Մեծ բարեկամության լուսեղեն հետագիծը

26.04.2024 17:25
489

Չարենցի եւ Բակունցի ժամանակակից գրողներից,  հռչակավոր արվեստագետներից, գրահրատարակչական աշխարհի մարդկանցից, բանտարկության դատապարտված անմեղ մեղավորներից, գրականության վաստակավոր եւ սկսնակ մշակներից շատերն են գրել այդ երկու մեծ, անկրկնելի եւ աննման գրողների` փոխադարձ սիրո ու հարգանքի վրա հիմնված մաքուր ու անխարդախ բարեկամության մասին:

Եվ սակայն ամեն անգամ` այս նյութի շուրջը մտորելիս, առաջին գծում հպարտորեն հայտնվում է մի ողջ սերնդի եւ ազգային ճակատագրի դառնությամբ խմորված, իր մեծ ու հերոսական ընկերների կորստյան ցավն ու կսկիծը, սերն ու մղկտոցը,  հրճվանքն ու տխրությունն անթաքույց հպարտությամբ ներկայացնող  ժպտերես Գուրգեն Մահարին:

Ի դեպ, հենց նա է արձանագրում, որ մինչեւ «Մթնաձոր» խորագիրը կրող  հանրահայտ ժողովածուի հրապարակ գալը,  ընթերցողների ուշադրությանն էին արժանացել քսանական թվականներին  մամուլում հրապարակված բակունցյան ակնարկները:

Չարենցը, Մահարին եւ շատ ուրիշներ այդ ակնարկներում տեսնում էին ապագա մեծ գրողին: Մեծ էր Բակունցի հմայքը,  շատերն էին փափագում, ձգտում ծանոթանալ եւ ճանաչել այդ հմայիչ մարդուն, իսկ Չարենցի եւ Մահարու համար այդ ձգտումն ուղղակի հոգեւոր պահանջ էր:

Վկայակոչելով Բակունցի հետ ունեցած իր առաջին հանդիպումը` Մահարին գրում է. «Ես կարդացել էի նրա նախամթնաձորյան ակնարկները եւ զգացել մեծ գրողի ներկայությունը, ես վաղուց փնտրում էի նրան, ուզում էի ծանոթանալ նրա հետ, սեղմել նրա այն ձեռքը, որով նա բռնում էր իր գրիչը»:

«Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը` Եղիա Չուբարը, մի  առանձնահատուկ խանդավառությամբ, ներքին հրճվանքով ու բարձր տրամադրությամբ է Բակունցին ծանոթացնում խմբագրություն մտած Մահարուն. «Զահլես տարել է, ահա քեզ` քո Ակսելը… մնացածը դուք գիտեք»:

Անակնկալ հանդիպում: Ուղղակի հոգու տոն:

Ծանոթանում են, զրուցում.

- Ես գյուղատնտես եմ,- ասում է Բակունցը,- ագրոնոմ,  գրականությամբ զբաղվում եմ «ի- միջիայլոց» եւ, որ  նորերից «Չարենցից բացի ոչ ոքի չգիտեմ»:

Իսկ այդ նույն օրերին, տակավին Բակունցին չտեսած,  Եղիշե Չարենցը մեծ ըղձանքով ուզում էր հանդիպել նրան եւ դարձնել գրողների «Նոյեմբեր» միության անդամ. «Իմ դարդս Ակսելն է: Նա էլ որ միացավ մեզ, էլ դարդ չունեմ»:

Հենց նույն օրն էլ  հանդիպում են իրար փնտրող երկու մեծ գրողները` իբրեւ հին ծանոթներ, իրար  ճանաչ մարդիկ:

«Եկավ Ակսելը: Ծանոթացան: «Ավանդական գիշեր» Զանգվի ափին: Այս անգամ չորսով»,- գրում է Մահարին:

Բակունցը միանում է Չարենց, Մահարի, Աբով եռյակին: (Ի դեպ, այս  հանդիպման եւ այլ թվական տվյալները ճշգրտել եւ խնդիրը առավել մանրամասնությամբ քննության է ենթարկել բակունցագիտության մեծ  երախտավոր Ռաֆայել  Իշխանյանը):

Վերջինս իրավացիորեն նկատում է. «… որ մասամբ գրականությամբ զբաղվող գյուղատնտեսը սկսած 1926-ից դարձավ մասամբ գյուղատնտեսությամբ զբաղվող գրող» եւ որ «Այս գործում վճռական էր Չարենցի դերը»:

Ընդհանուր աղմկարարության մեջ կազմավորվում էին պրոլետարական գրական  խմբավորումներ, գրվում եւ հրապարակվում էին դատարկ ու դառնապտուղ դեկլարացիաներ, որ չոր ու սխեմատիկ կաղապարներից այն կողմ չէին անցնում:

Չարենցը, հոգնած, ձանձրացած նմանօրինակ կարգախոսների խզբզանքից, պարզապես հայտարարում է. «Դեկլարացիաները գրականություն չեն: Ամեն ինչ կվճռի կոնկրետ ստեղծագործությունը: Ակսելի մի պատմվածքը  հազար դեկլարացիայի հետ չեմ փոխի»: Նույն կերպ էր մտածում Բակունցը` քաջ իմանալով, որ «Ասոցիացիայի» եւ «Նոյեմբերի» չարաղետ  մտավարժանքները, մրցավեճերն ու  աղմկահարույց հավաքները պղտորում են գրական մթնոլորտը, կաշկանդում ստեղծագործող անհատի ազատությունն ու մտքի թռիչքը, եւ որ դրանք «Դատարկ բաներ են: Լավ գրքեր են հարկավոր»:

Ակսել Բակունցի այս միտքը հարկավոր պահերին կրկնում էր Չարենցը եւ հորդորում,  պատգամում, որ «Մեր գրականության մեջ պիտի արտացոլվի մեր երկերի, մեր ժողովրդի դեմքը, ժամանակակից մարդու հոգեբանությունը»:

Կարելի է վկայակոչել այս  կարգի բազմաթիվ  մանրամասնություններ, որոնք իրենց ընդհանրությամբ հուշում եւ հաստատում են  նրանց գրական մտածողության հարազատությունը, պայմանավորում նրանց ստեղծագործական  մտասեւեռումների  բաղադրությունը, գալիք գրականության ինչպիսին լինելու ուղեծիրը:

Նրանց բարեկամության մեջ որոշակի ու նշանակալից դերակատարություն ուներ մարդկային գործոնը, ինչպես իրար, այնպես էլ կյանքի, գրականության, բնության,  ազգային արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Բակունցը հրաշալի պատմող էր: Նա ավարտում էր խոսքը, բայց Չարենցը դեռ մնում էր նրա խոսքի դյութանքի մեջ, շարունակում էր զարմանալով հիանալ եւ հիանալով` զարմանալ:

Չարենցը շատ էր սիրում կոմիտասյան երգերը: Բակունցը հրաշալի էր կատարում Կոմիտասի երգերը. «…Մի Կոմիտաս երգի՛ր, Ակսե՛լ»: «Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր  աչքերի վրա եւ երեխայի պես  խնդրում.

- Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք»:

Բակունցը սիրում էր բնությունը: Նրա ունկերում մշտապես հնչում էին հայրենի եզերքի սառնորակ աղբյուրի ձայները:

Չարենցը շատ էր սիրում Զանգվի ձորը: Եվ ձորը իջնելու ցանկությունը ձեւակերպում է այսպես.

- Գնանք ջուր լսենք:

Բայց ամենից շատ նրանց միավորում էր «օտար շուրջպարի» մեջ մտած հայրենի ժողովրդի վաղվա օրն ու գրականության ճակատագիրը: Պատահում էր, որ նրանք վիճում էին` հախուռն եւ անզիջում, բայց բոլոր պարագաներում իրարից հեռանում հաշտ ու խաղաղ: Այդ վեճերի ընթաքում «խոսակցության տոն տվողը Չարենցն էր, որ, սակայն, իր ոչ մի դրույթը վերջնական ու  վավերական չէր համարում, մինչեւ չստանար Բակունցի հավանությունը:

Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր սակավադեպ, բայց երբ վիճում էր, վիճում էր անզիջում, շիտակ ու աննահանջ»:

Մահարիական այս «վավերագրերից» ոմանք հանգում են անհեթեթ, սխալ եւ անընդունելի հետեւությունների:

Կարծում ենք ավելորդ ու անպտուղ աշխատանք է նրանց ստեղծագործական  եւ մարդկային հարաբերությունների մեջ որոնել, թե ով  ում վրա է ազդել:

Հարցադրումն ինքնին սխալ է: Ակնհայտ են նրանց տարբերությունները եւ թե ընդհանրությունները:

Երկու խոշոր անհատականությունների զրույցները վերաճում,  դառնում էին բազմաթիվ ու բազմապիսի խնդիրների քննարկումներ, մտքի ու մտածողության  մեջ բացում փակ պատուհաններ, ուղղորդում մտքի արգասավոր ընթացքը, սրում լսողությունն ու տեսանելի դարձնում  գրականության դաշտանկարը`  կորուստներով ու նվաճումներով:

Ճիշտ է, կենցաղով, վարվեցողությամբ, բնավորությամբ եւ  ընդհանրապես մարդկային  խառնվածքով նրանք տարբեր մարդիկ էին, բայց զարմանալի կերպով լրացնում էին իրար, հաղորդակցվում` խոսքով ու հոգով, միասին ու միակամ` որոնում դժվար խնդիրները լուծելու ուղիներ:

Ինչպես գրում է Մահարին. «Նրանք մի մեծ ներդաշնակություն էին եւ իրար հասկանում էին կես խոսքից: Ինչպես Չարենցն էր ընդունում Բակունցի հեղինակությունը, այնպես էլ Բակունցը` Չարենցին»:

Եվ սակայն ուսումնասիրողներից ոմանք, չգիտես ինչու, աշխատում են մանրանալ այդօրինակ բարձր ու ազնիվ  հարաբերությունների ոլորտում եւ «հայտնաբերել» չեղած ու անհիմն  ինչ-ինչ կոշտացումներ: Չարենցի ու Բակունցի համաժամանակյա գործունեությունը մեր գրականության համար աննպաստ այդ  դառն ու դաժան ժամանակներում ուղենշված էր ի վերուստ` ի շահ մեր գեղարվեստի:

Իրավացի էր Մահարին, երբ  նկատի ունենալով Չարենցի բարդ, մարդկայնորեն դժվարին նկարագիրը` գրում է. «… չեմ կասկածում, որ նրանով կզբաղվեն գալիք սերունդները, չեմ կասկածում եւ նրանում, որ նրանք անզոր պիտի լինեն մինչեւ վերջ վերականգնելու նրա հոգեկան եւ մտավոր բարդ պատկերը,  նրա  հակասություններն ու զիգզագները եւ դրանով մեկտեղ, իր ամբողջության մեջ այնքան ներդաշնակ այդ արտակարգ մարդու կերպարը» (2-3, էջ 422):

Բակունցը գիտեր, ճանաչում եւ խորապես զգում էր «իր ամբողջության մեջ այնքան ներդաշնակ այդ արտակարգ մարդու» մեծ ու անսովոր լինելը, նրա` տքնանքով հյուսված էջերի ներքին բովանդակությունը,  անցումային շրջանի բարդությունները, անհանգիստ ոգու,  անդուլ որոնումների ճիգերն ու ջանքերը: Չարենցն էլ նույն ելակետից գնահատում էր  Բակունցի գրականության հանդարտ ընթացքը, հայրենի հողին, ազգային ակունքներին  ու մեծ ավանդություններին, դարերի մեջ բյուրեղացած ավանդներին ու մաքրագործված սովորություններին կապված լինելը, զգում նրա տաղանդի ուժը, նրա ստեղծագործական  աշխարհի հմայքը,  ինքնատիպությունն ու նորարարական շունչը, գույներն ու բույրերը, ազգային ոգու դրսեւորման բակունցյան խոր ու աննախադեպ մտասեւեռումները:

«Որտեղի՞ց եկավ մեր Ակսելը, - ասում էր Չարենցը, - դու տես` կարճ ժամանակվա ընթացքում ինչ դառավ: Եկավ ոնց որ գարնանային որոտ: Այսպես գալիս են  միայն իսկական գրողները, անսպասելի ու հանկարծական»:

«Դա, - հաճախ բարձրաձայն մտածում էր Չարենցն ակնհայտ գոհությամբ,- Ակսելը մեծ երեւույթ է»:

Բակունցն իր հերթին, «Երբ կարդում էր ժամանակակից բանաստեղծներին», ուսերը վեր էր քաշում. Չարենցից հետո ի՞նչ բանաստեղծություն»:

Եվ եկավ սպասելին:

1927-ին լույս տեսավ Բակունցի պատմվածքների «Մթնաձոր» ժողովածուն:

Ընթերցողների լսարանը մեծ էր ու լցված հիացմունքով,  քննադատների կարծիքները` հաշվենկատ ու հակասական: Ճիշտ այդպես, համարյա երկու տասնամյակ առաջ (1908թ.) լույս էր տեսել Չարենցի եւ Բակունցի մեծ նախորդի` Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» անդրանիկ ժողովածուն:

Մեծ բանաստեղծի այս առաջին ժողովածուն փոխեց մեր բանաստեղծության ուղղությունը: Երիտասարդությունն ամբողջովին Տերյան էր կարդում եւ արտասանում, սիրահարների նամակները լցված էին տերյանական տողերով: Բանաստեղծների հետագա սերունդը  մկրտվեց տերյանական ավազանում: Նրանց մեջ էին  շատերի հետ նաեւ Չարենցը, Մահարին եւ ուրիշներ:

Նույն դերակատարությունն ունեցավ եւ Բակունցի «Մթնաձորը»: Երիցս ճշմարիտ է բակունցագետ պրոֆեսոր Իշխանյանը, երբ գրում է. «Եվ եթե ճիշտ է, որ 1908թ. հետո հանդես եկած արեւելահայ բանաստեղծները ծնվել են տերյանական «Մթնշաղից», նույնքան ճիշտ կլինի նաեւ, եթե ասենք, որ Բակունցի ասպարեզ գալուց հետո հայ  արձակն անցավ ակսելյան Մթնաձորով…»:

Նկատելի է, որ մեր կողմից ընդգծված երկու «եթե»-ները իրենց պայմանականությամբ կոտրում, մի տեսակ թուլացնում, կասկածահարույց են դարձնում այդ առողջ ու ճշմարիտ դիտարկումի հաստատական շեշտվածությունը, այդ դարձնում մի տեսակ թեական եւ զգուշավոր:

Այսպես ենք գրում, որովհետեւ Իշխանյանը որոշակի վերապահում է տեսնում «Մթնաձոր» ժողովածուին  տված Չարենցի գնահատականի մեջ, որ ինքնին հասկանալի է, իսկ իր վերապահությունն այնքան էլ  հասկանալի չէ:

Չարենցը «Մթնաձորը» գնահատեց. «Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում» եւ «Մթնաձորում մութն է ծորում օճորքից» երկու բանաստեղծությամբ:

Իհարկե, արդարացի է, որ Իշխանյանը այստեղ նկատում է որոշակի վերապահություն:  Բայց այդ վերապահությունը բնավ էլ  պայմանավորված չէ Չարենցի «գեղագիտական պատկերացումներով»:

Այս գնահատականներով Չարենցը շեղում էր հակառակորդների ուշադրությունը: Չպետք է մոռանալ, որ «Մթնաձորից» երկու տարի առաջ «Նոյեմբեր» գրական խմբակցությունը քննադատում էր  «ազգային գծերի խտացման» պահանջի համար, եւ այդ քննադատությունը տակավին շարունակում էր ավերածություններ գործել գրականության մեջ:

Այնպես որ, այդ վերապահությունը առաջին հերթին պայմանավորված է ժամանակի քաղաքական-գաղափարական հարձակումներից երկուստեք պաշտպանվելու նախազգացումով:

Այստեղ, միջանկյալ ասենք, որ մթնաձորյան պատմվածքները հետագայում Չարենցի կողմից դիտարկվեցին բոլորովին այլ չափանիշներով:

«Մթնաձորի»  շուրջ շարունակվում էին  տարաբնույթ խոսակցություններ: Չարենցը սրճարանում հայհոյում է «մի ծաղրանկարչի, որը նկարել էր Բակունցին արջերի շուրջպարում («գրողին ծաղրանկարելուց առաջ պետք է կարդալ եւ հասկանալ տվյալ գրողին…  քո արածը մեկ է, թե վերցնես նկարես Նար-Դոսին` շալակին սպանված աղավնիներ…»),- հիշում է Մահարին:

Այսօրվա հեռավորությունից հպարտությամբ ես լցվում այդ  երկու մեծագույն երեւույթների հազվագյուտ բարեկամությամբ,  իրար գնահատելու,  իրար համազգալու անկեղծությամբ:

Նրանք կողք կողքի,  միասնական ուժերով պայքարում էին ազգային  նիհիլիզմի ստորաքարշ դրսեւորումների դեմ:

1928-ին երեւան եկավ Աղասի Խանջյանը: 1930-ին  նա արդեն ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն էր, խորապես գրական մի մարդ, որ հատուկ վերաբերմունք ուներ ինչպես մեր անցյալի, այնպես էլ մեր  ընթացիկ գրականության, հատկապես Չարենցի եւ Բակունցի նկատմամբ: Կարճ ժամանակում նրանց հարաբերությունները դառնում են  մտերմիկ ու բարեկամական: Ոչ միայն Չարենցն ու Բակունցն էին այցելում նրան, այլեւ ինքն էր այցելում նրանց, զրուցում տարբեր խնդիրների շուրջ,  խորհուրդներ տալիս, ուշադրությամբ լսում այդ մեծ գրողների առաջարկությունները:

Հենց Աղասի Խանջյանի հանձնարարությամբ է Բակունցը ձեռնարկել վեպ գրել Խաչատուր Աբովյանի մասին: Կենտկոմի առաջին քարտուղարը կարդում էր այս վեպից լույս տեսած հատվածները` ոգեւորվում եւ ոգեւորում հեղինակին:

Նա է Բակունցին պատվիրել գրելու «Զանգեզուր» կինոբեմագիրը` պնդաճակատ ու ախտավոր հակառակորդների զրպարտություններն ու հարձակումները մեղմելու մտահոգությամբ:

Եվ սակայն Չարենցի եւ Բակունցի անվան շուրջ օրեցօր աճող համաժողովրդական սերն ու հարգանքը, Խանջյանի ընկերակցությունն ու ուշադիր վերաբերմունքը, երկու գրողների հետ ունեցած նրա ջերմ ու գործնական շփումները ավելի էին շիկացնում  անտաղանդ  գրչակների ատելությունը: Այնպես որ, Խանջյանը, Բակունցն եւ Չարենցը երբեմն ստիպված էին հրապարակավ հակառակվել իրար,  բայց խորքի մեջ  մնալ անդավաճան բարեկամներ, հոգեհարազատ ընկերներ:

Պողոս Սնապյանն իր, «Ես իմ անուշ Հայաստանի ոդիսականը» ուսումնասիրության մեջ վկայակոչում է` «Հայրենիք»-ում է տպագրված, Ս.Սահառունիի  կողմից ստորագրված մի սրտառուչ դրվագ, որ  մենք չենք կարող հաղթահարել այն ամբողջությամբ մեջ բերելու գայթակղությունը:

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն, 1922-ից հետո Չարենցը չէր հրատարակում, չէր տեղադրում իր գրքերում, խուսափում էր նացիոնալիզմի ուրվականից: Պատահում էր, որ  երկու մեծ գրողները նաեւ ընկերակցում էին Խանջյանին`  նրա շրջագայությունների ժամանակ:

Խոսքը տանք հուշագրողին. «1935-ի սեպտեմբերին, ես ու ընկերս ուսումնասիրում էինք Ծաղկաձորի մեր հինավուրց վանքը: Երբ մենք այնտեղ լուռ աշխատում էինք, յանկարծ վանքի դռնից ներս մտան Աղասի Խանջյանը, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը եւ Արամ Դաստակյանը եւ հիացումով շրջապատեցին մեզ:

Ընկերս, որ շատ լավ էր արտասանում Չարենցի «Հայաստանը», յանկարծ վոտքի ելաւ եւ  մեծ ոգեւորութեամբ մինչեւ վերջ արտասանեց «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

