Մեր ժամանակների հերոսը մարտական դիրքերում հերթապահող զինվորն է, Արցախյան գոյակռվի նահատակն ու մասնակիցը

22.12.2018 14:08
1592

Հնարավոր չէ այցելել Արցախի պաշտպանության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված այդ զորամաս ու հպարտություն չապրել, չզորանալ, վաղվա հանդեպ հավատով ու լավատեսությամբ չլցվել վերստին:

Նաեւ այդ զորամասն է 2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը մարտական դիրքերում իր վրա կրել Ադրբեջանի կանոնավոր զորքերի հանկարծակի գրոհը:

Ու հարձակման հանկարծակիությունը ոչ միայն մեր դիրքերում խուճապ չի առաջացրել, ոչ միայն դիրքերից նահանջելու չի մղել, այլեւ…

Անձնազոհության պատրաստ զինվորները հերոսաբար պաշտպանել են իրենց մարտական դիրքերը եւ կասեցրել ադրբեջանցիների գրոհն ու հօդս ցնդեցրել առաջխաղացման ցնորական ծրագիրը:

Չորս օր տեւած կենաց-մահու մարտերում, սակայն, մեր զինվորներից շատերը մարտիրոսվեցին՝ Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զոհրաբյան…

Եվ զորամասի տարածք մտնող յուրաքանչյուրին ընդառաջ են գալիս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հերոսների դիմանկարները. այլեւս ու ընդմիշտ նրանց թվում է Ռոբերտ Աբաջյանը…

Այդ զորամասի նահատակների կերպարները ոգեշնչման աղբյուր են Արցախի սահմանների մերօրյա պաշտպանների համար, ինչի բազմաթիվ դրսեւորումների ականատեսը եղանք մեր այցելության ընթացքում:

Եվ կարող ենք ամենայն հստակությամբ արձանագրել՝ նրանց կերպարը, նրանց ոգեղեն ներկայությունն ուղեկցելու են մեզ հավերժ…

 ***

Դեկտեմբերի 20-ին Արցախի պաշտպանության առաջնագիծ կատարած հերթական այցելության ժամանակ ստացած բազում տպավորությունների մասին կարելի է երկար պատմություններ անել՝ օրեցօր ամրացվող եւ արդիականացվող դիրքերից, փոս-ճանապարհների աներեւակայելի ցանցից, արդիական զենքից ու սարքավորումներից մինչեւ զինվորի սնունդ, զինվորի հագուստ, մինչեւ մարտական դիրքերում հերթապահող զինվորի տրամադրություն ու բոլորիս ոգեշնչող, գոտեպնդող ներկայություն, բայց…

Այս անգամ գերադասում ենք պատմել գնդապետ Կարեն Շաքարյանի մասին, ով արցախաադրբեջանական սահմանի մի մեծ հատվածը պաշտպանող զորական միավորման (դիվիզիայի) հրամանատարն է:

Մեր ստեղծագործական խումբը գնդապետ Աշոտ Աղաջանյանի զորամաս հասավ այն ժամանակ, երբ ե՛ւ շարքային, ե՛ւ սպայական անձնակազմը զորամասի մարտական պատրաստության ավանում էր:

Պատրաստվում էին հաջորդ օրը մարտական դիրքերում տեղի ունենալիք հերթափոխին:

Իսկ հերթափոխի գնալուց առաջ, որպես կանոն, զինվորները մարտական պատրաստության ավանում գործնական պարապմունքների ու վարժանքների են մասնակցում:

Դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը (իր ենթակա զորամասերից մեկում) անձամբ էր ղեկավարում  այդ օրվա նախապատրաստական աշխատանքը:

Առաջնագծի մանրակերտի արտացոլանքով մարտական ավանում դիվիզիայի հրամանատարը, կարծեք, ձգտում էր շփվել դիրքեր մեկնելուն պատրաստվող ամեն մի զինվորի հետ, ուզում էր անձամբ համոզվել , թե զինվորն ինչպես կարող է կողմնորոշվել մարտական դիրքերում հնարավոր եւ անհավանական իրավիճակներում…

