Մարզերի մասնակցությունը՝ կարևորագույն սկզբունք և ռազմավարական առաջնահերթություն կրթամշակութային ծրագրերում

14.02.2023 12:39
2466

Սյունիքի մարզի մանուկների մշակութային ինքնադրսևորումներին անդրադառնալու մեր նախաձեռնությունն ինքնանպատակ կլինի, եթե լույս չսփռենք (հանրապետության մասշտաբով) երեխաների գեղագիտական դաստիարակության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, այդ նպատակով ձեռնարկվող քայլերի, մանուկների մասնագիտական կողմնորոշման, շնորհալի երեխաներին ի հայտ բերելու ջանքերի և նրանց ցուցաբերվող աջակցության վրա:

Այդ հարցերը պարզաբանելու և լուսաբանելու նպատակով էլ զրուցեցինք ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ:

- Պարոն Խզմալյան, նախ շնորհակալություն՝ մեր հանդեսի հարցերին (այս անգամ ևս) պատասխանելու կամեցողության համար:

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք՝ երեխաների ամբողջական և լիարժեք դաստիարակության համար չափազանց մեծ նշանակություն ունեն գեղագիտական դաստիարակությունը և ընդհանրապես մանուկներին մեր մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելը, փոքրիկների մեջ մշակույթի հանդեպ հետաքրքրություններ առաջացնելը, նրանց գեղարվեստական ընդունակություններն ի հայտ բերելն ու զարգացնելը:

Ակնհայտ այդ ճշմարտությունը, մինչդեռ, տարբեր ընկալումներ ունի և իրականացման տարբեր ուղղություններ:

Խնդրո առարկայի վերաբերյալ Ձեր պատկերացումը կուզենայինք իմանալ, կամ գուցե այսպես ձևակերպենք հարցը՝ երեխաների գեղագիտական դաստիարակության տեղն ու դերն աճող սերնդի ձևավորման համակարգում:

Ենթադրում ենք՝ Ձեր պատասխանում կարտացոլեք պետության որդեգրած տեսլականն ու քաղաքականությունն այդ ոլորտում:

- Մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարության կարևոր դրույթներից ու գաղափարներից, թիրախային ցուցիչներից մեկը մշակույթի ոլորտում համախառն ընդգրկվածության ապահովումն է ըստ սեռի, տարիքի, մարզերի, հաշմանդամության, սոցիալական խմբերի և այլն: Այսինքն՝ մշակույթը պետք է լինի առավելագույնս ընդգրկուն, առավելագույնս ներառական, և այս գաղափարի մեջ, բնականաբար, կարևորագույն տեղում անչափահասներն են, մեր պատանիներն ու աղջիկները, աշակերտները, ովքեր ոչ միայն մեր ապագան են ու մեր երկրի վաղվա տերերը, այլև՝ մշակույթի վաղվա սպառողները: Այդ մոտեցմամբ, նաև մեր կրթական-մշակութային նախագծերով նախ՝ ձևավորում ենք մշակութային պահանջարկ, ասել է թե՝ մշակույթը պետք է դառնա պահանջ: Մարդը պետք է լիարժեք չհամարվի առանց մշակույթի և այնքան պետք է վաղ տարիքից ընդգրկված լինի մշակութային հարաբերությունների մեջ, մշակութային հաղորդակցության մեջ, այնքան պետք է նրա առօրյան լցված լինի մշակույթով, որ դա պարզապես դառնա բնական պահանջ, ինչպես քաղցն է, ծարավը… Ջրի բացակայության դեպքում մարդն անհանգստանում է և ձգտում դեպի ջուրը, այդպես էլ մշակույթի բացակայության դեպքում պետք է ազդանշանները, ազդակները սկսեն աշխատել ու անհանգստացնել մարդուն: Ու որքան վաղ սկսենք աշխատանքը, այդ պահանջարկի ձևավորումը, այնքան ավելի ընդգրկուն է լինելու վաղվա մշակութային շուկան: Կրթական-մշակութային նախագծերն էլ, որոնք իրականացվում են, բնականաբար, կոչված են ձևավորելու գեղագիտական ճաշակ ու չափանիշ երեխաների շրջանում: Եվ, ի վերջո, նպաստելու մասնագիտական կողմնորոշմանը:

Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ երիտասարդը չգիտակցված, ինքնաբերաբար, անպատրաստ ու ակամա հայտնվում է որևէ բուհում և 4-5 տարի սովորելով այդ բուհում՝ ավարտում է այն ու այլևս չի զբաղվում տվյալ մասնագիտությամբ, որովհետև դա իր կոչումը չէ, դրանից ինքը հաճույք չի ստանում: Այսինքն՝ իր կարողությունները բոլորովին այլ տեղ պետք է դրսևորվեին: Այդպես են շատ հաճախ մարդիկ ընդունվում  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա կամ այլ բուհեր: Եվ եթե վերլուծենք ու տեսնենք, թե ավարտողներից քանիսն է զբաղվում իր մասնագիտությամբ, կհասկանանք՝ մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ բացթողում է եղել…

- Եվ ի՞նչ ճանապարհով, եղանակով կամ միջոցով են Ձեր նկատառումները կյանքի կոչվում:

Կա՞ պետական ռազմավարություն, և նշանակալից ի՞նչ ծրագրեր կամ նախագծեր կան՝ միտված երեխաների գեղագիտական դաստիարակությանը, մշակույթ-մանուկներ ողջամիտ հաղորդակցության ապահովմանը:

- Ունենք աննախադեպ ծավալի կրթամշակութային նախագծեր, ունենք շարունակական նախագծեր, նոր նախաձեռնություններ՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր, «Քո արվեստը դպրոցում», «Դաս Ա», «Քույր դպրոցներ», «Դասարան+Դասական», «Արվեստանոց», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «ԴասԱրվեստ» և  այլն... Դրանցով մեր արվեստագետները հնարավորություն են ունենում անմիջապես շփվել աշակերտների հետ: Աշակերտներն էլ հնարավորություն են ունենում հարցեր ուղղել մասնագետներին, այսինքն՝ հսկայական տեղեկատվական միջավայր է ձևավորվում հենց աշակերտի համար, որպեսզի նա վաղ տարիքից գիտակցի իր հետաքրքրությունների իրական շրջանակը: Ավելին՝ այդ կրթական-մշակութային նախագծերով,  ըստ էության, բարձրացնում ենք մշակույթի և մշակութային գործչի հանրային հեղինակությունը, ճանաչելիությունը, վարկանիշը, և մշակույթը դառնում է մի լուրջ ոլորտ:

Տեսեք՝ թատրոնի մասին մեր երեխաները շատ հաճախ պատկերացում են կազմում զվարճալի կատակախոսություններից, կատակաբանություններից, հաղորդումներից, տնազներից, նմանակումներից՝ կարծելով՝ դա է թատրոնը: Իրականում, մինչդեռ, թատրոնը շատ ավելի բարդ ինստիտուտ է, շատ ավելի բարդ կառույց, որն ունի և՛ արտադրական հատված, և՛ բարդ ստեղծագործական հարաբերությունների դաշտ, որը մի քանի շերտից է կազմված:

«Դասարան+Դասական» նախագծով ցույց ենք տալիս ոլորտի ամբողջ բարդությունը և լրջությունը, որ դա մասնագիտություն է և ոչ պակաս լուրջ մասնագիտություն, քան, ասենք, բժշկի, իրավաբանի: Այսինքն՝ չկան լուրջ և պակաս լուրջ մասնագիտություններ, լրջությունը որոշվում է մեր վերաբերմունքով: Եվ ինչով էլ զբաղվելու լինի վաղվա քաղաքացին՝ պետք է զբաղվի լրջորեն, ու ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «Սեփական անձի հանդեպ՝ հումորով, աշխատանքի հանդեպ՝ լուրջ»: Հենց նախընտրած մասնագիտության հանդեպ լրջությունն ենք ուզում ներարկել  երեխաների մեջ:

- Դուք թվարկեցիք մի շարք ծրագրեր, որոնք իրականացրել և շարունակում է իրականացնել պետական լիազոր մարմինը՝ նախարարությունը. ի՞նչ ընդգրկվածություն ունեն այդ ծրագրերը Սյունիքում:

- Գրեթե բոլոր կրթամշակութային նախագծերն իրականացվում են նաև մարզերում: Հանրապետության բոլոր մարզերն ընդգրկված են նախագծերում...

