Միխայել Ղուկասյան

30.07.2025 16:21
267

Միխայել Ղուկասյանի հետ առաջին ծանոթությունս մոտ 50 տարի առաջ էր՝ 1975 թվականին: Գորիսի նորաբաց քառամյա նկարչական դպրոցի առաջին դասարանի սան էի, Միխայելը՝ քանդակագործության դասատու ընկեր Ղուկասյան: Նրա դասաժամերը հարուստ էին սաների գեղագիտական ճաշակը բարձրացնող հետաքրքիր նյութերով, դաստիարակչական պատմություններով: Դասավանդման ուրույն ոճից հիշողությանս մեջ դրոշմվել են դաստիարակչական և ուսուցողական մի քանի մտքեր՝ «…Եթե մերկ կնոջ արձանների լուսանկարները տեսնելիս ձեր ներսում թաքուն հռհռացիք, ուրեմն ձեզնից ոչ միայն արվեստագետ, այլև նորմալ մարդ չի ձևավորվի: Արվեստին պետք է նայել արվեստագետի աչքերով, իսկ դրա համար պետք է կարողանալ արվեստի որևէ ճյուղին անվերապահ նվիրվել, երևակայությամբ ու տքնանքով ստեղծել քո ձեռագիրն արտահայտող յուրօրինակ գործեր ու ծանոթ լինել քանդակագործության ու քանդակագործների պատմությանը` անտիկ ժամանակներից մինչև մեր օրեր...»: Գործնական և տեսական պարապմունքներին կավից մարդիկ, կենդանիներ էինք քանդակում, նաև իմանում նրանց արտաքին տեսքի պատկերավորման համար անհրաժեշտ հիմնական շեշտադրումների մասին: Տասնամյա մանչուկս զարմացած էի, որ դպրոցի դեմքից բարություն ծորող հեզ ու անչար տնօրեն Գևորգ (Ժորա) Պարոնյանն ու խստադեմ երիտասարդ նկարիչ-քանդակագործ Միխայել Ղուկասյանը գեղանկարչության ազատ ստեղծագործության՝ կոմպոզիցիայի ժամերին մեզ հետ միասին այցելում էին հին Գորիսի գեղատեսիլ վայրերը՝ հաշվված րոպեներում մատիտով գրեթե աննշմար ուրվագծում, ապա ջրաներկով, գուաշով կամ յուղաներկով ավարտին հասցնում Գորիսի ժայռերն արտացոլող կտավները: Հիսուն տարի անց կրկին զարմացած եմ, թե Գորիսում որտեղի՞ց էին «լույս աշխարհ գալիս» այսքան լավ արվեստագետներ Գևորգ Պարոնյանը, Վանիկ և Ռազմիկ Արզումանյանները, Էդիկ Կարապետյանը, Միխայել Ղուկասյանը (Գևորգը, Վանիկը, Էդիկն ու Միխայելը լուսահոգի են): Տեսական ժամերին Միխայելը պատմում էր ճարտարապետության ու քանդակագործության համաշխարհային գլուխգործոցների վարպետների, նրանց կյանքի ու ստեղծագործությունների, դրանց ստեղծման ժամանակաշրջանի մասին: Միքելանջելոյի ու Ռոդենի մասին պատմող դասաժամերը մեզ մտքերով տանում էին դարերի խորքը, ուր մեծ արվեստագետները ստեղծում էին բոլոր ժամանակների համար հավերժական գործեր: Նա նաև ցույց էր տալիս հայտնի քանդակագործների գրեթե բոլոր նշանավոր գործերը՝ Ֆիդիասից մինչև Երևանի կայարանում տեղադրված «Սասունցի Դավիթ» նշանավոր արձանի հեղինակ Երվանդ Քոչար, մինչև  «Սարդարապատ»-ի ու Գորիսի «Յոթ աղբյուր»-ի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան…

Մի անգամ...

