Մխիթար Սպարապետի հիշատակը մի ծառայացրեք ստոր նպատակի

04.10.2017 15:33
2080

Տողերիս հեղինակը գորիսեցի բրուտագործների գերդաստանի շավիղներից է, զավակն է վաստակաշատ, լուսահոգի Վաղարշակ եւ Մանիկ Հարությունյանների, մայրական կողմից թոռն է վրիժառու բազուկ Վաղարշակ Ղարիբյանի, ով 1922 թվականին, մաուզերը դատարկելով, շանսատակ է արել Սյունյաց կանանց պատուհաս, Զանգեզուրի բոլշեւիկյան հեղկոմի թուրք անդամ Օջախկուլի Մուսաեւին, ում անվամբ, ավաղ, մինչեւ 1991 թվականը կոչվում էր Գորիս քաղաքի փողոցներից մեկը: Մինչեւ կյանքիս մայրամուտը ձգտելու եմ օրինակ վերցնել իմ եւ մեր արժանավոր նախնիներից:


Միշտ հպարտացել եւ ոգեշնչվել եմ հայոց պատմության փառապանծ դրվագներով, միաժամանակ ամոթի զգացում վերապրել անցյալի դառն էջերից: Այո՛, ամաչում եմ, որ հորս ծննդավայր Գորիս գյուղի բնակիչ Մակիչ Մաշուրյանը եւ այլք 1920 թվականի հուլիսին աղ ու հացով են դիմավորել թրքաբոլշեւիկյան հորդաններին, մի քանի օր հետո էլ Գորիսի բանտում կացնահարել ազգային գործիչներ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Արշակ Շիրինյանին ու Վահան Խորենուն:


Իրավամբ Մխիթար Սպարապետն իր պատվավոր տեղն ունի հայոց մեծագույն զորապետերի շարքում: Հայության, այդ թվում իր համերկրացի շուշեցիների արատները խարանող ականավոր պատմաբան, գրող, հրապարակախոս Լեոն՝ Առաքել Բաբախանյանը, հենվելով 1720-ական թվականների ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Ստեփանոս Շահումյանի վկայությունների վրա, իր «Երկերի» 3-րդ հատորում ահա ինչ է գրել Մխիթար Սպարապետի ազատագրական առաքելության եւ եղերական վախճանի մասին. «Մխիթարը գյուղեր, նույնիսկ քաղաքներ էր խլում նրանցից (թուրքերից): Հարձակվեց Օրդուբաթ քաղաքի վրա, վերցրեց նրան, մեծ կոտորած արավ եւ հարուստ ավարը, 160 ուղտերի վրա բարձած, տարավ Խնձորեսք անունով բերդը, ուր ժամանակավոր կայան էր հաստատել իր համար: Սակայն այստեղի հայերն այնպիսի մի ստրկություն ցույց տվին, որի նման շատ չի կարելի գտնել ազգերի տարեգրությունների մեջ: Հաղթական զորապետին ուրախությամբ չընդունեցին այդ ձորաբերդում: Թշնամությունը բորբոքվեց նրա դեմ, մի զգացմունք, որ բխում էր անասնական երկյուղից: Խնձորեսքը սարսափի մեջ ընկավ, ամենքը վախենում էին օսմանցիներից: Վախենում էին, թե կգան նրանք եւ իրենց էլ այնպես կկոտորեն, ինչպես կոտորեցին հալիձորցիներին: Եվ այդ երեւակայական վտանգից ազատվելու համար նրանք հրացանով խփում, սպանում են Մխիթարին (1730): Սակայն այսքանը չի հանգստացնում ստրուկներին, եւ նրանք ավելի եւս պժգալի գործ են կատարում, կտրում են հերոս սպարապետի գլուխը եւ տանում են Թավրիզի փաշային՝ նրանցից գովասանք լսելու եւ պարգեւ ստանալու համար: Այդպիսի վախճան է գտնում այն մարդը, ով երբեք հաղթված չէր թշնամուց: Հայ ազատագրական շարժման զինվորների մեջ նա, անկասկած, ամենախոշոր դեմքն էր Դավիթ Բեկից հետո, որը փայլուն ընդունակությունները միացնում էր անբիծ բարքի հետ: Իսկ ողբերգական վախճանով նույնիսկ գերազանցեց ամենքին՝ իբրեւ գործի նահատակ, ընկած հենց իր տգետ ու ստրկամիտ ժողովրդի ձեռքից: Հայ ամբոխի այդ պատմական ոճրագործության վայրում, Խնձորեսք գյուղի հարավ-արեւելյան կողմում՝ ժայռերից մի լեզվակ է բաժանվում, որի երեք կողմից հոսում է գյուղի գետակը: Այժմ այդ քարային լեզվակի հարթ մասի վրա երեւում է մի փոքրիկ ավերակ եկեղեցի՝ պարսպով շրջապատված: Եկեղեցու հյուսիսային կողմում մի հասարակ տապանաքարի վրա կարելի է կարդալ հետեւյալ անգրագետ տողերը.

