Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ

14.10.2015 12:30
2090

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում հանրապետության նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգնվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչեւ Սիսիան քաղաքի վերջամասը) շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ. հունիսի 3-ից, ավարտը նախատեսված է 2016թ. հոկտեմբերի 27-ին: Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ-ը: Երկրորդ հատվածի (Սիսիանի վերջնամասից մինչեւ Դաստակերտ համայնք) շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ. հունիսի 11-ից, ավարտը նախատեսված է 2016թ. դեկտեմբերի 4-ը: Երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոպճային ծածկ եւ 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Զեկուցվել է, որ ավազակոպճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ:

Սերժ Սարգսյանն այնուհետեւ մեկնել է Գորիս քաղաք, որտեղ «Քոնթուր Գլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի եւ Կարլ Շնադտի հետ միասին ներկա է գտնվել «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Քոնթուր Գլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ»-ի մաս կազմող «Տաթեւհէկ», որտեղ նրան ներկայացրել են հէկի գործունեությունը եւ կասկադի արդիականացման ծրագիրը:

Սիսիանում եւ Գորիսում Սերժ Սարգսյանը հադիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ:

Մարզի Սյունիք համայնքում հանրապետության նախագահը ծանոթացել է «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն դրամ, մեկնարկել է 2014թ. նոյեմբերին, ավարտը նախատեսվում է 2016թ. ապրիլին: Պատասխանատուների հավաստմամբ, շուրջ 5200քմ հողատարածքի վրա կառուցվում են արտադրամասը, հումքի եւ պատրաստի արտադրանքի պահեստը, կենցաղային շենքը, չորանոցը, կաթսայատունը, նյութական պահեստը եւ էլեկտրական ենթակայանը:

Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է շուրջ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 150 հազար դրամ: Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո գործարանում կաշխատի մոտ 200 աշխատակից՝ երկու հերթափոխով, միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90 հազար դրամ:

Սերժ Սարգսյանը Սյունիք համայնքից մեկնել է մարզկենտրոն Կապան, որտեղ նախ այցելել է քաղաքի նորակառույց թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաեւ 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռեւս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցներում: Հանրապետության նախագահը շրջել է վերակառուցումից հետո ուսումնական գործընթացն սկսած ավագ դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել տնօրենության եւ ուսուցիչների հետ: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն դրամ:

Նախագահին ներկայացրել են, որ կրթական համալիրը բաղկացած է ուսումնական եւ մարզադահլիճային մասնաշենքերից: Կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար (ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ): Ուսումնական մասնաշենքը 3 հարկանի է, ունի նաեւ նկուղային հարկ: Մարզադահլիճի նախկին մասնաշենքը վերակառուցվել է: Համալիրի ողջ տարածքը ցանկապատված է եւ բարեկարգված: Տարածքում կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովվել է լուսավորությամբ: Տեխնիկական պայմանների համաձայն՝ կառուցվել են նաեւ գազամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ու արտաքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը: Դպրոցին տրամադրվել է նոր գույք: 2015-2016թթ. ուստարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ՝ միջին ամսական աշխատավարձը` 129 հազար դրամ:

Կապանում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի եւ հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերում կմատուցվեն որակյալ, մատչելի եւ արդիական բժշկական ծառայություններ: Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով եւ սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները եւ առաջարկվող բժշկական ծառայությունները: Նշվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով: Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Մոնտաժվել են նաեւ օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման եւ տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաեւ կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ՝ ասֆալտապատում, արտաքին լուսավորության եւ եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում: Երկու մասնաշենքերի միջեւ կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը: Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաեւ ժամանակակից լաբորատոր եւ այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 3մլն 154 հազար ԱՄՆ դոլար) ներդրում:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում հանրապետության նախագահը մարզկենտրոն Կապանում այցելել է նաեւ քաղաքի՝ կառուցապատված եւ բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը: Սերժ Սարգսյանին ներկայացրել են կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 570 մլն ՀՀ դրամ. Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջեւ 2013թ. մայիսի 17-ին կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման եւ կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային եւ կանաչապատ տարածքները, կազմում է շուրջ 2600քմ, որը ներառում է շատրվանները, կանաչապատ տարածքները, ժամանցի եւ զբոսանքի գոտիները:

Ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014թ. հունիսի 4-ին, ավարտվել՝ 2015թ. օգոստոսի 28-ին: Այդ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 260 հազար դրամ:

Նախագահը Կապանում մասնակցել է նաեւ քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին:

ՀՀ նախագահի մամլո ծառայություն

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10