Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը

02.07.2020 19:10
1058

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը: Հիմնային փոփոխություններ ենթադրող այս նախագիծը, որին նախկինում էլ անդրադարձել ենք, հարյուրավոր հարցեր է առաջ բերում, որոնց պատասխանները շարունակաբար կփորձենք ստանալ պատկան մարմիններից եւ ոլորտի մասնագետներից:

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր զրույցում մեկնաբանեց վերջին օրերի քննարկումները Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Այն դիտարկումներին, որ առարկան դուրս է բերվում հանրակրթական առարկայացանկից, մինչդեռ ԿԳՄՍՆ պաշտոնյաները, այդ թվում Արայիկ Հարությունյանը նախկինում նշել էին, որ նման խնդիր դրված չէ, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք ընդհանուր առմամբ առարկայացանկի ձեւավորման մոտեցումներն ենք փոխել: 5-րդ եւ 6-րդ դասարաններում ունենք որոշակի ինտեգրված առարկաներ, որոնց առարկայական ծրագրերն առաջիկայում կդրվեն քննարկման, եւ բոլորը հնարավարություն կունենան դրանց հետ ծանոթանալու: Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական եւ հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձեւաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձեւով: Այսինքն 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների: Ընդ որում, ամեն դասարանում իր տարիքային հոգեբանությամբ եւ ընդհանուր մանկավարժական մոտեցմամբ»:

Ո՞ր առարկաների հետ է ինտեգրվելու Հայ եկեղեցու պատմության ծրագիրը, նյութի ո՞ր մասը կպահպանվի. «Ընդհանուր առմամբ նյութը, որ որպես գիտելիք եւ հմտություն ներառված է Հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում, հիմնականում՝ ճնշող մեծամասնությունը, պահպանված է, բայց թե կոնկրետ որ դասարանի որ առարկայի չափորոշչում կլինի, կներկայացվի առաջիկայում: Ծրագիրը որոշ տեղերում մենք փորձել ենք նույնիսկ ընդլայնել՝ կապելով ավելի լայն բովանդակության-մոտեցումների հետ: Այնպես որ, այստեղ խոսքը մեխանիկական փոխանցման մասին չէ, քանի որ առարկաների մոտեցումները սկզբունքորեն փոխվել են, որեւէ առարկա մեխանիկորեն չի գնում-միանում այլ առարկայի կամ առանձնանում»:

Եթե կատարվող իրադարձությունները, կաթողիկոսների կյանքն ու կայացրած որոշումները կարելի է ներառել Հայոց պատմության դասընթացի շրջանակում, իսկ ազգ, հայրենիք, բարոյականություն, ազնվություն թեմաները, որ ներառված էին ՀԵՊ առարկայի շրջանակում, դիտարկել հասարակագիտության շրջանակում, ապա քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը, Հին եւ Նոր կտակարանների պատումները, ո՞ր առարկայի շրջանակում պիտի դրվեն. «Այն, ինչ նշեցիք, արժեքային ուսուցմանն ու դաստիարակության բաղադրիչին են վերաբերում, դա չի կարող լինել որեւէ առանձին առարկայի շրջանակում, դա դաստիարակության անբաժանելի մասը պիտի լինի եւ պիտի արտացոլված լինի կրթության ամբողջ ընթացքում: Օրինակ, տարրական դպրոցում արժեքային ուսուցումն իրականացվում է նաեւ մայրենի լեզվի ուսուցման շրջանակում: Մեր ամբողջ հանրակրթությունը, եւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով առաջարկվող արժեքային բաղադրիչը կարող է լինել միայն, երբ դա ընդհանուր մոտեցում լինի բոլոր առարկաների շրջանակում: Դաստիարակության եւ արժեքային բաղադրիչի խնդիրը պետք է լուծենք բոլոր առարկաների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ գիտելիքին եւ այդ փաստական տեղեկատվությանը, ապա դա իհարկե, առարկայական ծրագրերի շրջանակում տեղ կգտնի»:

Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ տասն օրից: «Առաջարկում եմ բովանդակային քննարկումներին մասնակցել հենց այդ պահից»,- կոչ արեց նա:

Ի պատասխան այն հարցին, թե բուռն հանրային ընդվզման դեպքում նախատեսվո՞ւմ է վերանայել որդեգրված սկզբունքը եւ առարկան պահպանել՝ որպես, օրինակ, կրոնագիտություն կամ մշակույթի պատմություն, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում՝ Անդրեասյանը նշեց, որ դա առանձին կարող է լինել՝ որպես դպրոցի որոշում: «Կրթության այս փիլիսոփայությունը դպրոցներին ինքնավարություն, ուսուցիչներին՝ ճկունության հնարավորություն տալն է: Դա նշանակում է, որ մենք առանձնացրել ենք վերջնարդյունքները՝ թե երեխան ինչ արդյունքների պիտի հասնի այս կրթական ծրագրերի ավարտին, ինչ պիտի կարողանա, իմանա եւ անի: Բայց ինչպես դպրոցը դրան կհասնի, դա արդեն դպրոցի որոշելիքն է. դպրոցը կարող է ձեւավորել առանձին առարկա, որտեղ կներառի կրոնի պատմության, մշակույթի պատմության ինչ-որ դրվագներ: Նման առարկայական ծրագրեր մշակել եւ իրականացնել այսօր էլ կարող է յուրաքանչյուր դպրոց, սակայն այդ հնարավորությունը տրված է ավելի ընդլայնված՝ գործիքային չափորոշչի տարբերակով, քանի որ մենք նախատեսում ենք ֆինանսավորել առավելագույն ժամաքանակով բոլոր պետական դպրոցներին: Դա նշանակում է, որ դպրոցը, որպես մանկավարժների համախումբ, որպես միջավայր, ուր որոշում են, թե ինչպես աշխատել երեխայի հետ, պետք է կարողանա որոշել, թե որն է առարկաների այն հավելյալ ցանկը, որ ուզում է ավելացնել եւ ուսուցանել: Հետեւաբար դա չի ենթադրում, որ մենք պիտի փոխենք այս պահի նախագիծը: Մենք արդեն իսկ այդ հնարավորությունը տվել ենք դպրոցին, եւ քանի որ ծնողն էլ ունի դպրոցի ընտրության իրավունք, կկարողանա ընտրել՝ իր երեխան ինչ ձեւաչափով է ուզում, որ սովորի այս կամ այն դպրոցում, եւ կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է բավարարի բոլորին: Քանի որ մեր հասարակության ներսում միշտ տարբեր են կարծիքները, հիմա մենք ստեղծում ենք հնարավորությունը, որ դպրոցները կարողանան այլընտրանքային մոտեցումներ ձեւավորել մանկավարժության մեջ: Դպրոցը կարող է ուսուցանել Արվեստ ինտեգրված առարկա կամ առանձին Երաժշտություն եւ առանձին Նկարչություն առարկաներ: Այսինքն՝ դպրոցներին տրվում է ստեղծագործական մոտեցման հնարավորություն, եւ կարծում եմ, որ սա ամենաճիշտ ճանապարհն է դպրոցը զարգացնելու»:

Փոփոխությունների արդյունքում ՀԵՊ առարկայի ուսուցիչները կզրկվե՞ն աշխատանքից: «Ոչ,- հավաստեց Անդրեասյանը,- մենք առանձին մասնագիտացում եւ ատեստավորման գործընթաց այս ուսուցիչների մասով չենք իրականացրել, հիմնականում դրանք եղել են վերապատրաստումներ: Իսկ այս փոփոխություններով ուսուցիչների աշխատանքի հնարավորությունները սահմանափակված չեն: Հիմա՝ նոր չափորոշիչների ներդրմանն ընդառաջ, բոլոր ուսուցիչներն ունեն վերապատրաստում անցնելու եւ նոր առարկայական ծրագրերով ու չափորոշիչներով դասավանդելու անհրաժեշտություն: Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, ամեն տարի դպրոցներից դուրս է գալիս ուսուցիչների մի մաս, նոր մարդիկ են ընդունվում, այսինքն՝ ուսուցչական կազմի շարժ կա անընդհատ: Սակայն չեմ կարծում, որ այս պահին ուսուցիչների՝ աշխատանքից ազատման խնդիր կառաջանա»: Անդրեասյանը հիշեցրեց, որ վերափոխվող առարկաների մեջ են նաեւ այլ առարկաներ, օրինակ բնագիտությունը, որ ներառում է ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, որ արդեն առանձին ընդգրկուն պարզաբանման թեմա է: «Խոսում ենք ոչ թե Հայ եկեղեցու պատմության ուսուցչի մասին, այլ՝ ողջ ուսուցչական կազմի մասին ընդհանրապես՝ ելնելով չափորոշիչների պահանջներից: Խնդիր է դրվելու բոլոր ուսուցիչների վերապատրաստման, վերանայվելու են ժամաքանակները: Նոր չափորոշիչների պարագայում իրենց դիրքը վերագտնելու եւ այս նոր առարկայական ծրագրերով ուսուցանելու հարցը կանգնելու է բոլոր ուսուցիչների առաջ»:

Նախագծի տեքստում էլ նշվում է, որ ներդրումը պետք է իրականացվի 2022-2023 ուսումնական տարվա համարայս տարի որեւէ փոփոխություն, փաստորեն, չի նախատեսվում: «Այս տարի առարկայական որեւէ փոփոխություն չի նախատեսվում: Մյուս տարի՝ նույնպես»:

Սկսվել են ստորագրահավաքներ եւ ֆեյսբուքյան քվեարկություններ՝ ընդդեմ նախագծի. որպես հանրային կարծիք՝ կարո՞ղ են ազդել դրանք նախագծի վերաձեւակերպման վրա: «Ստորագրահավաքները չեն արտացոլում իրականությունը: Որեւէ մեկը չի նախատեսում, ինչպես նշում են, հարձակում գործել եկեղեցու վրա, հոգեւոր արժեքների վրա, ավելին՝ փորձելու ենք դրանք բովանդակային առումով շատ ավելի բարձր տալ դպրոցում: Այդ պիտակումները ժամանակավրեպ են, քանի որ արվում են մի իրավիճակում, երբ մարդիկ դեռ չեն ծանոթացել առարկայական ծրագրերին, առաջարկվող բովանդակությանը, եւ պայմանավորված են ընդամենը առարկայի ֆիզիկական գոյության կամ բացակայության հարցով: Ես կուզեի հիշեցնել, որ հայ եկեղեցու պատմություն առարկան միշտ չէ, որ եղել է դպրոցում, բայց եկեղեցու պատմությունը եղել է դարեր: Չեմ կարծում, որ մինչեւ առանձին առարկա ունենալը մենք պակաս նվիրված էինք եկեղեցուն, չեմ կարծում, որ զուտ մեխանիկական մոտեցումն առարկաներին երաշխիք է կամ քննադատության հիմք: Մենք կարող ենք առարկայի դասավանդումը դնել 24 ժամ, բայց ունենալ զրոյական արդյունք, եթե չենք փոխում մեր մոտեցումը, չենք հետազոտում՝ արդյոք երեխաների մոտ ձեւավորվում են արժեհամակարգը, մտածողությունը: Հանրակրթության մեջ մեր բոլոր խնդիրները  ցույց են տալիս, որ մեխանիկական մոտեցումից հրաժարվելու ժամանակն է: Առարկաների քանակը, ժամերի քանակը դեռ ոչինչ չեն որոշում: Պետք է գտնել երեխաների հետ հաղորդակցության, նրանց հետ ճիշտ խոսելու ձեւերը: Հենց դրա համար էլ պետք է թողնել այս էմոցիոնալ պիտակավորումները եւ անցնել բովանդակային քննարկման»:

Հարցին, թե կանխատեսո՞ւմ են դիմադրության մեծ ալիք՝ Անդրեասյանը պատասխանեց. «Մեզ դժվար խոսակցություն է սպասվում, բայց դա կարեւոր է դպրոցի զարգացման համար: Եվ մենք լիովին պատրաստ ենք այդ խոսակցությանը»:

Ողջամիտ քննադատությունը կարտացոլվի՞ նախագծում. «Բոլոր ռացիոնալ քննադատությունները պատրաստ ենք լսել: Այս ընթացքում ունեցել ենք նաեւ փակ քննարկումներ եւ այն կարծիքները, կոնկրետ առաջարկները, որ ուղղված էին նախագծի բարելավմանը, արդեն իսկ ներառված են: Մենք միայն ուրախ կլինենք, որ ստանանք հավելյալ նման կարծիքներ»:

Չափորոշիչների մշակման աշխատանքներում ներգրավված էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ի՞նչ կարծիք ուներ նա, ունեցե՞լ եք իր հետ բախում. «Իր հետ ունեցել եմ հանդիպում, հանդիպման ժամանակ մանրամասն խոսել ենք հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության, մոտեցումների մասին, մեր համատեղ ակնկալիքների մասին, ունեցել ենք պայմանավորվածություն, որ եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի չափորոշչի մշակման աշխատանքային քննարկումներին, իր կողմից նշվել է՝ ով պիտի ներգրավվի այդ աշխատանքներին՝ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Համաձայն պայմանավորվածության՝ հայր Զաքարիային հրավիրել ենք փակ-աշխատանքային քննարկմանը, որ եղել է մինչեւ նախագծի՝ հանրային քննարկման դնելը, կիսել ենք իր հետ այս փաստաթուղթը, նրանից ոչ մի գրավոր առաջարկ չենք ստացել: Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ ունեցել ենք պայմանավորություն, որ եկեղեցու հետ ձեւավորված հանձնախմբի շրջանակում վերակազմավորում կլինի եւ նիստ կունենանք: Ուղարկել ենք թեկնածությունները, երեկ այդ որոշումը ստորագրվել է, եւ առաջիկայում նիստ կգումարվի: Մենք բաց ենք եկեղեցու հետ խոսակցության համար՝ առաջիկայում այս բոլոր հարցերին մանրամասն անդրադառնալու»:

armtimes.com

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25