...Կարծեք թէ հին վանքի կամարների տակ սուրբ պատարագի խորհրդաւոր արարողութիւն էր  տեղի ունենում:

«Երբ արտասանութիւնը վերջացաւ, Արամի աչքերից արտասուքները գլորւում էին: Ակսելը, չկարողանալով իրեն զսպել, հեկեկում էր: Խանջյանը իր գրպանում թաշկինակ էր որոնում, իսկ Չարենցը իր «Հայաստանի շողերի մէջ  թախծոտ ժպտում էր»:

Երեւույթի փոխադարձ զգացումի ինչպիսի՜ ինքնաբավ դրսեւորում, ընթերցողի հոգու ծալքերը ներծծվում ու լցվում են փափուկ ու թախծալի տխրության  միջից բարձրացող սրբագործված հպարտությամբ ու նաեւ հազարապատիկ խոցված կորստյան ցավով:

Պարզապես խոնարհվում ես այդ մեծ բարեկամների հիշատակի առաջ: Ի դեպ, երբ Բերիայի  կաբինետում գնդակահարված Աղասի Խանջյանի գրպանից հանում են դրամապանակը,  այնտեղ գտնում են մի քառածալ թուղթ: Թուղթը բացում են, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է արտագրած խանջյանական մանրիկ ձեռագրով:

Խանջյանը նվիրյալ էր, ապրում էր երկրի ու ժողովրդի բախտով, պաշտպանում մեր գրականության առաջատար ուժերին, հակադարձում ձախերի թունալից ու կորստաբեր հարձակումները:

Կոլեկտիվացման, կուլակաթափման ու աքսորի տարիներ էին:

Բակունցը որոշակիորեն տեսնում էր երեւույթի աղետաբեր հետագիծը. «…չորի հետ  թացն էլ են  վառում»: Իրադարձության մեջ ինչ-որ բան շտկելու  մտահոգությամբ, ինչպես վկայում է Վախթանգ Անանյանը,  Բակունցը որոշում է. «Գնամ Աղասու մոտ»:

Երկու մեծ գրողների բարեկամության մասին նուրբ դիտարկումներ ունի Վ.Անանյանը:

Ինչպես Չարենցը, այնպես էլ Բակունցը շատ ուշադիր էին գրականություն մուտք գործող  երիտասարդների նկատմամբ: Բակունցը ծանոթացել էր Վ.Անանյանի «Կրակե օղակ» վիպակի ձեռագրին.

- Ա՛յ տղա,- ասաց,- էն զինվորը գուցե մի աղքատ կնոջ մինուճար որդին է, դու ինչո՞ւ ես սիրտդ հովացնելով նկարագրում նրա սպանությունը…  էն էլ մի շրջանակ մեղրի համար»:

Դիտողությունն ունի բակունցյան մարդասիրության եւ խղճի հետ խմորված լուրջ ենթատեքստ: Բակունցն անցել էր զինվորի այդ ճանապարհը: Անանյանը հիշում է` Բակունցը հանգիստ, հանդարտ ու կազմակերպված մարդ էր: Նա «չափի զգացողությունը չէր կորցնում նույնիսկ «կատաղի խնջույքների ժամանակ» եւ «իր այդ բնավորությամբ զսպում էր Չարենցի հախուռն բռնկումները եւ նրա համար մի տեսակ սրտակից «դայակի» դեր էր ստանձնել», «նա դողում էր Չարենցի առողջության համար»:

Խանջյանի սպանությունից հետո Բերիայի եւ նրա  հավաքագրած հայ տականքի  կողմից ասպատակվում էր Հայաստանը: Չկար այլեւս զսպող ձեռքը: Խանջյանի ժամանակ  պաշտոնավարած եւ նրան ճանաչող բոլոր մարդիկ հայտարարվեցին  հակահեղափոխականներ: Սկսվել էին համատարած ձերբակալություններ: Այս էլ որերորդ անգամ հայ ժողովուրդը զրկվում էր  իր մտավորականներից:

Նախանձների մեջ ամենանենգն ու ամենադաժանը  գրական նախանձն է, որ մշտապես լիցքավորվում, թեժանում է փառամոլության, առաջնորդամոլության  ամենակործան կրքերով: Նրանցից ոմանք իրենց արդեն համարում են  գրական կյանքի առաջնորդներ: Այդ թշվառականները գալիս են փոխարինելու անփոխարինելի Չարենցին եւ Բակունցին, որոնց շուրջն  ստեղծվել էր հեղձուցիչ մթնոլորտ:

Հակառակորդները, մեծ ու փոքր պաշտոնյաները նրանց շուրջ ստեղծել էին պարզապես լրտեսական ցանց:

Վախթանգ Անանյանի  տանը կազմակերպված խնջույքի թամադան էր. «Կուսակցության Երեւանի կոմիտեի քարտուղար» ոմն Պետիկ Պետրոսյան, որը  Եղիշե Չարենցին ափերից հանելու որոշակի դիտավորությամբ խմում է մեծ առաջնորդի կենացը, այն էլ կրկնակի` կատաղի հայացքներ նետելով Չարենցին:

Չարենցը տեղից վեր կացավ եւ ծանր ու հատ-հատ ասաց.

- Այո՛, ես նույնպես խմում եմ մեր առաջնորդի կենացը…  այն բանի համար, որ նա համաձայնել է խմբագրել Սալտիկով-Շչեդրինի երկերը»:

Պետիկը համարյա հավատաքննության է ենթարկում Չարենցին: Ալեկոծված բանաստեղծին աշխատում է հանգստացնել Բակունցը, բայց Չարենցը.

- Պետիկ Պետրոսյան, դու կմեռնես, հող կդառնաս, իսկ Չարենցը կապրի դարերով:

Զայրացած ընկերոջը մի կերպ տուն է ուղեկցում Բակունցը:

Մեզ թվում է` այստեղ Անանյանը նկատելիորեն քչախոս է եւ զգուշավոր:

Չարենցը եւ Բակունցը մտահոգված էին հայոց լեզվի գործածության նկատմամբ եղած քաղքենիական վերաբերմունքով, որ վերաճել էր հոգեւոր փտախտի:

Դաշտենցը մոսկվայաբնակ հայազգի ընկերուհու հետ  այցելում է Չարենցին: Աղջիկը գիտեր բազմաթիվ լեզուներ,  բայց չգիտեր հայերեն. «Այդ բոլորը շատ լավ է, բայց հանցագործություն է մայրենի լեզուն չիմանալը…

Ա՛յ մարդ, էս ե՞րբ պետք է մեր հայ աղջիկները  ազգային արժանապատվություն ունենան եւ սիրեն իրենց լեզուն»:

Ակամա հիշում ես Բակունցի վերջին խնդրանք-պատգամը ընկերուհու` Ժենյա Գյուզալյանի քրոջը. «Նազի՛կ, քեզ մի բան պիտի խնդրեմ…  Աղջկադ կտաս հայկական դպրոց»: Խանջյանի օրոք ղեկավար դիրքեր զբաղեցրած եւ նրա հետ ծանոթ մարդկանց փնտրում էին ոչ միայն Հայաստանում:

«Զանգեզուր» կինոբեմագրի առիթով Մոսկվա մեկնած Բակունցը հաստատապես գիտեր, զգում էր իրեն սպառնացող վտանգը:  Ամեն քայլափոխի նրան կարող էին ձերբակալել: Եվ այդպես էլ կար: Նա որոնվում, հետապնդվում էր Մոսկվայում:

Բայց այս զարմանալի մարդը, այդ դառնաշունչ տագնապների, ծանր ապրումների մեջ, Մոսկվայից հեռանալու վերջին օրը,  երկու անգամ լինում է հայ մշակութի տանը,  փնտրում Երեւանից նոր եկած Դաշտենցին` տեղեկություն իմանալու «Հայաստանի մասին, Չարենցի մասին»:

Բակունցն ամենուր`  ազատության մեջ, թե բանտում,  մշտապես մտահոգ էր եւ անհանգստանում էր Չարենցի համար: Բանտախուց մտնող յուրաքանչյուր ձերբակալվածի հարցնում էր`  ի՞նչ կա դրսում, ինչպե՞ս է Չարենցը:

Իսկ նորեկները ուսուցիչներ էին, մտավորական մարդիկ, որ գիտեին երկու գրողներին,  հետաքրքրվում էին նրանց բարեկամությամբ, եւ հատկապես ուզում էին, որ Բակունցը պատմի Չարենցի մասին: Բակունցն ընկերոջ անունը լսելիս,- ինչպես վկայում է հուշագիր Գուրգեն Մանուկյանը,- լցվում էր խանդաղատանքով ու մեծ ոգեւորությամբ ներկայացնում Չարենցին, բացատրում իր ըմբոստ ու շիտակ ընկերոջ մարդկային խառնվածքը, խոսում նրա պոեզիայի մասին, ընդգծում ոճի առանձնահատկությունները, կռահելու ձիրքը, իմացությունների լայն աշխարհը, գնահատում եւ արժեքավորում դարերի համար գրված մեծ բանաստեղծի ստեղծած գործերը: Ցերեկները պատմում էր Չարենցի մասին, գիշերները նրա տեսիլքի առաջ տառապում դառն ու չարագուշակ երազների մեջ, իսկ առավոտյան մորմոքվում. «Թեկուզ երազի մեջ, բայց կարոտս առա Չարենցից»:

Մենք կարող ենք վկայակոչել բազմաթիվ այսպիսի սրտառուչ դրվագներ, բայց բավարարվենք այսքանով` համոզված լինելով, որ բերված օրինակները բացում են նրանց բարեկամության դաշտն ու տեսանելի դարձնում նրանց հարաբերությունների խորքն ու խորհուրդը:

Բակունցը մեղադրվում էր չորս հոդվածներով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում էր մահապատիժ: Բայց մահվան շնչի այսքան մոտիկության մեջ մեծ գրողը մտածում էր. «Երեւանի ժողտան կառուցման,  Սեւան տանող երկաթուղու շինարարության, քաղաքի եւ գյուղերի բարեկարգման» խնդիրների շուրջ:

Այս կարգի ծանրագույն պահերին Բակունցի մեջ Չարենցի մտապատկերը, ինչպես Չարենցի մեջ Բակունցի մտապատկերը, միշտ զուգորդվում են  երկրի, հայրենի հողի եւ ժողովրդի հետ: Անողոք տառապանքի եւ մշտատեւ հպարտության, սիրո, ազնվության ու շիտակության, կառուցումի ու վերակերտումի դասագիրք է նրանց բարեկամությունը`  ծիրանավորված   Աղասի Խանջյանի աներկբա ներկայությամբ:

Նրանց մեջ  եղել են վեճեր,  անհամաձայնություններ, բայց նրանք երբեք հակառակորդներ չեն եղել: Գրական, լեզվական ինչ-ինչ հարցերի շուրջ նրանք ունեցել են տարբեր մոտեցումներ եւ դա խորապես բնական է ու անկեղծ: Օրինակ, Չարենցը կարծում էր, որ  մեր լեզուն պիտի ընթանա տերյանական ուղիով, իսկ Բակունցը` թումանյանական: Կամ Խորեն Աճեմյանը հիշում է. զրույցներից մեկի ժամանակ Չարենցը հարցադրում է. «Ի՞նչն է ավելի բարձր,  ստեղծագործող անհա՞տը, թե՞ նրա գիրքը»: «Բակունցը գտնում է, որ հարցն անիմաստ է.»… արարիչն ավելի բարձր է, քան արարածը»: Իսկ Չարենցը կարծում է, որ Բակունցը «շատ միամիտ է», որովհետեւ «դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սեւ ցելերն» ու «Մթնաձորը», թե՞  Ակսել Բակունցին:

Գիրք-հեղինակ հարաբերումի մեջ Չարենցն առավելությունը տալիս է գրքին, իսկ Բակունցը կարեւորում է հեղինակը:

Ասացին, վիճեցին եւ հեռացան ծիծաղելով:

Գուրգեն Մանուկյանը վկայում է, որ հոգեբանական մի շատ ծանր պահի Բակունցն սկսում է խոսել ինքն իրեն:

«Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքը, իմ անձնական տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր…»: Գիրքն ու հեղինակը միասնական ամբողջություն են: Հեղինակը ստեղծում է գիրքը, գիրքը անմահացնում է հեղինակին: Արարիչն ստեղծում է արարածին, արարածը` երկրպագում արարչին: Բայց բոլոր պարագաներում` Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող:

Երկու գրողների հարաբերությունների մեջ չկա մի այնպիսի դեպք, նեղացածություն, անհամաձայնություն, որ ստվեր գցի նրանց մեծ ու լուսեղեն բարեկամության վրա:

Եվ սակայն  եղավ այնպես, որ 1935-ին մարտի 13-ին, բանաստեղծի ծննդյան օրը, նրան հեռացրին գրողների միությունից եւ նույն թվականին հուլիսին վերականգնեցին:

Մահարին այս առիթով գրում է. «Չարենցն էր, ուզում էր դուրս գալ, դուրս եկավ, ուզում էր ետ գալ, ետ եկավ»: «Ետ եկավ» եւ մեծահոգաբար ներեց իրեն` «Դրաստամատյան տնից» հեռացնողներին: Իսկ հեռացնողների մեջ էին իր մտերիմները.