Այս է տապան ի հանգիսեան
Իջեալ մարմնով ի գերեզման,
Սայ Մխիթար մեծ անուանեալ
Սորա օներ իշխանություն
Սա բեմուաթ գնաց շիվան
Որ է երկրեն սայ Կեանճով էր
Նահատակացւեաւ ՌՃՀԶ:

Թվականը սխալ է, պիտի լինի ՌՃՀԹ, Տես Ե. Լալայան, «Զանգեզուրի գավառ», Թիֆլիս, 1899, եր. 35, 27»:


Հանրահայտ է, որ այդ սարսափելի եղեռնագործությունից ցնցված Թավրիզի փաշան հերոս Սպարապետի գլուխն իրեն նվիրողներին ոչ թե խրախուսում, այլ անմիջապես գլխատում է:


Անշուշտ, ապրողներիս հարիր չէ, որ Մխիթար Սպարապետը չի մեծարվում հավուր պատշաճի, եւ նրա գերեզմանի շրջակայքն էլ գտնվում է անմիխթար վիճակում: Հարկավոր է վերջակետ դնել այդ ճչացող անարդարությանը: Մեծ նահատակի գերեզմանը սրբավայր է եւ դարեր ի վեր պետք է լինի ուխտատեղի գալիք սերունդների համար: Իմ խորին համոզմամբ Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ նախեւառաջ պետք է ամաչել, այնուհետեւ նրա նվիրական գործը շարունակելու համար պարտավորվել, պարտավորվել, միայն պարտավորվել: Առասպելական այդ հերոսի անգլուխ կմախքի ճկույթն անգամ չպետք է համեմատել բոլոր ապրող զոռբաների գլուխների հետ:


Մենք ինչպես անցյալի փառապանծ դրվագներից, այնպես էլ հայության ծերացած մեղքերից պետք է ճիշտ դասեր քաղենք եւ ոչ թե շարունակենք տառապել խավարամտությամբ, ողորմելի տեղայնամոլությամբ կամ սնապարծությամբ:


Խնձորեսկում 2017թվականի հոկտեմբերի 7-ին նախատեսված է անցկացնել «Սպարապետի օր» տոնահանդեսը, ինչի մասին ամեն օր թմբկահարվում է հանրապետական եւ մարզային հեռուսատեսությամբ: Տոնահանդեսի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մխիթար Սպարապետի գերեզմանի դիմաց ձգվող կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողները դհոլով եւ զուռնայով կազդարարեն միջոցառումների մեկնարկը: Չեմ կարծում, որ Մեծ նահատակի անգլուխ գերեզմանը կարիք ունի դհոլ-զուռնաների դղրդոցի: Շատ մտահոգիչ է, որ հանրապետական մասշտաբի տոնահանդեսի շրջանակներում նախատեսված միջոցառումներից եւ ոչ մեկը չի անցկացվելու Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակում, ուր 1918-1921 թվականներին հրաշունչ ելույթներով սյունեցիներին հաղթանակների են ոգեկոչել Անդրանիկ Օզանյանը, Արսեն Շահմազյանը, Գարեգին Նժդեհը:


Մտահոգիչ է եւ այն, որ Գորիս քաղաքում անցնող տարում չի կազմակերպվել «Գորիսի օր» ամենամյա տոնահանդեսը:


Իմ խորին համոզմամբ փորձ է կատարվում «Սպարապետի օր» տոնահանդեսը ծառայեցնել Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանի խարխուլ եւ օրեցօր երերացող դիրքերն ամրապնդելու ստոր նպատակին:


Կասկած չունեմ, որ այս փաստարկված հրապարակումից հետո ինձ վրա հարձակվելու է շնագայլերի մի ամբողջ ոհմակ:


Չեմ կասկածում նաեւ, որ հայոց արծվաբույն Գորիսի պատմական հրապարակում առաջիկայում վեր է խոյանալու առասպելական հերոս Մխիթար Սպարապետի վեհաշուք հուշարձանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Հայոց ազատամարտի շարքային

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26