Սյունիքում իրականացվել են «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր», «Քույր դպրոցներ» նախագծերը:

«Փոքրիկ երգիչները» համատեղ հանդես են եկել Սյունիքի պատանի երգիչների և մանկական երգչախմբերի հետ՝ փառատոների շրջանակում:

Այնպես որ՝ մարզերի մասնակցությունը հռչակված է որպես կարևորագույն սկզբունք և ռազմավարական առաջնահերթություն կրթամշակութային մեր ծրագրերում:

Մենք մեր ռազմավարության մեջ ունենք մշակույթի ապակենտրոնացման միտում: Եթե նայեք անգամ դրամաշնորհային հայտերը, ապա կտեսնեք՝ նախագծերը համայնքներում մասնակիորեն կամ ամբողջությամբ իրականացնելը խրախուսվում է: Եվ վստահաբար ասում եմ՝ երբեք չի եղել այնպիսի ժամանակ, երբ այսքան նախագծեր իրականացվեն նաև համայնքներում: Ըստ էության այն, ինչ տեղի է ունենում մայրաքաղաքում, տեղափոխվում է նաև մարզեր, և մարզ-մայրաքաղաք մշակութային համագործակցության ձևաչափերն աստիճանաբար դառնում են ավելի բազմազան: Սա չի սահմանափակվում միայն պատրաստի նախագծերը մարզեր տանելով, մենք կապ ենք ստեղծում կառույցների միջև՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Համազգային թատրոն, Վանաձորի կամերային նվագախումբ և դիրիժոր՝ մայրաքաղաքից, Վանաձորի տիկնիկային թատրոն-Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն. խառը ստեղծագործական կազմ, հրավիրված ռեժիսորներ, այսինքն՝ միջհամայնքային կապեր:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր 90-րդ թատերաշրջանի բացումն առաջին անգամ իրականացրեց մարզում՝ Լոռիում, Վանաձոր քաղաքում, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, որը նաև ուղերձ էր ամբողջ դաշտին ու հանրությանը: Այնպես որ՝ մարզերի ընդգրկվածությունը, կարելի է ասել, մեր կրթամշակութային ծրագրերի կարևոր բաղադրիչներից է:

- Անշուշտ, գնահատելի է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային քաղաքականության՝ դեպի մարզեր ունեցած ուղղվածությունը: Եվ ուրեմն՝ ի՞նչ պետք է անեն համայնքներում, որ կարողանան գործնականում օգտվել այդ քաղաքականությունից:

- Պետք է ուշադիր լինել պետական դրամաշնորհային հայտարարություններին, մրցույթներին, ծրագրերին և պարզապես գրագետ կերպով լրացնել հայտը: Ոչ ավել, ոչ պակաս: Այսինքն՝ պետք է շատ ակտիվ լինել, գերակտիվ լինել:

Օրերս նախարարությունում ռազմավարության քննարկում էր. ազգային փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչը  հարց բարձրացրեց՝ ի՞նչ է արվում ազգային փոքրամասնությունների համար: Ես ասացի՝ արվում է այն, ինչ արվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

