Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը, որի գործունեությանը ծանոթանալիս անհնար է չզգալ Արևիք աշխարհի սրտի հավերժական տրոփը

25.12.2025 14:50
292

Մեր օրերում Մեղրու տարածաշրջանի հետ կապված ամեն մի հարց հետաքրքրում է յուրաքանչյուր արժանապատիվ հայորդու։ Իսկ երբ խոսքն առնչվում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը, ապա դա արժանանում է առանձնահատուկ ուշադրության, քանզի առանց այդ կազմակերպության գործունեության՝ հնարավոր չէ ընդհանրական պատկերացում կազմել տարածաշրջանի մասին։

Ուստի և՝ 2025-ի ու 2026–ի սահմանագծում անհրաժեշտ համարեցինք հանդիպել Ազատ Գասպարյանի հետ և զրույց ունենալ մեզ հետաքրքրող երեք թեմայի շուրջ։

Այսօր կներկայացնենք արծարծված թեմաներից միայն մեկը, մյուս երկուսը՝ գալիք տարվա առաջին օրերին։

Առաջ անցնելով փաստենք՝ Ազատ Գասպարյանի գլխավորած ընկերության գործերին ամեն անգամ ծանոթանալուց հետո անհնար է լավատեսությամբ չլցվել․․․

– Պարոն Գասպարյան, ավարտվում է 2025 թվականը, կուզեինք լսել Ձեր ընկերության տարեկան աշխատանքների ամփոփմանն առնչվող խոսքը։

– 2025 թ մեզ համար եղել է ամենաբեղմնավոր տարիներից մեկը, որի ընթացքում կատարեցինք բազմածավալ աշխատանքներ և՛ ծավալային, և՛ քանակական առումներով։

Կձգտեմ հիմնականը ներկայացնել։

Նախ՝ իրականացրել ենք Մ-2 միջպետական ճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ, ավարտել ենք Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհի՝ Հ-63-ի՝ Շվանիձորից Ծավի լեռնանցք ընկած 21,8 կմ ճանապարհահատվածի նորոգումը (միջին նորոգում), ընթացքի մեջ են երկրի պաշտպանական համակարգի ամրապնդմանը միտված աշխատանքները,  օրերս կավարտենք Մեղրի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի նորոգումը: Լեհվազ գյուղի և Ագարակ քաղաքի մանկապարտեզների բակային նորոգումն ավարտին հասցրեցինք՝ հենապատերով և այլ օժանդակ կառույցներով: Ավարտելու ենք Լեհվազի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը, Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող մաքրման կայանի շինարարությունը։ Սուբվենցիոն ծրագրով Ագարակի յոթ փողոցի վերակառուցման և վերանորոգման աշխատանքները կավարտենք 2026 թվականի ընթացքում։ Այդտեղ՝ կոյուղագծերի հետ կապված աշխատանքների պատճառով, նախատեսված ժամկետը երկարաձգվեց։ Ագարակի զորամասի համար լրացուցիչ կառուցումներ ենք անում, որը նույնպես կավարտենք 2026 թվականին։

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը մասնակցություն ունենք, որ շատ ծանր և պատասխանատու առաքելություն է։

Ամենակարևորը՝ լեռնանցքներով անցնող ճանապարհների ձմեռային պահպանությամբ ենք այս օրերին զբաղվում․․․

Ուզում եմ շեշտել նաև՝ հատկապես միջպետական և հանրապետական ճանապարհների ասֆալտապատման գործում մեծ կարևորություն է ստանում տեխնիկական վերահսկողությունը, որ պարբերաբար է իրականացվում․․․

Կատարված և կատարվող աշխատանքներից առանձնացնենք ճանապարհների ձմեռային պահպանության հարցը։ Այս տարվա ձմեռային պահպանությունը տարբերվում է նախորդ տարիներից, քանզի Մ-2 ճանապարհին, միաժամանակ, կատարվում են Հյուսիս–հարավ մայրուղու կառուցման աշխատանքներ։

– Այո, ձմեռային պահպանությունն այս տարի բարդ է, և ձյան յուրաքանչյուր տեղումից հետո ավելի բարդ է լինելու։ Ճիշտ նկատեցիք՝ Մ-2 միջպետական ճանապարհի  որոշ տեղերում՝  զուգահեռ, իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։ Մեքենաների անիվների հետ խոնավ հողազանգվածը մտնում է ճանապարհ  և ասֆալտի վրա առաջացնում լպրծուն շերտ, ինչը դժվարացնում է բեռնատարների երթևեկությունը՝ մանավանդ մեծ թեքությունների վրա։

