ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ. «Մենք սահմանին ապրող մարդիկ ենք եւ իրավունք չունենք թույլ լինել...» «Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Ագարակի քաղաքապետը

03.04.2015 15:25
5805

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լուսաբանումը շարունակում է մնալ «Սյունյաց երկրի» ուշադրության կենտրոնում` նկատի ունենալով, որ իշխանության բոլոր օղակների մեջ հենց ՏԻՄ-ն է ամենամոտը կանգնած բնակչությանը: Ագարակի դեպքում, սակայն, մեզ հետաքրքրող այլ հարցեր եւս կան: Նախ` վերջին ամիսներին այդ տարածաշրջանում նույնպես տեղի ունեցան գործող անձանց փոփոխություններ` հայկական եւ ռուսական զորամասերի հրամանատարների, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի: Իսկ յուրաքանչյուր ՏԻՄ-ի գործունեության հաջողությունը պայմանավորված է նաեւ տարածքի հիմնական սուբյեկտների հետ փոխհամագործակցությամբ: Ագարակի պարագայում հատկապես, քանի որ քաղաքաստեղծ ձեռնարկությունը, այնուամենայնիվ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն է: Բացի դրանից` տարեցտարի զարգացող Ագարակում, այդ ամենով հանդերձ, առկա են մի շարք հիմնախնդիրներ եւ լուծում պահանջող հարցեր: Դրանք քննարկելու եւ լուսաբանելու նպատակով էլ մարտի 27-ին հանդիպեցինք Ագարակի քաղաքային համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:


 

– Պարոն Զաքարյան, նախ ընդունեք մեր շնորհավորանքները. մի քանի օր առաջ զույգ զավակ եք ունեցել` տղա եւ աղջիկ: Արդեն չորս զավակի հայր եք…

– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Կցանկանայի, որ չորս երեխա ունենալը յուրաքանչյուր ընտանիքի համար լիներ միջին վիճակագրական ցուցանիշ, ոչ թե համարվեր հաջողություն…

– Ամեն մի երեխայի ծնունդ, ակամա, հիշեցնում է տարածաշրջանի ոչ բարվոք դեմոգրաֆիկ վիճակը: Սոցիալական տեսակետից համեմատաբար ապահով Ագարակում էլ, որքանով տեղյակ ենք, ժողովրդագրական վիճակի հարցում 2014-ին դրական միտում չնկատվեց:

– Այդ ոլորտում բացթողման շտկումը, ըստ էության, տասնամյակների հետ է կապված: Այսպես ձեւակերպեմ միտքս. սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում ծագած խնդիրները համարում եմ ժամանակավոր: Տնտեսագիտության մեջ կան այսպիսի ձեւակերպումներ` սպառվող-վերականգնվող, սպառվող-չվերականգնվող ռեսուրսներ: Դեմոգրաֆիական ոլորտում բացթողումը, թերությունը չվերականգնվող են տեսանելի ապագայում: Մեր ժողովրդի, մեր պետության համար ներկայիս ամենամեծ խնդիրը ժողովրդագրության ոլորտում դինամիկ աճ ապահովելն է, այսինքն` այնպիսի պայմանների ստեղծումը, որ ընտանիքները ձեռնպահ չմնան շատ զավակներ ունենալուց: Սա գլոբալ խնդիր է, որով պայմանավորված է մեր ազգի առաջընթացը: Նաեւ ինչ-որ տեղ դժվար է հասկանալ, որ սոցիալական ամենալուրջ գործոնով` զբաղվածության խնդրով, Ագարակն այսօր հանրապետությունում առաջին տեղերում է, բայց համայնքում ծնելիության ցուցանիշը հետընթաց է ապրում: 2014 թվականին 50 երեխա է ծնվել, նախորդ տարում` 46, այ 2011 թվականին 90 երեխա է լույս աշխարհ եկել: Ուրեմն լուրջ ուսումնասիրության խնդիր կա, հարցի լուծումը միայն սոցիալական ոլորտում չպիտի փնտրել:

– Առաջին երկու հարցից է բխում մեր հաջորդ հարցը: Մարզի լավագույն նախակրթարաններից մեկը, անշուշտ, Ագարակում է: Բայց, ըստ մեր ունեցած տեղեկության, նախադպրոցական տարիքի ոչ բոլոր երեխաներն են ընդգրկված մանկապարտեզում: Այդ տարիքի երեխաների` մանկապարտեզում ընդգրկվելու խնդիրն ինչպե՞ս է լուծվում համայնքում:

– Այնքան էլ այդպես չէ: Համայնքի փոքրահասակ երեխաները համարյա 100 տոկոսով ընդգրկված են նախակրթարանում: Նախ պարտադիր պայման է, որ հինգ տարեկանները պետք է մանկապարտեզ հաճախեն: Դրա ապահովումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների մեջ է մտնում: Երեք եւ չորս տարեկանների հաճախելիությունը համայնքում երեւի 97-98 տոկոս է: Որտեղի՞ց գիտեմ: Երբ Ամանորի նվերներ էինք հանձնում, երեք տարեկան վեց երեխայի նվերն ենք միայն տուն ուղարկել: Բարձր հաճախելիությունը նաեւ մանկապարտեզի բարենպաստ հարմարություններով է պայմանավորված: Բոլորն են ձգտում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել:

– Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ հարեւան համայնքներից էլ են երեխաներ հաճախում Ագարակի մանկապարտեզ:

– Նախակրթարանի սաներից չորսը Մեղրուց է` կապված հանգամանքի հետ, որ նրանց ծնողներն Ագարակում են աշխատում: Բայց հիմա խնդիր է դրված` Ագարակի հաշվառում չունեցողներին, բացառությամբ զինվորականության երեխաների, չընդունել: Ստիպված ենք այդ քայլին դիմել: Բանն այն է, որ մեկ երեխայի վարձը հինգ հազար դրամ է, իսկ իրականում մեկ երեխայի համար արված ծախսը 18-20 հազար դրամ է: Շատ կուզենայի, որ համայնքում երեխաներն այնքան շատանային, որ մահճակալները չբավականացնեին բոլոր երեխաներին ընդունելու համար:

– Այս տարածաշրջանում կան հարցեր, որոնց վերաբերյալ Ձեր կարծիքը տարբերվում է բնակչության մի մասի տեսակետից: Առաջին հայացքից դա նորմալ է, նույնիսկ ողջունելի: Բայց երբ խոսքն առնչվում է մեր հոգեւոր-մշակութային արժեքներին, ապա Ձեր յուրօրինակ դիրքորոշումն առնվազն հիմնավորման կարիք ունի: Նման հարցերից մի քանիսի մասին կուզեինք խոսել:

Նախ` Ագարակ գյուղի (Հիգերակի) եկեղեցու մասին: 17-րդ դարում կառուցված սբ Ամենափրկիչ եկեղեցու հարցը շարունակում է մնալ օդում կախված: Իսկ Դուք ուզում եք, որ Ագարակ քաղաքում եւս լինի Աստծո տաճար, եւ դա գովելի է, բայց ինչո՞ւ Հիգերակի սբ Ամենափրկիչը քանդելու եւ քաղաքում վերաշինելու ճանապարհով: Ի՞նչ ընթացքի մեջ է այդ հարցը, որքանով հիշում ենք, երկու տարի առաջ կառավարությունն այդ նպատակով 12 մլն դրամ է հատկացրել: Ինչ-որ մարդիկ էլ եկան, կիսատ-պռատ պեղումներ արեցին, քանդեցին ու գնացին…

– Բազմիցս ենք անդրադարձել այդ խնդրին: Ցավոք սրտի, կապված կոմբինատի ֆինանսական-տնտեսական դժվարությունների հետ, այդ խնդրում ոչ մի դրական տեղաշարժ չկա: Թեպետ 2012 թվականին կազմվել էին եկեղեցու տեղափոխման նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչի համար կառավարությունը մշակույթի նախարարությանը հատկացրել էր 12 մլն դրամ: Եկեղեցու տեղափոխման եւ Ագարակ քաղաքում կառուցման նպատակով կոմբինատը խոստացել էր տրամադրել 400 հազար դոլար: Նման գումար չէր կարող տրամադրել ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ հնարավոր էր հավաքել հանգանակության միջոցով: Ագարակ քաղաքը չունի դրսում կայացած գործարար-բարեգործներ, իսկ, որքանով տեսնում ենք, Հայաստանում եկեղեցաշինությունը հիմնականում իրականացվում է դրսում ապրող բարեգործների օժանդակությամբ: Օրինակներ շատ կարելի է բերել հենց միայն մեր մարզի կտրվածքով: Մենք այդ աղբյուրը չունենք, չգիտեմ` դժբախտաբա՞ր, թե՞ բարեբախտաբար:

Ինչ-որ տեղ խորհրդանշական եմ համարում եկեղեցին Ագարակ «տեղափոխելը»: Համայնքում է գտնվում նաեւ Մեծ հայրենականում ընկած հիգերակ-ագարակցիների հիշատակը հավերժացնող կոթողը` դարձյալ գյուղից տեղափոխված: Եվ ինչ-որ առումով ներկայիս Ագարակը նախկին բնակավայրի իրավահաջորդն է, ուստի այդպես եմ տեսնում հարցի լուծումը: Ագարակում հավատի տաճար ունենալը խորհրդանշական է նաեւ այնքանով, որ մեր քաղաքը գտնվում է ներկայիս քրիստոնեական աշխարհի սահմանագծում: Համայնքը կարելի է համարել քրիստոնեական աշխարհի սահմանադուռ: Սիմվոլիկ է նաեւ այն, որ եկեղեցու կառուցման տեղը նախատեսված է քաղաքի մուտքի մոտ` դեպի Արաքսի ափը: Մեր քաղաքաշինական ծրագրերում էլ բնակարանաշինությունն այդ հատվածում պիտի ծավալվի:

– Մեղրի գետի շուրջ երկու-երեք տարի շարունակվող բանավեճում Դուք դարձյալ յուրօրինակ կարծիք ունեիք… Ձեզ հասկանում ենք` Ագարակ քաղաքը ոռոգման ջրի կարիք ունի, քաղաքի հենց մուտքից երեւում է, թե երբեմնի այգիների տեղում ինչպիսի ամայություն է առաջացել: Հույս կա՞, որ երբեմնի այգիները, Մեղրի գետի ջուրը համայնքի տարածք հասցնելով, կվերականգնվեն: Եվ, առհասարակ, ո՞ր փուլում է գտնվում Մեղրի գետի ջուրը նաեւ Ագարակ հասցնելու ծրագիրը:

– Օրեր առաջ այդ մասին զրույց ունեցա «Մեղրու ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի հետ, ումից տեղեկացա որոշ մանրամասներ: Մեղրի գետի հետ կապված ծրագիրը երեք փուլից է բաղկացած. Վարդանիձորից Մեղրի գետի ջուրը պիտի հասնի Արաքսի ափ, այնտեղից մի ճյուղը` Նռնաձոր, մյուս ճյուղը, որ ծրագրի երրորդ փուլն է, Ագարակ: Այս երրորդ փուլի շինարարության մրցույթ պիտի անցկացվի: Եթե մրցույթը շահեն Մեղրու ճանապարհաշինարարները, մինչեւ աշուն, համոզված եմ, կավարտվի շինարարությունը: Դրանով Մեղրու տարածաշրջանը ոռոգման հզոր ցանց կունենա: Բայց, միեւնույն է, մտահոգություն կա, որ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ջուրը չի բավականացնելու` Մեղրի գետի սակավաջրության պատճառով: Ծրագիրը լիարժեք տեսք կստանա, եթե ջուրն ամբարվի: Որքանով տեղեկացել եմ կառավարության միջնաժամկետ ծրագրերից` Զվարի մոտ 1,1 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար է նախատեսված կառուցել: Նախատեսվում են մի քանի փոքր ջրամբարներ եւս: Եթե ինքնահոս եղանակով ջուրը հասնի Ագարակ, քաղաքի կանաչ տարածությունները կավելանան, եւ նախկին այգիները կվերակենդանանան: Մեղրու տարածաշրջանում ամենաթանկ ապրանքը ջուրն է: Ի դեպ, ջուրը մեզ մոտ թանկ է նաեւ մյուս համայնքների համեմատությամբ:

– ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի որոշմամբ, փաստորեն, տրվեց համայնքների խոշորացման ծրագրի մեկնարկը: Իրականացվում է Տիգրան Սարգսյանի կառավարության` դեռեւս 2011թ. նոյեմբերի 10-ին ընդունված հայեցակարգը` համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման վերաբերյալ: Սյունիքի մարզում խոշորացման համար ընտրված չորս համայնքային փնջից մեկը Մեղրու նախկին վարչական շրջանն է: Ըստ հայեցակարգի` Մեղրու տարածաշրջանի քաղաքային երկու եւ գյուղական 11 համայնք կմիավորվեն մեկ` Մեղրի համայնքի մեջ: Այդ հայեցակարգին դեմ են արտահայտվել Մեղրու տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները: Առայժմ միայն Դուք եք, որ հայեցակարգը, Մեղրու պարագայում, համարում եք ողջամիտ եւ շահեկան Մեղրի քաղաքի, նաեւ շրջանի գյուղերի համար:

– Չէի ցանկանա համայնքների խոշորացման հարցը քննարկելիս առաջամարտիկի դրոշը վերցնել: Դա ծանր ու պատասխանատու խնդիր է: Պաշտոնավարման ընթացքում միշտ ձգտել եմ կոնկրետ իմ` համայնքի ղեկավարի գործառույթներն իրականացնել: Իհարկե, շատերին դուր գալու համար կարելի է ամբոխահաճությամբ զբաղվել եւ հայտարարել, թե սխալ է համայնքների խոշորացումը, որ դա կհանգեցնի աշխատատեղերի կրճատման եւ այլն: Բայց իմ կարծիքից շատ քիչ բան է կախված: Չեմ կարծում, որ համայնքների խոշորացման վերաբերյալ որոշում ընդունողները ցանկանում են ինչ-որ վատ բան անել: Համոզված եմ, որ այդ գործընթացին հաշվարկներ են նախորդել: Իսկ իմ անձնական կարծիքով` ոչ միայն ՏԻՄ ոլորտում, այլեւ ընդհանրապես մեր երկրում նման մտածելակերպը հետխորհրդային սինդրոմի դրսեւորում է: Այսօր ամբողջ աշխարհում ռեսուրսները կենտրոնացվում են, դրանց նպատակային օգտագործման խնդիր է դրվում, իսկ մենք մնացել ենք հին մտածելակերպի շրջանակի մեջ: Այսպես ձեւակերպեմ միտքս. ունենք ահռելի քանակությամբ որոշում ընդունողներ ու ղեկավարներ եւ այդ որոշումներն աղետալիորեն սակավ իրականացնողներ: Ինքս իմ աշխատանքում թերբեռնվածություն եմ տեսնում: Մեկ մանկապարտեզի, կոմունալ տնտեսության, արվեստի դպրոցի ու մշակույթի կենտրոնի աշխատանքները համակարգելու համար մի քաղաքապետը ճոխություն է: Լուրջ փոփոխություններ պիտի իրականացվեն: Ամենամեծ ռիսկն այս վիճակը պահպանելն է: Թող յուրաքանչյուր համայնքի ղեկավար անկեղծորեն խոստովանի, թե ներկայիս կարգավիճակով իր համայնքը զարգանո՞ւմ է, թե՞ ոչ: Եկեք դիտարկենք մեր գյուղերի վիճակը, ժողովրդագրական պատկերը: Ուրախացնող ոչ մի բան չկա… Մինչդեռ համայնքների խոշորացման ծրագիրն իր մեջ զարգացման հեռանկար է պարունակում եւ բնակավայրերի հավասարաչափ զարգացման հնարավորություն:

– Եթե Մեղրու երբեմնի վարչական շրջանի տարածքը միավորվի մի համայնքի մեջ, ապա հանրաքվեից անմիջապես հետո կհաջորդի համայնքի ղեկավարի ընտրություն, եւ Մխիթար Զաքարյանը նոր համայնքի ղեկավարի հավանական թեկնածուներից մեկն է:

– Դեռ վաղ է այդ մասին խոսելը: Բայց, անկեղծ եմ ասում, ոչ մի անգամ հանրային գործունեության մեջ անձնական շահով չեմ առաջնորդվել: Իսկապես, մի քիչ լուրջ չէ հիմա այդ մասին խոսելը: Բայց որ այս վիճակն անհապաղ շտկելու պահանջ կա, դա միանշանակ է: Տեսեք գյուղերի վիճակը: Ահավոր է, շատ մեծ վտանգ եմ տեսնում: Ագարակի ժողովրդագրական պատկերն է մեզ անհանգստացնում, բա գյուղե՞րը: Համակարգային փոփոխություն պիտի լինի: Ամենառիսկային վիճակը ներկայիս ստատուս-քվոն է: Նաեւ չեմ անտեսում հանգամանքը, որ հասարակական կարծիքը հաշվի առնեն, ժողովրդի տրամադրությունը շոշափեն: Ամփոփեմ միտքս. Մեղրու տարածաշրջանը շատ մեծ կորուստ կրեց կառավարության պիլոտային ծրագրի մեջ չներգրավվելով: Ուզում եմ մի հանգամանքի վրա եւս ուշադրություն հրավիրել. Մեղրու տարածաշրջանում ամենակենսունակ համայնքն Ագարակն է: Համայնքների խոշորացման ծրագրով վարչական կենտրոն է ընտրված Մեղրի քաղաքը, որը ճիշտ եմ համարում` թե իր աշխարհագրական դիրքով, թե պատմական առումով, սոցիալ-տնտեսական ատրիբուտներով, բայց նաեւ հարկ եմ համարում նշել, որ Ագարակը, որ իր համայնքի կազմում ունի հզոր պղնձամոլիբդենային կոմբինատ, զինվորական գունդ, մաքսակետ, ինքնուրույն զարգացման իր ռեսուրսներն ունի: Մեղրուն այդ առումով լոկոմոտիվ է անհրաժեշտ, քաշող ուժ է պետք: Իսկ քանի որ Մեղրին պիտի լինի համայնքային նոր միավորի վարչական կենտրոնը, Ագարակը զրկվելու է իր, այսպես ասած, սեփական ռեսուրսները տնօրինելու հնարավորությունից, աշխատակազմից… Ասել է թե` Ագարակը կորցնում է իր դիրքը: Եվ ուրեմն` ինչպե՞ս հասկանալ` Ագարակն ըմբռնումով է մոտենում խոշորացմանը, իսկ մյուս համայնքները` ոչ: Դա մտածելու տեղիք է տալիս:

– Մեր աչքի առաջ Ագարակ քաղաքը փոխվում եւ նորացվում է` նոր կառույցներ, բարեկարգ փողոցներ, շինարարություն… Վերջին ուշագրավ կառույցը մաքսային պահեստարանն է` տերմինալը: Մի փոքր պարզաբանեք, խնդրեմ, դրա դերն ու նշանակությունը:

– Մաքսային տերմինալը 15 ամսվա ընթացքում պիտի անցնի վերագրանցման փուլ եւ կունենա նույն կարգավիճակը, ինչ Մոսկվայի, Բելառուսի, Ղազախստանի համապատասխան ծառայությունները: Մեր հանրապետություն մուտք գործող բեռը պիտի մաքսազերծվի տերմինալներում: Այսօրվա գործող օրենքով` բեռնատարը պիտի հասներ Կապան, այդտեղի տերմինալում մաքսազերծվեր եւ ապա հետ գար Ագարակ: Կարելի է փաստել, որ Ագարակի տերմինալի գործարկումով տարածաշրջանում բիզնեսի սպասարկման նոր ոլորտ է ավելացել, տասը աշխատատեղ է բացվել` եւս հինգն ավելանալու հեռանկարով, դյուրացվելու է ներմուծման եւ արտահանման գործընթացը: Ընկերությունը կոչվում է «Ագարակի տերմինալ», եւ Ագարակ անունն օգտագործելու համար համայնքի բյուջեին գումար է վճարում. դա էլ փոքրիկ հաջողություն եմ համարում:

– Ագարակի արվեստի դպրոցը, կարծես, վերջնական տեսքի է գալիս, փոքր-ինչ այդ մասին կուզեինք իմանալ, որովհետեւ դրա վերաշահագործումը եւս հոգեւոր իրադարձություն է համայնքի կյանքում: Ե՞րբ վերջնականապես արվեստի դպրոցը կբացի իր դռները:

– Այս պահին կատարողական ակտն ստորագրվում է: Մայիսի 1-ին, ամենայն հավանականությամբ, կլինի վերաշինված-վերակառուցված դպրոցի բացումը: Պատեհ առիթն ուզում եմ բաց չթողնել` շնորհակալություն հայտնելու Սյունիքի մարզպետին: Հանրապետության նախագահի Ագարակ կատարած այցի ժամանակ ագարակցիները բարձրացրեցին այդ խնդիրը, Սյունիքի մարզպետը խոստացավ, որ իր ուշադրության կենտրոնում կլինի շինարարության ընթացքը, այսօր դպրոցի հիմնանորոգումն այլեւս կատարված փաստ է: Ունենալու ենք արվեստի մի հիանալի կրթօջախ: Ասեմ, որ դպրոցականը հաճախելով այդպիսի հաստատություն, իր քաղաքն ավելի շատ է սիրելու: Քաղաքապետարանն այլ ռեսուրսներ ներգրավելով, գործն ավարտին է հասցրել: Այնքան հարմարավետ, բարետես է դարձել դպրոցը, որ որոշեցինք կառույցի շրջակայքը նույնպես ներդաշնակ դարձնել: Շինաշխատանքներն արժեցել են 109 մլն դրամ, որ իրականացվել է սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, իսկ շրջակայքի բարեկարգումը` կանգառով, կանաչապատումով` 15 մլն դրամ` համայնքի միջոցներով: Այդպիսով նաեւ Ագարակի հրապարակի մի կողմը լիովին տեսքի է գալիս, հետո պիտի մտածենք մյուս երեք կողմերը եւս պատշաճ տեսքի բերելու համար: Նաեւ դպրոցի դիմացը կտեղադրվի հինգ հենասյուն` գեղեցիկ լուսատուներով: Դա թանկ հաճույք է, բայց մտածեցինք, որ այդ քայլին պիտի դիմենք, որ ակնահաճո լինի արվեստի դպրոցի շրջակայքը եւս:

Ինչ վերաբերում է համայնքապետարանի քաղաքաշինական ծրագրերին, նախատեսում ենք Ագարակ-մաքսակետ ճանապարհահատվածն ապահովել փողոցային լուսավորությամբ: Համայնքի համար, եթե խորհրդային ժամանակների տերմինաբանությամբ արտահայտվենք, հարվածային կառույց է համարվում նախկին կաթսայատան վերաշինումը, վերակառուցումը եւ վերածումն ըմբշամարտի մարզադահլիճի:

– Վերջերս Ագարակում տեղի ունեցավ սպորտային աննախադեպ իրադարձություն` հայ-իրանական մարզական խաղեր: Կխնդրեինք այս մասին փոքր-ինչ հանգամանալից ներկայացնել, քանզի դա նախադեպը չուներ ագարակյան կյանքում:

– Ես դա առաջին ծիլերն եմ համարում համայնքի մարզական կյանքում եւ փաստը շատ եմ կարեւորում: Ագարակում ըմբշամարտ մարզաձեւի կայացումն իրողություն կարելի է համարել: Ըմբշամարտի պարապմունքներում ընդգրկված է 55-60 պատանի մարզիկ: Հաջողություններն առկա են, արդեն ագարակցի ըմբշամարտիկները երկու անգամ միջազգային մրցման են մասնակցել, նախ` Բաթումում, ապա` Իրանի Մազանդարյան նահանգում, որը, ինչպես հայտնի է, ըմբշամարտի կենտրոն է աշխարհում: Մեր մարզիկները հանդես են եկել Ագարակին մերձակա-սահմանակից Ջուլֆա քաղաքում, իսկ վերջերս իրանցի մարզիկներն էին հյուրընկալվել Ագարակում: Ընդհանրապես իրանական այդ քաղաքի հետ սերտ համագործակցության ծրագրեր ունենք, մի քիչ էլ իրադարձություններից առաջ ընկնելով` հայտնեմ, որ քույր քաղաքներ լինելու փաստաթղթի մշակման վրա ենք աշխատում: Անկեղծ ասած` փոքր-ինչ էլ նախանձում եմ. Ջուլֆայի բնակչությունը գրեթե Կապան քաղաքի բնակչության չափ է, բայց տնտեսությամբ, քաղաքային ենթակառուցվածքների զարգացածությամբ համեմատության եզրեր չկան:

Սահմանամերձ այդ քաղաքը, որպեսզի անհրաժեշտ զարգացում ունենա, ազատված է հարկերից: Ինչ վերաբերում է մրցմանը, հրավիրել էինք իրանացիներին, ինչպես նաեւ Քաջարանի, Գորիսի ըմբշամարտի թիմերին: Արդեն իրանական կողմի հրավերը կա, ըստ ամենայնի ավանդույթի հիմք է դրվում, եւ առաջիկայում նախատեսում ենք ամսական երկու անգամ այցելել միմյանց (խոսքն ըմբշամարտի թիմի մասին է), որն ազդակ կլինի երկու հարեւան ժողովրդի բարեկամության ամրապնդման, նաեւ սպորտի զարգացման: Ժամանակն է, որ Ագարակն էլ ունենա իր մրցանակակիրն ու չեմպիոնը թե՛ հանրապետական, թե՛ միջազգային կարգի: Այս միտքը մի անգամ էլ եմ հայտնել. մենք սահմանին ապրող մարդիկ ենք եւ իրավունք չունենք թույլ լինել, մեր տղաներն ուժեղ ու մարզված պիտի լինեն, աղջիկներն էլ` ավանդապահ ու մարդկային վեհ արժեքներ կրող:

– Տարեսկզբին փոխվեց «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը, մենք հանդիպել ենք ձեռնարկության նոր ղեկավար Յուրի Բերեզովսկու հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` Ագարակ քաղաքով անցնող Կարճեւան գետում ստեղծված վիճակը, որը, ըստ էության, տարիներ շարունակ չի տարբերվում կոյուղուց: Մենք նկատեցինք նրա շահագրգռությունն ու պատրաստակամ վերաբերմունքը քաղաքում շահեկան սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելու հարցում: Կարծում եմ` հասցրել եք նոր ղեկավարի հետ համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել:

– Հանդիպել, ծանոթացել եմ նոր տնօրենի հետ: Բավականին հուսադրող ծրագրեր ունի: Ցավոք սրտի մետաղական բորսայում պղնձի եւ մոլիբդենի գների անկման հետ կապված կոմբինատում այսօր ծանր ֆինանսատնտեսական վիճակ է: Մենք ավելի վատ իրավիճակում ենք եղել 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի օրերին, բայց պատվով ենք դուրս եկել: Այս օրերին պղնձի եւ մոլիբդենի գների աճ է նկատվում, հուսանք, որ ամեն ինչ իր տեղը կընկնի…

– Վերջին շրջանում փոխվել են նաեւ Ագարակի զորամասի, Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարները: Նրանք, կարծում ենք, նախկին ավանդույթները շարունակելու ջատագովն են, քանզի զինվորականության եւ քաղաքացիական բնակչության հարաբերություններն այս կողմերում միշտ էլ աչքի են ընկել դրական դրսեւորումներով: Ի վերջո զինվորականությունն Ագարակի անքակտելի մասն է: Այդ առումով ուշագրավ է 2014-ին կառուցված ռազմական ավտոհավաքակայանը: Հիմա էլ, որքանով տեղյակ ենք, նոր շինարարություն է իրականացվում Ագարակում: Կուզեինք ներկայացնել Ագարակը որպես զինվորականության հանգրվան:

– Որպես համայնքի ղեկավար, պարզապես որպես հայ մարդ, համայնքի բոլոր քայլերին պարտադրված եմ զինվորականի աչքերով նայել: Գնդի նոր հրամանատարը` Կարեն Սեդրակյանը, նվիրված անձնավորություն է, կարծում եմ` Ձեր ասած զինվորականության եւ քաղաքացիական բնակչության միջեւ հաստատված համերաշխության ավանդույթը շարունակություն կունենա: Ինչ վերաբերում է Ագարակի նոր զորանոցի շինարարությանը, ապա այդ զորանոցում նախատեսվում է տեղավորել Ագարակի գնդի Մեղրիում տեղաբաշխված հրետանու ստորաբաժանումը: Նաեւ նոր բնակելի շենք է կառուցվում` զինվորականների համար:

– Մխիթար Զաքարյանն այսօր ե՛ւ լավ քաղաքացու, ե՛ւ հաջողակ գործարարի համբավ ունի: Ձեր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը` «Վիլա-օյլը», մի քանի տարի է, ինչ կայուն տեղ է զբաղեցնում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում: Ճանաչում է ձեռք բերել նաեւ «Վիլա-տրանսը»: Անկեղծ ասած շատերը փորձում են համոզել, որ Մխիթար Զաքարյանը բիզնեսում հաջողության է հասել քաղաքապետ լինելուց հետո, բայց դրանք նաեւ (քաղաքապետ ու գործարար) իրար լրացնող գործոններ կարելի է համարել: Ինչպե՞ս եք մեկտեղում երկու ոլորտները, երեւի դրանք միմյանց նպաստող հանգամանք են եւ ոչ թե խանգարող:

– Նախ` մինչեւ համայնքի ղեկավար ընտրվելն իմ ընտանիքը բիզնես է ունեցել եւ չեմ թաքցնում, մեր ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում է եղել: Այս հանգամանքը հպարտորեն եմ նշում, որովհետեւ բիզնես հիմնադրել եւ կայացնելը դյուրին գործ չէ: Այսօրվա դրությամբ այդ բիզնեսը համայնքային կյանքին առնչվում է այնքանով, որ բարեգործություն է անում, Ագարակում բարեգործական ծրագրեր իրականացվելիս հանդես է գալիս որպես դոնոր: Իսկ բարեգործության մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Ընկերության սեփականատերերն իմ ընտանիքի անդամներն են: Դրա կառավարումն իրականացնում են երիտասարդ ու խոստումնալից կադրեր: Որպես տնտեսագիտության թեկնածու` խորհուրդներով օգնում եմ նրանց եւ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Առհասարակ, որպես համայնքի ղեկավար, ինձանից կախված ամեն ինչ անում եմ` տարածաշրջանում գործարարությանը նպաստելու համար:

– Մի բան է նկատվում արդեն քանի տարի. որոշ իրանցիներ իրենց նոր տարին` Նովրուզը, ցանկանում են Հայաստանում նշել: Դա ինչ-որ չափով անդրադառնո՞ւմ է Ագարակի կյանքի վրա (հյուրանոցային տնտեսություն, առեւտրի աշխուժացում եւ այլն):

– Իրանցի զբոսաշրջիկները հիմնականում մայրաքաղաք են այցելում: Ագարակում շատ աշխատանքներ կան կատարելու` նրանց հյուրընկալելու համար: Ցավոք սրտի, բավականաչափ պատրաստ չենք: Անելիքներ շատ կան թե՛ սահմանային կոմունիկացիաների զարգացման, թե՛ հյուրանոցային տնտեսության բարելավման գործում: Սա իմ անձնական կարծիքն է: Իրանցիների այցը, այնուամենայնիվ, անմիջական ազդեցություն է ունենում քաղաքի վրա: Իրանցիները հանրապետություն են մուտք գործում Ագարակի մաքսակետով, որում յուրաքանչյուր աշխուժություն անդրադառնում է համայնքի առօրյա կյանքի վրա: Եվ այդ առումով կարեւորեցինք Ագարակ-մաքսակետ կարճ ճանապարհի կառուցումը:

– Վերջերս շատ սակավ, բայց հետեւողական (ու հատկապես մայրաքաղաքից` սյունիքյան ծագումով մեկ-երկու հոգի) փորձում են հայաստանյան հանրությանը հրամցնել Սյունիքի մարզի ղեկավարության, մարզում տիրող իրավիճակի բացասական տեսլականը: Ի՞նչ կասեիք այդ մասին:

– Թող բարձր չհնչի, բայց կուզեի, որ ողջ հանրապետությունում լիներ Սյունիքում տիրող իրավիճակը: Իշխանությունը բոլոր դեպքերում, կարծում եմ, պետք է լինի ուժեղ, իրավիճակին տիրապետող, ժողովրդին առաջնորդող, զարգացմանն աջակցող, կատարողական կարգապահության մեջ օրինակ ծառայող: Այսօր Սյունիքի մարզում ունենք հենց այդպիսի իշխանություն: Եղել եւ մնում եմ կարծիքին, որ Սյունիքի իրավիճակի վերաբերյալ իրավունք ունի արտահայտվելու միայն սյունեցին` այստեղ ապրող, այստեղի օդը շնչող: Ովքեր այստեղից տեղափոխվել են, չեմ դատապարտում: Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր ճակատագիրը, ընտրում իր բնակվելու վայրը: Իհարկե, շատ կարեւոր է այն, թե որտեղ են քո արմատները: Իմ ծնողները Կարճեւան գյուղից են Ագարակ եկել: Բայց այսօր ես ճիշտ չեմ համարում, լինելով Ագարակի համայնքի բնակիչ, Կարճեւանի մասին դատողություններ անել, այդ համայնքի գործերին միջամտել: Դա նույնն է, որ մեկն այստեղ` Սյունիքում նստած, Շիրակի մարզի մասին դատողություններ անի:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ագարակ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը: Երեք-չորս տարի առաջ երբեմն-երբեմն կտրուկ լարվածության դրսեւորումների ականատես եղանք, իսկ հիմա… Եվ, իհարկե, Ձեր ընդդիմության մասին:

– Ընդդիմություն ի հայտ է գալիս նախընտրական շրջանում: Միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ ուժեղ իշխանությունը լինում է ուժեղ ընդդիմության դեպքում: Նույնիսկ վտանգավոր է, երբ ընդդիմությունը բացակայում է, քանզի այն յուրօրինակ զսպաշապիկի դեր է խաղում: Գուցե Ագարակում ընդդիմության բացակայությունը բնակավայրի փոքր լինելու գործոնով է պայմանավորված: Փոքր բնակավայրում շատ բաներ, այդ թվում եւ ընդդիմությունը, անձնականացվում են: Փոքր Ագարակում ընդդիմությունը, որքան նկատել եմ, անձի հանդեպ է դառնում ընդդիմություն: Համենայն դեպս, ինձ թվում է, ագարակցիներն իմ գաղափարներին, մոտեցումներին հավանություն են տալիս: Եվ այն օրը, երբ համոզվեմ, որ ճիշտ չեմ ընկալվում, կամ ժամանակն իմ օգտին չի աշխատում, արժանապատվորեն հեռանալու եմ:

– Պարոն Զաքարյան, բազմիցս Ձեզ հետ զրույց ենք ունեցել եւ միշտ էլ` սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական լարված իրավիճակներում անգամ, լավատեսություն ենք նկատել ձեր մեջ. ինչո՞վ բացատրել:

– Խորհուրդ կտամ բոլորին ավելի շատ եւ հաճախ շփվել երիտասարդության հետ: Իմ լավատեսության առաջին գրավականը աճող սերունդն է: Պատահում է` քննադատում են երիտասարդներին, բայց, անկախ ամեն ինչից, հրաշալի սերունդ է աճում` անկախության տարիներին ծնված, պետական մտածողություն կրող, հին կարծրատիպերից ձերբազատված: Առիթ է եղել լինել սահմանապահ զինվորների կողքին, միայն հպարտության զգացում եմ ապրել, պինդ ու հաստատուն են կանգնած մարտական դիրքերում: Եվ այդպիսի սերնդի համար պարտավոր ենք նպաստավոր պայմաններ ստեղծել, որ դրսեւորեն իրենց ունակություններն ու գիտելիքները կյանքում ներդնեն:

– Այսօր Ագարակում շրջելիս հանդիպեցինք ե՛ւ ռուսների, ե՛ւ պարսիկների: Տպավորություն ունենք, որ Ագարակն աստիճանաբար բազմազգ քաղաք է դառնում:

– Երեւույթը ճիշտ եք նկատել. թեպետ նվազ չափով, բայց առկա են այլազգիներ: Ագարակը հիմնադրման ժամանակից բազմազգ քաղաք է եղել, եւ նախադրյալներ կան, որ կվերականգնվեն բազմազգ քաղաքի ավանդույթները, մանավանդ որ դրսից մասնագետներ են հրավիրվում պղնձամոլիբդենային կոմբինատ: Մոտակայքում է գտնվում Մեղրու ռուսական սահմանապահ ջոկատը, որի հետ սերտ շփումներ կան: Ագարակը սահմանակից քաղաք է, եւ հուսով եմ` այնքան կզարգանա, որ մի օր իրանցի զբոսաշրջիկներն իրենց հանգիստը, մանավանդ Նովրուզի օրերին, կցանկանան նաեւ Ագարակում անցկացնել: Բացի այդ, քաղաքի տոնի միջոցառումների շրջանակում Բելառուսի քույր քաղաք Սոլիգորսկի պատվիրակությունն այցելում է Ագարակ: Մի խոսքով` բազմազգությունը համարում եմ համայնքի հարստություններից մեկը:

Հարցազրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25