Դո՛ւ, Ակսե՛լ, եւ դո՛ւ «հայդուկ» Ալազան,

Եվ դո՛ւ, Դերենիկ, եւ Նորենց դու «ծեր»,-

Դուք հերոսական կամքով` միաձայն-

Ինձ դուրս եք անում միությունից «ձեր`»…

Մտերիմների մեջ էր եւ իրեն  այնքան սիրելի Աղասի Խանջյանը, որ ըստ երեւույթին ինքն էր խորհուրդ տվել նրանց` քվեարկել հեռացման օգտին` հակառակորդների աղմուկները մեղմելու համար:

«Գրողները» ինձ «դուրս են շպրտում»

«Դրաստամատյան գրական տնից»…

Իսկ վերից Խանջյանն ինքն է հոխորտում,

Թե ինձ «կհանի` իմ հիմար քնից…»

Է՜հ վաղո՛ւց եմ ես «քնից» արթնացել,-

Արդ դո՛ւք եք, ավա՛ղ, քնած մնացել…

Բանաստեղծի մեծահոգի ներումը հաշտության եւ համերաշխության  արտահայտություն էր, իսկ կատարված իրողությունը` անանց ցավ, վիրավորանք ու անամոք վերք: Մեծ բանաստեղծի այս վիրավոր զգացումը արտահայտվել է նրա մի շարք բանաստեղծություններում:

Ահա մի քառատող` Ակսելին, Արմենին, Մահարուն նվիրված «Տխուր կարուսել» բանաստեղծությունից.

Շատ էր հախուռն իմ հոգին, վշտի անընտել,

Ամեն մի խոց` հասցրած ձեռքով բարեկամ`

Վերք էր դառնում իմ սրտում, տառապանք անդեղ,-

Դառնություն էր, որի դեմ ամոքում չկար:

Դառնացած ու լքված հանճարի այսօրինակ զգացումը հյութավորված է, ինչպես իր ապրած խարկված ու խորշակված օրերի, այնպես էլ գալիքի նկատմամբ ունեցած տագնապներով:

Ըստ էության խնդիրն ավելի բարդ էր ու տարողունակ, քան ընկերների նկատմամբ ունեցած նեղացածությունը: Չարենցը մարգարեաբար զգում էր երեւույթի արյունոտ հետեւանքները, ոչ միայն իր, այլեւ ողջ գրականության, երկրի ու ժողովրդի, իր իսկ  դավանած հեղափոխական գաղափարների համար:

Եվ խորապես զարմացած իր նկատմամբ կիրարկված նմանօրինակ վերաբերմունքից, գրում է, «… ինձ վերագրվող ոչ թե գրական, այլ կոնկրետ քաղաքական հանցանքի ենթադրական պատճառով`  դուրս են շպրտում ինձ գրողների միությունից: Եվ արժանի անգամ չեն համարում, որ նվաստս, իբրեւ սոսկ խորհրդային պոետ մասնակցեմ հայկական պոեզիայի եւ արվեստի դեկադային` Մոսկվայում…»:

Ի դեպ, ինչպես վկայում է Ստ.Զորյանը, դեկադայի օրերին Ստալինը ընդունեց  հայ պատվիրակներին եւ հարցրեց նաեւ` ինչպես է իրեն զգում բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Զարմանալի է առաջնորդի ուշադրությունը: Իսկապես, նրան հետաքրքրում էր հանճարեղ բանաստեղծի վիճակը, թե դա նշանակում էր, որ Չարենցը արդեն  նշանառության տակ էր: Հավանականը վերջինս էր: Լուրեր էին գնում, հրահանգներ էին գալիս, իսկ այդ հրահանգները մշտապես շղարշվում էին առաջնորդի հոգատարությամբ:

Չարենցն արդեն համոզված էր եւ ընդունում էր, որ հասարակական-քաղաքական իրադարձությունները «…Խորհրդային Իշխանության Կուսակցական Գերագույն Միութենական ղեկավարության հիմնական գծից բխող քաղաքականապես անսխալական ակտեր…» են:

Վիգեն Իսահակյանը «Հայրս» գրքում հիշում է. «Պատմեցի… որ մայիսի 1-ին տեսել էի Կարմիր հրապարակում Ստալինին: Չարենցը մի պահ լռեց եւ ապա ասաց. «Դե, Վիգեն, դու քեզ հիմա կարող ես երջանիկ զգալ, տեսնում եմ` դու էլ ես վարակվել այն  կռապաշտությամբ, որը տիրում է այդ անձնավորության շուրջը, իսկ իմ կարծիքով, ես վախենում եմ, որ փափուկ  սապոգներ հագած այդ վրացին Ռուսաստանի համար դեռ շատ կծու ճաշեր կեփի» (Վ.Իսախանյան, «Հայրս», էջ 527): Այդ նույն օրերին Չարենցը թույլտվություն է ստացել բուժվելու նպատակով մեկնել Եվրոպա, բայց «օր օրի հետաձգում էին մեկնումը»:

Ոչ միայն Հայաստանի խորհրդային գրողների կորպորացիայից» հրաժարվելը, այլեւ օրեցօր վատթարացող առողջական վիճակը, նյութական անապահովվածությունը, կատարվող բռնություններն ու դատավարությունները, քաղաքական սպանություններն ու ձերբակալությունները, դավանած գաղափարների փլուզումը մեծ հիասթափություն էին պատճառում բանաստեղծին:

ՀԳՄ-ից  հեռացվելու առիթով գրված նրա բանաստեղծությունները խմորված են համընդհանուր մթնոլորտի այս թանձր դառնությամբ:

Թող չթվա, թե մեր այս փաստարկումներով ծանրաբեռնում ենք մեր խոսքը: Մենք պարզապես աշխատում ենք ընդգծել այն մթնոլորտը, տեսանելի դարձնել այն միջավայրը, իրադարձությունների այն խճճվածքը, որտեղ եւ որոնց մեջ փորձության էր ենթարկվում մեծ գրողների բարեկամությունը:

Բակունցին կուսակցությունից հեռացնելու պահանջով Ն.Զարյանը դիմում է ՀԿԿ կենտկոմի քարտուղար Ամատունուն: Վերջինս, ինչպես հետագայում գրում է Ն.Զարյանը. «Ինձ հանդիմանեց Բակունցի հանդեպ խմբակային-անձնական վերաբերմունքի համար»: Բակունցին, Չարենցին տապալելու, կործանելու համար աշխուժացած հակառակորդների մոլուցքը,  անասնական կրքերը այնքան ուժեղ էին, որ կենտկոմի քարտուղարն անգամ չէր կարող զսպել նրանց: Ավելին, երբ Ամատունին դարձավ Հայաստանի քաղաքական կյանքի առաջին դեմքը` հարկադրված, թե հոժարությամբ, Բակունցին հայտարարեց «ժողովրդի համար առաջին թշնամի»:

1936 թվին` օգոստոսի 9-ի գիշերը,  ձերբակալվում է Բակունցը:

Հաջորդ օրը` օգոստոսի 10-ին, «հատուկ քննչական օրգանի պահանջով, հայտնի շենքի N120  սենյակ ներկայացած Վահան Բակունցը գրում է. «Մեկ էլ սենյակի դուռը բացվեց ու բարձրաձայն խոսելով ու ծիծաղելով դուրս եկան Զարյանը եւ երկու ուրիշ գրողներ, որոնց ես ծանոթ չէի»: Այս ինչ խանդավառ ու ինքնաբավ հրավառություն է նրանց հոգիներում, աչքերի մեջ ու շուրթերի վրա: Ուղղակի ապշում ես. հոգուդ խորքից ակունքավորվում եւ կոկորդումդ լերդանում է մի անփարատ, անամոք դառնություն, դաժանորեն տեսանելի դարձնում մութ կրքերի, էժանագին փառամոլության, մարդկային ստորության ու անսահման խեղճության, ստրուկի ու տիրահաճության նրանց հոգեբանությունը:

Բայց երբեք, երբեք դեռ իմ խեղճ,

Իմ տխուր նաիրյան ոգին,

Ցնծություն այսքան մոլեգին

Եվ խնդություն այսքան պերճ,

Ոչ տեսել էր, ո՛չ երազել,

Եվ ինչպես գուշակեր նա իրոք,-

Որ այսպես ծնծղաներով

Մեռնելու է մեր երգը վսեմ…

Այդ օրերին ներքին մարմինները, պնդաճակատ սրիկաները, փառքի ձգտող անտաղանդ մոլագարները գրավոր ու բանավոր տարածում էին բամբասանքներ, մոլորեցնում մարդկանց, վարկաբեկում, արատավորում մեծ գրողների հերոսական  նկարագիրը, մեկին հանում մյուսի դեմ, օգնում վայ քննիչներին, բացատրում բակունցյան երկերի նացիոնալիստական դրսեւորումները` նախապես հիմնավորելով նրանց դատավճիռները: Այս կարգի ստորություններով,  մատնություններով նրանք փորձում էին արդարացնել իրենց չարագործությունները, ստրկաբարո նվիրվածությունն ու թրքաբարո վարքագիծը, ազգային աղետին նպաստ բերող իրենց  քստմնելի գործունեությունը: Գրական կյանքում առաջատար դիրքեր զբաղեցնելու անհագուրդ կիրքը թանձրանում, արագություն էր հավաքում: Նրանք զոհեր էին պահանջում: Քիչ է ասել, թե Չարենցը գուշակում կամ կռահում էր: Նա պարզապես զգում  ու որոշակիորեն տեսնում էր գալիք արհավիրքները:

Բակունցի ձերբակալության եւ այդ սեւակնած օրերի ծանր  տպավորության տակ Չարենցը գրեց.

Իբրեւ հրե լեզու` շիրիմների վրա

Հուրհրատող, որպես ողջակիզված սիրտ,-

Ես տալիս եմ ահա մարմինս բիրտ,

Որ հոշոտեն հիմա եւ խոշտանգեն նրանք…

Բայց ինչ պիտի անեն, ով թիապարտ ոգի,-

Օ՜, ինչ պիտի նրանք կարողանան

Քո գլխին բերել,- նրանք անահ,

Եթե միայն ինքներս ենք փոքրոգի…

Եթե լինելու ենք ճորտ ու դավաճան

Իրար ոգի լափող բորենիներ,

Եթե ինքներս ենք լոկ խեղճ գերիներ

Մտած օտար լույսի ու կրկեսի շրջան…

(1936 -3-ին IX-գիշեր)

Բակունցը բանտում, Չարենցը` տնային կալանքի մեջ, իսկ բանտի եւ տնային կալանքի խորշակված տարածքում վխտացող մատնիչներ, թերթերի եւ ամսագրերի էջերը մրոտող գրչակները, համատարած տառապանքի մեջ իրենց «հաղթանակը» վայելող թուլամորթ բանսարկուները, իսկ հակադիր բեւեռում բացարձակապես մեկնության դատապարտված հանճարեղ բանաստեղծ:

Այս դառն ու դաժան օրերի մասին բավականին մանրամասնություններ է հաղորդում Վիգեն Իսահակյանը` «Հայրս» գրքի էջերում:

Նա անդրադառնում է հոր` Ավետիք Իսահակյանի եւ Չարենցի` Բակունցի մասին ունեցած զրույցներին:

«Չարենցի վրա շատ էր ազդել Ակսել Բակունցի բանտարկության լուրը: Ակսելը նրա ամենասրտագին գործընկերն էր եւ Չարենցը համոզված էր, որ «Նա զոհ է գնացել պրովակատորների, հիմա էլ ինձ են ուզում ուղարկել նրա մոտ»:

Կարծում եմ` անհիմն է Ռաֆայել  Իշխանյանի այն տեսակետը, ըստ որի. «Չարենցը 1937-ին մի պահ կասկածել է նաեւ, որ Բակունցին ասած որոշ մտքեր նա կարող էր հայտնած լիներ քննչական մարմիններին, եւ իր այդ կասկածը հայտնել է Ավ.Իսահակյանին, ինչպես եւ նախքան այդ գրել է Բակունցին նվիրված իր վերջին բանաստեղծության սեւագիր առաջին տարբերակում»: (Տես` Ռ.Իշխանյան «Մեր ինքնության գլխավոր նշանը», 1991թ., էջ 251):

Բան չունենք ասելու, ենթադրել կարելի է: Սովահարության եւ խոշտանգումների ենթարկվող մարդը ինչ-որ պահի կարող է թուլանալ եւ դրսում մնացած  ընկերոջ նկատմամբ թույլ տալ ինչ-ինչ մատնություններ: Բայց նախ` Բակունցը հաստատորեն գիտեր, որ ոչ մի մատնություն էլ իրեն ոչնչով չէր կարող օգնել, եւ ապա` Բակունցը բանտում նոր ձերբակալվածներին խորհուրդ էր տալիս իրենց խիղճը մաքուր պահել, անմեղ մարդկանց անուններ չտալ, չզբաղվել մատնությամբ: Բակունցը իբրեւ մարդ ընդունակ չէր մատնության: Եվ վերջապես Չարենցը սովորական ու անցողիկ երեւույթ չէր Բակունցի համար:

Նրանք մտքով ու սրտով, սերերով ու նպատակներով, հոգով ու ջիղերով միահյուսված էին իրար ու իրենց հոգեկերտվածքով բարձր էին կանգնած սովորական մարդկանց հատուկ ախտերից:

Չարենցը զգում էր սկսված շարժման բուն էությունը եւ գիտեր, որ Բակունցի մատնությամբ չէ, որ պիտի ձերբակալեն իրեն: Բայց եւ այնպես նա էլ կարող էր ինչ-որ պահի կասկածել,  սակայն այդ մասին չէր կարող բարձրաձայնել: Ինքը կսարսափեր իր ձայնից եւ իր այդ ենթադրվող կասկածը չէր կարող կիսել նույնիսկ իրեն այնքան վստահելի Ավ.Իսահակյանի հետ: Իսահակյանն էլ այն միամիտ մարդը չէր, որ այդ տարիներին գրի առներ զոհեր պահանջող այդ կարգի գրությունը: Մեզ մնում է զարմանալ, թե մեր սիրելի դասախոսն ու նվիրյալ բակունցագետը որտեղից է վերցրել այս տեղեկությունը:

Այդ մասին չի գրել, չի հիշատակել Իսահակյանը, չի գրել Իսահակյանի եւ Չարենցի հանդիպումների մասին քաջատեղյակ Վիգեն Իսահակյանը, այդ մասին տեղեկություն չունի վարպետի թոռը` գրականագետ Ավիկ Իսահակյանը, Իշխանյանն էլ չի նշում, թե ինչ աղբյուրից է օգտվել: Ակնհայտ է, որ անհայտ եւ հայտնի ստահակները ինչ-ինչ նենգափոխված տեղեկություններով, բամբասանքներով թունավորել են  ինչպես մեծ բանաստեղծի միտքն ու վիրավոր հոգին, այնպես էլ այդ թույնի մանրէները տարածել են ժողովրդի մեջ:

Այնպես որ պատշաճ չէ մեծ նահատակների վարքագրությունը պղտորել կասկածելի կասկածներով ու բանահյուսության ճյուղին պատկանող հորինվածքներով:

Մենք այս հարցը կարեւորում ենք, որովհետեւ ինչպես երեկ, այսօր էլ ոմանք Չարենցի եւ Բակունցի հակառակորդների հանցագործությունները մեղմելու եւ ինչու չէ, արդարացնելու հավկուրությամբ եւ ակնհայտ ձգտումով ուզում են ինչ-ինչ մատնություններ եւ կասկածներ հայտնաբերել երկու մեծ գրողների հարաբերությունների մեջ:

Խարդախելով պատճառահետեւանքային բոլոր կարգի կապերը` նրանք բանաձեւում են` ժամանակներն էին այդպիսին, բոլորը գրում էին բոլորի դեմ,  բոլորը դավում են բոլորին:

Ժամանակի գործոնը թույլ եւ խոցելի փաստարկ է, այլապես մարդկային բոլոր  ստորությունները, թուլությունները, մատնություններն ու չարագործությունները կարելի է արդարացնել այդ նույն ժամանակներով: Բայց չէ՞ որ նույն ժամանակի մեջ էին ապրում Չարենցն ու Բակունցը եւ նրանց հետ ու նրանց կողքին` բազմաթիվ անմե՜ղ մեղավորներ, որոնք չդարձան տիրակալների հաճոյակատար, ճորտ եւ ստրուկ, նենգ ու դավաճան կամակատարներ:

Թիֆլիս գնալուց առաջ Խանջյանը գնացել էր Չարենցի մոտ, երեւի կանխազգում էր իր ողբերգական վախճանը, գնացել էր վերջին հրաժեշտը տալու մեծ բանաստեղծին: Նստել, զրուցել են, քննարկել գնա՛լ չգնալու խնդիրը: Բայց Խանջյանը չգնալ չէր կարող, իսկ Չարենցը նրա հետեւից մորմոքում էր ու ձայնում` Աղասի՛, մի՛ գնա:

Այդ ի՜նչ հրճվանքով, ի՜նչ էներգիայով էին  գրվում հոդվածներ` նենգաբար սպանված Խանջյանի դեմ, ի՜նչ լուտանքներ էին թափում այդ պայծառ մարդու հասցեին ծառայամիտները:

Իսկ այդ նույն օրերին գիշերային մթության մեջ Չարենցը գրում էր Խանջյանին նվիրված «Դոֆին նաիրյան» շարքը` մեր գրականության մեջ անմահացնելով նրա ողբերգական կերպարը: Իսկապես, ժամանակի գործոնը թույլ եւ խոցելի փաստարկ է: Ինչ վերաբերում է Բակունցին նվիրված Չարենցի վերջին  բանաստեղծության սեւագիր տարբերակին, այն պետք է դիտարկվի առավել լայն տարածքում:

Ճակատագրական պահին բացվում են վիրավոր հոգու վերքերն ու տառապանքները: Պետք է նկատի ունենալ, ինչպես նախորդ երկու տարիների, այնպես նույն թվականի, հաճախ նույն ամսի եւ հատկապես նույն օրվա մեջ, ավելի հաճախ գիշերային պահերին գրված մեծ պոետի բանաստեղծություններում արտահայտված տագնապների, մտահոգությունների, տրամադրությունների փոփոխության ընթացքի, վաղվա օրվա նկատմամբ ունեցած կասկածների ու կռահումների` ինչպես հետագիծը, այնպես էլ մեծ բանաստեղծին որոշակիորեն տեսանելի անմխիթար հեռանկարը.

Ուր` գորշ հողին կպած` լոկ մի քանի մացառ,

Որպես մարդիկ, որ մի գաղտնիք են իմանում

Փսփսում են իրար ինչ-որ անուն,

Երազելով մի հարթ, մի անկաղնի բացատ…

1936-ի հոկտեմբերի 14-ի գիշերը  Չարենցը գրում է իր տառապյալ ընկերոջը նվիրված վերջին բանաստեղծությունը:

Բանաստեղծության սեւագիր տարբերակի ընթացքը ծանր է:

Նկատելի են գրչի ջղագրգիռ շարժման հետքեր, կասկածահարույց հույզեր, բարկացայտ զգացումներ, կերպավորման ձգտող դավաճան մտքեր, ասելիքն ամբողջացնելու, ծանրությունից ազատվելու մի տեսակ շտապողականություն ու խնամքի պակաս, սիրո ու նվիրումի խիստ համառոտված, հարկադրական զսպվածություն, շեշտադրումների կոշտացման տրամադրվածություն:

Բանաստեղծության մեջ օգտագործված բառամթերքն ու բանաստեղծական տրամադրությունը հիշեցնում են նախորդ, մասնավորապես ՀԳՄ-ից հեռացվելու առիթով գրված բանաստեղծությունները:

Եվ սակայն հենց նույն` 1936-ի հոկտեմբերի 14-ի գիշերը, Մեծ տեսանողը` «Դարեր երկարող» «Ակնթարթում մի վսեմ» վիրավոր կասկածներից,  առտնին ասեկոսեներից մաքրագործված սրտով գրեց «Ա.Բ.-ին» բանաստեղծությունը դրանով իսկ ստեղծելով իր պայծառ ընկերոջն ու բարեկամին նվիրված գոհարակերտ հուշարձանը: Այդպես պարզ ու այդքան որոշակի ոչ ոք չի բացահայտել Բակունցի մարդկային նկարագիրն ու նրա ստեղծագործությունը, ազգային ոգու բակունցյան մտասեւեռումները:

Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ

Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ,-

Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,

Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…

Չարենցը եւ Բակունցը մեր ժողովրդի  ծնած երկվորյակ եղբայրներն են, եւ իրենց եղբայրությունը հավերժացրել են իրենց ապրած դժվարին, բայց եւ հերոսական կյանքով ու լուսեղեն բարեկամությամբ:

 

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

 

 

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25