«Մեծապատիվ մուրացկանները»՝ Քաջարանի արվեստի դպրոցի բեմահարթակում

04.03.2025 15:04
683

Փետրվարի վերջին օրը նշանավորվեց Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի սաների և ուսուցիչ, բեմադրող ռեժիսոր Արթուր Գաբրիելյանի կողմից Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործության բեմադրության առաջնախաղով։

Արթուր Գաբրիելյանն իր և սաների առաջ բավականին բարդ խնդիր էր դրել՝ բեմահարթակներում քանիցս ներկայացված այս ստեղծագործությունը նորովի մատուցել հանդիսատեսին, սակայն այնպես, որ չկորցնի պարոնյանական շունչը, բարձրացվող խնդիրների սրությունը և ազդեցիկությունը։

Ներկայացման բեմանկարների հեղինակ Նարեկ Իսրայելյանը պահպանելով ստեղծագործության շունչը՝ ընտրել էր համապատասխան դեկորացիաները մինիմալիստական, սակայն ամբողջական պատկերը փոխանցող ոճ՝ ընդգծելով կերպարները։ Առաջին հայացքից ուշադրություն գրավեցին բեմում գտնվող բազմաթիվ դիմակները: Ինչպես շեշտեց Նարեկ Իսրայելյանը, դա պատահական չէր և միտում ուներ առավել ազդեցիկ ու հասանելի դարձնել ներկայացման ուղերձը հանդիսատեսին։

Ներկայացումից առաջ ողջույնի խոսքով հանդիսատեսին դիմեց բեմադրող ռեժիսոր ու թատերարվեստի բաժնի ուսուցիչ Արթուր Գաբրիելյանը, ով կարևորեց բնագրով՝ արևմտահայերենով ներկայացումը խաղալու գաղափարը, ինչը որոշակի դժվարություններ ստեղծեց սաների համար, բայց երկար ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ սկսնակ դերասանները հմտորեն հաղթահարեցին այն։ Բանախոսը շեշտեց նաև, որ թատրոնն  սաների համար ինքնարտահայտվելու, ինչպես և մարդկանց ու աշխարհը ճանաչելու միջոց է, ինչը հետագայում շատ կօգնի նրանց՝ ցանկացած մասնագիտությամբ աշխատելու դեպքում։

Թվում է, թե հայտնի դասական ստեղծագործության հերթական, այն էլ ուսուցողական բեմադրությունը, ոչնչով չէր կարող զարմացնել հանդիսատեսին։ Սակայն բեմի վրա առկա, ինչպես նաև դերասանների կրած դիմակները, յուրահատուկ ու լրացուցիչ իմաստ հաղորդեցին ծանոթ սյուժեին՝ Աբիսողոմ աղային թողնելով մարդկային արատների ու մեղքերի հետ միայնակ։

Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի սաները փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, իսկ մեզ՝ հանդիսատեսիս, մնում էր միայն հոտընկայս, բուռն ծափահարություններով ողողել բեմի սկսնակ դերասաններին։

Ներկայացումը դիտելուց հետո զրույց ունեցանք Արթուր Գաբրիելյանի հետ, ով մասնավորապես ասաց.

«Մեզ համար սա լուրջ նախաձեռնություն էր, նաև համարձակ քայլ՝ դիմել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործությանը, քանի որ այն դասական արձակի լավագույն գործերից է: Միևնույն ժամանակ, այն բազմիցս բեմադրված ներկայացում է հայ թատրոնում, որը, ցավոք, իր թեմատիկայով դեռևս արդիական է: Պարոնյանը ստեղծագործությունը գրել է 19-րդ դարի վերջին, սակայն մենք այն տեղափոխել ենք 21-րդ դար՝ չխաթարելով հեղինակի ոճը: Պահպանել ենք Պարոնյանի արևմտահայերեն լեզուն, որովհետև հենց այդ լեզվամտածողության մեջ է ստեղծագործության գեղեցկությունը: Սակայն Քաջարանը, Սյունիքն առհասարակ, հեռու են արևմտահայ մշակույթից, և մեր սաները սկզբում բախվեցին արևմտահայերենի ընկալման դժվարությանը: Բայց կարողացան հաղթահարել այդ խոչընդոտը, ընկալել արևմտահայերենի նրբությունները և ստեղծագործությունը մատուցել նորովի: Սյուժետային առումով մեր ներկայացման մեջ կա մեկ կարևոր փոփոխություն՝ այստեղ ոչ թե առանձին կերպարներ են փորձում խաբեությամբ հարստանալ, այլ գործում է մի ամբողջ համակարգ»:

Օգտվելով առիթից, նրան ուղղեցիք մեզ հետաքրքրող ևս երկու հարց:

— Քանի որ «Մեծապատիվ մուրացկանները» հայ թատրոնում ամենաշատ բեմադրված ներկայացումներից է, արդյո՞ք մտահոգություն կար՝ կապված հանդիսատեսի ընկալման հետ: Ինչպիսի՞ն էր սաների արձագանքը, երբ իմացան, որ պետք է բեմադրեք Հակոբ Պարոնյանի այդ ստեղծագործությունը:

— Հիմնական դժվարությունն այն էր, թե ինչպես մեկնաբանել ստեղծագործությունը: «Մեծապատիվ մուրացկանները» շատ տարբեր բեմադրական լուծումներ է ունեցել, այդ թվում՝ Աճեմյանի հայտնի բեմադրությունը: Կրկնօրինակելը բացառված էր, իսկ ուսումնական բեմում պետք էր գտնել նոր մոտեցում: Երբ հասկացանք, թե ինչպես ներկայացնենք գործը, մտավախությունները վերացան: Սաների համար սկզբում բարդ էր արևմտահայերենը, շատ բառեր չէին հասկանում, ուստի նախ թարգմանում ու բացատրում էինք, ապա ձևավորում իրավիճակները: Բայց երբ երեխաներն ընկալեցին Պարոնյանի ոճը, նրանց մեջ արթնացավ հետաքրքրությունը, և ամեն ինչ փոխվեց: Պարոնյանի գործերից հաճույք չստանալն ուղղակի անհնար է: Շատ կարևոր մի բան. սա ուսումնական ներկայացում է, և մեզ համար առաջնայինը ոչ թե վերջնական արդյունքն էր, այլ այն, թե ինչ է սովորում երեխան փորձերի ընթացքում: Այստեղ մեր հիմնական նպատակն էր՝ սովորեցնել արևմտահայերենը, զարգացնել լեզվամտածողությունը և օգնել սաներին՝ հասկանալու հասարակական բարքերի խորքային խնդիրները:

— Ըստ ձեզ՝ ի՞նչ տարբերություն կա, երբ ինքդ (որպես բեմադրող) նաև խաղում ես և երբ միայն բեմադրում ես:

— Ինձ ավելի դուր է գալիս խաղալը, քան բեմադրելը: Երբ դու բեմում ես, ամեն ինչ քո վերահսկողության տակ է, ինքդ ես որոշում, թե ինչ անել: Բայց երբ բեմադրում ես, ամեն ինչ փոխանցում ես դերասաններին, և եթե ինչ-որ բան չի ստացվում՝ ուղղակի անզոր ես գտնվում: Այնուամենայնիվ, կարևորում եմ, որ յուրաքանչյուր սան գտնի իր գույները, իր խաղաոճը: Երբ տեսնում եմ, որ դա հաջողվում է, հասկանում եմ՝ մեր աշխատանքը ճիշտ ուղիով է ընթանում, և դա մեծագույն ուրախություն է:

Իրինա Հովհաննիսյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08