Մեր գոյության հազարամյա վկաները

29.04.2020 15:11
1544

Լույս է տեսել «Սյունյաց երկիր» թերթի հերթական բացառիկ համարը:

Այն «Ուխտագնացություն Սյունիք» թեմային նվիրված առաջին հատորյակն է եւ ընդգրկում է Գորիսի տարածաշրջանի քրիստոնեական բոլոր սրբավայրերը:

Հազար տպաքանակով լույս տեսած համարի ծավալը 24.5 տպագրական մամուլ է կամ A4 չափսի 204 էջ:

Համարը տպագրված է կավճապատ թղթի վրա, մի մասը՝ գունավոր:

Համարի PDF տարբերակը տեղադրված է syuniacyerkir.am կայքի «Հատուկ համար» բաժնում:

Համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի խմբագրականով, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

***

Առաջին անգամ ընթերցողին ենք ներկայացնում Սյունիքի մարզի քրիստոնեական սրբավայրերը՝ վանքեր, անապատներ, եկեղեցիներ, մատուռներ ու նաեւ պաշտամունքային այլ վայրեր: Դա ենթադրում է «Սյունյաց երկիր» թերթի մի քանի ստվարածավալ համարի հրատարակում:

 «Ուխտագնացություն Սյունիք» վերտառությամբ այդ շարքը սկսում ենք Գորիսից՝ տարածաշրջանին նվիրելով թերթի սույն համարը: Աննախադեպ այդ նախաձեռնությունը գիտական, պատմական արժանահավատ տեղեկություններով կյանքի կոչելու համար 2019 թ. հուլիս ամսից սկսած ուխտագնացություն կատարեցինք Գորիսի տարածաշրջանի պաշտամունքային վայրեր:

Եղանք գրեթե բոլոր սրբավայրերում, որոնց միջոցով ամենազոր Աստծո շնորհքին են դարեր ի վեր փորձել հաղորդակցվել մեր հավատավոր նախնիները:

Ուխտագնացության ընթացքում մեզ չխանգարեցին դժվարությունները. որոշ սրբավայրեր այցելեցինք ոտքով, առանձին դեպքերում՝ ձիերի օգնությամբ, նաեւ ամենագնաց մեքենաներով:

Սրբավայրեր կատարած այցելություններից ստացած տպավորությունները զարմանալի էին ու անջնջելի:

Տեսանք մեր սրբավայրերը եւ վերստին համոզվեցինք, որ հայոց մեջ, իսկապես, առաջինը սյունեցիներն են ընդունել Աստծո խոսքը եւ հավատ ընծայել Սուրբ Ավետարանին, ինչը եւ վկայում է Ստեփանոս Օրբելյան պատմիչը: Ահա՝ «Ամենից առաջ ինձ համար կարեւոր ու չափազանց անհրաժեշտ էր ցույց տալ հենց այս, թե հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները, որոնք Սուրբ Ավետարանին հնազանդվեցին Բարդուղիմեոս Սուրբ Առաքյալի միջոցով...» (Սյունիքի պատմություն, Երեւան 1986, էջ 76):

Տարածաշրջանում չգտնվեց որեւէ բնակավայր (նաեւ ներկայումս անմարդաբնակ, վաղուց ավերված կամ օտարներով ինչ–որ ժամանակ վերաբնակեցված ու նորից լքված), որ ունեցած չլինի քրիստոնեական սրբավայր, ինչը երիցս վկայում է մեր երկրամասում դարեր շարունակ գոյատեւած հավատքի հաստատունության մասին:

Իսկապես, որքա՜ն մոլեռանդ համոզմունքով են մեր նախնիներն ընդունել քրիստոնեության գաղափարները: Եվ ափսոսանք ապրեցինք այն կարծրացած տեսակետի համար, թե իբր սյունեցիները հավատավոր ժողովուրդ չեն եղել:

Մեզ թվում է, թե սքանչելի Կորյունի՝ Մեսրոպ Մաշտոցի աշակերտի, հայտնի երկում տեղ գտած որոշ մտքերն են դարերի ընթացքում սխալ ընկալվել եւ ոչ հիմնավոր եզրակացությունների, տարակույսների տեղիք տվել:

Ուստի եւ վերստին ու նորովի ընթերցեցինք Կորյուն վարդապետի խոսքերը. «Ապա դրանից հետո ելավ սահմանակից Սյունական աշխարհը: Այնտեղ էլ աստվածասեր հնազանդությամբ ընդունեց նրան Սյունիքի իշխանը, որի անունը Վաղինակ էր: Մաշթոցն իր առաջադրած գործի համար շատ օգնություն գտավ նրանից, այնպես որ պտտեց, վերահասու եղավ Սյունիքի բոլոր կողմերում: Եվ սովորեցնելու համար մանուկներ ժողովեց, ավելի գազանամիտ, վայրենի, ճիվաղաբարո կողմերինը, եւ այնքան հոգ տարավ, դաստիարակի պես կրթեց, խրատեց, որ մինչեւ անգամ հենց այն վայրենիներից կարգեցին Սյունիքի եկեղեցու համար եպիսկոպոս–տեսուչ, որի անունն էր Անանիաս, մի սուրբ ու երեւելի եւ եկեղեցու ժառանգավորների համար հայրաբարո մարդ: Ապա Սյունյաց երկիրն էլ լցրեց վանականների դասերով:

Այն ժամանակ Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ եւ կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ: Նա շատ նպաստեց Ավետարանի քարոզության գործին: Նա, ինչպես որդին հորը՝ հնազանդություն ցույց տալով եւ Ավետարանին վայել կերպով ծառայելով՝ մինչեւ վերջը գործադրում էր նրա հրամայածները» (Վարք Մաշտոցի, Երեւան 1962, էջ 109, աշխարհաբար թարգմանությունը՝ ներածական ուսումնասիրությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով՝ Մանուկ Աբեղյանի):

