Մեղրասար. հանքարդյունաբերողը պարտվել է համայնքին

30.06.2020 14:59
1063

Նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական, ՀՀԿ-ական Համլետ Հովսեփյանին և նրա ընտանիքին պատկանող, ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Ատ-մետալս» ընկերությունը դատարանում պարտվել է Մեղրի համայնքին։

Հովսեփյանների ընկերությունը վարչական դատարան էր դիմել՝ պարտավորեցնելու Մեղրիի համայնքապետին՝ ընդունել մոտ 39 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման։ Այդ հատվածում «Ատ-մետալս»-ը նախատեսում է ոսկու արդյունահանում իրականացնել։ Մեղրիի ավագանին դեմ է հանդես եկել հողերի նշանակությունը փոխելուն։ Մայիսի 4-ին դատավոր Արթուր Ծատուրյանը մերժել է հայցը։ «Ատ-մետալսը» պատրաստվում է Մեղրասարի տարածքում ոսկու և արծաթի արդյունահանում իրականացնել և չնայած դատական համապատասխան որոշմանը՝ չի բացառվում, որ առաջիկայում հողերի նպատակային նշանակությունն ի վերջո փոխվի։

                                           «Ատ-մետալսի» մասին

«Ատ-մետալսը» ստեղծվել է 2012-ին։ Ըստ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերի հայտարարագրի՝ հանքարդյունաբերական ընկերության բաժնեմասերի 15 տոկոսը Համլետ Հովսեփյանինն է, 19.8 ունի նրա որդին՝ Կարեն Հովսեփյանը, 15 տոկոս էլ մյուս որդին՝ Վարդան Հովսեփյանը։ Մնացյալ բաժնեմասերը բաժանված են ՌԴ քաղաքացիների միջև, ովքեր ընկերությունում ունեն անուղղակի մասնակցություն՝ ՌԴ-ում գրանցված «Ավիատեխնոլոգիա գրուպ» ՍՊԸ-ի միջոցով: Այսպես՝ «Ատ-մետալսի» 26.61 տոկոսի բաժնետեր է Սերգեյ Մուլինը, 19 տոկոսինը՝ Գենադի Մուլինը, 7,5 տոկոս էլ ունի Սերգեյ Արոնովը։ Հանքավայրն ըստ էության գտնվում է Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում, սակայն համայնքների խոշորացումից հետո Տաշտունը որպես բնակավայր ընդգրկվել է Մեղրի համայնքի կազմում։ Մեղրասարի հանքավայրի մակերեսը 44.2 հեկտար է։ Ընդերքօգտագործման իրավունք ընկերությունը ստացել է 2015-ին, և գործողության ժամկետը մինչ 2022 թվականն է։  2017-ին ընկերությունը 10.855  տոննա ոսկու հանքաքար է իրացրել ներքին շուկայում, որի արժեքը կազմել է ավելի քան 493 միլիոն դրամ։ Գնորդը եղել է «Թոմ ընդ միր» ՍՊԸ-ն։ 2018 և 2019  թվականներին ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել։ 

                                      Դատական գործընթաց՝ համայնքի և հանքարդյունաբերողի միջև

Վեճի առարկան Մեղրի համայնքի կողմից մոտ 39 հեկտար հողամասն է ու մասնավորապես դրա նպատակային նշանակության հարցը։ Ըստ հացվոր կողմի՝ «Ատ-մետալսի», իրենք Մեղրի համայնքի հետ կնքել են սերվիտուտի 9 պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում, ապա տրվել է ոսկու հանքավայրի շահագործման անձնագիրը։ «Ատ-մետալսի» ներկայացուցիչները դատարանին վստահեցրել են, որ համայնքի կողմից վարձակալությամբ իրենց հանձնված հողամասերը ներառված չեն «Երևիկ» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի սահմաններում։

Ընկերության շահերի պաշտպանների պնդմամբ՝ տասնյակ անգամներ դիմել են Մեղրի և Տաշտուն համայնքների ղեկավարներին՝ պահանջելով փոփոխել հողամասի նպատակային նշանակությունը, սակայն որևէ գործողություն չի կատարվել։ 2019-ի ապրիլին Մեղրիի ավագանին միաձայն որոշել է դեմ արտահայտվել հողերի նպատակային նշանակությունը փոխելուն, ինչն ըստ հայցվորի՝ եղել է «կամայականություն», և «տեղական ինքնակառավարման մարմինը ստեղծել է իրավական բնույթի խոչընդոտներ, կոպտորեն չարաշահել է իրա իրավունքները»։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը դատարանում հայտնել է՝ ինքը 2019-ի ապրիլի 19-ին ավագանու հրավիրված նիստում ներկայացրել է «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծ, որին ավագանու 9 անդամ դեմ են քվեարկել, հետևաբար ինքը նման որոշում կայացնել չի կարող։

Համարելով, որ համայնքի ղեկավարն առանց ավագանու համաձայնության չէր կարող հողերի նպատասկային նշանակությունը փոխել, դատարանը որոշել է «Ատ-մետալսի» հայցը մերժել։

                                   Խնդիրը եղել է «Արևիկ» ազգային պարկի տարածքը

Թեմայի շուրջ 1lurer.am-ը մի քանի հարց է ուղղել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ Վերջինս հայտարարեց՝ ճիշտ է, դատարանը հողերի նշանակությունը չփոխելու իրենց որոշումը համարել է օրինական, սակայն չի բացառվում, որ առաջիկայում, ի վերջո, իրենք այդ հողերի նշանակությունը դարձնեն արտադրական, ընդերքօգտագործման.