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության գլխավոր կապալառուին խնդրել ենք հերթապահություն սահմանել ճանապարհի մաքրման գործում, և եթե բեռնատարները դժվարանում են շարունակել ճանապարհը՝ հնարավորինս օգնել։

Ինչ վերաբերում է մեր ընկերության կողմից ճանապարհների ձմեռային սպասարկմանը՝ թե Քաջարանի, թե Հ-63-ի լեռնանցքներում սահմանված է հերթապահություն, կուտակված է անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ։ Ասեմ նաև՝  ընկերության մարդիկ առանձնահատուկ լրջությամբ են վերաբերում ճանապարհների ձմեռային պահպանությանը։ Այդ գործի կազմակերպիչներից կուզեի նշել Հովհաննես Սարգսյանի անունը։

– Կարո՞ղ եք համառոտությամբ ներկայացնել Շվանիձորից դեպի Նռնաձոր կառուցվող ճանապարհը, թեև շինարարությունն իրականացնում է այլ կազմակերպություն։

– Սկզբից շատ թանկ նախագիծ էր առաջարկվել՝ տեխնիկական պարամետրերով նորմալ ճանապարհ...

Հետագայում աննպատակահարմար գտան այդչափ գումարներ ծախսել տվյալ ճանապարհի վրա, և գինը ոչ թե կիլոմետրով որոշվեց, այլ՝ գնից եկան կիլոմետր։

3,5 միլիարդ էր նախագծի նախնական արժեքը, մրցույթը շահեցին  2,5 միլիարդ դրամով։ Եվ բնական է՝ թեքությունները պիտի կտրուկ լինեն, ճանապարհը պիտի նեղ լինի, ինչ-որ տեղ ասֆալտ չպիտի լինի, խոսքը 8,6 կիլոմետր ճանապարհի մասին է։

Մի քանի օր հետո մրցույթ է տեղի ունենալու Նռնաձորի ճանապարհի ասֆալտապատման համար։

– Ձեր ընկերությունը կմասնակցի՞ այդ մրցույթին։

– Անպայման։ Մրցութային փաթեթը պատրաստել և ներկայացրել ենք...

– Ցանկանում ենք մի հարցի պարզաբանում ևս. եթե մրցութային գինը, օրինակ, հայտարարվում է X դրամ, իսկ  մրցույթի հաղթող է դառնում մեկը, ով առաջարկում է հայտարարված գումարի  կեսը։ Արդյո՞ք մրցութային հանձնաժողովը չի հարցնում, թե ինչպե՞ս է այդքան գումարով իրականացվելու ճանապարհի շինարարությունը։

– Հիմնականում ճիշտ է Ձեր դիտարկումը, բայց կան հանգամանքներ, որ գնային առաջարկի անկմանը հիմնավորում են տալիս: Այսինքն՝ գինն իջնում են 20 տոկոսով՝ հաշվի առնելով իրենց սեփականության  ներքո գտնվող գույքը, շինարարություն  իրականացնելու համար անհրաժեշտ մեքենասարքավորումներ, համապատասխան շինարարական նյութերի արտադրության բազա ունենալու փաստը։ Խոսքը, օրինակ, խճի և ավազի արտադրության մասին է։ Այդ ամենն ունենալով՝ ընկերությունը հնարավոր է, որ 20-22 տոկոսով իջեցնի առաջարկվող գինը։ Բայց դա ունի նաև սահման չեմ պատկերացնում, որ 25 տոկոսից բարձր լինի առաջարկված գնի իջեցումը։

– Ձեր ղեկավարած ընկերությունը նաև հայտնի է ամրաշինական աշխատանքների ակտիվ գործունեությամբ, և շնորհիվ կատարված աշխատանքների՝ Մեղրիի տարածքում ունենք մերձակա սահմանների պաշտպանվածության նոր որակ։ Եթե գաղտնիք չէ, ներկայացրեք այդ ոլորտում կատարված և կատարվող աշխատանքները։

– 2021 թվականից ակտիվորեն ընդգրկված ենք ամրաշինական աշխատանքներում։ Ձեռք ենք բերել երեք խոշոր կառույցի  շինարարության թույլտվություն, որոնցից  մեկի շինարարությունն ավարտել ենք անցյալ տարի, մեկն ավարտում ենք այս տարի (մանր-մունր գործեր են մնացել), մյուսն ավարտին կհասցնենք գալիք տարում։ Ոգևորվում ենք նման կառույցներ իրականացնելով, շինարարության ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում է պատասխանատվության զգացումը...