Կողքից մեզ հուշեցին, որ դիվիզիայի հրամանատարը «կաբինետային հրամանատարներից» չէ, շատ գործնական է եւ նրան անընդհատ կարելի է տեսնել ոչ միայն մարտական պատրաստության ավանում, այլեւ դիրքերում:

Պարզվում է՝ դա էլ պատահական չէ:

Արցախի հռչակավոր Ճարտար գյուղի զավակ Կարեն Շաքարյանը դեռեւս 18 տարեկանում է զինվորագրվել հայրենի երկրամասի պաշտպանության սրբազան գործին: Եվ քանիցս վիրավորվելուց հետո նույնիսկ հավատարիմ է մնացել իր կոչմանը, ու մինչեւ այսօր…

Երբ հրամանատարն ավարտեց իր գործը մարտական պատրաստության ավանում, մենք հնարավորություն ստացանք մոտենալ նրան եւ զրուցել:

Առաջին իսկ պահից անմիջական, շփվող մարդու տպավորություն թողեց: Այնպես որ՝ անկեղծ, անկաշկանդ զրույցը (հենց հրապարակում՝ ոտքի վրա) ստացվեց:

Մեր նախատեսած մի քանի հարց, սակայն, ստիպված էինք շրջանցել, քանի որ պատասխաններն արդեն իսկ հասցրել էինք տեսնել գործնականում:

Շրջանցեցինք նաեւ զինվորների ֆիզիկական դաստիարակությանն առնչվող հարցը:

Զորամասի տարածքում մարզական հիանալի ավանի ականատես եղանք՝ ժամանակակից հնարավորություններով եւ կահավորանքով:

Ասել է թե՝ անկարելի է մարզական այսպիսի հնարավորություններով զորամասում ծառայել ու ֆիզիկապես պատրաստ չլինել:

Զինվորների սննդին առնչվող հարցերին առավել համոզիչ պատասխան տալու համար հրամանատարի կարգադրությամբ բերվեցին պահածոյացված մի քանի սննդատեսակներ:

Հրամանատարը հնարավորություն տվեց, մեր ցանկանալու դեպքում, այցելել սննդի պահեստարաններ կամ մեր հայեցողությամբ որեւէ մարտական դիրքում ճաշել զինվորների հետ, նաեւ այդ թեմայով զրուցել զինվորների, սպաների հետ ու սեփական կարծիք կազմել:

Մեր տպավորությունը (առաջին անգամ չէ, որ ասում ենք այդ մասին) հստակ է՝ հայոց բանակում զինվորը սննդի խնդիր այլեւս չունի:

Իսկ եթե զինվորի մայրը ժամանակ առ ժամանակ կամեցել է (կամենում է) իր պատրաստած ուտեստից որդուն բաժին հասցնել՝ դա արդեն այլ հարց է՝ սննդի անբավարարությամբ չպայմանավորված: Դա ավելի շատ ծնողական հոգատարության, կարոտի, գորովանքի արտահայտութուն է:

Զինվորների ճիտքավոր կոշիկների (ճտքակոշիկների) որակի մասին մամուլում շրջանառվող տարակույսները եւս հրամանատարը փարատեց՝ «Արդեն ստացել ենք նոր եւ լավորակ ճտքակոշիկների առաջին խմբաքանակը, եւ այդ հարցի վերջնական ու հիմնավոր լուծումը տեսանելի է»:

Դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանի հետ զրույցը, իսկապես, անկաշկանդ էր ու անկեղծ:

Ուստի եւ մեզ թույլ տվեցինք տեղափոխվել մտահոգությունների այլ ոլորտ:

-Պարոն գնդապետ, իմ զավակներին այսպես եմ դաստիարակել՝ մեր ժամանակների հերոսը մարտական դիրքերում հերթապահող զինվորն է, Արցախյան գոյակռվի նահատակն ու մասնակիցը: Ի՞նչ անել. թոռներիս նույնպե՞ս այդկերպ դաստիարակել,- հարցրեցինք դիվիզիայի հրամանատարին:

-Միայն այդպես,- պատասխանեց հրամանատարը:

Արցախյան պատերազմի տարիներին մարտական գործողությունների թատերաբեմ էր ամբողջ Սյունիքը: Մենք տեսել ենք ռմբահարված Կապան, Գորիս (մերձակա գյուղերով), իսկ Ապրիլյան պատերազմի օրերին կամավորականների առաջին գումարտակն Արցախ մեկնեց հենց Սյունիքից:

Այնպես որ՝ բոլոր հիմքերն ունենք հաստատելու՝ Արցախյան պատերազմն անկշռելի, անհամեմատելի ու անսակարկելի արժեք է, ինչպես Սարդարապատը:

Եվ ուրեմն՝ մեր արժեհամակարգում ինչպիսի վերաձեւումներ էլ փորձեն կատարել, միեւնույն է՝ Արցախյան պատերազմը, Ապրիլյան պատերազմը Սյունիքում այլ ընկալում ունենալ չեն կարող:

Շատ լավ է, որ Արցախի պաշտպանության առաջնագծում կանգնած հրամանատարը նույնպես այդկերպ է մտածում եւ գործում…

Հատկապես ԱԺ ընտրության քարոզարշավի օրերին, նաեւ հաջորդող ժամանակաշրջանում, ցավոք, առանց կարիքի անհրաժեշտության, պատեհ թե անպատեհ, քաղաքական ուժերով եւ պատգամավորի թեկնածուներով  արծարծեցինք Արցախյան հիմնախնդիրը, սահմանի իրավիճակը, միմյանց մեղադրեցինք դավաճանության, ուրացումի մեջ:

-Եվ ինչպե՞ս է այդ ամենին (ինչ-ինչ տարածքներ հանձնելու շուրջ ասեկոսեներին) վերաբերվում հրամանատարը,- հարցնում ենք գնդապետին:

-Մենք զինվորական ենք, սովորաբար նման հարցեր չենք քննարկում, բայց, խնդրեմ, հարցրեք սպային:

Այդ պահին, իսկապես, մի սպա էր անցնում մեր կողքով, եւ անակնկալորեն նույն հարցն ուղղեցինք նրան:

Իսկ նա.

-Նախ՝ ցանկալի չէ, որ յուրաքանչյուր ոք իրեն թույլ տա խոսել ու կարծիք հայտնել բավականին նուրբ եւ լուրջ այդ թեմայի շուրջ՝ նույնիսկ հեռավոր պատկերացում չունենալով խնդրի մասին:

Մյուս կողմից՝ այստեղ, ուր մենք կանգնած ենք, ամեն մի քայլի համար արյուն է հեղվել՝ մեր մարտական ընկերների արյունը… Ինչպե՞ս կարելի է այդքան թեթեւությամբ ու անհոգությամբ խոսել հողեր հանձնելու մասին…

Եվ, այդուհանդերձ, դիվիզիայի հրամանատարն իր դիրքորոշումն ունի՝ ապավինել նախեւառաջ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ղեկավարների ողջամտությանն ու խոհեմությանը, քանի որ իրենք լավագույնս են տիրապետում իրողություններին եւ պատկերացնում հնարավոր զարգացումներն ու դրանց հետեւանքները:

Գնդապետ Կարեն Շաքարյանը, ինչպես նշեցինք, 1990-ականներին է ընդգրկվել Արցախի ինքնապաշտպանությանը, տեղյակ է 1994-ի զինադադարին հաջորդած անցուդարձին:

Նրա համոզմամբ՝ ի սկզբանե խախտվել է ռազմատեխնիկական հավասարակշռությունը տարածաշրջանում. դա Խորհրդային Միության ժամանակներից եկող խնդիր է: Բայց եւ ցավ է ապրում, որ դաշնակից Ռուսաստանն այսօր էլ շարունակում է զենքի վաճառքն Ադրբեջանին, ինչը կարող է եւ ավելի խորացնել ռազմատեխնիկական անհավասարակշռությունը:

Միեւնույն ժամանակ՝ նա չի կարծում, թե անցած երեք տասնամյակը, բանակի ռազմատեխնիկական հզորացման առումով, ոչ արդյունավետ է օգտագործվել:

Առանձնապես դրական է գնահատում Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում կատարված (եւ ներկայումս շարունակվող) աշխատանքն ու առհասարակ բանակի արդիականացման ուղղությամբ կատարվող քայլերը:

Գնդապետն Արցախյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհին կարեւորում է մեր դիվանագետների աշխատանքը:

Դիվիզիայի հրամանատարն առանձնահատուկ նշանակություն է տալիս զինվորի բարոյահոգեբանական կերտվածքին, հայրենասիրական դաստիարակությանը:

Ըստ հրամանատարի՝ հենց զինվորի հայրենասիրական ոգու, կամքի ու վճռականության շնորհիվ կարողացանք 2016-ի ապրիլին հետ շպրտել հակառակորդին:

Նաեւ զինվորի ոգին է թույլ տալիս հրամանատարին՝ համոզված հայտարարելու, որ իր գլխավորած միավորումը պատրաստ է հետ մղելու հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն, պատրաստ է ապահովելու Արցախի պաշտպանական գծի անձեռնմխելիությունը:

Արցախաադրբեջանական սահմանագծի օպերատիվ իրավիճակը հրամանատարը գնահատում է կայուն եւ համեմատաբար հանգիստ, որը, սակայն, դիրքապահ մարտիկների զգոնությունը թուլացնելու պատճառ չի կարող լինել: Ընդհակառակը՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի օրերին առավել զգոնություն է պահանջվում:

Իսկ առհասարակ սահմանի անդորրն ամեն վայրկյան կարող է փոխվել, քանզի հակառակորդի ձեռագիրն ու գործելակերպը վաղուց են հայտնի:

 ***

Մեր զրույցից հետո գնդապետ Կարեն Շաքարյանը շտապում էր մարտական դիրքեր. նա պարբերաբար, ինչպես նշեցինք, շրջայցեր է կատարում ենթակա զորամասերի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքեր, անձամբ ծանոթանում իրավիճակին, ստուգում կատարվող մեծամասշտաբ աշխատանքների ընթացքը:

Եվ մեզ հնարավորություն ընձեռվեց գնալ այն դիրքեր, որտեղ այդ պահին մեկնում էր դիվիզիայի հրամանատարը:

Անկեղծ լինենք՝ դիրքերում հրամանատարին տեսանք բոլորովին այլ դերի մեջ:

Նա ոչ միայն խստապահանջ հրամանատար էր, այլեւ հոգատար ծնող ու ավագ ընկեր բոլոր մարտիկների, սպաների համար…

***

Դրվատելի է, որ Արցախի պաշտպանության առաջնագծի մի հատվածը վստահված է նման հրամանատարի:

Եվ այն ծնողը, ում որդին ծառայում է զորական այդ միավորման կազմում, պետք է հանգիստ եւ վստահ լինի, որ իր զավակը հենց այդտեղ է ծառայում, որ զորամասում ծնողի պատասխանատու եւ հոգատար դերը (իր փոխարեն) կատարում է հրամանատարը:

Այդ հրամանատարը գնդապետ Կարեն Շաքարյանն է:

Բարի ծառայություն հրամանատարին եւ բոլոր նրանց, ովքեր աչքի լույսի պես հսկում են հայոց արեւելյան սահմանները:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33