Նա իր կյանքը երգ դարձրեց

27.10.2018 18:12
1051

Մինչև իր մուտքը պատերազմի ու քաղաքականության այս ժամանակներ՝ Վազգեն Սարգսյանը լավ գրող էր. բառը, միտքը, կերպարը, գործողությունը նրա առջև սպիտակ թղթի վրա այնքան հնազանդ ու ճշգրիտ էին, այնպես էին շարժվում ու քեզ իրենց հետ տանում, ինչպես լինում է լավ զորահրամանատարից կառավարվող մարտադաշտում. էմոցիաների շռայլում չուներ, բոլոր բառերը վարժ զինվորի նման կարևոր ու պարտադիր մասն էին գլխավոր մտքի, բոլոր կերպարները իրենց պարտքը կատարում էին գերազանց,- և սպիտակ թղթի վրա մեր 25-30-ամյան տոնում էր հաղթանակի բերկրանքը՝ ճիշտ մարտը շահած զորահրամանատարի նման. ասել է թե՝ Վազգեն Սարգսյանը շատ լավ գրող էր, ինչը այդ տարիքում միայն եզակիներին է տրվել, և ասել է թե շատ լավ գրողները կարող են շատ լավ զորահրամանատարներ լինել ճիշտ այնպես, ինչպես լավ հրամանատարները լավ էլ գրողներ են դառնում. վկայությունների կարիքը չկա: Նշանակում է, թե գրի, գրականության ուրախությունը, պատմելու, պատմություն կառուցելու հրճվանքը ամեն մի հառնող մեծության անկապտելի հատկանիշն է, թե բառերը նրանց գրիչների տակ չեն մեռնում, թե պատմությունները նրանց լեզուների տակ չեն մեռնում-ծնվում ու խաղում են որպես կենդանի գործն ինքը: Եվ գործը նրանց ձեռքի տակ չի մեռնում-ծնվում, հաստատվում, զորանում, տրվում է խոսքի, պատմելիքի, պատմության: Նրանք բախտավոր ծնունդ են, նրանք բառի բուն իմաստով լոգոսի՝ մեծագիր բանի ժառանգորդներն են, նրանց բանը գործ է և գործը բան:

Մտածվող-չասվող, մտածվող սև հոգիներում գիշերաբուի պես դարանած խոսք կա՝ թե քայքայման ու պատերազմի նետվեցին առաջինը նրանք, ովքեր ձախողվել էին խաղաղ աշխատանքի իրենց մարզերում: Միանգամից պետք է «այդպես չէ» ասել և այդ սև խոռոչների բերանը ծեփել: Այդպես չէ, իսկ Վազգենի վերաբերմամբ՝ ամենևին այդպես չէ:

Այլ խնդիր է, որ խաղաղ աշխատանքի այդ մարզերը ամենահաջողակներիս անգամ չէին գոհացնում, մեզ հաճախ պաշարում էր ծանր մղձավանջը, խելագար պոռթկումի պահեր էին լինում՝ երբ ուզում էիր գրիչն այդպես թողնել գրասեղանին և փողոց նետվել զենքը ձեռքիդ. դա ի՞նչ էր - երևի թե վերահաս աղետի կանխազգացումդ, գալիք փլուզումը իրեն մեր մեջ երևի թե զգացնել էր տալիս, երևի թե դա հուսահատ բողոքն էր մեր դատապարտ-վածության առջև, ինչի մեջ մենք որևէ մեղսակցություն չունեինք - մեր կյանքերից առաջ մեզ չհարցնելով գրել էին՝ թե պետք է ապրենք կեսկյանքով և թե մեր թափած ջանքը խորտակվելիք նավի վրա է: Սա հասու էր բոլորիս, բայց աղետի ու վերածնության մարտահրավերն անմիջապես ընդունեցին քչերը, նրանք, ովքեր տեսան ու լսեցին այն, ինչ տեսան ու լսեցին. դա այդ քչերի, այդ առաջամարտիկների առաքինությունը չէր, ինչպես որ շատերիս, գրեթե բոլորիս մեղքն ու արատը չէր այն, որ հապաղեցինք-հապաղեցինք, որովհետև չտեսանք այն, ինչ տեսանք, խլացանք ու չլսեցինք այն, ինչ լսեցինք. չլսեցինք, որովհետև չուզեցանք հավատալ, որ մեր դուռը թակում է ինքը ճակատագիրը:

Դրանք մեղք և առաքինություն էին դառնալու հետո, երբ նոր իրականությունը, երբ հաղթանակի և պարտության բեռը իր ողջ ծանրությամբ ճնշեր, աղարտեր, աղավաղեր, ուղղակի փշրեր շատերիս, և շատերիս համար էլ կերտիչ դրվագումն լիներ, որպես կարմիր պղինձն է սառը կռնահարմամբ փոխվում անդրիի: Դրանք մեղք և առաքինություն էին կնքվելուց հետո, երբ մեր դատախազները եպիսկոպոսի վեղար առնեին և պատերազմի ու փորձության ժամի մասին դատեին խաղաղության ու հավիտենության ժամանակների օրենքներով:

Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուր պղնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղաթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել, երբ թուրք ընկերոջ հետ բեռնավագոնները շիֆեր էր բարձում ու լավ քրտնում, երբ պիտի լավ լողանար, երբ պիտի ամբողջ 270 ռուբլի ամսավարձ ունենար, երբ հակառակորդը հիմար էր, երբ թշնամին խելքով ու զորությամբ գերազանցում էր իրեն,- այդ ամենի, ամբողջ աշխարհի առջև նա հաղթանակի և ուրախության բերկրանքով էր կանգնած, բերկրանքը նրա հոգու ու մարմնի ունեցվածքն էր: Նա համակել էր զորում իր բերկրանքով անգամ հակառակորդին, անգամ թշնամուն:

Եվ սա խոստովանություն չէ մեծ նահատակի առջև, սա այսօր հստակ գիտակցումն է անհրաժեշտության այն խոշոր անհատի, այն մեծ լավատեսի, որ այսօր պետք է կանգնած լիներ մեր ազգային պետական-քաղաքական հրապարակում և կանգնած չէ: Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց և աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով - նրա բացակայությունը բեկբեկում է մեր խոսքը, և մեր քայլը հաստատուն չէ:

Այո, խելառվում և մոխրագունում - մոխիր էր կտրում նենգության հանդեպ, այո, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել - իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, Քեմալ Աթաթո՞ւրքը, թե՞ Մեծ հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը: Մարդկային պարզ փառասիրության և չկամների ու չկամության մեր զանգվածի միջով իրենց ճանապարհը նրանք բացում են արմուկներով. արմունկ բանեցնելը նրանց մենք ենք պարտադրում, որովհետև մեր հոգիներում գեներալներն իրենք չեն - մենք ենք:

Մենք բոլորս գեներալներ ենք, մենք բոլորս փրկիչներ ենք, մենք բոլորս մանթաշովներ ենք, մենք բոլորս կաթողիկոս ենք - շարքային հացակերի մեր կյանքերը մենք այնպես ենք քշում հանրության միջով, ինչպես գութ ու գռոշ շաղելով Մանթաշովն էր իրեն տանում առավոտյան ժամերգության, ինչպես կաթողիկոսն է հպատակ հավատացիալների գլուխների վրայով տանում իրեն, ինչպես գեներալներն են տողանցում քարացյալ շարքերի միջով:
Մենք բոլորս պողոս - առաքյալներ ենք - մեզ նեցուկ ունենալու, մեզնով շտկվելու, մեզնում ապաստանելու հրավեր ենք կարդում ընկածներին, խեղվածներին, հաշմերին, և նրանք այլևս մեր հպատակներն են, մեր թագավորության բնակիչները, մենք նրանց վրա թագավոր պարոնտեր ենք: Մենք նրանց մեզ համար պատվանդան ենք անում, և մեր բարձրերում կարող ենք գոհանալ, թե նրանց մենք սիրում ենք՝ այդ ընկածներին, խեղվածներին, հաշմերին, թե մեր թագավորությունը խղճի ու գութի արքայություն է:

Իսկ ովքեր գեներալական մեր շքեղ շքերթի առջև հնազանդ կանգնած չեն՝ նրանք արդեն թշնամի ու թշնամական բանակից են. ովքեր հաշմ ու խեղված ու ընկած չեն՝ նրանք արդեն մոլորյալ ու կորուսյալ են: Մենք դժվար, անասելի դժվար ենք ընդունում, որ մենք Մանթաշով չենք, Մանթաշովը մենք չենք. մենք առաքյալ չենք, Պողոս առաքյալը մենք չենք, մենք հպատակեցնում ենք անասելի հրճվանքով և հպատակվում ենք անասելի տհաճությամբ:

Եվ ուրեմն ես փառք եմ ասում, մեծ մարդու հիշատակի առջև ես շնորհակալություն և փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակիցներին, ովքեր իրենք իրենց հաղթելով կենդանի միջանցք դարձան հերոսի և գործչի երթի համար, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց՝ եռանդուն, իրենք իրենց՝ ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց և պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգով:
Փառք մեզ՝ որ կարողանում ենք մեծարել, մեծացնել և հավատալ, որ կանչում ենք և հավատում՝ որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից և մեզանով:

Հրանտ Մաթեւոսյան

 

 

 

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46