2019 թվականին, երբ նշանակվեցի փոխնախարար, առաջին բանը, որ չեղարկեցի՝ ազգային փոքրամասնություններ անվանակարգն էր, որովհետև համարում եմ՝ դա արհեստական տարանջատում է, դա խտրականություն պարունակող երևույթ էր, քանզի ազգային փոքրամասնության ներկայացուցիչը բացարձակորեն նույն իրավունքներն ունի և նույն հնարավորությունները, ինչ Հայաստանի Հանրապետության այլ ազգերի և հայ ազգի որևէ այլ ներկայացուցիչ: Այնպես որ՝ իրավունքները և հնարավորությունները թե՛ ազգային պատկանելության, թե՛ բնակության վայրով պայմանավորված, բացարձակապես նույնն են: Չպետք է մտածել՝ եթե մարդն ապրում է, օրինակ, Չինարի գյուղում, ապա ինքն իրավունք չունի մասնակցելու Երևանում հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին: Որևէ սահմանափակում չկա, կա ակտիվության, ուշադրության, հետաքրքիր գաղափարներ գեներացնելու և գրագիտության անհրաժեշտություն:

- Արդյո՞ք Ձեր նշած ծրագրերը շարունակական են լինելու 2023 թվականին, և ի՞նչ նոր ծրագրեր կարող են ավելանալ, նկատի ունենք նախևառաջ Սյունիքի մարզում:

- Ի դեպ, «ԴասԱրվեստ» նախագիծը նույնպես իրականացվել է Սյունիքի մարզում. սա մի նախագիծ է, որը վարչապետի անմիջական ուշադրության և հետաքրքրության կենտրոնում է: Այդ նախագծի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները՝ մեծանուն արվեստագետներ Սարյանի, Մինասի, Բաշինջաղյանի և այլոց գործերը, գրաֆիկական աշխատանքները տարվել են համայնքներ ու ներկայացվել, վարպետության դասեր են կազմակերպվել, կրթական ծրագրեր իրականացվել: Եվ կարծում եմ՝ այդ ծրագիրն այս տարի ևս կգործի Սյունիքում:

Տվյալ ծրագրի կարևորությունը հետևյալ սկզբունքն է՝ նախ՝ կարևորել, ապա՝ հասկանալ, ինչը նույնիսկ վերածվեց նշանաբանի:

Այն ամբողջ «անտուրաժ»-ը, որով պարուրված էր «ԴասԱրվեստ» նախագիծը՝ չափազանց ուշագրավ է և ուսուցողական. ոստիկանական մեքենաների ուղեկցում, հատուկ մեքենաներ՝ փոխադրման համար, Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավար անձնակազմ, որ գնում է մարզ, և մարզում տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների ղեկավարները՝ աշակերտների հետ, դիմավորում են կտավը: Եվ ամբողջ այդ արարողությունը՝ աշակերտին նախ ստիպում է ուշադրությամբ համակվել օբյեկտի հանդեպ: Այսինքն՝ մեքենան բացվեց, ձեռնոցներով հատուկ մասնագետներն արկղերը հանում են, մեծ ուշադրությամբ և զգուշությամբ տեղափոխում են հատկացված վայր, բացում են արկղերը… Եվ եթե տեսնեիք երեխաների հիացական բացականչությունները, երբ կտավները դուրս էին բերվում արկղերից, կհասկանայիք, որ մեր նպատակին հասել ենք: Զարմանք, ապա բովանդակային աշխատանք... Այ դա կարևոր պայմաններից մեկն է, մի խոսքով՝ շատ հաջողված ծրագիր: Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարությունը փայլուն աշխատեց. անգամ ճանապարհների վիճակն էր ուսումնասիրվել, թե որ համայնքում ճանապարհային ինչ խնդիրներ և ինչ ենթակառուցվածքներ կան, ինչ պայմաններ կան այս կամ այն դպրոցում, և ըստ այդմ որոշվել է՝ որ կտավը տանել, որը՝ ոչ: Այնպես որ՝ ամեն ինչ համադրվել է:

Այդ ծրագիրը կլինի շարունակական...