«Գծանկար» առարկայի մեր բնորդ-արձանները հին հունական փիլիսոփաների կամ հույն կայսրերի գիպսե գլուխներ կամ կիսանդրիներ էին: «Ինչու՞ հանդես չգալ նորարարությամբ, չստեղծել նոր, «ժամանակակից» գլուխ»,– մտքում քմծիծաղ տվեց Միխայելն ու քանդակեց իր մանկական ընկեր, նույն դպրոցի նկարչության դասատու Ռազմիկ Արզումանյանի գիպսե գլուխը… Մեզ համար Միխայելի քանդակածը Ռազմիկի իրական գլխից ավելի գեղեցիկ էր թվում: Մի անգամ մեր դասարանցի՝ լուսահոգի Արմեն Բեգլարյանի «հրահանգով» մենք մեկ մարդու պես դռան ճեղքից ուշադիր հետևում էինք, թե ինչպես Միխայելն ընկերոջ գիպսե արձանի գլուխը արվեստանոցից ուսուցչանոց տեղափոխելիս հանդիպեց Ռազմիկին: Արվեստագետները երկար նայեցին՝ մեկ արձանին, մեկ՝ միմյանց, ապա լիաթոք ծիծաղեցին: Երևի իրենք էլ էին այն կարծիքին, որ արձանն իր գեղեցկությամբ գերազանցել է բնօրինակին…

Ճակատագրի «մանկական» հետքը

Միխայելը սերում է բնիկ գորիսեցի Խաչուն Հաբուն (Խաչատուրի որդի Հայրապետի) գերդաստանից: Հայրը` ատաղձագործ-հյուսն Արմենակը, Հայրապետի թոռն էր` Միխայելի որդին: Նա Հայրենական մեծ պատերազմում հրաշքով էր ողջ մնացել, հետո Գորիսում ընտանիք կազմել, ունեցել վեց զավակ: 

Միխայելի՝ նկարչության ու քանդակագործության հանդեպ սերը, նկարիչ-քանդակագործի բնատուր շնորհի ծիլերը մանկական շրջապատի ծնունդ են: Փոքրիկ Միխայելի մանկական խաղերի թեմաներն էին՝ «Մեզնից ո՞վ և ի՞նչ լավ բան կարող է անել», «Ո՞վ այնպիսի բան կստեղծի, որ դեռ ոչ ոք չի ստեղծել»… Բնականաբար, նման պրպտուն մտքերը տանում էին դեպի ստեղծագործական աշխարհ… Դեռևս չձևավորված արվեստագետն իր որոշումը կայացնում է սկզբում երերուն, ապա` համարձակ ու վճռական: Սա՛ է բնատուր ստեղծագործական ձիրքով օժտված արվեստագետի էությունը:

Միխայելի մանկական ընկերները ճանաչված բրուտագործ Հրանտ Բաղդագյուլյանն ու նկարիչ Ռազմիկ Արզումանյանն էին: Նրանք մանկուց միշտ միասին են եղել, սիրել են հայրենի բնությունը, այնքան են քայլել Քարահունջի, Գորիսի, Վերիշենի հնավայրերի շրջակայքում, որ անգիր գիտեին յուրաքանչյուր քար ու թփի տեղ: Հետագայում, երբ երեք անբաժան ընկերներից մեկը մի բան էր ստեղծում, դա մյուս ընկերների կողմից լայն քննարկման առարկա էր դառնում: Ստեղծագործության հեղինակն անպայման հաշվի էր առնում ընկերների կարծիքը և, ըստ այդմ, իրենց ստեղծագործությունը հասցնում ավարտուն տեսքի: Հրանտը շուտ հեռացավ կյանքից, իսկ քարագործ-վարպետ Ռազմիկը երկար ժամանակ ընտանիքով բնակվում է Կանադայում: Ռազմիկը թեև գծանկարի մասնագետ է, վերջին տարիներին վարպետացել է նաև քանդակագործության ասպարեզում` Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի ծաղկազարդ խաչքարի հեղինակն է: Վերջերս Գորիսում էր, պատմեց Կանադայում ստեղծած իր քանդակների մասին...

