Մարզում գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է

01.02.2016 14:48
1681

«Սյունյաց երկիր» թերթի կայքէջում հունվարի 15-ին հրապարակված «Երկրում համաճարակ չկա, եւ համաճարակաբանական վիճակը վերահսկելի ու կառավարելի է» վերնագրով նյութում մարզում գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդների մասին խոստացել էինք տեղեկատվություն ներկայացնել թերթի առաջիկա հրապարակման մեջ:

Ինչպես նկատվում է առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներից, հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների թվի պակաս է նկատվում: Ստացիոնար բուժում ստացած շատ հիվանդներ ապաքինմամբ դուրս են գրվել: Նկատի ունենալով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի եւ սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում, ներկայումս անվճար բուժօգնություն կարող են ստանալ միայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները, ինչպես նաեւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N65-Ն հրամանով հաստատված հիվանդությունների եւ վիճակների ցանկերում ընդգրկված ախտորոշումներով անձինք:

Մարզի բժշկական կենտրոններից տեղեկացանք, որ հիվանդների թվի զգալի պակաս է նկատվում: Հունվարի 27-ի դրությամբ Գորիսի բժշկական կենտրոնում ձմեռային տարեշրջանում սուր շնչառական հիվանդացությամբ հոսպիտալացվել է 69 հիվանդ՝ 0-18 տարեկանների գերակշռությամբ, 4-5 թոքաբորբով: Խոզի գրիպի դեպք չի արձանագրվել, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ չեն եղել: Կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Լեւոն Հարությունյանի տեղեկացմամբ՝ միայն մեկ օր է եղել, որ 50 կանչ է արձանագրվել, մնացած օրերին՝ միջինը 15-20 կանչ: «Կարծում եմ՝ բնակչության դիմելիության թվի աճ է նկատվել ոչ այնքան պայմանավորված հիվանդության լայնամասշտաբայնությամբ, այլ նաեւ զգուշության նկատառումներից ելնելով», - նշեց Լ.Հարությունյանը:

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ հունվարի 27-ի դրությամբ հոսպիտալացված 37 հիվանդ են ունեցել, որից 4 հոգի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ: Մինչեւ հունվարի 15-ը գերակշռել են 0-18 տարեկան հիվանդները, հետագայում պատկերը փոխվել է: Ընդհանուր առմամբ ստացիոնար բուժում է ստացել 0-18՝ 21 հոգի, 18-ից բարձր՝ 16: Ստացիոնար բուժում է ստացել երկու հղի, որոնք արդեն ապաքինվել են: Հունվարի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտահիվանդանոցային կամ պոլիկլինիկական 381 հիվանդ է գրանցվել, որից 0-18՝ 197, 18-ից բարձր՝ 184 հիվանդ: «Չնայած հունվարի 20-ից հետո բնակչության որոշ սոցիալական խմբերի համար է միայն գործել պետպատվերը, բայց մենք անվճար բուժօգնություն ենք ցուցաբերում նաեւ նրանց, որոնք վճարունակ չեն: Ընդհանուր առմամբ պիտի նշեմ, որ այս ժամանակահատվածում ծանր վիճակով հիվանդ չենք ունեցել», - նշեց կենտրոնի տնօրենը:

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը մանրամասն ներկայացրեց այս ամբողջ ժամանակահատվածում սուր շնչառական վարակներով դիմած հիվանդների վիճակը: Հունվարի 27-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 137 հիվանդ, որից 31-ը` թոքաբորբ (10 հոգի՝ 0-18 տարեկան, 21-ը՝ 18-ից բարձր): Դեռեւս շարունակում է բուժում ստանալ 42 հիվանդ, ըստ որում՝ 8-ը՝ թոքաբորբով, 29-ը՝ սուր շնչառական վարակով հիվանդ, 5 հոգի վերակենդանացման բաժանմունքում է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների վիճակը ծանր է, բայց արհեստական շնչառական ապարատին միացված հիվանդ չունեն: Այդ հինգ հոգուց 4-ը ծանր թոքաբորբով է, բայց նրանց վիճակում դրական դինամիկա է նկատվում, իսկ մեկ հիվանդ` մենինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ: Այս ժամանակահատվածում ստացիոնար բուժում է ստացել 4 հղի, որից մեկը՝ թոքաբորբ, որոնք բավարար վիճակով դուրս են գրվել հիվանդանոցից: Արտահիվանդանոցային կամ պոլիկլինիկական դիմելիությունը կազմել է շաբաթական մոտ 300 այց, 80-90 տնային կանչ (օրական միջինը՝ 11-12 տնային կանչ): Իսկ շտապօգնության սուր շնչառական վարակներով հիվանդների կանչերը եղել են միջինը՝ օրական 10-11, վերջին շաբաթում՝ 4-5 հոսպիտալացումով:

Բժշկուհի Աիդան նշեց նաեւ, որ, ի տարբերություն հանրապետության շատ հիվանդանոցների, Կապանի բժշկական կենտրոնում կատարվում է համապատասխան նմուշառությունը՝ գրիպ Ա-ի հարուցիչը որոշելու նպատակով: Հունվարի 27-ի դրությամբ 43 նմուշառությունից 19-ի մոտ հայտնաբերվել է հարուցիչը, այդ թվում՝ չորս հղի, որոնցից 2-ը հոսպիտալացվել է, երկուսի վիճակը թեթեւ է եղել, եւ հոսպիտալացման կարիք չի եղել: Գրիպ Ա-ից, այդ թվում` H1N1 վիրուսից պաշտպանվելու եւ այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական «Տամիֆլյու» դեղամիջոցի ծախսի եւ առաջիկա պահանջարկի վերաբերյալ բժշկական կենտրոնն ամենօրյա հաշվետվություն է ներկայացրել համապատասխան մարմիններին: Ներկայումս կենտրոնն ունի համապատասխան չափաքանակ, եւ բոլոր հիվանդներին բժշկական ցուցման դեպքում տրվում է անվճար:

Դեղամիջոցը հնարավոր է ձեռք բերել նաեւ դեղատներից: Ի դեպ, «Տամիֆլյու»-ի տուփը՝ միջինը 11.500 դրամ է:

Բժշկուհին նշեց նաեւ, որ, ճիշտ է, դիմելիությունը նվազել է, բայց ծանր վիճակով հիվանդների թիվն է ավելացել: «Ինֆեկցիաների դեպքում սովորաբար այդպես է լինում. կանչերը պակասում են, ծանր դեպքերը՝ ավելանում, որ հիմնականում պայմանավորվում է ուշացած դիմելիությամբ», - եզրափակեց նա:

«Այս ողջ ժամանակահատվածում առողջապահության նախարարությունից հրամաններ, հրահանգներ, տարբեր ուղեցույցներ ենք ստացել, դեղորայքի դեֆիցիտ չի եղել, հունվարի 28-ի դրությամբ որեւէ պրոբլեմի առաջ չենք կանգնել: Հոսպիտալացված հիվանդները բուժումը ստացել են անվճար», - տեղեկացրեց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Սվետլանա Իսախանյանը: Նա նշեց, որ հունվարի 27-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 36 հիվանդ, որից 3 հոգի (1 հոգի՝ թոքաբորբով հիվանդ, 2 հոգի մանկական բաժանմունքում, վիճակը բավարար է) դեռեւս շարունակում է ստացիոնար բուժումը: Հունվարի 28-ին պոլիկլինիկա դիմել է մեկ հոգի, շտապօգնության՝ սուր շնչառական վարակով՝ մեկ հոգի: Հունվարի 27-ի դրությամբ 71 շտապօգնության կանչ է գրանցվել, որից 20 հոգի՝ 0-18 տարեկան, 51-ը՝ 18-ից բարձր, որից 42-ը՝ սուր շնչառական վարակով, 6-ը՝ թոքաբորբով, 3 հղի՝ սուր շնչառական վարակով:

Տնօրենի տեղեկացմամբ՝ ծանր վիճակում երեք հիվանդ են ուղարկել մայրաքաղաք: Պոլիկլինիկա այդ հիվանդությամբ դիմել է 314 մարդ, որից 159 հոգի՝ 0-18 տարեկան, 155՝ 18-ից բարձր: Թե՛ ամբուլատոր-պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար բժշկական հաստատությունները դեղորայքով լիարժեք ապահովված են:

Քաջարանի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Վիրաբ Մանասյանից տեղեկացանք, որ հունվարի 27-ի դրությամբ սուր շնչառական վարակով հոսպիտալացվել է 13 հիվանդ (9 հոգի՝ 0-18 տարեկան), որից 7 հոգի՝ սուր շնչառական վարակով, 6 հոգի՝ թոքաբորբով: Երկու հոգի ծանր վիճակով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, եւ նրանց վիճակն արդեն բավարար է: Այս պահին նման ախտորոշմամբ ստացիոնար բուժում ստացող հիվանդ չկա: Վ.Մանասյանը տեղեկացրեց, որ բուժումը կատարվել է պետպատվերի շրջանակներում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57