Համագործում ենք տարածաշրջանում տեղակայված զորամիավորումների հետ, պարբերաբար իրար ձեռք մեկնում, կարողանում մեկս մյուսին օգտակար լինել։

 Եվ ոչ միայն ամրաշինական կառույցների շինարարությամբ ենք զբաղված, այլև մարտական դիրքեր տանող ճանապարհների նորոգումով։

– Պարոն Գասպարյան, ընկերության կադրային–մասնագիտական ռեսուրսը․․․

– Ունենք 270 աշխատակից այս թիվը որոշ ժամանակահատվածում նվազում է, ասենք՝ ձմռանը։ Ունենք աշխատակիցներ Հայաստանի այլ տարածաշրջաններից, ինչպես նաև հարևան Իրանից ու Հնդկաստանից։ Մեխանիզատորները հիմնականում Մեղրիից են՝ 30-35 հոգի։

 Ցավով պիտի նշեմ, որ աշխատանք փնտրող տեղացիներից շատերը հակված չեն ընդգրկվելու շինաշխատանքներում։

– Օրեր առաջ երթևեկեցինք Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհով, Ձեր ընկերության կատարած աշխատանքը հիացմունք է պատճառում...

– Արդեն նշեցի՝  նորոգվել է 21,8 կմ ճանապարհահատված...

Արվածը պետք է պահպանել, բայց եթե 15 տոննայի փոխարեն 25 տոննա բեռ են բարձում մեքենային, ճանապարհի հերն անիծվում է։

 2006 թվականին շահագործվեց այդ ճանապարհը, և ահա որոշ հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ պիտի կատարվեին։ Եվ կատարեցինք:

Միշտ ասել եմ՝ ճանապարհը երեխայի նման է, պետք է սիրել, փայփայել, խնամել։ Եթե չանես՝ ճանապարհը նախատեսվածից շուտ շարքից դուրս կգա։ Կամ ձմռանը անխղճորեն աղ ու ավազ ենք շաղ տալիս, որ երթևեկությունը դյուրին լինի։ Վարորդներից ոմանք ամառային անվադողերով են երթևեկում կամ մաշված անվադողերով, շղթա չեն օգտագործում, ինչն էլ հաճախ վթարային իրավիճակ է ստեղծում ճանապարհներին, խցանումների պատճառ դառնում։

– Անդրադառնանք Մ-2 ճանապարհին։ Նկատեցինք՝ որոշ տեղերում ճանապարհից դուրս ենք եկել և կայանելու հրապարակ ստեղծել...

– Ավելորդ գրունտը, որ պիտի տեղափոխեինք լցակույտ, լցրել ենք ճանապարհամերձ հատվածներ՝ ստեղծելով հրապարակ, որ կոչվում է «ճանապարհի գրպան»։ Դրա նշանակությունն այն է, որ անսարք մեքենաներն ամռանը տեղափոխվեն այդտեղ՝ նորոգելու նպատակով, իսկ ձմռանը, երբ ինչ-որ տեղ ճանապարհը փակ լինի, ուղղորդենք այդտեղ, որ կուտակումներ չառաջանան։ Լավ կլիներ, եթե այդպիսի «գրպաններ» շատ ունենայինք...

– Այդ բոլորով հանդերձ՝ շինանյութերի խնդիրը կառուցողի համար հարցերի հարցն է, մանավանդ Հայաստանի նման կիսաշրջափակված երկրի դեպքում, ինչը խնդիրներ է հարուցում տնտեսավարող սուբյեկտների համար։ Ձեր կարծիքը․․․

– Շինանյութերի հայթայթման խնդիր միշտ եղել է  և յուրաքանչյուր շինարարի անհանգստացրել է։ Գուցե իմ բախտը փոքրիշատե բերել է, որ սահմանակից եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը և շինանյութերի մատակարարման խոչընդոտներ չեմ ունեցել։ Մանավանդ բիտումի ներկրումը միշտ համաչափ է եղել, և ընկերության ասֆալտգործարանը ոչ մի րոպե չի կանգնել։ 21-22 կմ ճանապարհը կառուցել ենք 32 օրում, և դա կատարվել է շինանյութերի անխափան մատակարարման շնորհիվ։

Անշահախնդիր գործընկերային հարաբերությունների մեջ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

– Իսկ, ասենք, հայաստանցի շինարարին ձեռնտո՞ւ է Իրանից շինանյութ ներկրելը։

– Միանշանակ, այո։ Օրինակ, գործարարը կարող է Իրանից 40 հազար դրամ արժեցող լուսամուտ ներկրել, որ Հայաստանում 55 հազար դրամ արժե։

