Մհերը փորձում է Սյունիքում («Սյունյաց երկրի» համար) դատարանի ուժով կասեցնել Սահմանադրության 42-րդ հոդվածի կիրարկումը, որով հռչակված է խոսքի ազատության իրավունքը

02.04.2021 17:07
165339

Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա դատական նիստ թիվ ԵԴ/12885/02/18 քաղաքացիական գործով:

Խոսքը, եթե հիշում եք, Մհերի (Պոլոսկով)՝ ընդդեմ syuniacyerkir.am  կայքի եւ խմբագիր Սամվել Ալեքսանյանի երեք հայցից մեկի շուրջ դատավարության մասին է:

Դատական նիստը կայացել է…

Սակայն պարզաբանվել է ոչ թե հայցվոր կողմի դիրքորոշումն առ այն, որ Պարույր Սեւակը «Ղողանջ միջակությանը» գրելիս նկատի է ունեցել դեռեւս չծնված Մհեր Պոլոսկովին, ինչն էլ հանրայնացրել է syuniacyerkir.am  կայքը, այլ…

Հայցվոր կողմն անսպասելիորեն դատարան է ներկայացրել միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է, մի փոքր մանրամասնենք:

Դատական վեճի առարկան syuniacyerkir.am  կայքի 2018 թ. մայիսի 29-ի հրապարակումն է՝ «Մհեր Պոլոսկով պսպղուն միջակությունը հրաժարվում է հօգուտ հանքագործների վերանայել իր ամսական աշխատավարձը, որ 20 մլն դրամ է»:

Հիմա… Հայցվոր կողմը, որպես հայցի ապահովման միջոց, պահանջում է պարտավորեցնել «Սյունյաց երկրին» ու նրա խմբագրին՝ այդ հրապարակումը հանել  syuniacyerkir.am  կայքից եւ համանուն ֆեյսբուքյան էջից, որպեսզի մարդիկ այլեւս չընթերցեն հոդվածը:

Հայցվորը նաեւ պահանջում է՝ արգելել «Սյունյաց երկրին» ու նրա խմբագրին՝ որեւէ տեղեկատվություն (ցանկացած հանրամատչելի եղանակով) տարածել Մհեր Պոլոսկովի գործունեության մասին՝ մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

 Ի դեպ, երկրորդ պահանջը հայցվոր կողմն առաջադրել էր նաեւ 2018-ի հունիսին, սակայն դատարանը 2018 թ. հուլիսի 10-ի որոշմամբ մերժել է հայցի ապահովման նման միջոց կիրառելու միջնորդությունը:

Եվ այսօր՝ երեք տարի անց, Մհերը նորից է պահանջում կիրառել հայցի ապահովման նույն միջոցը, այն էլ (հակառակ գործող օրենքի պահանջների)՝ առանց նոր հիմքերի ու նոր հիմնավորումների:

Թե ինչ կորոշի դատարանը՝  կիմանանք մի քանի օր հետո…

Մինչ այդ ողջամիտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է երեք տարի անց եւ հիմա Մհերը պահանջում ՝

 1) լրատվական հարթակից հեռացնել «Մհեր Պոլոսկով պսպղուն միջակությունը հրաժարվում է հօգուտ հանքագործների վերանայել իր ամսական աշխատավարձը, որ 20 մլն դրամ է» հոդվածը, որի վերաբերյալ (իմիջիայլոց) դեռեւս չկա դատարանի վճիռ,

2) արգելել «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին՝ հրապարակել որեւէ տեղեկատվություն Մհեր Պոլոսկովի գործունեության մասին:

Հարցի պատասխանը երեկ ներկայացրել ենք դատարանին, դրան տեղյակ պետք է լինի նաեւ ընթերցողը:

Բանն այն է, որ «Սիվիլնեթը» 2021 թ. մարտի 31-ին հրապարակել է հոդված՝   «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերը դատի է տվել մյուս բաժնետերերին» (հոդվածը՝ Մկրտիչ Կարապետյանի ստորագրությամբ):

Ըստ այդ հոդվածի՝ բաժնետերերից մեկը՝ Միխայիլ Զուրաբովը (ՌԴ նախկին նախարար) դատի է տվել կոմբինատի նախկին ու ներկա բաժնետերերին՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետերերի ժողովի մի շարք որոշումներ: Ընդ որում՝ վեճի թեման բաժնետոմսերի 75 տոկոսն է, որի գումարային արժեքը մի քանի հարյուր մլն դոլար է:

Մյուս կողմից՝ մայրաքաղաքային մեկ այլ լրատվամիջոց (Civic.am, Մարինե Խառատյանի ստորագրությամբ, 29.03.2021թ.) հանրայնացրել է Սյունիքի մարզային հեռուստատեսության լիցենզիան տարիներ շարունակ, հակառակ գործող օրենսդրության, կոմբինատին առնչվող այլ կազմակերպության ու մարդկանց կողմից օգտագործելու մասին:

Այնուհետեւ՝ վերջին մեկ տարում Քաջարանից «անհետացել» է Հայաստանի ամենախոշոր ներդրողը, ուրիշ մեկ ներդրող եւս, որոնց բաժնետոմսերի ընդհանուր գումարը 75 տոկոս է:

Հայ հանրությանը մինչեւ հիմա (նաեւ օրվա իշխանությունների կողմից) պատասխան չի տրվել, թե ինչպե՞ս են  օտարերկրյա ներդրողներն «անհետացել» Քաջարանից եւ ու՞մ են անցել 75 տոկոս բաժնետոմսերը:

Ու որպեսզի այդ՝ առերեւույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրների մասին հանրությունը հանգամանալից տեղեկություններ չստանա, որոշել են դատարանի ուժով «Սյունյաց երկրի» բերանը փակել, ինչի համար էլ ապրիլի 1-ի դատական նիստում ներկայացրել են վերոնշյալ միջնորդությունը:

Մեր առարկությունները երեկվա դատական նիստում (բանավոր) ներկայացրել ենք վարույթն իրականացնող դատավորին:

Առարկությունների գրավոր տեքստն էլ այսօր ենք ուղարկել դատարան:

Մնում է սպասել, թե ինչ ընթացք կտա դատավոր Գայանե Խաչատրյանը հայցվորի տվյալ միջնորդությանը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:

Ահա այսպիսի ընթացք է ունեցել 2021 թ. ապրիլի 1-ի դատական նիստը, որ քննում էր Մհերի (Պոլոսկով) հայցն ընդդեմ «Սյունյաց երկիր» լրատվամիջոցի:

Հ.Գ.1 

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի թիվ ԵԴ/12885/02/18 քաղաքացիական գործի ոդիսականը, ներկայացնում ենք մեկ ուշագրավ հանգամանք եւս:

Արցախյան նորօրյա պատերազմի ամենաթեժ ու հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին Մհեր Պոլոսկովի ներկայացուցիչը դատարան է դիմել հայցապահանջի փոփոխություն թույլատրելու մասին:

Այսինքն՝ այն օրերին, երբ Մհերի տարիքակիցները կրակագծում խրամատ էին փորում, կենաց-մահու կռիվ էին տալիս, զոհվում էին, վիրավորվում էին, դիակներ ու վիրավորներ էին կրակագծից դուրս բերում, ինքը զբաղված էր ոչ միայն կոմբինատի բաժնետոմսերի վերաբաշխմամբ, այլ «Սյունյաց երկրի» հանդեպ վրեժ լուծելով...

Մարդը միայն երեք տարի հետո է հասկացել, որ 2018-ի հունիսին դատարան ներկայացրած հայցադիմումով հնարավոր չէ պատժել ո՛չ Սամվել Ալեքսանյանին, ո՛չ «Սյունյաց երկրին»: Եվ որոշել է փոփոխել կիսագրագետ հայցապահանջը…

Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ (դատավոր՝ Գայանե Խաչատրյան) մերժել է այդ միջնորդությունը:

Հ.Գ. 2

Կոմբինատի մյուս բաժնետերերին դատի տված Միխայիլ Զուրաբովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառել՝ արգելելով ԶՊՄԿ-ին՝ որեւէ ձեւով վաճառելու, գրավադրելու կամ տնօրինելու ընկերության բաժնետոմսերը:

Եվ ի՞նչ է որոշել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Որոշել է մերժել միջնորդությունը եւ հայցի ապահովման միջոց չկիրառել:

Հ.Գ. 3

Անպայման ընթերցեք «Մհեր Պոլոսկով պսպղուն միջակությունը հրաժարվում է հօգուտ հանքագործների վերանայել իր ամսական աշխատավարձը, որ 20 մլն դրամ է» հոդվածը, եթե չեք ընթերցել մինչեւ հիմա: Չի բացառվում, որ դատարանը հրաշալի այդ հրապարակումը մեր հարթակից հանելու որոշում կայացնի եւ ձեզ զրկի ծանոթանալու հանքատերերին երեք տարի շարունակ անհանգստացնող հոդվածին:

Հ.Գ. 4

Երեք տարվա ընթացքում դատարանում չի պարզաբանվել նաեւ, թե ինչպես է ՌԴ քաղաքացի Մհեր Պոլոսկովը հաջողեցրել իր հայցն ընդդատյա դարձնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին, երբ պատասխանողները Սյունիքի մարզից են:

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն

16.07.2024 10:35

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն

15.07.2024 23:50

Մեր աղոթքներն Արցախի համար են, հայացքները` դեպի Արցախ․ Դադիվանքի վանահայր. Տեսանյութ

15.07.2024 21:42

«Հյուսիս-Հարավը» ռազմաքաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար․ ԱԶԲ ներկայացուցիչները Սյունիքում են

15.07.2024 21:40