ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը

19.11.2023 23:25
299

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաև Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետևանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում նա խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման մասին և հավելել՝ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր քայլերն իրականացնում են, սակայն անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել խնդիրների լուծման հարցում: Արժևորելով ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությունը՝ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ համատեղ քայլերն ու քաղաքական կամքը կարող են դրական արդյունք ապահովել:

Ճգնաժամերի հաղթահարման ուղիներ, կոնֆլիկտային գոտիներում հումանիտար խնդիրներ, հակամարտությունների պատճառներ. առցանց ձևաչափով այս հարցերին է անդրադարձել փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող (2017-2023) Ֆերնան դը Վարենը: «Միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն աշխարհում, և դրա պատճառը հաճախ նրանց փոքրամասնություն լինելն է»,- փաստել է Ֆերնան դը Վարենը: Զեկուցողի գնահատմամբ հակամարտությունների կանխարգելումն ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն բոլորի գործողությունների հիմքում: Անդրադարձ է եղել նաև տարբեր պատճառներով դրսևորվող այլատյացության ու անհանդուրժողականության դեպքերին, որոնք հաճախ ծանր հետևանքներ են ունենում:

Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարևորել է նման հարթակում հարցերի քննարկումը: Զեկուցողը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրին պատուհասած խնդիրները, մանրամասնել Ադրբեջանի լայնածավալ պատերազմի աղետալի հետևանքները: «Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- շեշտել է ՀՀ ներկայացուցիչն ու հավելել, որ ավելի քան մեկ ամիս առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Նրա խոսքով այն իրողությունները, որոնց բախվել է Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում, դրդել են մեր երկրին շատ ակտիվ լինել միջազգային իրավական մեխանիզմների կիրառման առումով: ՀՀ ներկայացուցիչն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ներկայացրել դատական հայցերի արդյունքները:

«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, և դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը: Նա անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում հնչող  ատելության խոսքի անթույլատրելիությանը, որը եւս ունենում է աղետալի հետևանքներ: ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն էլ հանգեցրեց էթնիկ զտման:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման կարևորության, ցեղասպանությունների կանխարգելման, Գազայում տեղի ունեցող իրադարձությունների, փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսևորումների վերացման ու այս հարցում համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Բելգիայի ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը: Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Հնչել է տեսակետ, որ չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, կարևորվել է բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը: Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորվել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը:

ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, Շվեդիայի պատվիրակությունից Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ցեղասպանությունները մեր պատմության մի մասն են, սակայն կան մարդիկ, որոնք դեռևս մերժում են այն: Պատվիրակը խոսել է ռասիզմի և հակասեմիտականության դրսևորումների, կրոնական բռնությունների մասին, որոնց մարդկությունը դեռ ականատես է լինում: Այս համատեքստում նա անթույլատրելի է համարել ցեղասպանության ժխտումը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է իրենց ներդրումն ունենան այս հարցում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման քաղաքականության մասին և նշել, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար: «Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

«Մարդու իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրների մասին: Նա հիշեցրել է, որ ըստ բանաձևերի, հայտարարությունների և անգամ միջազգային դատարանի որոշումների՝ նրանք պետք է ապրեին իրենց հայրենիքում և ոչ թե դառնային փախստականներ:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են հակամարտությունների գոտիներում երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Կարծիք է հնչել, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը միայն պետությունների խնդիրը չէ, այլ՝ միջազգային հանրության, և միայն բանաձևեր պետք չեն, այլ գործուն քայլեր են անհրաժեշտ՝ մարդկանց իրավունքների իրական պաշտպանություն ունենալու համար: Կարևորվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

Եզրափակիչ ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի ընթացքում կարևոր քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ տարածաշրջանում ներքին և արտաքին սպառնալիքների ու անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ:

«Ամեն անգամ, երբ հավաքվում ենք խորհրդարանական այս հարթակում, ի վերջո, հույս ենք հայտնում, որ հաջորդ անգամ, երբ նորից հավաքվենք, կհայտնվենք ավելի լավ վիճակում՝ ԵԱՀԿ ավելի կայուն և խաղաղ տարածաշրջանում: Այնուամենայնիվ, թվում է, որ հույսը բավարար չէ, տեղի ունեցածին արձագանք արտահայտելը բավարար չէ, մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք այս ճակատամարտում հաղթելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Ավարտելով խոսքը՝ հայկական պատվիրակության ղեկավարը երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս հանդիպումը:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպելու համար: Պիա Կաուման համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կառույցի աշխատանքն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Նա կարևորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը:

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10