Տուն, որը նաև… արվեստանոց էր

Միխայելն ավարտել է Գորիսի 2-րդ միջնակարգ դպրոցը: Այդ ընթացքում նրան արդեն գիտեին որպես պատանի վարպետ, ով ուներ սուր աչք, ուժեղ հիշողություն, կարողանում էր տեսածն իսկույն անթերի թղթին հանձնել: Դպրոցի պատի թերթի նկարների հեղինակն էր: Նա դպրոցական տարիքից ստեղծագործում էր, ուներ բազմաթիվ գեղանկարներ, քանդակներ. փայտից, կավից, ցեմենտից կերտում էր մարդու, կենդանիների արձանիկներ: Հետո քանդակներ ստեղծեց տուֆից, բազալտից, գրանիտից… Մինչև 1980-ականները հայրական տան սենյակներից մեկն արվեստանոցի էր վերածել: Տանն ինչքան ասես՝ տարօրինակ կառուցվածքի անտաշ քարեր, չոր փայտի հաստ ճյուղեր կային: Դրանք Միխայելի արարող ձեռքերում պետք է արվեստի ստեղծագործություններ դառնային: Որդու զբաղմունքը հոր սրտովը չէր՝ «Քանդակագործութունս ո՞րն է, դե ե՛կ, արվեստով ընտանիք պահիր», – հաճախ հանդիմանում էր Արմենակը, բայց որդու արվեստով զբաղվելուն կտրականապես դեմ չէր: Ներքուստ հրճվում էր՝ «Ո՞վ գիտե, գուցե Աստծո մատը խառն է», –մտքում ինքն իրեն «հանգստացնում էր» հայրը:

Դեռևս դպրոցական տարիքից Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարան այցելող ընթերցասեր-արվեստասեր տղան, ով արդեն ինքնուս նկարում և քանդակում էր, չէր կարող անտարբեր անցնել հին բնակավայրում անփութորեն ընկած յուրօրինակ քարի, հսկա քերծի ստորոտում հայտնված փոքրիկ ժայռաբեկորի, անտառամիջում փռված չորացած ծառի ոլորուն ճյուղի կողքով: Նրա մտքում դրանցից ամեն մեկն ասես մի պատրաստի ստեղծագործություն էր՝ «Էն արևից խանձված փայտից կիսամերկ աղջկա քանդակ պիտի ստեղծեմ, ժայռաբեկորից՝ Գորիսի ժայռերը խորհրդանշող իսկական փոքրիկ ժայռ՝ ոչ վաղ անցյալում պարանով բարձրացող բնիկ գորիսեցու իր կեցավայր-քարանձավով»… Ու այս ամենը՝ արվեստանոցի վերածված տան մի սենյակում, խստադեմ հոր չհանդուրժող հայացքի ներքո, Միխայելի՝ անպայման քանդակագործ դառնալու համառ նպատակադրվածությամբ… 

Թե կարող ես, ժամանակիդ շունչը դարձիր...

Տիկին Սուսաննան ամուսնու` արվեստի հանդեպ  ընդգծված սերը կապում է նրա առաջին ուսուցչի` Արմենակ պապի՝ Իգդիրից արտագաղթած  ազգական Վազգեն Խշտոյանի  անվան հետ, ով  1950թ.՝ Միխայելի ծննդից ի վեր, ապրում և աշխատում էր Գորիսում: Բազմաշնորհ մարդ էր, մասնագիտությամբ՝ տուն հիմնանորոգող վարպետից մինչև գեղանկարիչ: Գորիսում նրան ճանաչում էին որպես «ոչ տեղացի» պատկառազդու արվեստագետ-նկարիչ: Աշխատում էր Գորիսի թատրոնում՝ բեմադրական մասի վարիչ: «Եզոպոս»-ից մինչև Գորկու «Հատակում»՝ բոլոր ներկայացումների դեկորացիաներն իր ձեռքի գործն էին` տվյալ ժամանակին ու ոգուն համապատասխան: Նա նաև ներկայացումների հագուստի,  հանդերձանքի ոճերն էր ընտրում-պատրաստում: Միխայելն արվեստին առնչվող շատ գաղտնիքներ նրանից սովորեց: Թեև դպրոցում արդեն շնորհալի նկարչի համբավ ուներ, բայց Միխայելի հանրաճանաչության սահմանները քաղաքում ավելի մեծացավ, երբ Վազգեն Խշտոյանի առաջարկով Գորիսի թատրոնի ռեժիսորը 2-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Միխայելին՝ ներկայացումներից մեկում, էպիզոդիկ դեր վստահեց: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, իսկ Միխայելը հարազատ քաղաքում դարձավ «իր ժամանակի հերոսը»:

Քանդակագործին ուզում էին ինժեներ «դարձնել» …

Միխայելը 1966 թ. դպրոցն ավարտելուց հետո եղբայրների ու բարեկամների հորդորով ընդունվեց Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: Նրա կարծիքով, սակայն, ինժեներ-մեխանիկի մասնագիտությունն իր բանը չէր… Առաջին կուրսի ուսումնական տարին դեռ չավարտած, ողջ ժամանակը տրամադրեց ինքնակրթությանը` ցանկացած գնով նկարիչ-քանդակագործ դառնալու համար: Թեև ուսանելու ժամանակ կարող էր չծառայել բանակում, քանի որ ինստիտուտում կար զինվորական ամբիոն, բայց նա գերադասեց ուսումը կիսատ թողնել, ներկայանալ զինկոմիսարիատ: 1968-70 թթ. ծառայեց ԳԴՀ-ում՝ խորհրդային զորքերի մոտոհրաձգային զորամասերից մեկում:

Միխայելը բնույթով ազատամիտ էր, հայ ֆիդայիները նրա պարծանքն էին: Գաղափարախոսություններից հեռու էր, թեև կոմունիստական թեմաները կարծես հետապնդում էին նրան, ու տեղական վարչակարգը՝ հնարավորությունների չափով, հաճախ փորձում էր օգտակար լինել նրան: Բեռլինում ծառայելիս քանդակեց Լենինի քարե կիսանդրին, որը հրամանատարության կողմից բարձր գնահատականի արժանացավ ու տեղակայվեց զորամասի ամենաաչքի ընկնող տեղում: Միխայելին արտահերթ արձակուրդ տվեցին:

«Զանգեզուրցի տատիկ» քանդակների հերոսուհին՝ հարազատ Մանուշակ տատը, թոռանը տանը տեսնելով՝ զարմացավ. «Ա՛յ բալա, բանակդ էսքան շո՞ւտ պրծավ…»: Հետագայում, ինստիտուտն ավարտելուց հետո, Գորիսի կուսշրջկոմի առաջարկով Միխայելը ստեղծեց Լենինի քարե մեծ կիսանդրին, որը նախ տեղադրվեց նախկին շրջկոմի շենքի դահլիճում, ապա տեղափոխվեց նախասրահ` մուտքի դիմաց: Աշխատանքը պետք է վարձատրվեր, Միխայելն ասաց՝ «Ես արվեստանոց եմ ուզում»: «Բայց դու կոմունիստ չես», – պատասխանեցին նրան ու ազատամիտ արվեստագետին ընդունեցին կոմկուսի շարքերը:

Զորացրվելուց հետո Միխայելը Գորիսում 4-5 տարի լրջորեն զբաղվեց քանդակագործությամբ: Բուհ ընդունվելուց առաջ քաղաքում արդեն ճանաչված էր որպես ինքնուս քանդակագործ: Այդ ընթացքում Միխայելը  ստեղծեց բազմաթիվ փոքր քանդակներ, աղջկա կիսանդրիներ, որոնցից հիմա արվեստանոցում կան: 19 տարեկանում կարողացավ իշխանություններին համոզել, որ ինքը կարող է ստեղծել մեծ արձաններ, որոնք կզարդարեն Գորիսի շրջանը: Ստեղծեց 4 մետր բարձրությամբ մկանուտ տղամարդու ցեմենտբետոնե արձան: Ջլապինդ ձեռքերով հաղթանդամ ստեղծագործ մարդը գլխավերևում երկու ձեռքով բռնել էր... աստղը: Որդին՝ Օրին, բացատրում է հոր մտահղացումը. «Արձանը թեև խորհրդային քաղաքացու կերպարանք ուներ, բայց հայրս այն քանդակել է որպես Վահագն աստված, որի ուժն ու հնարավորությունները փոխանցել է արձանին»:

Այնուհետև Միխայելը Վերածննդի դարաշրջանի արվեստի մոտիվներով ստեղծեց մոտ մեկուկես մետրանոց երկու առյուծ: Ապա՝ հեքիաթի իրական հերոսի տպավորություն թողնող՝ երկու մետր բարձրությամբ խեցու մեջ նստած սլացիկ կազմվածքով կիսամերկ մի աղջիկ, որի արձանը ներդաշնակված է ջրային տարածությանը: Այդ բոլոր արձանները տեղադրվել են 1970-75թթ. Գորիսի Սդղի գյոլի տարածքում՝ մինչև Միխայելի բուհ ընդունվելը: Որոշ արձանների նյութը չի դիմացել ժամանակի քննությանը, քայքայվել է…

1975 թ. կատարվեց Միխայելի երազանքը` ընդունվեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժինը:

Դասախոսը  կանխորոշեց  ուսանողի  ապագան

Միխայելն ուսումնական դարբնոցում ստացած տեսական գիտելիքներին գումարեց գործնական հմտությունները` յուրացրեց կավից ապագա արձանի նմանօրինակի ստեղծման, գիպսե կաղապարի միջոցով բնօրինակն այլ նյութի վրա ավելի մեծ չափսերով փոխանցման, արձանը նյութի տեսակին համապատասխան կերտելու գաղտնիքները: 1976 թ. Գորիսում  կայացավ երիտասարդ նկարիչների բացօթյա ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին նաև Միխայելի բազմաթիվ գծանկարները, ջրաներկով, գուաշով, յուղաներկով բնանկարները, նատյուրմորտները, դիմանկարները: Նա  դժվարությամբ էր համակերպվում  մտքին, որ այդտեղ քանդակ չկար ցուցադրված:

Ուսման տարիներին Միխայելին փորձով, գիտելիքներով օգնել է նրա վարպետը` քանդակագործության դասախոս Հակոբ Իշխանյանը: Դասախոսից շատ բան է սովորել` ուսման տարիներին և դրանից հետո անընդհատ այցելելով նրա արվեստանոց, ժամերով ու օրերով հետևելով նրա ձեռքերի ամեն մի շարժմանը, տեսնելով, թե վարպետի ձեռքում անտաշ քարն ինչպես է  դառնում արվեստի հրաշագեղ գործ:

Միխայելի մարդամոտ բնավորության շնորհիվ, գրեթե ամեն տարի ամռանն իրենց տանը հյուրընկալվում էին իր ուսանողական ընկերներն ու դասախոսները: Մեկնում էին արշավների դեպի Սյունիքի գեղատեսիլ վայրերը՝ Որոտան, Տաթև, Սատանի կամուրջ…

Ուսումնական տարիներին Միխայելը շատ գեղանկարչական աշխատանքներ ստեղծեց: Այդ ժամանակ քանդակագործությունը կարծես հետին պլան մղվեց: Այն կրկին իր հունի մեջ մտավ, երբ նրա քանդակագործական տաղանդը նկատած պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը՝ նրան առաջարկեց իր հետ մասնակցել Մատենադարանի մուտքի մոտ տեղադրված արձանախմբից Կորյուն վարդապետի արձանի վերջնահղկման աշխատանքներին (արձանի հեղինակը Չուբարյանն է):

Միխայելն ուսանողական տարիներին ցեմենտբետոնից ստեղծեց «Ջրահարսը» քանդակը, որը 1977 թ. տեղադրվեց Տաթևհէկի բակում, որը մինչև հիմա պահպանվում է:

Ո՞ր բնագավառ՝ թատրոն, քարի արտադրամաս, քարի հանք

Գորիսի նկարչական դպրոցում նկարչության և քանդակագործության դասատու աշխատելուց հետո՝ 1986-87 թթ, Միխայելը Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրական մասի վարիչն էր: ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանի հետ միասին հաճախ էին լինում իր արվեստանոցում: Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի հիման վրա ՀՀ ժողովրդական արտիստ Միլիտոս Ղազարյանի կողմից Գորիսի թատրոնում բեմադրվող ներկայացման համար անհրաժեշտ մի շարք պարագաներ` աթոռները, հնաոճ սեղանի ոտքերը, նկարի շրջանակն իր տան արվեստանոցում են ստեղծվել: Այդ ժամանակ արդեն կար ՀՀ կառավարության որոշում, որի համաձայն տեղական իշխանությունները պետք է ստեղծագործող արվեստագետներին ապահովեն աշխատանքային պայմաններով՝ անվարձահատույց տրամադրելով արվեստանոց: Միխայելի հարցը դրական լուծում ստացավ` արվեստագետը, ի վերջո, իր հայրենի քաղաքում ունեցավ ստեղծագործելու վայր` արվեստանոց:  Այնտեղ տեղափոխվեց տան արվեստանոցի գրեթե ողջ պարունակությունը: Արձանների մի քանի նմուշներ մնացին տանը և առ այսօր զարդարում են Միխայելի բնակարանի սենյակները, ուր, կարծես, զգացվում է «բացակա» քանդակագործի և մի քանի ամսական «նոր» Միքայելի շունչը:

Թատրոնում աշխատելու տարիները համընկան կոոպերատիվների ստեղծմանը` երկրում խրախուսվեց անհատ սեփականատիրությունը: Կարծես կողմնորոշվելու ժամանակն էր` միայն մշակույթով բազմաշունչ ընտանիքը դժվար կբարգավաճեր: Որոշեց քարի արտադրամաս ունենալ: Մոտ երկու տարի Գորիսի տարածաշրջանը հետազոտեց՝ իմանալու՝ ի՞նչ քարեր կան, դրանցից ի՞նչ կարելի է ստեղծել` առանձնատների սրբատաշ քարեր, խոյակներ, նախշազարդ հատվածներ, հուշաքարեր, արձաններ... Այս աշխատանքները Միխայելի քարամշակման արտադրամաս ստեղծելու հեռանկարային ծրագրի համար կարևոր հիմք հանդիսացան: Նա պարզեց, որ Գորիսի տարածաշրջանում կան որակական բարձր հատկություններով բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրեր: 1987 թ. Քարահունջ բնակավայրին մերձակա «Մանուշակաձորում» հիմնեց քարամշակման արտադրամաս, որը քաղաքում իր տեսակի մեջ առաջինն էր: Հետագայում նաև որակյալ բազալտի հանք ունեցավ: Այդ շրջանում քանդակագործությունը երկրորդ պլան մղվեց: Նախքան Միխայելի «ստեղծագործական երկրորդ շնչառությունը բացվելը», նա կերտել է ևս երկու հրաշալի քանդակ: Հայրենական մեծ պատերազմում զոհված տանձատափցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որի առաջին գծանկար-էսքիզից մինչև նախագիծը կազմել, առաջին քարից մինչև վերջին խոյակը շինարարների հետ հավասարապես տքնել ու հոյակերտ տեսքի է բերել հուշարձանի ճարտարապետն ու հեղինակը` քանդակագործ Միխայել Ղուկասյանը: Գորիսի Վիենի այգու  շատրվանին  ոսկեգույն թիթեռներ կային: Դրանք նույնպես Միխայելն էր ստեղծել: Բակունցյան թեման

Միխայելն ուսանողական տարիներին գիպսից քանդակել էր Բակունցի կիսանդրին, որը երկար տարիներ տեղադրված էր Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի նախադռան մոտ: Թանգարանի տնօրենության հետ խորհրդակցելուց և իրավասու մարմինների թույլտվությունը ստանալուց հետո Միխայելն իր միջոցներով կերտեց Բակունցի քարե արձանը, որը հանդիսավորապես բացվեց 2016թ.: Այն, կարծես, Բակունցի մասին «դրսում լսածի» ու «ներսում տեսածի» միջև մի յուրօրինակ կապող օղակ է. գրողի մասին առաջին անգամ լսած օտարերկրացին լինելով Գորիսում և քաղաքի Ակսել Բակունցի անվան փողոցում տեսնելով գրողի արձանը, անպայման ուզում է մտնել դռնից ներս, տեսնել՝ ի՞նչ վայր է դա, որի մասին խոսում են բոլորը...

