Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

10.08.2018 21:40
810

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: 

«Ուրախ եմ, որ ձեր դեմքին ժպիտ եմ տեսնում, դա ամենակարևոր բանն է: Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր: Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Ո՞րն է այդ բանալին. գիտեք, ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում: Եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ, համարվել է, որ չի կարող լինել այդպիսի բան: Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում և ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց. նախորդ 20-24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, այս առաջնորդը, այն առաջնորդը, և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե մեկ առաջնորդ պետք է անի, այլ հեղափոխությունն իրենք պետք է անեն, յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է համարի հեղափոխության առաջնորդ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այս ամենն ասում է ոչ թե անցյալը, երեք ամսվա իրադարձությունները գնահատելու համար, այլ ցույց տալու բոլորին երկրի խնդիրները լուծելու բանալին: 

«Եթե ուշադրություն եք դարձրել, հեղափոխության ողջ ընթացքում երբեք չեմ ասել, որ ես կամ մեր քաղաքական թիմն անելու է հեղափոխություն: Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի մարդիկ որոշեն՝ ուզում են այն Հայաստանում ապրել, թե նոր Հայաստանում: Ինչո՞ւ ենք բոլորս նոր Հայաստանում ապրում. ոչ թե նրա համար, որ ես, մեր քաղաքական թիմն ենք այդպես որոշել, այլ որովհետև դուք եք այդպես որոշել: Փոխվեց այն, որ դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Որևէ մեկը չկասկածի, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք և անմնացորդ, բայց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ընկալի, որ ինքն է որոշում ամեն ինչ: Մեր թիմը հնարավորություն է ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը, եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի մի բան, որ եթե մեր երկիրը եղել է վատ վիճակում, ուրեմն ամեն մեկս ինչ որ փոքր բան այն չենք արել: Համոզված եմ՝ այն գործը, որ մենք իրար հետ սկսել ենք, պետք է շարունակենք համատեղ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր քայլերով անելու է ամեն ինչ՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ արտերկրում գտնվող մեր հայրենակից գործարարների համար: Նա վերջիններիս կոչ է արել օր առաջ գալ հայրենիք՝ շենացնելու երկիրը: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ արտերկրի իրենց բարեկամներից գումարներ են ստանում, բայց ես պարզ եմ ասում՝ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել: Մարդիկ, այո, միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնության: Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին և մտածում էին, որ այստեղ բիզնես իրականացնելիս «փայ են մտնելու», «գործ են սարքելու», «խլելու են»: Ես ասում եմ՝ այդ Հայաստանը էլ չկա, ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ ներդրողի համար վտանգ ստեղծել: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, մենք երաշխավորում ենք՝ ոչ ոք չի կարող «փայ մտնել»: Մենք երաշխավորում ենք, եթե գործարարն աշխատի օրինական դաշտում, որևէ մեկը նրան ոչ մի բան չի կարող անել, հետևաբար, սպասելու հարկ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կոչ է արել բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ, որովհետև հայ ժողովուրդն աշխատող է: «Գիտեմ, որ այսօր հնարավորությունները սահմանափակ են, շատ հարցեր կան, որ լուծված չեն, բայց ուզում եմ ձեզ մի բան խնդրել՝ հաղթահարեք հոռետեսության տրամաբանությունը, չհավատաք ոչ մեկին, ով կասի, որ չի ստացվել ու երկիրը երկիր չի դառնալու, ամեն ինչ սուտ է: Համոզված եղեք՝ ամեն ինչ ճիշտ է և ճշմարտություն է, այն, ինչ որ դուք տեսնում եք, իրականություն է: Իրականությունն այն է, որ դուք հաղթել եք, և իրականությունն այն է, որ դուք հաղթելու եք, և իրականությունն այն է, որ դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք որպես հպարտ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է: «Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները: Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն: «Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում: Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին: Դիմելով նրանց՝ վարչապետը նշել է, որ օգնության տրամաբանությունը պետք է փոխարինել համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: «Հիմա կառավարությունն անելու է ավելին, քան նախկինում: Կառավարությունն այսօր ունի 10-15 մլրդ դրամ, որը պատրաստ ենք սուբվենցիաների՝ համաֆինանսավորման ծրագրով հատկացնել համայնքներին, սակայն վերջիններս պատրաստ չեն ծախսել այդ միջոցները, քանի որ չունեն գումարներ կամ ծրագրեր: Պարզ է, որ համայնքների բյուջեները քիչ են, սակայն այստեղ ծագում է երկու հարց՝ արդյոք առկա գումարները ծախսվում են արդյունավետ և արդյոք բյուջեները ձևավորվում են օբյեկտիվ, արդար: Եթե ուզում ենք, որ բյուջեն մեծանա, պետք է արդար ծախսենք: Մենք չենք հանդուրժելու թալանը և բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք առաջադրում է ուրիշների նկատմամբ՝ առաջին հերթին առաջադրում է ինքն իր նկատմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունում այժմ քննարկվում է վերը նշված միջոցներն առանց համայնքների ֆինանսական մասնակցության տարբեր ծրագրերում ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության մակարդակը: 

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ճանապարհաշինության, միջհամայնքային տրանսպորտի ապահովման, համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվել են նաև կառավարության կադրային քաղաքականությանը, անվտանգ ճանապարհների ապահովմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, պետական համակարգի օպտիմալացմանը, պետական եկամուտների ավելացմանը, նեդրումների ներգրավմանը վերաբերող թեմաներ: 

Կառավարության ղեկավարին Ոսկեպարում ներկայացվել է համայնքի գազիֆիկացման ծրագիրը, որն իրականցվել է ոսկեպարցի բարերարի հատկացրած միջոցների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և հորդորել բարեգործության տրամաբանությունը փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և դիտարկել համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

hetq.am

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25