ու ինքնատիպ նվագները:

Մի քանի գրքեր ծալած խռովահույզ բանաստեղծն իրեն զգացնել տալու փորձեր չի արել, մեկուսացած իր ներաշխարհի մեջ արարել ու արարում է առ այսօր:

Տպագրելու փորձերն իրենը չեն ու մտքով անգամ չի էլ անցել բախելու գրողների միության դռները, չնայած ճանաչում է բոլոր արժանավորներին, իսկ նրանցից շատերն էլ` իրեն: Ափսոսում ես, որ ուշադրությունից դուրս են մնացել նրա հոգու բոցկլտուն ճառագներն, ու պապենական ակութներում մոխրաթաթախ մխում են հոգեքամ «Անթեղած կրակները», որոնք իրոք արժեքներ են ու վաղուց պիտի դառնային հայ պոեզիայի բաղադրիչ մասն ու ժողովրդի հոգեւոր սեփականությունը:

Ես խորամուխ չեմ եղել արժեւորելու նորամուտ ժողովածուն եւ վեր հանելու այն ոսկեհատը, որ բերում է հեղինակը հայ ընթերցողին, այլ որոշակի կտցահարումներով փորձել եմ հրամցնել սոսկ մասնակի փշրանքներ ու բարի երթ ցանկանալ «Անթեղած կրակներին», որ կյանք մտնեն ու կրակ կտրած ջերմացնեն հարազատ ժողովրդի ցրտահար ու փշաքաղ հոգիները եւ գոհացնեն երկրպագուների երկար սպասումների անձուկ կարոտը:

Շահանե Գրիգորյան

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25