Ես մոռացա նշել՝ նաև «Ակունք»-ը եղավ Սյունիքում, մեր ազգագրական համույթը, ընդ որում՝ եղավ շատ բարդ շրջանում, երբ մտածում էին՝ իմաստ ունի՞ գնալ, թե՞ ոչ, բայց փորձը ցույց է տալիս, որ կյանքը, որքան էլ դժվարություններով լեցուն լինի, դարձյալ պետք է ապրվի, և մեզ ոչինչ չպետք է կանգնեցնի կամքից ու այն գիտակցումից, որ պետք է, այո՛, ցույց տալ և ամեն կերպ ընդգծել՝ կյանքը շարունակական է, ու ամեն ինչ չէ, որ ավարտված է: Ուստի և պետք է ակտիվացնել այդ կապերը, առավել ևս սահմանամերձ համայնքներում: Լեփ-լեցուն դահլիճները, դահլիճների արձագանքը մեր ազգագրական մշակույթի նկատմամբ, կարծում եմ, դրա լավագույն ապացույցն են:

- «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում էր, որ բազմաթիվ խմբեր այցելեցին սահմանամերձ վայրեր, այդ թվում՝ Սյունիք: Ենթադրում ենք՝ սահմանապահ կամ սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրությունն ավելի կակտիվանա նաև այդ առումով:

- Այո, բազմաթիվ խմբեր, ստեղծագործողներ անընդմեջ, ամեն տարի այցելել են սահմանամերձ համայնքներ՝ կազմակերպելով միջոցառումներ, փառատոներ:

«Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» խորագիրը կրող կրթական ծրագիրը՝ դերասան-տիկնիկավար Աղասի Մելքոնյանի նախաձեռնությամբ, ներկայացումներով հանդես եկավ սահմանամերձ բնակավայրերում...

Ուզում եմ շեշտել՝ առանձին համերգաշար ենք սկսել հենց երաժշտական դպրոցի սաների համար, դեկտեմբերին՝ տոներից առաջ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկան մեր պատանի երաժիշտները, կատարողները, այդ թվում՝ Սյունիքից:

- Մի խնդիր էլ կա. բազմաթիվ երեխաներ ունենք, ովքեր, այնուամենայնիվ, լավագույնս են դրսևորվում արվեստի այս կամ այն ոլորտում, նաև միջազգային հարթակներում են ելույթներ ունենում և մրցանակային տեղեր զբաղեցնում:

Հետաքրքիր է՝ կա՞ մեխանիզմ շնորհալի, տաղանդավոր երեխաներին հետագայում տեր կանգնելու և մեծ մշակույթի անդաստանում նրանց «բնակեցնելու» համար:

- Հիմա ուշադրության կենտրոն են բերվում արվեստի և երաժշտական դպրոցների խնդիրները՝ սկսած ուսուցիչների որակավորումից, վերապատրաստման հարցերից և ավարտված աշխատավարձերի բարձրացմամբ: Ու հիմա համալիր միջոցառումներ են իրականացվում, այդ թվում՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություն, չափորոշիչների մշակում, երաժշտական դպրոցների ուսուցիչների ատեստավորում, գովազդատեղեկատվական աջակցության ծրագիր՝ արվեստի և երաժշտական դպրոցների համար:

Համերգաշարերը... Երբ մեր պատանիները դուրս էին գալիս բեմ, ընդ որում՝ շատ օժտված պատանիներ, բոլորի մեջ կա մի մեծ բացթողում՝ կաշկանդված են, մռայլ են, անժպիտ, և ստիպված վերջում մի փոքրիկ դաս կարդացի պատանիների համար այն մասին, որ բեմական մշակույթը պահանջում է նաև ժպիտի մշակույթ ունենալ: Երբ դուրս ես գալիս բեմ, դու բեմի տերն ես, դու պետք է ժպտաս, ինքնավստահությունը քո գործիքն է, քո զենքն է, և հիմա դուրս ես եկել, որ հաղթես հանդիսատեսին: Վախեցած ներկայություն, անժպիտ ներկայացում, մոլորված վիճակ և այլն. այդ բաները պետք է չլինեն, բայց որպեսզի մեր պատանիները սովորեն այդպես բեմ դուրս գալ, նրանք պետք է հաճախ դուրս գան բեմ: Եվ մեր համերգաշարի ընթացքում, որ սկսել ենք ու տարին մի քանի անգամ պետք է կազմակերպենք նման համերգներ, կձգտենք ամրագրել մեր ռեսուրսը, գնահատել պատանի տաղանդների ներուժը, որից հետո համապատասխան միջոցառումներով կհետևենք նրանց կարիերայի ընթացքին ու համակողմանիորեն աջակցություն կցուցաբերենք: Ընդ որում՝ համերգներին ներկա են լինելու և՛ Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, և՛ երաժշտական դպրոցների տնօրեններ, և՛ ճանաչված մտավորականներ:

Ի վերջո եկեք  չմոռանանք՝ գրեթե ամեն զորակոչի ժամանակ շուրջ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ են ստանում տարկետման հնարավորություն, և դրանով հնարավորություն ենք տալիս նաև կրթությունը շարունակելու, միջազգային հարթակներում ներկայություն ապահովելու: Դրանց արդյունքները կան… Տարկետումից հետո՝ հաջորդ տարկետման ժամանակ, տեսնում ենք, թե ինչքան մեդալներ, մրցանակներ, ինչ միջազգային մասնակցություն ենք ունեցել: Այսինքն՝ դա ռեսուրսը զարգացնելու կարևորագույն մեխանիզմներից մեկն է, և նման մոտեցումը պետք է լինի նաև մինչև տարկետումը, այսինքն՝ պետությունը պետք է իմանա իր տաղանդի տեղը և իրազեկված լինի իր տաղանդի զարգացման ընթացքի մասին, ավելին՝ պետք է պայմաններ ստեղծի այդ տաղանդի զարգացման համար:

- Մեր կրթական-դաստիարակչական համակարգի առանցքային օղակը, անկասկած, հանրակրթական դպրոցն է: Եվ, որքան տեսնում ենք, հանրակրթական դպրոցների սաներն իրականացվող կրթամշակութային ծրագրերի հիմնական շահառուներն են:

- Ընդամենը մի քանի թիվ. 17 կրթամշակութային նախագծի շրջանակներում մասնակցություն է ունեցել 661 դպրոց, 19 հազար աշակերտ: Սա ընդամենը 17 կրթամշակութային նախագծում, բայց միայն դա չէ, տարաբնույթ այլ միջոցառումներ նույնպես կան: Բայց շատ նախագծերի դեպքում չենք կարող անսահմանափակ թվով աշակերտներ ընդգրկել, որովհետև կրթական պրոցես պարունակող և կրթական-մշակութային նախագծեր ունենք, որտեղ շատ մարդ չի կարող ընդգրկվել, ասենք՝ մեկ դասարան կամ 50-70 հոգի: Դրանից ավելիի դեպքում՝ բովանդակային առումով, վնասներ կունենանք, կկորցնենք թիրախային աշխատանքի հնարավորությունը: Մյուս կողմից՝ կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ՝ 661 դպրոց, 19 հազար աշակերտ: Նրանք հնարավորություն են ունեցել շփվելու մեր լավագույն արվեստագետների, կոմպոզիտորների, դիրիժորների, դերասանների, ռեժիսորների, գրողների, նկարիչների հետ: Դա մշակույթի հանդեպ պատանիների վերաբերմունքը փոխելու տեսակետից կարևոր լծակ է:

- Մեզ հետաքրքրող հարցում անգերազանցելի է արվեստի և երաժշտական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների դերը...

