Մթնաձոր գյուղի անանուն եկեղեցին, որ այլևս գերության մեջ է

18.08.2026 12:24
654

Մթնաձոր անվանումն ունի բազմաթիվ իմաստավորում։ Այն, նախևառաջ, իրական աշխարհագրական վայր է Կապանի տարածաշրջանում, ինչպես և բանահյուսական տարածք ու գրական խորհրդանիշ, որն Ակսել Բակունցի ստեղծագործական համակարգում դարձել է առանցքային կետ։

Մթնաձորը գրողի մոտ պարզապես տեղանուն չէ, այլ հոգեբանական և մշակութային տարածք։ Ավելին, Մթնաձորը եղել և մնում է Սյունիքի ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։

Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1926 թ. նոյեմբերի 21-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։

1927 թ. պատմվածքը տպագրվում է արդեն «Մթնաձոր» ժողովածուում, որում ներառված էր 18 պատմվածք։

Ահա՝ ինչպես է Մթնաձորը նկարագրում Բակունցը. «Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը՝ դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր»։

Հավատացեք, ուրիշ ոչ մեկն այդպես գեղեցիկ չի նկարագրել Մթնաձորը, ինչպես մեր մեծ հայրենակիցը:

Մթնաձորյան շարքը մեծ արձագանք է գտել ժամանակի գրականագիտական միջավայրում։ Դրան անդրադարձել է նաև Եղիշե Չարենցը։

Ահա «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» վերնագրով քառատողը.

«Քո «Մթնաձորում» թախիծն է ծորում,

Ու կարոտ՝ մանկութ հարազատ ձորի,–

Աշխատիր, սակայն, որ մութ այդ ձորում,

Քո պայծառ ուղին անդարձ չկորի»։

Մթնաձորը ներշնչանքի աղբյուր է եղել նաև Համո Սահյանի համար։ Այդ են վկայում նրա երեք բանաստեղծությունը՝ «Երգ իմ, գարունդ բախվեց», «Եթե չեք իջել դուք» և «Մի բուռ աշուն բերեք»։

Վերջին բանաստեղծությունից՝ մի հատված.

«Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել…»։

***

Պարզվում է սակայն, որ բնության այդ հրաշք անկյունում է գտնվել Մթնաձոր գյուղը՝ Ծավ գյուղից 5-7 կմ հարավ–արևելք, լեռնային անտառաշատ վայրում։

Այդտեղ էլ՝ մինչև հիմա, պահպանված են գյուղի ավերակները։

Բնակելի էր մինչև 1915-18 թվականները։

Բնակիչների մի մասը վերաբնակվել է Շիկահող գյուղում։

Գյուղը հիշատակվում է Մեղրու գավառի Մացրու գավառակում։ Հիշատակվում է Դավիթ Բեկի «Պատմության» մեջ և Տաթևի վանքի նոր հարկացուցակում, որի համաձայն վանքին վճարում էր 300 դահեկան պտղի հարկ։

Ըստ ականատեսների՝ գյուղատեղիում մինչև հիմա պահպանվում են ավերված եկեղեցու հետքերը։

Թե ինչ անուն է ունեցել այդ սրբավայրը՝ մեզ չհաջողվեց ճշտել։

Չհաջողվեց ճշտել նաև միջնադարյան այդ եկեղեցու կառուցման տարեթիվը։

Մթնաձոր գյուղատեղին 2022 թ. սեպտեմբերյան պատերազմից հետո հայտնվել է հայ–ադրբեջանական շփման գոտում և դարձել ոչ թե ռիսկային, այլև անհնար՝ ուխտագնացություն կատարելու համար։

Ուստի և չհաջողվեց այցելել Սյունյաց աշխարհի այդ սրբավայր։

««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Աբելյանի օգնությամբ հայտնաբերեցինք ավերակված եկեղեցու մի քանի լուսանկար, որոնք էլ ներկայացնում ենք ընթերցողին։

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40