«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբն իր բարեկամներ Ժորա Ալեքսանյանի, Գրիշա Հարությունյանի եւ Սուրեն Վարդանյանի հետ հոկտեմբերի 13-ին մեկնեց Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների ամենահզոր բերդերից մեկը՝ Բղենո բերդը, որ գտնվում է Հաբանդի, Բաղքի եւ Ծղուկի միջեւ գտնվող Բղեն գավառում, Որոտան գետի աջ ափի բարձրադիր վայրում՝ Դաութլու գյուղից հարավ-արեւելք:
Դա մոտիկ է այն վայրին, որտեղ Վարարակն գետը միախառնվում է Որոտանին:
***
Բղենո բերդի աշխարհագրական տեղագրությունը երկար ժամանակ հայտնի չի եղել:
Ոմանք դա շփոթել են Գյավուրի բերդի հետ՝ նկատի ունենալով, որ Բղեն գավառը հաճախ մաս է կազմել Հաբանդի:
Իսկ պրոֆեսոր Թ. Հակոբյանի կարծիքով՝ բերդը գտնվել է Բղենո Նորավանքի մերձակայքում:
Ոմանք էլ Բղենո բերդը նույնացրել են երբեմնի Կուբաթլուի շրջանի Բախտիարլու գյուղի հարավային մասում՝ Որոտան (Բարգուշատ) գետի աջ բարձրադիր ափին գտնվող բերդի ավերակների հետ:
Ճշմարիտը, կարելի է ստույգ ասել, վերջին տարբերակն է:
***
Բղենո բերդի մասին առաջին գրավոր հիշատակությանը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» կոթողային գործում:
Պատմիչը թվարկում է Սյունյաց աշխարհի բերդ-ամրոցները՝ որպես սկզբնախոսք կատարելով այսպիսի պատկերավոր արտահայտություն. «Իսկ այստեղ (գտնվող) ամրոցները, որ անհասանելի են մարդկանց մուտքին, եւ միայն Տերը կարող է մատչելի դարձնել, հետեւյալներն են…»:
Այդ շարքում Ստեփանոս պատմիչը նշում է նաեւ Բղենո բերդը:
Ստեփանոս Օրբելյանը Սյունիքի 12 գավառի հարկացուցակում նշում է նաեւ Բղեան գյուղը՝ 6 չափ հարկով՝ Ծղուկ գավառի կազմում:
Բղենո բերդի եւ Բղեան գյուղի՝ իրար մոտ գտնվելը խիստ հավանական է, քանզի, ինչպես նշեցինք, Բղեն գավառը գտնվել է Հաբանդի, Բաղքի եւ Ծղուկի միջեւ:
Մեզ ուղեկցող Նարեկ Հակոբջանյանը, ինչպես եւ նրա հայրը՝ Արտուշ Հակոբջանյանը, մատնացույց են անում մի վայր՝ Բղենո ամրոցի հյուսիս-արեւելյան ստորոտում, որտեղ, ըստ ավանդության, գյուղ է եղել, որն էլ երկրաշարժերից մեկի ժամանակ ամբողջովին հողի տակ է անցել, ինչպես մեզ հայտնի Ակոռի գյուղը՝ Մեծ Մասիսի վիհի եզրին գտնվող, 1840-ի երկրաշարժից հետո:
Հիմա այնտեղ խորհրդավոր մի խոռոչ կա, որից ամռանը խիստ սառը օդ է ելնում, իսկ ձմռանը՝ տաք օդ:
Ամենայն հավանականությամբ հենց դա էլ Բղեան գյուղն է եղել՝ ամրոցի ստորոտում:
***
Բղեն գավառի աշխարհագրական տեղագրության մասին:
Ստեփանոս պատմիչն այդ անվամբ է կոչում Բաղքի Բղենո բերդի շրջակայքը:
Մյուս աղբյուրներում այդ անունով գավառ չի նշվում:
Աշխարհագրական դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, տարբեր տեսակետներ կան:
Եվ գավառը հավանաբար կազմում էր Բաղք-Աճանանի, Ծղուկի, հյուսիսային կողմից՝ Հաբանդ գավառի սահմանամերձ շրջանը:
Մյուս կողմից՝ Ս. Բարխուդարյանը Բղենո նորավանքն իր շրջակայքով դրել է Հաբանդ գավառի տարածքում:
***
Մեր արշավախումբը Գորիս-Կապան ավտոմայրուղու՝ Որոտանի կիրճ իջնող հատվածի սկզբնամասից թեքվեց դեպի հարավ-արեւելք:
Առաջին կանգառը Դաութլու գյուղն էր, որ հիմա կոչվում է Դողար եւ մտնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի մեջ (մինչեւ Արցախյան պատերազմ` Կուբաթլուի շրջանի գյուղերից էր):
Դողարում նախ հյուրընկալվեցինք Գագիկ Խաչատրյանի այգում:
Գորիս քաղաքի այդ բնակիչը եկել եւ Դողարում՝ Վարարակն գետի ափին, հեքիաթային մի այգի է հիմնել:
Մենք ճաշակեցինք նուռ, խաղող, թուզ, արքայախնձոր, որ անզուգական համ ունեին:
Այնուհետեւ հյուրընկալվեցինք Դողարի մեկ այլ օջախում՝ Արտուշ Հակոբջանյանի եւ Սուսաննա Ջավադյանի հարկի տակ, որտեղ եղել էինք նաեւ ամիսներ առաջ՝ Լալազարի կամուրջ կատարած այցի ժամանակ:
Նրանց որդին՝ Նարեկ Հակոբջանյանը, մեզ պետք է ուղեկցեր Բղենո բերդ գնալիս:
Առաջ անցնելով նշենք՝ Նարեկը մի քաջ երիտասարդ է, որ տեղյակ է այդ կողմերի բոլոր կածաններին, ճանապարհներին, պատմամշակութային հուշարձաններին:
Պիտի հպարտանալ, որ մեր ամենահեռավոր եւ լեռնային գյուղերում այդպիսի երիտասարդներ կան՝ իրենց ընտանիքներով:
Նման երիտասարդներով են ամուր սահմանային մեր գյուղերը:
Մեր արշավախումբը Դողարից իջավ Լալազարի կամուրջ, ապա՝ կամուրջն անցնելուց հետո, գնացինք դեպի Որոտան ավան (երբեմնի Կուբաթլու) ձգվող ճանապարհով ու թեքվեցինք աջ՝ արեւմուտք:
Ճանապարհին Նարեկը ցույց էր տալիս խրամատներ, դիրքեր, որտեղ տարիներ առաջ՝ Արցախյան պատերազմի օրերին, ճակատամարտեր են տեղի ունեցել, որտեղ Գորիսի ինքնապաշտպանական ջոկատի տղաները հերոսական մարտեր են մղել եւ Սյունյաց աշխարհի պատմական ու հնամենի այդ տարածքից դուրս մղել թուրք-ազերիներին:
Նարեկը գիտի նաեւ ականապատված տարածքները եւ մեզ առաջնորդում էր անվտանգ կածաններով:
Մեր երկու մեքենան թողեցինք Բղենո բերդի ստորոտում:
Բղենո բերդը, ինչպես նշում է պատմիչը, «անհասանելիէմարդկանցմուտքին, եւմիայնՏերըկարողէմատչելիդարձնել»:
Դա հատկապես վերաբերում է բերդի հարավային, հարավ-արեւելյան, արեւմտյան, հյուսիսային մասերին, որոնք, իսկապես, աստվածաստեղծ պարիսպներով են շրջափակված:
Գագաթ տանող միակ կածանը ձգվում է բերդի հյուսիս-արեւելյան մասով:
Այդ ուղղությամբ էլ առաջ շարժվեցինք…
Զարմանալի ամրոց է Բղենո բերդը:
Եվ մի շարք առումով՝ բացառիկ:
Մեր տեսած բերդերից միակն է, որ ունեցել է պաշտպանական մի քանի գոտի, ավելի ստույգ՝ երեք գոտի:
Առաջին գոտու հետքերը պարզ երեւում են եւ առանձնապես դժվարություն չներկայացրեց հաղթահարելու համար:
Պաշտպանական երկրորդ գոտին անցնելու համար պետք է անցնեինք միակ մուտքով, որի պատերի մի մասը դեռ պահպանվում է:
Ըստ Նարեկի՝ բերդն ունի նաեւ գաղտնի մուտք, որ հիմա մացառներով պատված է եւ դժվար կլինի հաղթահարել:
Առհասարակ բերդն ունեցել է բազմաթիվ գաղտնուղիներ, որոնց միջոցով ամրոցի պաշտպանները (պաշարումների ժամանակ) ջուր են վերցրել ստորոտում հոսող Որոտան գետից:
Ինչեւ է, պաշտպանական երկրոդ գոտու դարպասով մենք մտանք բերդի տարածք:
Պարիսպների հետքեր, քարանձավներ, դիտակետեր, խեցեղենի մնացորդներ…
Բերդի ներսում տեղաշարժվելու եւ հատկապես վեր բարձրանալու համար զգուշություն էր պահանջվում եւ ջանքեր:
Ամենագագաթում, պարզվում է, միջնաբերդն է՝ շրջափակված պաշտպանական մեկ այլ շերտով, որի պատերի հաստությունը տեղ-տեղ հասնում է 2-3 մետրի:
Ճարտարապետական ինչպիսի՜ հնարամտություն եւ վարպետություն:
Մեզ չհաջողվեց այդ պարսպից որեւէ բեկոր պոկել, այն էլ՝ կառուցումից հազարամյակներ անց:
Օրն արդեն ավարտին էր մոտենում:
Եվ ստիպված դադարեցրինք առաջխաղացումը՝ չմտնելով միջնաբերդի տարածք՝ թողնելով դա մեկ այլ արշավային այցի համար:
***
Վերադարձին կրկին հյուրընկալվեցիք Արտուշ Հակոբջանյանի եւ Սուսաննա Ջավադյանի օջախում:
Այդտեղ հյուրընկալվել էինք նաեւ ս.թ. հունիս ամսին, երբ թթի բերքահավաք էր եւ թթից օղի թորելու ժամանակ, ինչը ներկայացրել էինք syuniacyerkir.am կայքով:
Իսկ հիմա… Արտուշ Հակոբջանյանն արդեն հասցրել էր խաղողի առատ բերքից գինի պատրաստել:
Եվ նրա հյուրընկալ ընտանիքի առաջարկին՝ ճաշակելու անմահական այդ գինին, մենք անզոր գտնվեցինք դիմադրել, մանավանդ որ Բղենո աստվածասկիզբ ամրոցում ստացած թարմ տպավորություններից դեռ չէինք կարողանում ազատվել:
***
Վերադարձից հետո քրքրեցինք պատմության էջերը՝ Բղենո բերդին առնչվող նյութեր գտնելու համար:
Պարզվում է՝ այդ բերդ-ամրոցի պարիսպների տակ քանիցս մեր նախնիները ջախջախել են Շապուհի, Հազկերտի, սելջուկների եւ օսմանցիների զորքերին…:
Եվ, այդուհանդերձ, Չորթման անունով հայտնի ավազակապետ-ամիրային հաջողվել էր գրավել Բղենո բերդը, թալանել այն եւ բերդի իշխանին գերի վերցնել:
Միայն հարյուր տարի հետո է մեզ հաջողվել հետ վերցնել բերդը՝ շնորհիվ Զաքարե եւ Իվանե իշխանների:
Օրբելյանների իշխանության տարիներին էլ այս բերդի համար ճակատամարտեր են մղվել: Եվ Սմբատ Օրբելյան մեծ սյունեցին կարողացել է վերջնականապես (13-րդ դար) հրոսակներին հեռացնել այդ տարածքից:
***
Ինչպես արդեն նշեցինք, այս բերդը հաճախ շփոթել են Գյավուրի բերդի հետ (նաեւ՝ Գյավուր կալասի):
Մեր արշավախումբն էլ, անկեղծ լինենք, այդ համոզմամբ էր ճանապարհ ընկել, բայց…
Պարզվեց իրականությունը՝ դա Բղենո բերդն է:
Միեւնույն ժամանակ հաջողվեց ճշտել Գյավուրի բերդի տեղը, որ խոսակցության առանձին նյութ է, որին նույնպես կանդրադառնանաք:
Սամվել Ալեքսանյան