ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ. «Եթե որեւէ ներդնող խելամիտ բիզնես-ծրագիր առաջարկի, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել»

20.10.2014 14:00
3022

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Ագարակի քաղաքապետը

Պլանավորելով հարցազրույց վարել Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ եւ լինելով Ագարակում, չսահմանափակվեցինք նրան աշխատասենյակում հարցեր ուղղելով: Այլ նախ մի շրջայց կատարեցինք քաղաքում` փորձելով տեսնել այն ամենը, ինչ կատարվել է մեկ-մեկուկես տարում: Իսկ որ քաղաքում դրական տեղաշարժեր կան, անզեն աչքով էլ տեսանելի է: Դրական փոփոխությունները նախ` քաղաքի սկզբնամասում են, երբ Մեղրուց մուտք ես գործում Ագարակ: 800 մետր ասֆալտապատ կարճ ճանապարհով Ագարակն արդեն կապված է մաքսակետի հետ, կառուցվում են նոր մաքսային տերմինալ, Ագարակի զորամասի համար օժանդակ կառույց, առանձնատներ: Անկարելի էր չնկատել քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ոգեւորությունը քաղաքի զարգացմանն առնչվող ամեն մի ծրագրի, ամեն մի հարցի մասին խոսելիս: Հնարավոր չէր չնկատել նրա լավատեսությունն Ագարակի վաղվա օրվա հանդեպ: Եվ, որ հետաքրքիր էր, քաղաքում շրջագայելիս իր համաքաղաքացիները (գրեթե բոլորը) մոտենում եւ բարեւում էին քաղաքապետին, իսկ քաղաքապետը` նրանց: Ինչեւէ, համայնքապետի հետ մեր զրույցն Ագարակի ժողովրդագրական պատկերի, առկա բնապահպանական խնդիրների, բնակչության զբաղվածության, կոմբինատ-քաղաքապետարան փոխհարաբերության եւ համայնքին առնչվող այլ խնդիրների մասին է:


 

– Մեր զրույցը սկսենք մի ուշագրավ հարցով, որ սովորաբար անտեսվում է, թեեւ ունի ռազմավարական նշանակություն. դա Ագարակ քաղաքի ժողովրդագրական պատկերն է (ծնելիություն, մահացածություն, բնական աճ, ամուսնություն, առավել տարածված հիվանդություններ, ծերացածություն):

– Վերջին մարդահամարի տվյալներով Ագարակում բնակվում է 4800 մարդ: Բայց մեր հաշվարկներով` մոտ 400 մարդ էլ առանց գրանցման է բնակվում: Մեր հյուրերն են (չակերտավոր), ովքեր ինչ-ինչ պատճառներով գրանցված չեն, մեկը կարճ ժամանակով է քաղաքում` որպես հրավիրված մասնագետ, մեկն էլ անփութության պատճառով չի գրանցվել… Իրականում քաղաքը մոտ 5000 բնակիչ ունի: Ցավոք, ծնելիությունը 2013-ին փոքր-ինչ նվազել է, բայց բնակչության աճի դինամիկան մեր աչքի առաջ է, տարեկան միջին հաշվով ծնվում է 60-70 երեխա, գրանցվում 30-40 մահ, ինչը վկայում է այն մասին, որ Ագարակը բնավ էլ ծերացող համայնք չէ: Համոզված եմ` բնակշինարարությանը զուգահեռ կունենանք նաեւ մեխանիկական աճ:

– Եվ նախորդ հարցից բխող մի հարց, որքա՞ն երեխա է հաճախում համայնքի մանկապարտեզը:

– Մանկապարտեզ է հաճախում 223 երեխա: Ձգտում ենք Ագարակի փոքրիկ բնակիչներին ընդգրկել նախադպրոցական կրթության համակարգի մեջ: Նույնիսկ խմբասենյակներում երեք հարկանի մահճակալներ ենք տեղադրել, որ հնարավորություն ունենանք բավարարել երիտասարդ ծնողների պահանջները:

– Իսկ արվեստի դպրոցում ի՞նչ է կատարվում: Չի՞ ձգձգվում դրա վերանորոգումը:

– Արվեստի դպրոցի վերանորոգման վերջին փուլն է ընթանում, մենք դպրոցի գույքն էլ ենք արդեն հատկացրել, շինաշխատանքների 15 տոկոսն է մնացել, շինարարությունն իրականացվում է սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Արդեն ավարտում են, առաջին հարկը վերջացրել են, երկրորդ հարկն են ավարտում, ամենաուշն այս ուստարվա ընթացքում դպրոցը կվերաբացի դռները փոքրիկ արվեստասերների առջեւ: Անհամբեր սպասում ենք շենքի վերաբացմանը: Արվեստի դպրոցը ժամանակավոր տեղակայված է մշակույթի պալատում, լիարյուն գործում է, տարբեր խմբեր մոտ 200 երեխա է հաճախում, Ագարակի երեխաների գեղագիտական դաստիարակությունը բնավ չի տուժում: Բացի դրանից` արվեստի դպրոցի նորոգումից հետո մշակույթի պալատը նոր շունչ կստանա, արվեստի դպրոցը վերաբացելուց հետո մշակույթի պալատը լիարժեք կգործի որպես համայնքի գեղագիտական դաստիարակության օջախ:

– Ագարակը հանրապետության հարավային դարպասն է. Իրանից մեր հանրապետություն մուտք գործող զբոսաշրջիկները, գործարար անձինք, մյուսները մեր երկրի մասին առաջին տպավորությունը ստանում են Ձեր համայնքից, միշտ այստեղ պահանջված է եղել հյուրանոցային տնտեսությունը: Ձեր պաշտոնավարումից ի վեր ի՞նչ տեղաշարժ է արձանագրվել այդ ոլորտում, բավարարո՞ւմ է հյուրանոցային տնտեսության վիճակը, կամ այն շահութաբե՞ր է որպես տնտեսության ճյուղ:

– Թե՛ մինչեւ, որպես համայնքի ղեկավար, պաշտոնավարումը, թե՛ դրանից հետո քանիցս այցելել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն, եւ մի եզրակացության եմ հանգել. այն հզոր ներուժը, որ մենք ունենք, շատ նվազ է օգտագործվում: Խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում, եւ ոչ միայն հյուրանոցային տնտեսության: Մարդ մի անգամ լինելով Իրանում, անշուշտ, կհամոզվի դրանում: Ի դեպ, ՀՀ առեւտրաարդյուաբերական պալատը «Սյունիք» ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծ էր մշակել, որ ներկայացրել է հանրապետության կառավարությանը: Ծրագիրը հիմնականում ուղղված է հարեւան երկրների, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հետ արդյունաբերական ենթակառուցվածքների ձեւավորմանը, մեծածախ առեւտրի ծավալների մեծացմանը: Եթե այս նախագիծը չմնա թղթի վրա, կարծում եմ, Ագարակը մեծապես կշահի: Ինչ վերաբերում է հյուրանոցային տնտեսությանը, վերջին տարիներին մի հյուրանոց է կառուցվել: Այժմ քաղաքում հյուրանոցային համարների թիվը 48 է, որն ակնհայտորեն բավարար չէ: Եթե որեւէ ներդնող գտնվի, որ ցանկություն հայտնի այստեղ հյուրանոց, նաեւ ժամանցի օբյեկտներ կառուցել, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել: Ագարակի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջով էլ առաջարկել ենք, որ յուրաքանչյուր բիզնես-ծրագիր քաղաքապետարանը պատրաստ է քննարկել` արտոնյալ կարգով հողատարածք հատկացնելով, բայց գործարարը պիտի բիզնես-ծրագիր ներկայացնի որոշ ժամանակահատվածի եւ որոշակի նպատակի համար: Այսինքն` որեւէ մեկը չի կարող այդ հողը վերցնել որպես սեփականություն եւ մեկ կամ մի քանի տարի հետո վաճառել: Եթե որեւէ կոնկրետ նպատակով են հողատարածքը վերցնում, քաղաքապետարանը պատրաստ է նույնիսկ անհատույց հատկացնել:

– Պարո՛ն Զաքարյան, մի տարվա կտրվածքով քանի՞ աշխատատեղ է ստեղծվել, քանի՞սը` կրճատվել:

– 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, եթե թվերը հիշում եք, կառավարության մակարդակով պայմանավորվածություն կար, Ագարակի կոմբինատում աշխատողների թիվը 900-ից չկրճատել, այսօր, կապված կոմբինատի արտադրական ծավալների որոշակի ընդլայնման հետ, բարի կամքի դրսեւորում ես կասեի, ձեռնարկությունում աշխատում է 1160 մարդ: Սահմանում նոր ծառայություն է ստեղծվել. սննդի անվտանգության ծառայությունը նոր բաժանմունք է դարձել իր աշխատակազմով: Մաքսակետում բրոկերային ծառայություն է ստեղծվել, դա էլ է նորություն` 12 աշխատատեղով, աշխատում ենք երկրորդ բանկը բացել Ագարակում, մաքսային տերմինալ է գործելու շուտով` 10-12 աշխատատեղ է ստեղծվում: Դե, Ագարակը մոնոլիտ քաղաք է: Այնպես չէ, որ մի նոր բացված աշխատատեղ վրիպի մեր աչքից:

– Քանի գնում, Ագարակն ակնահաճո, բարետես քաղաք է դառնում, բայց երբ մտնում ես քաղաք, աչքի են զարնում հեղեղատարով հոսող թափուկաջրերը, որը գցում է տպավորությունը: Եկեք համաձայնեք, որ Ագարակում նաեւ բնապահպանական լուրջ խնդիր կա: Մի քանի օր առաջ Մեղրու գյուղապետերից մեկը նամակ էր գրել Ագարակի կոմբինատի ղեկավարությանը, տարբեր ատյաններին` այն մասին, որ այդ թափուկաջրերն ուղղակիորեն բացասաբար են անդրադառնում ոռոգման համակարգի վրա. երբ պոմպերով ջուր են մղվում, պոմպերը շարքից դուրս են գալիս, իսկ միրգը որակազրկվում է: Խնդիրը գնալով սուր հնչեղություն է ստանում:

– Օգոստոսին Ագարակում էր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, անձամբ այցելեց այստեղ: Այդ խնդիրը շատ խիստ դրվել է, բայց, որքանով հիշում եմ, այդ թափուկաջրերն այդտեղով հոսել են, դա վթարային հեղեղատար է, երբ արտադրության մեջ վթարներ են լինում, թափուկաջրերն այդտեղով են հոսում, արտադրության պրոցեսում վթարներ լինում են, դա չի կարելի բացառել: Հենց այդ հեղեղատարը կառուցվել է այն նպատակով, որ հողատարածությունները չաղտոտվեն: Հին նստվածքը տպավորություն է ստեղծում, որ անընդհատ թափուկաջուր է հոսում: Ագարակի կոմբինատի տնօրենը նախարարին խոստացավ, որ 2015թ. բյուջեն կազմելիս այդ հարցն անպատճառ ներառելու են տարվա բյուջեի մեջ, որովհետեւ նախարարը հարցն անառարկելիորեն դրեց, ընդհուպ մինչեւ լիցենզիայից զրկելը:

– 2008-ից պաշտոնավարում եք, որքանո՞վ է աճել համայնքային բյուջեն, ինչքա՞ն է կազմում, եւ հնարավո՞ր է տեղական բյուջեով համայնքում որեւէ գործ ձեռնարկել:

– Գիտե՞ք, ինչ էլ լինի, ֆինանսական միջոցները չեն բավարարում, բայց ասեմ, որ 2.5 անգամ ավելացել է տեղական բյուջեն, 79 միլիոնից հասել 196 միլիոն դրամի:

– Մի քանի խոսքով էլ կոմբինատ-քաղաքապետարան ներկայիս առնչությունների մասին: Շարունակո՞ւմ է կոմբինատի ղեկավարությունը նպաստել համայնքային խնդիրների լուծմանը:

– Մենք մի օրգանիզմ ենք, եթե կոմբինատն ունենում է ֆինանսական խնդիրներ, դա բացասական ազդեցություն է ունենում համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծման վրա: Մեկս մյուսի հոգսերով ենք ապրում: Աշխատանքային օրս սկսում եմ նրանով, որ համացանցից տեղեկանում եմ, թե ինչպիսին են պղնձի եւ մոլիբդենի գները մետաղական բորսայում: Տրամադրությունս դրանով է պայմանավորված լինում: Համայնքային բյուջեի 20 տոկոսը կոմբինատն է անհատույց հատկացնում: Ի սկզբանե Ագարակի կոմբինատը քաղաքաստեղծ գործառույթ է ունեցել, քանի որ բնակավայրը նրա շուրջն է ձեւավորվել:

– Ձմեռը թակում է մեր դուռը, եւ շատ բնակիչներ իրենց բնակարանները ջեռուցում են գազի վառարաններով: Ե՞րբ է վերջապես Ագարակ քաղաքը գազիֆիկացվելու, ե՞րբ ագարակցին կօգտվի կապույտ վառելիքից:

– Ագարակի կապույտ վառելիքի ապահովումը կապված է Մեղրու տարածաշրջանի գազիֆիկացման հետ: Կարելի է ասել, որ քաղաքի գազիֆիկացումը կիսով չափ լուծված է , մնում է ներքին ցանցի խողովակաշարի անցկացումը, ինչի համար խողովակների անհրաժեշտ քանակությունը ներկրված է Իրանից: Ասեմ նաեւ, որ Մեղրու մաքսակետը, Մեղրու սահմանապահ ջոկատի ուղեկալը եւ Ագարակի գունդն արդեն գազիֆիկացված են:

– Մեղրի գետի հետ կապված վերջին երկու-երեք տարվա աղմուկը քաջածանոթ է բոլորիս: Կուզենայինք իմանալ, թե այդ ծրագրի իրականացումը որ փուլում է:

– Ծրագիրը բաժանված է երեք փուլի, Վարդանիձորից Մեղրի գետի ջուրը պիտի հասնի Արաքսի ափ, այդտեղից խողովակաշարով մի ճյուղը պիտի հասնի Ալվանք-Շվանիձոր, նույն տեղից` Արաքսի ափից, մինչեւ Ագարակ հասցնելու ծրագրի մրցույթը 2015-ին պիտի կայանա, եւ նոր շինարարությունն իրականացվի: Յուրաքանչյուր երկրում կայացած ոռոգման համակարգը գյուղատնտեսության հաջողության հիմքն է: Բայց, կարծում եմ, եթե ծրագիրն իր տրամաբանական ավարտին հասցվի, միեւնույն է, օգոստոս-սեպտեմբերին ոռոգման ջուրը չի բավականացնելու` այդ ամիսներին Մեղրի գետի սակավաջրության պատճառով: Ուրեմն հրամայական պահանջ է առաջանում ջրամբարի կառուցումը, քանի որ ձմռան եւ գարնան ամիսներին Մեղրի գետի ջուրն անտեղի հոսում-թափվում է Արաքս գետը: Ագարակի խմելու ջրի հարցը լուծվել է, բայց ոռոգման ջրի հարցը մնում է խնդրահարույց: Եթե ինքնահոս եղանակով ոռոգման ջուրը հասնի Ագարակ, հավատացնում եմ, քաղաքում կանաչ տարածությունները երեք անգամ կավելանան:

– Մենք Ձեզ դիտում ենք տարածաշրջանի մասշտաբով ղեկավար, ուստի նման հարց ենք ուղղում. վերջին մեկ տարում բնապահպանները մեծ աղմուկ են բարձրացրել Մեղրու բնապահպանական միջավայրի, մասնավորապես Տաշտուն գյուղում կառուցվող ֆաբրիկայի առիթով:

– Անձամբ գնացել եմ Տաշտուն, ծանոթացել իրավիճակին, անկեղծ ասած` այնտեղ բնապահպանական խնդիր չեմ տեսնում: Հավատացեք, որքանով տեղյակ եմ, Տաշտունում հանքաքարը վերամշակվելու է գրավիտացիոն եղանակով, ինչը շրջակա միջավայրին վնաս չի հասցնում: Բնապահպանների բարձրացրած աղմուկը եւ բնությանը հասցվելիք վնասն անհամաչափ են: Մտեք մեր գյուղերը` Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, համարյա մարդ չկա, իսկ Տաշտուն գյուղում այս ամառվա աշխուժությունը ոչ մի բանի հետ չես համեմատի: Եթե բնապահպաններն աղմուկ են բարձրացնում, նախ` Տաշտուն եւ Լիճք գյուղերի բնակիչների կարծիքը պիտի հարցնեն, այնուհետեւ տարածաշրջանի մյուս բնակավայրերի մարդկանց: Խոսվում է, որ Մեղրի գետն աղտոտվելու է, ընդհանրապես նման բան չկա: Հանքաքարը 7կմ հեռավորությունից բերելու են` փոքր ծավալներով եւ տեղում վերամշակեն, իմ ունեցած տվյալներով` 1.7 տոննա ոսկի պիտի ստանան, այդքան է պաշարը: Ըստ իս` Տաշտունին եւ շրջակա միջավայրին նույն վնասը պիտի հասցվի, եթե Տաշտունում մի հսկա շենք կառուցեն: Դրա շինարարության ընթացքում էլ, չէ՞, շրջակա միջավայրին վնաս կհասցվի, փոշի կբարձրանա, շինարարական աղբ կգոյանա եւ այլն: Բայց որ ասում են` բնությունը հոշոտվում է, նման բան չկա: Որքան շփվել եմ տաշտունցիների հետ, նրանք դրականորեն են տրամադրված ֆաբրիկայի գործարկման առումով: Գյուղն ապրում է, գյուղը շնչում է, թող Աստված տա, այնքան իրավիճակը բարելավվի, որ այդ հանքի կարիքը չունենան, բայց այս պահին օդի ու ջրի պես անհրաժեշտ է այդ արտադրությունը:

– Թույլ տվեք մի հարց էլ տալ համատեքստից դուրս. ինչպես ցույց է տվել կյանքը, մեր համայնքների որոշ ղեկավարներ մարզպետափոխության պահերին իրենց հռչակում են որպես մարզպետի թեկնածու: Բայց ամիսներ հետո, երբ մարզի ղեկավար է նշանակվում, իրենք ճգնում են հակառակն ապացուցել, որ նման ցանկություն չեն ունեցել: Դա էլ նորմալ է, երբ համայնքի ղեկավարը ցանկանում է դառնալ մարզպետ, բայց տարօրինակն այն է, որ նման մտադրություն հայտնում են մարդիկ, ովքեր նախ` իրենց պաշտոնում, ցավոք սրտի, դեռ չեն կայացել, երկրորդ` դա անում են կարծես իրենց անձը կարեւորելու նպատակով: Թվում էր, թե Դուք էլ նույն կերպով կվարվեիք, նկատի ունենալով Ձեր գործարար հատկանիշները, բայց տեսանք միայն Ձեր լռությունը:

– Միշտ այն ճշմարտությունն եմ հիշել, որ զինվոր չէ այն զինվորը, ով չի ուզում գեներալ դառնալ: Սյունիքն ունի 150 հազար բնակչություն, եւ նրանից մեկը պիտի լինի մարզպետ: Եվ իմ ցանկությունն է, որ նշանակվի արժանավորը: Այդպիսի ղեկավարի դեպքում մարզն առավելագույնս կշահի, նաեւ մեր պետությունը: Դա այն ոլորտը չէ, որտեղ ինչ-որ մեկն իր անձը ցուցադրի: Ինչ վերաբերում է իմ ցանկություններին ու պլաններին, կհիշեցնեմ Ձեր թերթում երկու տարի առաջ տպագրված մեր հարցազրույցի վերնագիրը` «Հետագա գործունեությունս պատկերացնում եմ միմիայն Մեղրու տարածաշրջանում»: Այսօր էլ այդ կարծիքին եմ եւ տեսանելի ապագայում այն չեմ փոխելու: Յուրաքանչյուրն այն ոլորտում պիտի ծավալի իր գործունեությունը, որտեղ օգտակար գործողության բարձր գործակից ունի:

– Այս հարցը մեր նախորդ հարցազրույցների ժամանակ էլ ենք ուղղել Ձեզ, բայց քանի որ այն տակավին օրակարգում է ու հրատապ, կուզեինք իմանալ, թե համայնքների խոշորացման հայեցակարգի վերաբերյալ Դուք նախկին կարծիքի՞ն եք, թե՞ առարկայի առնչությամբ փոփոխություն է եղել Ձեր պատկերացումներում:

– Մնում եմ նույն կարծիքին, ապագան համայնքների խոշորացումն է, ռեսուրսների կենտրոնացումը: Դարձյալ նույն համոզմունքն ունեմ, որ փոքր համայնքն իր խղճուկ բյուջեով ընդամենը գոյատեւման հարց է լուծում: Ստեղծվել է կազուսային մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը չի կարող ոտք գցել, օրինակ, էներգացանցի տնօրենի, ոստիկանապետի, հարկային տեսուչի հետ: Նման համայնքապետը հազիվ իրեն է պաշտպանում, ինչպե՞ս կարող է համայնքի շահերը պաշտպանել: Բերեմ մի օրինակ. վերջերս խնդիր ծագեց Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար համայնքների եւ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի միջեւ, որը փորձ արվեց հարթել մարզային իշխանության միջոցով: Բայց եթե ղեկավարությունը մի կենտրոնից լիներ, այսինքն` Մեղրու տարածաշրջանը մի համայնք լիներ, նման իրավիճակ չէր ստեղծվի:

– Կուզենայինք անդրադառնալ Ագարակին մերձ կառուցվող հիվանդանոցի շինարարությանը: Կարծես, դա ձգձգվում է, եւ եթե չենք սխալվում, հանրապետության նախագահը հիվանդանոցի շահագործման ժամկետ էր նախանշել:

– Այո, դա 2015 թվականն է, երեկ լսեցի, որ Ազատ Գասպարյանից շինարարությունն իրականացնելու գնային առաջարկ են ուզել: Կարծում եմ, որ հմուտ այդ շինարարը կարող է հիվանդանոցի շինարարության գործում բեկում մտցնել: Նոր հիվանդանոցի շենքի գործարկմամբ մենք էլ ենք շահագրգռված, քանի որ նպատակ կա հիվանդանոցի հին մասնաշենքը վերածել բնակարանների: Տուն կառուցելու նպատակով 30 հոգու հողատարածք ենք հատկացրել, այդ տարածքում, նաեւ պաշտպանության նախարարության միջոցով, լուծվել է կոյուղու հարցը: Համայնքում երեք առանձնատուն է կառուցվել. այդ փաստը ես շատ եմ կարեւորում: Այդպիսի զգացողություն ունեցել եմ, երբ սեփական տունս եմ կառուցել:

Հարցազրույցը`ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57