Քանդակագործի գլուխգործոցը

2015-16 թվականներին Միխայելի տղաներն արդեն ինքնուրույն կարողանում էին կարգավորել քարի արտադրամասի գործերը, որն ամբողջապես խլում էր Միխայելի համար այնքան թանկ ստեղծագործելու ժամանակը: 2016-18 թթ. կավից ավարտեց մի կոթողային արձան, որը երկու անվանում ուներ` «Մեծ մամա»՝ իր Մանուշակ տատի իրական կերպար, և «Մայր Զանգեզուր», որպես Գորիսի տարածաշրջանի այցեքարտ հանդիսացող կոթողային գործ (որդիները 3 մետրանոց արձանի գիպսե կրկնօրինակը տեղափոխել են քարի արտադրամաս, որպեսզի հոր երազանքն իրականացնեն իրենց ձեռքերով, իրենց բազալտի հանքանյութից կերտեն հոր ստեղծած քանդակը և տեղադրեն Գորիսի տեսարժան վայրերից մեկում): Քանդակում տատը Զանգեզուրի տարազով է, գրկին` չարաճճի երեխա (նախատիպը Միխայելի փոքր եղբայր Աշոտն է), ով ուզում է տատի գրկից պոկվել դեպի ազատություն: Զանգեզուրցի մոր մի ձեռքն Աստվածաշնչի վրա է, մյուս ձեռքով պինդ գրկել է երեխային, որի մի ձեռքի խաչը վերափոխված է թրի...

Առեղծվածային 2022-ը

Երբ Գորիսի պետական համալսարանում բացվեց նկարչության բաժին, Միխայելն աշխատեց գեղանկարչության ու քանդակագործության դասախոս: 2022 թ. գարունն ասես զարթոնք բերեց նրան` համալսարանի 1-ին հարկի ընդարձակ սրահում բացվեց Միխայել Ղուկասյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ նրա տարբեր տարիների գծանկար-գունանկարներն էին, Ակսել Բակունցի արձանի ու կիսանդրու գիպսե նախատիպերը: Ցուցահանդեսը շատ այցելուներ ունեցավ: Այն բացահայտեց Միխայել Ղուկասյան քաղաքացու, նկարիչ-քանդակագործ արվեստագետի կերպարը: Այդ ընթացքում Միխայելը գիշերուզօր աշխատում էր Ակսել Բակունցի մեկ այլ կիսանդրու վրա, որը պետք է տեղադրվեր քաղաքի՝ գրողի անունը կրող դպրոցի բակում: Օգոստոսի 20-ին Միխայելն ու որդիները տեղադրեցին արձանը: Որպես պատվավոր հյուրեր, նրանց հրավիրեցին գրողի կիսանդրու և հիմնանորոգված դպրոցի հանդիսավոր բացմանը` սեպտեմբերի 1-ին... Օգոստոսի 25-ին, սակայն, Միխայելը հանկարծամահ եղավ: Մահվանից վեց օր անց, հոգեզավակի «ծնունդը» նշվեց առանց «ծնողի»` Միխայելի:

Գտնված գանձը

Մահից հետո հարազատները Միխայելի անձնական իրերի մեջ տեսան հաստափոր մի տետր, որը գտնված գանձ էր հարազատների համար: Այնտեղ կան բնության, կյանքի, սիրո, ընկերության, ընտանիքի, արվեստի, գեղեցիկի ուրույն ընկալումների մասին մտորումներ, Աստծո, բնության երևույթների, մարդկային փոխհարաբերությունների մասին խոհափիլիսոփայական մտքեր, դիտարկումներ, բանաստեղծություններ, պատմվածքներ... Իմ խնդրանքին` ծանոթանալ Միխայելի անտիպ ստեղծագործություններին, որդին ասաց՝ հարազատների շրջանում կան մասնագետներ, ովքեր պետք է ամբողջապես ուսումնասիրեն այն, որից հետո ընթերցողները կտեղեկանան դրա մասին:

 

Վաչե Մկրտչյան

 

 

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38