Այդ խոսքերից, ընդհակառակը, համոզվում ենք, թե որպիսի հնազանդություն ցույց տվեց սյունեցին (իր իշխանների գլխավորությամբ), երբ քարոզում էին Ավետարանը: Դրա վկայությունն են նաեւ Աստծո տաճարները, որ երկրամասում կառուցվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Սահակ Պարթեւ եւ Ներսես կաթողիկոսների նախաձեռնությամբ, ու այն վկայարանները, որ կառուցվել են Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի, ինչպես եւ Սուրբ Թադեի աշակերտների կողմից

Մեր շրջագայության ընթացքում տպավորվեցինք եկեղեցաշինության սյունիքյան դպրոցի անզուգական դրսեւորումներով:

Տպավորվեցինք խաչքարային արվեստի սքանչելի արտահայտություններով, որոնց կարելի է հանդիպել ամենուր:

Ի՞նչ նպատակ ունեինք Սյունյաց աշխարհի փառահեղ ու աստվածաբնակ սրբավայրեր այցելելով:

Մարդկանց հաղորդակից դարձնել այն սրբավայրերին, որոնք մեր նախնիները կառուցել են դարեր առաջ, որոնք էլ ուղեկցել են սյունեցիներին՝ բազում փորձություններով անցնելիս: Այնուհետեւ՝ մեր սրբավայրերը մաքրել դարերի փոշուց, վեր հանել մոռացության թանձր մշուշի միջից եւ դրանցից յուրաքանչյուրին դարձնել մեր նորօրյա ընթացքի մասնակիցն ու ուղեկիցը:

Մենք նաեւ գրավոր բազում սկզբնաղբյուրներ ուսումնասիրեցինք՝ Սյունիքի եկեղեցիներին առնչվող: Եվ ակնհայտ դարձավ, որ շատ դեպքերում անհամապատասխանություններ կան մատենագիտության եւ իրականության միջեւ: Ուստի եւ փորձեցինք յուրովի «գույքագրել–քարտեզագրել» այդ սրբավայրերը` դրանով իսկ կասեցնել հետագա աղավաղումները:

Եվ, իհարկե, դա յուրօրինակ ուխտագնացություն էր Սյունիքի հերոսական պատմության խորքերը՝ երկրամասի պատմությունը նոր վկայություններով (ինչպիսին մեր տաճարներն են, դրանց հետ կապված ավանդազրույցները) հարստացնելու անկեղծ ձգտումով:

Մեր այս ձեռնարկումը նաեւ նպատակ ուներ ստեղծել–կազմել–մշակել ինքնատիպ ուղեցույց բոլոր այն ուխտավորների համար, ովքեր կցանկանան երբեւէ այցելել Սյունիքի հոգեւոր կենտրոններ: Այդ է պատճառը, որ ամեն մի սրբավայրի մասին մեր հրապարակումը կատարելիս ձգտել ենք նաեւ ցույց տալ, թե ինչպես եւ որ ճանապարհով է առավել հարմար ուխտագնացություն կատարելը:

Այցելություններին նկատեցինք, որ ոչ հարթ ընթացք ունեցած մեր պատմական ճանապարհին ժամանակն իր անցանկալի հետքն է թողել դարեր առաջ շինված սրբավայրերի վրա:

Բայց եւ համոզվեցինք, որ հավատավորների ուխտագնացությունը վերականգնելով ու պարբերական դարձնելով՝ ժամանակի հետեւանքներն աստիճանաբար կվերանան, երբեմնի արահետներն ու ճանապարհներն անցանելի կդառնան:

Այնպես որ՝ Սյունյաց աշխարհում սպասում ենք ուխտավորներին, ովքեր ցանկություն կունենան հաղորդակցվել երկրամասի քրիտոնեական անկրկնելի սրբավայրերի հետ:

Նախօրինակը չունեցող այս նախաձեռնության առաջին քայլը (Գորիսի տարածաշրջանին նվիրված հատորյակը) կատարելու–հրատարակելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում «Աստվածամոր տուն» հիմնադրամին (գործադիր տնօրեն՝ Տիգրանուհի Էքմեքճյան)՝ սույն ձեռնարկումը հովանավորելու, թերթի խմբագրակազմին քաջալերելու համար: Հենց այդ հիմնադրամից բխեց առաջարկությունը, որի իրականացմանն էլ լծվեցինք սիրով:

Մեր ուխտագնացության ամեն մի երթուղում մեզ ուղեկցողներ եղան տեղի բնակիչներից, որոնցից յուրաքանչյուրին, հիրավի, իր հայրենի բնօրրանի նվիրյալ պիտի համարել:

Նրանց մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում. առանց այդ նվիրյալների աջակցության մեր այցելություններն արդյունավետ չէին լինի, իսկ որոշ դեպքերում պարզապես անհնարին կդառնային. այդ մարդկանց անուններին ընթերցողը կհանդիպի համարի տարբեր էջերում:

Ու վերջում հետեւյալը կասենք՝ եթե երբեւէ ոչ ստույգ կամ ոչ արժանահավատ կամ թերի ու ոչ լիարժեք համարվեն մեր հաղորդած տեղեկությունները Սյունյաց աշխարհի սրբավայրերի մասին, ապա թող եկող սերունդները լրացնեն մեր թերին ու բացթողածը:

Եվ, իհարկե, փառք ու գոհություն Արարչին, որ հենց «Սյունյաց երկրին» վստահվեց մեզանում նախադեպը չունեցող այս ձեռնարկումի իրականացումը:

 

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10