Մայր Աթոռը հորդորում է իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքի քահանաների բնականոն ծառայությունը

24.10.2025 15:36
636

Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։ Այս մասին տեղեկացնում է Գերագույն հոգևոր խորհուրդը։

«Ի հետևումն այս որոշման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին, ըստ Եկեղեցու կանոնների, արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես Եկեղեցու սպասավորներին։

Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև ս.թ. հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը և Եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026թ. հունվարի 15-ը։

Միաժամանակ, Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև՝ քրեորեն պատժելի արարք։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։ Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։

Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։

Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, և անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22