Արդյո՞ք գյուղական բնակավայրերի երեխաներն իրենց գեղագիտական նախասիրությունները լիարժեք դրսևորելու հնարավորություն չունեն:

- Համարձակորեն կարող ենք ասել՝ մարզերում երեխաներն իրենց գեղարվեստական, կրթամշակութային պահանջները կարողանում են գոնե կիսով չափ, եթե ոչ ավելի՝ բավարարել: Արձագանքները նաև գրավոր են հասնում մեզ, արձագանքները՝ երեխաների, ամրագրվում են, տեսանկարահանվում, և ոչ թե բանավոր լսում ենք, թե ինչ լավ է անցել տվյալ միջոցառումը: Ունենք տեսագրված կադրեր. ինչ խելոք հարցեր են տալիս աշակերտները, ինչ լրջմիտ սերունդ կա, և բոլոր նրանք, ովքեր վատ են խոսում աճող սերնդի մասին ու թերահավատ են, ուրեմն չեն ճանաչում այդ սերնդին:

Ես շատ բարձր կարծիք ունեմ մեզնից հետո եկող սերնդի մասին, դժվար թե մենք այդ տարիքում այդքան խելոք հարցեր կարողանայինք տալ և այդքան ուշադիր կարողանայինք հետևել մշակութային բովանդակությանը, այդքան ուշադիր լսեինք նկարչի խոսքը, կոմպոզիտորի խոսքը, դիրիժորի խոսքը, այդքան մեծ հետաքրքրություն ցուցաբերեինք այդ ամենի հանդեպ. դրանք բոլորը նկարահանվել են, հաղորդումների են վերածվել և ցուցադրվում են տարբեր հեռուստաալիքներով՝ «Շողակաթ» հեռուստաընկերություն, «armedu.am» կայքից սկսած և վերջացրած մարզային, տեղական հեռուստաընկերություններով: Այսինքն՝ իսկապես արձագանքը շատ մեծ է, մնում է՝ այնքան շատ լինեն այդպիսի շփումները, որ դա դադարի լինել իրադարձություն և լինի ուղղակի առօրյա: Այ դա է կարևորը...

- Երեխաների միջավայրում արվեստի հանդեպ պահանջարկի ձևավորման հարցում, արդեն նշեցինք, մեծ բեռ է դրված երաժշտական և արվեստի դպրոցների վրա: Բայց, անկեղծ լինենք, երաժշտական ու արվեստի դպրոցներն էլ երբեմնի պահանջարկը չունեն:

Չենք ուզում նախորդ տասնամյակների հետ համեմատություններ անել, բայց և չենք կարող չասել՝ Սյունիքի երաժշտական դպրոցներ ընդունվելու համար ժամանակին թեժ մրցակցություն էր լինում, իսկ հիմա՞...

- Ես իմ ամենամեծ առավելություններից մեկը համարում եմ այն, որ ստացել եմ յոթնամյա երաժշտական կրթություն: Թեպետ հիմա մեկ նոտա անգամ չեմ հիշում, քանի որ տարիներ շարունակ դաշնամուրին մոտ չեմ եկել: Բայց այն ազդեցությունը, որ իմ հոգեկերտվածքի, մտածողության, ճաշակի վրա կամա թե ակամա թողել է դասական երաժշտություն սովորելը, նվագելը, նոտա հնչեցնելը, անգնահատելի է: Եվ որևէ մեկը չի կարող ժխտել, թե իր ստացած երաժշտական կրթությունը որքան մեծ ազդեցություն է ունեցել իր նկարագրի վրա: Դրա համար, եթե հիշում եք, Խորհրդային Միության օրոք իրեն կիրթ համարող յուրաքանչյուր ընտանիք ձգտում էր, որ իր երեխան պարտադիր ստանա երաժշտական կրթություն: Եվ դրա համար այդքան շատ էին երաժշտական դպրոցները, ու գործիքներ կային:

Մենք 30 տարի շարունակ վարկաբեկել ենք գեղարվեստական կրթությունը, 30 տարի շարունակ անտեսել ենք դրա կարևորությունը և այսօր ունենք ավերված ժառանգություն կամ մի ժառանգություն, որն ավերակ է, ավերակ՝ կադրային առումով՝ արվեստի և երաժշտական դպրոցներում, ավերակ՝ գործիքների առումով, ավերակ՝ տեղեկատվական դիրքավորման առումով: Կարևորագույն այդ ոլորտն ըստ էության փլուզվել է... Հիմա փորձում ենք աստիճան առ աստիճան, քայլ առ քայլ վերականգնել, վերականգնել նոր մոտեցումներով, նոր ձևաչափերով:

- Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հետ կապված ազգային մեր ծրագրերը, բնականաբար, սպասվող արդյունքները չեն կարող տալ, եթե ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման գործընթացը պատշաճ մակարդակի վրա չլինի: Նկատի ունենք հատկապես երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնական գործընթացը:

- Մենք հասկանում ենք, որ այսօր կրթությունը չի կարող չլինել գրավիչ երիտասարդների, աշակերտների համար: Գրավչությունը շատ կարևոր է նաև դասագրքերի առումով: Ուստի և հրատարակում ենք այնպիսի գրքեր, որոնք լինեն գրավիչ, լինեն շատ հասկանալի երեխաների համար: Օրինակ, առաջին անգամ հայոց լեզվով կերպարվեստի պատմության դասագիրք ենք հրատարակել: Ոչ թարգմանական, ինքնուրույն, հայոց լեզվով շարադրված դասագիրք՝ անտիկ շրջանից, նախնադարից մինչև ժամանակակից արվեստ: Դրանք ուղղված են արվեստի դպրոցի սաներին, որոնցով նաև պարապում են, օրինակ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունվող դիմորդները: Հարուստ իլյուստրացիոն նյութեր, QR կոդեր, որոնցով կարող են մուտք գործել և թեմային վերաբերող տեսանյութեր դիտել:

Երկրորդ հատորը լույս տեսավ, նախապատրաստվում է երրորդ հատորը, այսինքն նույնիսկ մեր պետական լեզվով դասագրքերի խնդիր ունենք գեղարվեստական կրթության ոլորտում: Եվ մեծ ուշացումով, մեծ բացթողումներից հետո, այդ հարցերով շատ լուրջ ենք զբաղվում:

2008 թվականից նախարարության աջակցությամբ իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր և իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ:

Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն:

Ծրագրի իրականացումը պայմանավորված է մշակութային կրթության որակի բարելավման, ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, աշխատանքային տետրերի, դասագրքերի, ժողովածուների և ուղեցույցների մշակման ու կիրառման, արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրքային ֆոնդի համալրման անհրաժեշտությամբ: Այն միտված է նաև գեղարվեստական կրթության ոլորտում ուսուցման նոր մեթոդների վերաբերյալ մասնագիտական շրջանակների իրազեկմանը, դասական և ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ու պրակտիկ նյութերի տարածմանն ու հանրահռչակմանը:

Ծրագրի իրականացմամբ լուծվում է նաև հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման և տարածման խնդիրը, ապահովվում են նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ժողովածուների և գրականության հասանելիությունն ու մատչելիությունը:

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ. Արարատ Աղասյան, «Արվեստի պատմություն. Կերպարվեստ (Գիրք 2)», Նաիրա Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Աշխեն Բոյաջյան, «Պատմակենցաղային պարեր, Դասական պար, Հայկական ժողովրդական պար, Ժողբնորոշ պար» (առարկայական ծրագրեր)», Անահիտ Կիրակոսյան, «Հայ ժողովրդական նվագարաններ», Ջեննի Ասատրյան (կազմող), «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր», Նունե Պողոսյան (կազմող), «Քրեստոմատիա կիթառի համար» (1-7 դասարաններ), Սուրեն Խորոզյան (կազմող), «Քրեստոմատիա կլարնետի համար» (1-7 դասարաններ), Աղավնի Հովակիմյան, «Քրեստոմատիա սանթուրի համար» (2-5 դասարաններ):

Նշեմ, որ հրատարակված ձեռնարկներն անվճար կտրամադրվեն հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

Տեղեկացնեմ նաև, որ 2023 թվականին նախատեսվում է հրատարակել 11 ուսումնամեթոդական ձեռնարկ:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29