-Պարոն Զաքարյան, ավագանին դեմ է հանդես եկել հողերի նշանակությունը փոխելուն, և «Ատ-մետալսի» հայցը դատարանում մերժվել է։ Ի՞նչ հիմնավորմամբ է ավագանին այս որոշումը կայացրել։

-Մեզ դիմել են, որ փոխենք նշանակությունը, բայց դրանից՝ 39 հեկտար տարածքը ներառվում էր «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ, վիճելի էր։ Իրենք պնդում էին, որ պարկի տարածքում չէ, բայց մեզ մոտ այլ բան էր երևում, հետո պարզվեց, որ սխալ քարտեզագրություն կա։ Հիմա իրենք կարողացել են նոր քարտեզագրումով, հիմնավորումներով ապացուցել, որ այդ հողերը «Արևիկ» ազգային պարկի տարածքից դուրս են։ Մեզ նոր ներկայացրել են չափագրման արդյունքները, որով այդ հողերը դուրս են էդ տարածքից, երևի մի երկու շաբաթ առաջ են մեզ նոր քարտեզագրման տվյալները ներկայացրել։

-Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր և իրենց ունեցած քարտեզագրական տվյալները չեն համընկել։

-Այստեղ ճիշտ ու սխալի հարց չկար, քարտեզագրական թյուրիմացություններ կային։ Մեր ամբողջ համայնքի տարածքում քարտեզագրման սխալներ կան, անընդհատ ճշգրտման կարիք է լինում ու նոր տարածական քարտեզագրում է իրականացվել մեր ողջ համայնքի տարածքով, տվյալները եկել են, ու հիմա այդ 39 հեկտարն ամբողջովին պարկի տարածքից դուրս է։

-Հիմա պատրաստվում եք փոխե՞լ հողերի նշանակությունը։

-Դե, կարծես իրենք արդեն ճիշտ են լինում։ Ավագանին մերժել է այդ հարցը նախկինում, ու մեր հիմնավորումը ինքնանպատակ չէր, բայց հիմա նոր փաստեր են ի հայտ եկել, ու նախկին խոչընդոտը էլ չկա։ Մենք պատրաստվում ենք հարցը ներկայացնել էլի ավագանիում, ու նախկին պատճառաբանությունը մեր վերացել է։ Դատարանում մեր այն ժամանակվա փաստերով մենք հաղթել ենք, բայց «Ատ-մետալսի», կադաստրի կոմիտեի տվյալներ է նոր տվել, որ տարածքը պարկից դուրս է։

-Իսկ մեղրեցիները ցանկանո՞ւմ են, որ Մեղրասարի հանքավայրը շահագործվի։

-Ավելի շատ դժգոհ են։ Մեղրին առանց այն էլ հագեցած է, փոքր տարածքում առանց այն էլ աշխատում է արդեն Ագարակի պղնձամոլիբդենայինը, ու դա արդեն լիմիտը լրացնում է։ Ագարակը քաղաք-ձեռնարկություն է, Լիճքում էլ կա։ հագեցած է հանքարդյունաբերությունը: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ բնակիչները կողմ չեն։ Մարդիկ գրգռված են, հենց հանքի անուն են տալիս, բացասական էմոցիաներ է առաջանում։ Պլյուս՝ ֆաբրիկա չունի այդ հանքը, հանքաքարը վերցնում, Կապան են տանում։

Մեղրիի ավագանու անդամ Կարեն Ադամյանը հայտարարում է՝ իր դիրքորոշումը հողերի նշանակության վերաբերյալ չի փոխվել, և եթե հարցը դարձյալ ներառվի ավագանու նիստի օրակարգում, նորից դեմ է քվեարկելու։ «Հարցը դրվել ու միաձայն «դեմ» ենք քվեարկել։ Իմ որոշումը ես անձամբ չեմ փոխի, որովհետև թեև կար դատական գործ, կար քրեական գործ, իրենք շարունակում են քանդել Մեղրասարը»,-ասում է ավագանու անդամը՝ պնդելով, որ մեղրեցիները չեն ցանկանում նոր հանք ունենալ, իրենց ընտրել է ժողովուրդը, և իրենք իրենց որոշմամբ ներկայացրել են ժողովրդի կարծիքը։

Ադամյանը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում կայացած ասուլիսից հետո ավագանու մի քանի անդամով դիմում են հանձնել վարչապետին այն մասին, որ թեև «Ատ-մետալսի» գործունության հետ կապված կա հարուցված քրգործ, սակայն վերջիններս շարունակում են իրենց աշխատանքները։ «Մեզ պատասխանել են, որ դադարեցված է, չեն աշխատում։ Մեր նամակին պատասխանել է ՏԿԵՆ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, բայց մենք մեղրեցի ենք, մեր աչքի առաջ է, ու մենք հո տեսնու՞մ ենք, որ աշխատանքները անում են»,- նշեց նա։

                                                    Քրեական գործ՝ «Ատ-մետալսի» հետ կապված

Կարեն Ադամյանը հայտնում է՝ թեև կա հարուցված քրեական գործ, սակայն «Ատ մետալսը» շարունակում է աշխատանքներ իրականացնել, փորել Մեղրասարն ու քիչ քանակությամբ ոսկի կորզել։ Մեղրիի համայնքապետը սա հերքում է։

2019-ի հունիսին գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ 2017 թվականին ընկերությունը ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին: Ըստ դատախազության՝ պարզվել էր, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց պարտականությունները՝ թույլ տալով «Ատ մետալսին»ն իրականացնել ընդերքօգատգործում։ Հարուցվել էր քրեական գործ՝ կանոնների խախտմամբ ընդերքօգտագործման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ գործի վարույթը ՔԿ Սյունիքի մարզային վարչությունից տեղափոխվել է Երևան, դատախազությունից էլ տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է, գործով մեղադրյալներ չկան։

 

1lurer.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34