Նահապետ Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

08.07.2020 14:47
1532

Հուլիսի 6-ին մեկնարկեց եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Արժեւորել Ղեւոնդ Ալիշանի հիշատակը` նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին եւ գրականությանը, ինչպես նաեւ այդ ամենի ուսումնասիրման գործում արժեւորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետեւ ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության եւ Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը: Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն եւ արվեստ: Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը: Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության եւ հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի եւ հայրենասերի միջեւ, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով նաեւ, որ Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում:

Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տ. Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղեւոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝ Ղեւոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվեց Ղեւոնդ Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում:

Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Մխիթարյան միաբանության, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշատողներ, վարդապետներ:

Գիտաժողովի թեմատիկ նիստներում նրանք հանդես կգան շուրջ 60 գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով Ղեւոնդ Ալիշանի գիտագրական ժառանգությունը: Կվերլուծվեն Ալիշանի ստեղծագործությունները, կներկայացվի, թե ինչպես է Հայոց Նահապետի կերպարն արտացոլվել հայ գրականության եւ արվեստի մեջ: Մեծ թիվ են կազմում Ալիշանի դեռեւս անտիպ աշխատանքները, որոնց մասին տեղեկություններ կտրվեն գիտաժողովի ընթացքում եւ կներկայացվեն դրանց հրատարակության հետ կապված հարցերը։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, Մխիթարյան միաբանությունը, Երեւանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան):

Ղեւոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս–Մարգարի Ալիշանեան) ծնվել է 1820թ. հուլիսի 6-ին Կոստնանդնուպոլսում՝ դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832թթ.) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841թթ.)։ Հետագայում աշխատել է Ռափայելյան վարժարանում` ուսուցիչ (1841-1850թթ.), ապա՝ 1866-1872թթ., տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր (1849-1851թթ.), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886թ.), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ եւ դոկտոր, անդամակցել է իտալական եւ ռուսական գիտական ընկերությունների։

Իր գիտական հսկայական ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք եւ սկզբնաղբյուրի նշանակություն։

Ղեւոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9–ին եւ թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

08.07.2020թ.

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11