Մոսկվան քննադատում է ԵՄ-ին, ասում՝ Հայաստանին «շատ բան ունի առաջարկելու»

12.05.2026 17:14
286

Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում՝ Ռուսաստանի հետ իր դիմակայությունը սրելու նպատակով, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ զգուշացնելով, որ Երևանի՝ ԵՄ հավակնությունները կարող են հետևանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար։

«Հայաստանի՝ այսպես կոչված եվրոպական ճանապարհով գնալը կարող է ինչ-որ պահի հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների։ Իսկ ԵՄ-ն անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման առումով որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում։ Դրանք հենց այն բաղադրիչներն են, որոնցից կազմվում է պետության ինքնիշխանությունը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը։

Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրումը լրջորեն կվնասի Հայաստանի տնտեսությանը, քանի որ դա կպահանջի դուրս գալ Ռուսաստանի ղեկավարած Եվրասիական տնտեսական միությունից։ «Պարզ ասած՝ և՛ տորթը պահել, և՛ ուտել չի ստացվի»,- հավելել է նա։

Կալուգինը նաև ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին «շատ բան ունի առաջարկելու», այդ թվում՝ նոր ատոմակայանի կառուցում՝ փոխարինելու Մեծամորի ատոմակայանը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունն այդպես ցանկանա, [նոր կայանը] կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, ինչու ոչ՝ առաջիկա մեկ դարում»,- ասել է նա։

Փետրվարի սկզբին Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ստորագրեց քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր, որի շրջանակում չի բացառվում նաև նոր ատոմակայանի կառուցումը ամերիկյան տեխնոլոգիաներով։

Կալուգինը նաև մատնանշել է Ռուսաստանի դերը՝ որպես Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկեր և երկար տարիների անվտանգության երաշխավոր։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղային ցանցի հարցին, որը 2008-ից շահագործվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով։

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ Ռուսաստանը կարող է կոնցեսիան վաճառել երրորդ երկրի՝ պնդելով, որ դրա վերահսկողության շարունակումը վանում է օտարերկրյա լոգիստիկ օպերատորներին։ Մոսկվան մերժել է առաջարկը։

«Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը ռուսական ընկերության կողմից որևէ կերպ սահմանափակում է երկրի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը՝ համոզված ենք, որ այն դրանք ամրապնդում է»,- ասել է Կալուգինը։

Կալուգինի խոսքերը հնչում են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրեց Հայաստանին՝ ԵՄ-ի հետ կապերը խորացնելու մասին՝ Ուկրաինայի հակամարտությունը կապելով Կիևի եվրոպական ինտեգրման հավակնությունների հետ։ Պուտինը նաև առաջարկեց, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի՝ որոշելու՝ մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե, ինչպես ինքն է ասում, «քաղաքակիրթ» կերպով «ամուսնալուծվել» Ռուսաստանից։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մերժել է այդ ձևակերպումը։ «Սա քաղաքականություն է, իսկ ամուսնական հարցերն այստեղ կապ չունեն։ Մենք ոչ ալիմենտ ենք ուզում, ոչ էլ երեխայի խնամակալության հարց ենք քննարկում։ Մենք դեմ ենք նման հռետորաբանությանը»,- նա ասել է Երևանում լրագրողներին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34