Իրանից շինանյութեր, այլ ապրանքներ ներկրելիս շահում է այն ընկերությանը, որ ունի անմիջական և չմիջնորդավորված կապ։

– Ազատ Բենիամինի, եթե պատրաստի արտադրանք եք ներկրում Իրանից, օրինակ, պատուհան․․․ Դա մեր ճարտարապետական ավանդույթներին, ազգային դիմագծին համընկնո՞ւմ է, թե՞․․․

– Իհարկե, չենք կարող բերել պատահական բան։ Մենք ներկրում ենք այն ապրանքները, որոնք ընդունելի են պատվիրատուի կողմից, լինի դա հախճասալ, մարմարի սալ, լուսամուտ և այլն։ Եթե պատվիրատուի համաձայնությունը չի լինում՝ չենք ներկրում։

– Նման մեծածավալ աշխատանքներ իրականացնելով՝ Ձեր ընկերությունը նաև որոշակի տեղ է զբաղեցնում  հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Որքանո՞վ է ընկերությունը մասնակցում պետական բյուջեի համալրմանը։

– Անկեղծ ասած՝ վերջին 7-8 տարում հաստատուն տեղ ունենք խոշոր հարկատուների ցանկում․․․

Հետաքրքրականն այն է, որ երբ համեմատում եմ մյուս տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշների հետ (եկամտային հարկ, շահութահարկ, ավելացված արժեքի հարկ)՝ մեզ մոտ ամենաբարձր ցուցանիշը լինում է եկամտահարկի գծով։ Դրանից կարելի է հետևություն անել՝ մեր ընկերությունում աշխատավարձերը բավականին բարձր են՝ 450-500 հազար դրամ։ Մի կողմից՝ լավ եմ զգում, որ այդպես է, մյուս կողմից՝ տագնապում եմ՝ եթե աշխատանքների ծավալները հանկարծ նվազեն, ի՞նչ է լինելու։

– Չկա մի օր, որ միջազգային մասշտաբով, զանգվածային լրատվամիջոցներով չհանդիպենք հրապարակումներ՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» մասին ոմանք «Զանգեզուրի միջանցք» են անվանում, ոմանք՝ Թրիփփ, կարծիքներն էլ հակասական են։ Կարո՞ղ ենք փաստել, որ  այդ աշխատանքները դեռևս չեն սկսվել։

– Ծրագիրը հռչակված է, բայց տեղյակ չեմ՝ որտեղո՞վ է անցնելու, ե՞րբ է սկսվելու․․․ Միայն ուզում եմ, որ այդ նախագիծը նպաստի իրական խաղաղությանը, երկաթուղին գործի, ճանապարհ լինի․․․ Եվ այդ ամենը՝  Հայաստանի Հանրապետության  ինքնիշխանության ներքո․․․

– Պարոն Գասպարյան, մեր զրույցը տեղի է ունենում Նոր տարվա շեմին, ուստի և կուզեինք լսել Ձեր մաղթանքն Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ։

– Եզրագծին է մոտենում 2025 թվականը, ցանկանում եմ բոլոր շինարարական կազմակերպությունները բարեհաջող ավարտեն տնտեսական տարին։ Եվ, իհարկե,  շնորհավորում եմ իմ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում խաղաղություն, ստեղծագործ աշխատանք, թող բոլորն ապրեն արժանավայել կյանքով։ Աստված պահապան հայ ժողովրդին, հայոց պետականությանը և, իհարկե, Սյունյաց աշխարհին ու Արաքսի հովտի մարգարիտ Մեղրիին։

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Բռնի տեղահանությունից հետո Արցախում մնացած վերջին բնակիչներից Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

25.12.2025 17:32

Աշոտ Մինասյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում. Գառնիկ Դանիելյան

25.12.2025 17:01

Վառվել են Սիսիան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

25.12.2025 16:41

Վերանայվել է զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

25.12.2025 15:58

Փետրվարից ArCa-ով անկանխիկ վճարողները 2% հետվճար կստանան

25.12.2025 15:57

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ընթացքում

25.12.2025 15:54

«Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի․ որոշումն ընդունվեց կառավարության նիստում

25.12.2025 15:50

Վարչապետը հուսով է, որ առաջիկայում Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի

25.12.2025 15:36

Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել

25.12.2025 15:31

Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով

25.12.2025 15:18

Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը, որի գործունեությանը ծանոթանալիս անհնար է չզգալ Արևիք աշխարհի սրտի հավերժական տրոփը

25.12.2025 14:50

Ագարակ քաղաքում վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

25.12.2025 11:58