Մարզի ամեն անկյունում «Սյունյաց երկիրն» իր լսարանն ունի

10.08.2017 10:44
1371

Վասակաբերդի կողքով հյուսիս-արեւմուտք ձգվող խարխուլ ճանապարհը մեզ հասցրեց Սիսիանի տարածաշրջանի Սալվարդ գյուղ, որ չորային մեր ժամանակներում հաճելիորեն կանաչաշուք էր` շնորհիվ նաեւ գյուղամիջով հոսող նույնանուն գետի:

Օգոստոսի 7-ին Աղոթարան բարձրանալու ճանապարհին մեր առաջին կանգառն էր Սալվարդը:

Գյուղամիջում առաջինը հանդիպեցինք խանութի վաճառողուհի Նունե Մովսեսյանին. սահմանամերձ գյուղի մասին առաջինն ինքը մեզ պատմեց: Եվ Աղոթարան բարձրանալու համար ուղեկցող առաջարկեց զինվորական իր որդուն` Նարեկին, ով հերթապահությունից վերադարձել եւ տանն էր այդ օրը:

Մենք էլ նրան ներկայացանք: Եվ… զրույցն ընդհատեց, մտավ խանութ ու հետ եկավ` ձեռքին «Սյունյաց երկիր» թերթի վերջին համարը:

Զրույցի թեման արդեն «Սյունյաց երկիրն» էր…

Մեր խոսակցությունն ավարտվեց, երբ տեղ հասան գյուղապետ Վարդան Մեսրոպյանն ու տիկին Նունեի զինվորական որդին` Նարեկ Մնացականյանը: Նրանց ուղեկցությամբ պիտի շարժվեինք դեպի Աղոթարան: Եվ ճանապարհ ընկանք…

Ստորոտից լեռան գագաթ ձգվող ճանապարհին, որ անցնում էր ալպիական արոտներով, մեր հերթական կանգառն արդեն Աղոթարանի արեւելյան փեշին գտնվող մակաղատեղն էր` ոչխարների կեսօրվա եւ գիշերվա հավաքատեղը հանգստանալու, մակաղելու համար: Գյուղացիներն այդ վայրը կոչում են Օբի տեղ:

Այնտեղից արդեն երեւում էր Աղոթարանի գագաթը:

Դեռեւս 2013-ին ռազմավարական զարգացման գործակալության ջանքերով այնտեղ կառուցվել են մակաղատեղ, ջրխմոց, կթի ծածկված սրահ, բաղնիք…

Կեսօր էր, եւ հովիվներն իրենց ուրթում էին կամ մերձակայքում: Մեզ ընդառաջ եկան Ապետնակ Ավետիսյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Կարեն Ավետիսյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Ծանոթացանք, զրուցեցինք, քննարկեցինք մերօրյա շատ հարցեր` անասնապահության վիճակից մինչեւ գյուղի վաղվա օրվան առնչվող խնդիրներ ու երաշտի հարուցած դժվարություններ:

Պարզվեց, որ ֆերմեր Ապետնակ Ավետիսյանը «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդ է ու ակտիվ ընթերցող: Անշուշտ, դա ախորժելի էր լսել, այն էլ` Աղոթարանի փեշերին` յայլաղավորների, սարվորների մոտ: Առավել հաճելի էր լսել Ապետնակի` թերթին տված դրական գնահատականները:

Բայց կամեցանք ավելի շատ դիտողություններ ու ցանկություններ լսել նրանից: Ապետնակի ուղղամիտ դիտարկումը չէր կարող տպավորություն չթողնել ու չպարտավորեցնել: Ահա` «Թերթը մեզ համար ճշմարիտ խոսքի հարթակ է, եւ մենք հավատում ենք թերթին, բայց… Երբեմն առանձին մարդկանց ներկայացնելիս, գովազդելիս իրականությունից հեռանում եք: Դա նկատելի է Սիսիանի տարածաշրջանին առնչվող որոշ նյութերում: Մարդկանց ներկայացնելիս միշտ հիշեք` մենք նրանց ճանաչում ենք, եւ առավելագույնս օբյեկտիվ բնութագրեք նրան…»:

Մենք չփորձեցինք ճշտել, թե հատկապես ում կամ որ գովազդային հրապարակման մասին է խոսքը:

Ավելի ճիշտ` դա այնքան էլ կարեւոր չէր: Կարեւորն ընթերցողի անկեղծ ու շիտակ դիտողությունն էր, որ անպայման նկատի կունենանք հետագա աշխատանքում…

Զրույց-քննարկումը դեռ չէինք ավարտել, երբ մոտակա վրանից ձայն տվեցին` սեղանը պատրաստ է…
Հյուրընկալ Սալվարդում դա անսպասելի չէր: Ժամանակի սղության պատճառով (Աղոթարան բարձրանալու խնդիր ունեինք) դեռեւս մեր հանդիպման սկզբում մերժել էինք լրագրողներիս եւ գյուղապետի այցի առիթով գառ մորթելու առաջարկը, բայց այս հյուրասիրությունից հրաժարվել չէինք կարող: Վրանում, սակայն, հետաքրքիր մի դիպվածի առնչվեցինք. սեղանին Վահան Տերյանի եւ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների ժողովածուներն էին:

- Ո՞վ է հեռավոր այս յայլաղում Իսահակյան ու Տերյան ընթերցում, - չկարողացանք թաքցնել մեր հետաքրքրությունն ու հարցասիրությունը:

- Ես եմ, - պատասխանեց 25-ամյա Կարեն Ավետիսյանը:

Խնդրեցինք ընթերցել Տերյանի կամ Իսահակյանի ստեղծագործություններից մեկը: Ինքը գերադասեց ասմունքել: Եվ ահա լսում ենք Վահան Տերյանի հրաշալի բանաստեղծությունը` «Ցնորք»-ը.

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու-
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու…

…Քիչ հետո հրաժեշտ տվեցինք սարվորներին` անմոռանալի տպավորությամբ, նաեւ պարտավորվածության, պատասխանատվության բեռով: Իրոք որ, մեծագույն պատասխանատվություն է, երբ հավելյալ անգամ իմանում ենք` «Սյունյաց երկիրը» լսարան ունի մարզի ամեն մի անկյունում, որտեղ էլ հետեւում են ասված ամեն մի խոսքին:

Մեր հերթական կանգառն Աղոթարանի գագաթից քիչ ներքեւ գտնվող Մատաղ աղբյուրն էր: Այդտեղ արդեն հնարավոր չէր լիարժեք չօգտվել սալվարդցիների հերթական հյուրասիրությունից, չվայելել Մատաղ աղբյուրի սառնորակ ջուրը:

Այդտեղ են դարեր շարունակ ուխտավորները մատաղ արել եւ ակնկալել առատ տեղումներ ու բարեբեր տարի:

Համատարած երաշտի մեր օրերում զարմանալի էր տեսնել գարնան թարմությամբ ծածկված սարալանջը` ծաղկունքով վետվետող, կանաչով պսակված, սառնորակ աղբյուրների առատությամբ, նոր-նոր հալած ձյան հետքերով, քիչ հեռվում երեւացող լճակներով:

Այդ լճակներն է հավանաբար նկատի ունեցել Համո Սահյանը, երբ գրել է`

Եթե չեք իջել դուք երբեւէ
Ու չեք անրջել դուք երբեւէ
Աղոթարանիս լճակներում,
Չվող կարապներ, ձեզ չեմ ներում…

Կարապները, անշուշտ, լճակներում էին, իսկ կաքավների ու լորերի երամներն իրենց խրախճանքով անընդհատ ողջունում եւ ուղեկցում էին մեզ…

Մենք պետք է հաղթահարեինք վերջին եւ ամենադժվար բարձունքը` Աղոթարանի լեռնագագաթ հասնելու համար:

Հայոց սահմանապահները լեռան գագաթից արդեն նկատել էին մեզ, իսկ մենք նախապես չէինք զգուշացրել զորամասի հրամանատարությանը: Գյուղապետ Վարդան Մեսրոպյանն ու զինվորական Նարեկ Մնացականյանը` յուրաքանչյուրն իր հերթին, խնդիրը լուծեցին. մեզ թույլատրեցին բարձրանալ լեռնագագաթ, որտեղ էլ ընդառաջ եկավ հենակետի պատասխանատու Դավիթ Յաղումյանը:

Աղոթարանից Սալվարդ վերադարձանք մեկ այլ ճանապարհով: Գյուղամերձ բարձունքից մի պահ լեռան ստորոտում երեւաց հայոց հնամենի Թանահատ գյուղը: Դա երբեմնի ադրբեջանաբնակ Ջոմարդլուն է՝ Հեյդար Ալիեւի` Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր գյուղը:

Զինվորական Նարեկ Մնացականյանը, ով ուղեկցում էր մեզ, կեսկատակ-կիսալուրջ մի զրույց ներկայացրեց` բարձրաստիճան մի զինվորականից լսած: Իբր Հայաստան-Նախիջեւան սահմանի այս հատվածի տեւական խաղաղ վիճակը պայմանավորված է հանգամանքով, որ Ջոմարդլուն (Թանահատը) ավագ Ալիեւի հոր՝ Ալի-Ռզայի ծննդավայրն է (Հեյդար Ալիեւի մայրը Սիսիանի Որոտան գյուղից էր), եւ ադրբեջանցի զինվորները հրահանգ ունեն` զերծ մնալ այդ ուղղությամբ կրակելուց:

Անշուշտ, դժվար է հավատալ զուտ բարոյական հենքի վրա կառուցված պատումին` լավ իմանալով նրանց նկարագիրը, սակայն այս կողմեր ժամանած մարդիկ հետաքրքրությամբ դեռ ականջ են դնում տեղացի ասացողների ներկայացրած սույն պատմությանը:

Հետդարձի ճանապարհին անցանք պաշտպանական նախկին (արդեն լքված) մի հենակետի տարածքով: Ըստ Արմեն Մեսրոպյան գյուղապետի, ով աչքի է ընկնում տարածքի ամեն մի հատվածի լավագույն իմացությամբ, երբեմնի հենակետի տեղանքը համագյուղացիները կոչում են Հարսանիքի յաթաղ: Եվ ահա` թե ինչու. 1991 թվականին այդ վայրում էր տեղակայված մեր ինքնապաշտպանական ջոկատներից մեկը` խնդիր ունենալով դիմակայել Նախիջեւանի կողմից սպասվող ոտնձգություններին ու սադրանքներին: Օրերից մի օր ֆիդայիներից մեկն աղջիկ է փախցնում: Իմանալով աղջկա ծնողների անհանգստության եւ զայրույթի մասին՝ ֆիդային փախցրած աղջկան` իր ապագա կնոջը, բերում է դիրքեր` մտածելով` ոչ մեկի մտքով չի անցնի, որ իրենք այնտեղ են հանգրվանել: Օրեր անց հաշտություն եւ բարեկամություն է հաստատվում տղայի ու աղջկա ընտանիքների միջեւ, եւ տղան կամենում է, որ հենց այդտեղ էլ` իր մարտական ընկերների ու սալվարդցիների մասնակցությամբ, կազմակերպվի հարսանիքը: Նրա կամքն ի կատար է ածվում: Եվ պաշտպանական այդ դիրքում հնչում է ֆիդայական հայտնի երգը` «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ, ձեր մայրերը ձեզ մատաղ…»:

…Տարիներ են անցել այդ օրվանից, ու այդ վայրը տեղացիները շարունակում են կոչել Հարսանիքի յաթաղ: Իսկ այնտեղ արդեն ոչ թե մեր առասպելական ֆիդայիների նորօրյա սերնդի ներկայացուցիչներն են, այլ հայոց բանակի զինվորները…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25